Գրիգոր Գրիգորյան/Փոքր Մարդը

— Յաաա՜, էս առավոտ-քըշերով տելեվիզըր ենք նայո՞ւմ․․․

— Շը-ը-ըշշ․․․ — «միթինգ-ռումում» հավաքված մարդիկ մեղմեցին Հայկուշի ոգևորությունը։

— Գոնե լավ կինո՞ ա, խուժան-մուժան բաներ կա՞ն․․․ — խոհանոց մտնելով շարունակեց նա։

— Շը-ը-ըշշ:

— Լա՛վ, լա՛վ, հասկացա․․․ — մոտեցավ պատից կախված մեծ էկրանին ու սկսեց կարդալ կենդանի տեսահեռարձակման վերնագիրը․ «Աշ-խա-տա-կից-նե-րի մո-տի-վա-ցիա. դու լա-վա-գույնն ես»․․․ պահ-պահ-պահ, տոժե մնե․․․

Այդ պահին էկրանից լսվեց կնոջ զրնգուն ձայնը, և բոլորի ուշադրությունը գամվեց էկրանին.

«Գիշերը՝ քնելուց առաջ, երբ փոքրիկիս համար արդեն կարդացել էի մեր ավանդական գիշերային հեքիաթն ու պատրաստվում էի գլուխս դնել փափուկ բարձին, ինքս ինձ հարցրի, — փոքրիկ դադար, լռություն․ — Ի՞նչ եմ այսօր սովորել․․․»։

Հայկուշը հեռացավ բոլորից, գնաց սեղանի ծայր, նստեց ճոճվող աթոռին՝ ուղիղ էկրանի դիմաց, ձեռքի թերմոսը դրեց սեղանին, պայուսակից հանեց ցելոֆանե մի տոպրակ ու համրարեցրեց թերմոսի կողքին։ Տոպրակից հանեց կիսաբաց չիփսի տուփը և սկսեց խրթխրթացնել։

«․․․Իսկ այսօր առավոտյան, փոքրիկիս համար ձվաբլիթներ պատրաստելուց հետո, կրկին ինքս ինձ հարց տվի․․․ բայց փոքր-ինչ այլ, տարբերվող մի հարց․․․ ի՞նչ եմ այսօր սովորելու․․․»:

— Խըրթ-խըրթ, խըրթ-խըրթ-խըրթ․․․

Մոտիվացնող բառերի արանքներում լսվող չիփսի ճռնչան ձայնն աղավաղում էր էկրանից հնչող ոգեշունչ ելույթի մոգությունը, և ներկաներն ավելի լարելով լսողությունը՝ ձգվեցին դեպի էկրանը՝ ականջները դեմ անելով դինամիկներին.

«․․․Պատրա՞ստ եմ արդյոք զոհաբերել իմ հարմարավետությունը, ունե՞մ այնքան կամք, որ ինձ նեղություն պատճառեմ ու դուրս գամ «կամֆորտ զոնայից», համարձակությունս կների՞ ո՛չ ասել հեշտ ու ստանդարտ մոտեցումներին․․․»։

— Խըրթ-խըրթ-խըրթ, խըրթ-խըրթ․․․ — չիփսի տուփը մի կողմ դրեց, դաստակով մաքրեց շուրթերն ու վերցրեց թերմոսը։ — Ֆըռռռթ-աաա՜հ, փըռռռթ-աաա՜հ․․․

Ունկընդիրներն ավելի մոտեցան էկրանին, երկուսը նույնիսկ ոտքի կանգնեցին, կարծես այդ դիրքով ավելի լավ պետք է լսեին զրնգուն ձայնով կնոջ վայրկյան առ վայրկյան խամրող ձայնը։

«․․․Իսկ դու քեզ ասա՝ ես կարո՛ղ եմ, ոչի՛նչ ինձ չի խանգարի, ոչի՛նչ և ոչ մե՛կը․․․ Փոխի՛ր համակարգչիդ նկարը, փոխի՛ր հասարակ սովորույթներդ, որոնք քեզ դարձնում են իներցիայի մաս, մի կողմ շպրտի՛ր և կենտրոնացի՛ր զարգացման, նոր մարտահրավերների նվաճման վրա, փոխի՛ր քեզ, փոխի՛ր քո «մայնդսեթը», դու անհաջողակ չե՛ս, դու ես քո ճակատագրի տերը․․․ Սկսի՛ր հե՛նց այսօր, սկսիր հե՛նց մեր հանդիպումից հետո, սկսիր հե՛նց հիմա․․․»։

— Ֆըռթ-աաա՜հ, փըռթ-աաա՜հ․․․

Հայկուշի գործընկերները գրեթե գրկել էին պատից կախված էկրանը․ տեսարանը իհարկե սովորականներից չէր, բայց Հայկուշն, իր թիմի խանդավառ էյֆորիային հետևելով, ինչպես փոքրիկ չարաճճին է հետևում հավերին նրանց կերակրելու ժամանակ, զարմանքի նշույլ չէր ցուցաբերում։ Նա գրեթե ավարտել էր իր ամենօրյա անառողջ նախաճաշը և անտարբերորեն հավաքում էր սեղանին մնացած չիփսի փշրանքները։

«․․․Շնորհակալ եմ բոլորից մասնակցության համար, և հիշի՛ր՝ դու լավագույնն ես։ Եվ մեր հանդիպման վերջում պետք է խնդրեմ բոլորիդ՝ գնահատել այսօրվա մեր «մաստեր-կլասը»․ ուղղակի ընտրեք համապատասխան «էմոջի», որը կնկարագրի մեր անգնահատելի առավոտյան սեանսը, կսպասեմ անհամբերությամբ։ «Կրեատիվ» աշխատանքային օր եմ մաղթում մեզ»։

Էկրանը սևացավ, բոլորը նստեցին սեղանի շուրջ և սկսեցին քննարկել՝ ի՞նչ «էմոջի»-ով գնահատել մոտիվավացիոն դասընթացը։

— Կարծում եմ, «արև»-ը հենց այն է՝ ինչ պետք է. դրական էմոցիա և ջերմություն։

— Պրիմիտիվ է, շա՜տ պարզունակ․․․ պետք է մի քիչ «աութ ով բոքս» բան մտածել։ Եկեք գնահատենք «հրաբուխ» «էմոջի»-ով. իբր՝ կրակ առավոտ էր, մեր մեջից, Փյունիկի պես, հառնեց նորը, ուրիշը, ստեղծարարն ու հենց էդ ամենն էլ պիտի ուտիլիզացնենք թե՛ աշխատավայրում և թե՛ տանը․․․

— Վատ չէ, վատ չէ, ուղղակի մի քիչ վախենալու է․ կարող է անձնական, ներողություն արտահայտությանս՝ ինտիմ թվալ, ու սխալ հասկացվի։ Եկեք ուղղակի սրտիկենք՝ կարմիր սրտիկով․․․

— Դեղին սրտիկով, — վրա բերեց մյուսը։

— Կանաչով, — ավելացրեց մեկ ուրիշը։

— Սպիտակն ավելի գեղեցիկ է և արտահայտիչ…

— Շագանակագույնը շատ գռեհիկ կթվա՞…

Հայկուշը շարունակում էր հետևել նրանց խանդավառ քննարկմանն ու լուռ խորհում, որ այս սենյակում, թերևս, ամենաիրական բանն իր ձեռքում գտնվող արհեստական բաղադրիչներով պատրաստված չիփսի մնացորդներն են։ Այդ պահին տնօրենը, որը մինչ այդ լուռ էր «Գործարանային»-ի մոտ մի ժամանակ հպարտ տնկված «Բանվորի արձանի» նման, ձեռքը վեր բարձրացրեց.

— Ոսկեգո՛ւյն, գնահատում ենք ոսկեգո՛ւյն սրտիկով, — նրա ձայներանգից հասկացվեց, որ որոշումը վերջնական է։ — Իսկ հիմա, քանի դեռ ունենք մոտ տասը րոպե մինչ աշխատանքը սկսելը, բոլորն անցնում են իրենց գործերին․ վաճառքի թիմը թող մնա։

Ներկաները հապշտապ լքեցին «միթինգ-ռումը», սենյակում մնացին Հայկուշն ու ևս երեք հոգի։

— Արագ ենք անում․ ամեն մեկդ կարճ՝ մեկ նախադասությամբ ներկայացնում եք օրվա կարևորագույն «չելենջը»։ Սկսում ենք Պողոսից, անցնում Պետրոսին, եզրափակում Մարտինայով։ Հայկուշը, ինչպես միշտ, վերջում։ Պողո՞ս։

— Վիլհելմի՛չ, «XXL» գիշերային ակումբի հետ կապի չեմ կարողանում դուրս գալ, ամեն ինչ փորձել եմ, չկան ու չկան։

— Լավ չի, լավ չի… Մանրամասները կներկայացնես Հայկուշին, թող ինքը զբաղվի էսօր դրանցով։ Պետրո՞ս։

— Վիլհելմի՛չ, սերվերը չի աշխատում, ադմինների հետ կապվել եմ, իրար հետ նայեցինք, բայց ոչ մի ձև խնդիրը չենք կարողանում պարզել։

 — Օրվա երկրորդ կես կգաս մոտս՝ միասին փորձենք նայ… մոռացել էի, ցերեկը ատամնաբույժի եմ… չեղավ, գործը հրատապ ա, երկրորդ կես Հայկուշի հետ կապվեք ադմինների հետ ու հարցը փակեք էսօր։ Մարտինա՞:

— Պարո՛ն Մերուժան Վիլհելմիչ, ԷսՔյուԷլ բազաներում ամեն բան խառնվել է, պատճառների մասին ոչինչ չեմ կարող ասել, բայց ամեն ինչ փչացել է․ մեկ շաբաթ է՝ մի քանի բազա իրար եմ կպցնում, փորձում հիմնական դատաբազան հին տեսքին բերել, բայց միևնույն է՝ ամբողջական չի ստացվում։ Մոդելինգի թիմի հետ էլ փորձ արեցինք, բայց արդյունքը նույնն էր, նույնիսկ Հրանտը գլուխ չհանեց…

— Մդաաա՜… իսկ Հայկուշին ցույց տվե՞լ ես։

Մարտինան մի պահ անակնկալի եկավ, բայց մեկնաբանության փոխարեն նախընտրեց պատասխանել հարցին բացասաբար տարուբերելով գլուխը։

— Լավ, դե որոշվեց, Հայկուշի հետ օրվա վերջ պլանավորեք ձեր հանդիպումը։ Իսկ հիմա անցեք գործի, մոտիվացված ու բարձր տրամադրությամբ։ Հայկո՛ւշ ջան, դու նստի, մի քանի բառ էլ իրար հետ խոսենք։

Հայկուշը, որ արդեն տրամադրվել էր սենյակից դուրս ծլկելուն, դժկամությամբ հետ եկավ՝ ճանապարհ տալով գործընկերներին։ Տնօրենը հայացքով լուռ հետևում էր աղջկան, մինչ նա նստեց իր դիմաց.

— Հայկո՛ւշ ջան, գիտես՝ քեզ ասելու բան չունեմ, մեկ-մեկ նույնիսկ մտածում եմ ինքս ինձ, փորձում եմ ինչ-որ բան գտնել, որ քեզ ասեմ ու ըտենց էլ ոչինչ չեմ գտնում, — Հայկուշը լուռ լսում էր ու սպասում «բայց»-ին։ — Թասկերդ օր առաջ վերջացնում ես, գործերդ նախօրոք պլանավորում ես, պրիարիծետները սահմանում, չեմ հիշում գոնե մի դեպք, որ ինչ-որ բան մոտդ թերի մնա, — Հայկուշը դեռ սպասում էր «բայց»-ին։ — Էնքան վստահ եմ, որ քեզ չեմ էլ հարցնում… գիտեմ՝ չես նեղանա, նույնիսկ ուրախանում ես, չնայած ցույց չես տալիս… ու էրեխեքի խնդիրները քեզ եմ տալիս։ Որովհետև քեզնից բացի ոչ մեկը չի կարա գլուխ հանի, հետո՝ թող նստեն կողքդ՝ մի քանի բան սովորեն դրանք… Տո՛ ես, ե՛ս եմ նստում կողքդ, որ հասկանամ՝ ոնց ա մոտդ ստացվում, — «չլինի՞՝ էս անգամ «բայց» չի լինելու»՝ մտածեց Հայկուշը։ — Շատ չերկարացնեմ, մի խոսքով… Դու ֆանտաստիկ ես, քո նմանը չկա, դու անգնահատելի աշխատակից ես թե՛ մեր կազմակերպության, թե՛ մեր թիմի, թե՛ հատկապես ինձ համար, — աղջիկը թեթևակի ժպտաց, արդեն ամբողջ էությամբ զգում էր մտքի շարունակությունը։ — Բայց, Հայկո՛ւշ ջան… կներես, չեմ կարող չասել… էս ամենի հետ մեկտեղ, ուզում եմ, շատ եմ ուզում, որ մի քիչ… ո՞նց ասեմ, ի՞նչ բառ գտնեմ… մի քիչ… ուրախ ասե՞մ, «քյութ» ասե՞մ… հա՛, հա՛, մի քիչ «քյութ» լինես, ընդհանուր մեր «վայբ»-ի հետ փորձես բռնել, մի քիչ թեթևսոլիկ լինես կամ մեզ նման զավզակ, հասկանո՞ւմ ես, ասես-խոսաս, ջրիկանաս, ձևեր թափես, մեկ-մեկ ամբախ-զամբախ կատակ անես կամ, ինչո՞ւ չէ, դերասանություններ անես… Հասկանո՞ւմ ես՝ ինչ եմ ասում, Հայկո՛ւշ ջան, հասկանո՞ւմ ես՝ ինչ եմ ուզում քեզանից։

Հայկուշն իր սառը հայացքով հանգիստ նայում էր ղեկավարին, բայց հասկանալով, որ ինչ-որ բան, ամեն դեպքում, պետք է պատասխանի՝ ասաց.

— Ժամը ինն անց կես ա արդեն, Մերո՛ւժ ջան, ես գնամ՝ հասնեմ գործերիս։

Ասեց ու ոտքի կանգնեց։ Տնօրենը խառնվեց իրար ու ինքնաբերաբար ինքն էլ ոտքի կանգնեց։ Հայկուշն արդեն կիսով չափ դուրս էր եկել դռնից, երբ տղամարդը հնարավորինս մեղմ ձայնով հարցրեց.

— Հայկո՛ւշ ջան, ամեն ինչ լա՞վ ա, ասածներիցս հո չե՞ս նեղացել։

Հայկուշը կանգնեց, շրջվեց, մեկ քայլ արեց դեպի տնօրենն ու թեթևակի, շատ աննշան ժպտալով ասաց.

— Չէ, չեմ նեղացել, հե՛չ չեմ նեղացել։ — Քայլ արեց դռնից դուրս, այնուհետև կրկին կանգնեց ու շրջվեց դեպի տղամարդը. — Ասեմ ավելին, Վիլհելմի՛չ ջան, ամեն մի բառդ առանձին-առանձին սրտիկում եմ՝ ոսկեգո՛ւյն սրտիկով։

Please follow and like us: