Շատ հեռու տեղ կա: Նկատի ունեմ՝ Հայաստանից, թե չէ այդ տեղը, օրինակ Չինաստանից մոտիկ է, Հնդկաստանից մոտիկ է: Չինաստանից ու Հնդկաստանից Հայաստանն է հեռու… Մի խոսքով՝ շատ հեռու տեղ կա՝ աշխարհի բոլոր տեղերում այդ տեղը կա: Տեղն այդ անուն ունի՝ Գորակ Շեփ: Գտնվում է Նեպալում, ավելի կոնկրետ Նեպալի Սահարմաթխա գոտու Կհումբու շրջանի Կումջունգ կոչվող գյուղական ավանում:
Այս տեղից ու Հայաստանից շատ հեռու էլի մեկ այլ տեղ կա՝ Ֆրանսիայի արևելքը, կոնկրետ Ֆրանսիայի արևելքի գյուղերից մեկը, որի մասին պատմում է՝ «ես շարունակում եմ: Փորձում եմ տեսնել» ասող Դյուրասը՝ առանց այդ գյուղի անունը տալու: Ավելի ճիշտ ոչ թե գյուղի մասին է պատմում, այլ այդ գյուղի մարդկանց, որոնց նա անվանում է «մի փոքր ուրիշ, դե ասենք՝ տկարամիտ»:
Ուրեմն այս Գորակ Շեփում, որն իմիջիայլոց, 5207 մետր բարձր է ծովի մակերևույթից ու հասկանալիորեն հարմար չէ գյուղատնտեսությամբ զբաղվելու համար, հյուրանոց են կառուցել, որտեղից Էվերեստի առաջին բազա ընդամենը 1,5-2 ժամ ոտքի ճանապարհ է: Ըստ էության Գորակ Շեփը վերջին մարդկային կանգառն է՝ աշխարհի տանիքին բարձրանալ ցանկացողների համար: Դրա լավագույն սեզոնն, ի դեպ, մարտ-ապրիլ կամ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներն են, երբ Հիմալայներում պարզ եղանակ է ու նույնիսկ աշխարհի ամենաբարձր գագաթը աչքիդ առաջ է, ափիդ մեջ:
Անկեղծ ասած՝ ես չգիտեմ այդ հյուրանոցի անունը, բայց վստահաբար գիտեմ, որ այնտեղ ջուր կա: Դե այսինքն մարդը, ենթադրենք շվեյցարացին կամ նույնիսկ հայը, կարող է իր սենյակում սեղմել զանգի կոճակն ու աշխարհի ամենաբարձր լեռան տակ ծնված բարեհամբույր աշխատողը կգա ու բավականին արագ և գլուխը կախ կբերի մի բաժակ ջուրը կամ թեյը, կամ սուրճը՝ նայած, թե ինչ է ուզում զբոսաշրջիկ-ալպինիստը՝ իր կյանքի մեծագույն վերելքից առաջ:
Այ Ֆրանսիայի արևելքի այդ գյուղում մի ամառային օր՝ հետկեսօրին, հայտնվում է ջրմուղի աշխատողը: Հայտնվում է հատուկ հանձնարարությամբ՝ փակելու այն մարդկանց ջուրը, որոնք չէին կարողանում վճարել դրա համար: Իսկ այդպիսիք շատ կային: Օրինակ ծայրահեղ աղքատ ընտանիքներից մեկն ապրում էր գյուղի չշահագործվող կայարանում: Ընտանիքի տղամարդը փոքրիկ գործեր էր անում գյուղի բնակիչների համար, ունեին երկու երեխա՝ չորս և մեկուկես տարեկան: Երբ ջրմուղի աշխատողը նրանց կացարան է մտնում, տղամարդը տանը չի լինում, կինն էլ՝ ոչինչ չի ասում: Ջրմուղի աշխատողը, որին Դյուրասը անվանում է Ջուր կտրող, տեսնում է, որ բավականին շոգ է, որ ամուսինը տանը չէ, որ կինը լուռ է, որ փոքր երեխան մեկուկես տարեկան է ու անջատում է ջուրը. նրան ասել էին կանջատես, ինքն էլ անջատում է՝ գլուխը կախ, Դյուրասն ասում է՝ «կնոջը թողեց առանց մի կաթիլ ջրի, որ երեխաներին լողացնի, ջուր տա նրանց»:
Հայտնի չէ, թե ինչ է ասում ամուսինը, երբ երեկոյան վերադառնում է տուն: Ուրիշ բան է հայտնի: Նույն երեկոյան այդ կինն ու նրա ամուսինը բռնում են իրենց չորս տարեկան երեխայի ձեռքը, մեկուկես տարեկանին էլ գրկում են ու գնում են և պառկում այդ կողմերով երբեմն անցնող արագընթաց գնացքի ռելսերի վրա: Նրանց ապրելու տեղից հարյուր մետր էր հեռու մահվան այդ վայրը: Երեխաներին հանգիստ են պահում, քնեցնում են՝ միգուցե երգելով:
Ես չգիտեմ՝ ինչ կլիներ, եթե ջրմուղի աշխատողը այդ ամառային օրը, հետկեսօրին չգնար այդ գյուղն ու չփակեր այդ՝ տկարամիտ կոչվող մարդկանց ջուրը, գուցե նրանց չորս տարեկան կամ մեկուկեսամյա երեխան չափազանց շոգ այդ ամռանը ոչ թե թարմ ու ուժեղ ծարավ զգար մահից մի քանի ժամ առաջ, այլ մեծանար ու հասներ Գորակ Շեփ և մի բաժակ ջուր խմեր՝ աշխարհի տանիքին բարձրանալուց առաջ: Ոչ ոք չգիտի: Դյուրասն ասում է, որ ջրմուղի աշխատակիցը հետո ասել է, թե ինքը որևէ պատճառ չի ունեցել այդ մարդկանց ջուրը չփակելու, քանի որ ոչ միայն համապատասխան հանձնարարություն է ունեցել, այլև «կինը ոչինչ չի արել, չի խնդրել իրեն՝ չանջատել ջուրը… Գործը կարճվում է… Ահա՛, սա է պատմությունը»:
Գորակ Շեփի բնիկների՝ շերպերի լեզվով իրենց բնակավայրի անունը նշանակում է «մեռած ագռավ»: Հավանաբար Արարատին հասնելուց առաջ Նոյն այստեղ է բաց թողել ագռավին: Ու նա, որ առնվազն տկարամիտ չէր, կործանարար տապանից շատ հեռու՝ երկինք-ջուր փրկարար անափության վրա պառկած՝ ասել է nevermore:
