Առաքել Սեմիրջյան / Բարձ

Ձեռքերի վրայի արյունը ոչ մի կերպ չէր անցնում։ Փորձել էր ամեն կարգի փոշիներ ու օճառներ՝ տիբեթյան ցեխ ու կրիայի մեզ, մեռելի ճարպ ու կենդանու փսլինք, քամելեոնի թուք ու եզան լեզու, բայց ոչ մի արդյունք։

Այդ սևուկ ուլիկի հանդեպ նա երբեք անտարբեր չէր եղել։

Վերևից մարդիկ բավականին փոքրիկ են երևում, ու ֆիլմը, որը մտածել էր նկարել, պետք է վերևից լիներ ու գլխիվայր շրջված, որ բոլոր դեմքերը լղոզված լինեին ու պարտադիր անճանաչելի։

Թռչնի թռիչքի բարձրությունից մեղքերն էլ են դժվար  տեսանելի, սակայն քայլերը շատ ռիթմիկ են երևում, ավտոների ընթացքն էլ, կայանող ավտոմեքենաներն էլ, պպզած մարդիկ էլ, ոստիկանության ու շտապօգնության մեքենաների լույսերն էլ, չորացած դաշտերն էլ, անմշակ այգիներն ու մշակված արտերն էլ, այն օդի շերտն էլ, որը բաժանում է երկինքը երկրից։

Անձրևից լվացված փողոցները մանկության օրերն էին հիշեցնում ու անտանելի ցավ պատճառում։

Նրա մահից հետո մի թեթև տխրության շունչ իջավ խաչմերուկի վրա, սակայն մրգի կրպակի  վաճառված  առաջին կիլոգրամ խնձորից այն անհետացավ, հետո՝ մի կապոց համեմ, հետո՝ մի ավտոյի ազդանշան, հետո՝ մի նորածնի սայլակ քշելով, շտապ շպարված, բոթասներով աղջիկ, հետո՝ տրանսպորտից ուշացած, իր սեփական գործազրկության մասին չիմացող գործազուրկ, հետո՝ անտանելի բենզինի հոտ, հետո՝ մարմնի տարբեր մասերում քոր տվող բենդեյտներ, իսկ հետո այլևս մարդը չկա։

Ամայի փողոց ու դատարկ ավտոկայանատեղին հսկող աշխատակից։

Երեկ նա կար, իսկ այսօր չկա։

Նրա փափուկ ձայնը դեռ շարունակում էր ականջների մեջ զրնգալ, նրա նուրբ ձեռքերը, նրա վախվորած հայացքը, նրա սպասումը ինձ, որ կգամ ու մի հիմարություն դուրս կտամ՝ միայն ու միայն նրան ուրախացնելու համար։

Թափանցիկ մաշկի տակից վարդագույն այտերը արդեն անկենդան էին, իսկ արյան հետքերը դեռ չէին լվացվել բարձի վրայից։

Չէ՛, դա արյուն չէր, այլ երրորդ օրվա բորշն էր, որ պլաստմասե գդալով փորձել էիր կերակրել, սակայն բերանը չէր կարողացել բացել։

Կարմրավուն բազկաջուրը ծորացել էր շրթունքի տակից մինչև վիզ, իսկ այնուհետև՝ բարձ։

Բարձերն իրենց մեջ հիշողություն ներծծելու հատկություն ունեն, մեկ էլ արցունքներ, մեկ էլ երազներ, որ գլխից դուրս են գալիս ու կպչելով նրանց՝ պոկ չեն գալիս։

Ա՜խ, եթե բարձերը խոսել իմանային, ինչեր կպատմեին, ինչե՜ր, ինչեր՜․․․

Բարձը պետք էր նրա հետ թաղել, այլապես ամեն անգամ տուն մտնելիս այն փորձելու էր  խեղդել․ խեղդել  այն նույն ձեռքերով, որոնք լվացքից հետո այդքան կարմիր, բայց մաքուր էին ․․․  

Please follow and like us:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *