Ստեֆան Ժերոմսկի/Անձնուրացը

Ստեֆան Ժերոմսկին (1864-1925) իր ժամանակի հասարակական, քաղաքական, կրթական ակտիվ գործունեություն ծավալող անձանցից է: Ներգրավված լինելու շնորհիվ գրական, հասարակական կյանքի համարյա բոլոր ոլորտներում` ցածր խավի իրավունքներ, կրթություն, ազգային շահի վերհանում, պատմական ճշմարտության արտացոլում գրական գործերի միջոցով, լեզվաբանական-բանահյուսական խնդիրների քննարկում լեգենդների, հեքիաթների, պատմական ակնարկների միջոցով, հեղափոխական մոտիվներ, նոր պետականության կերտման պրոցեսում մեծ մասնակցություն, վարչական ոլորտում բարձր պաշտոններ, ժողովուրդը նրան անվանել է` «լեհական գրականության խիղճը» կամ` «լեհ ժողովրդի խիղճը»:  Նրա և գործունեությունը և ստեղծագործությունները հագեցած են ռոմանտիկ հեղափոխական շնչով, որը աչքի է ընկնում նաև միայնակ հերոսի ողբերգականությամբ, վայրիվերումներով, սայթաքումներով, պարտություններով ու հաղթանակի տենչանքով: Մեծ դեր է խաղացել Լեհաստանի անկախացման, ազատ սահմանների, արևմտյան տարածքների` գերմանական ազդեցությունից  ազատելու, ռուսական դարավոր տիրապետումից դուրս գալու գործընթացների մեջ: Նրա հերոսը խուլ գյուղերի` աղքատությունից խեղված, ինչ-որ տեղ նաև բարոյական արժեքներից զուրկ մարդն է, որը սակայն իր հավաքականության և պայքարի ոգու մեջ դառնում է ուժ, վեհություն` միասնություն` ժողովուրդ: 

Նրա գործերը որքան էլ ռոմանտիկական, հարուստ են սուր նատուրալիստական պատկերներով ու նկարագրություններով, ինչը վեր է հանում ժամանակի Լեհաստանի մռայլ կողմը` խավար գյուղեր, խավարամիտ հասարակություն, խավարի մեջ խարխափող ինտելիգենցիայի ներկայացուցիչներ, որոնք գերազանցապես «նոյի ագռավներ են»:  Նրա գործերից շատերը էկրանավորվել են` «Սիզիպոսյան աշխատանքներ», «Մոխիրներ», «Վարդը», «Դոկտոր յուդիմ», «Գարնանամուտ»…

«Անձնուրացը» ծնվել է գրողի վաղ ստեղծագործական շրջանում (1981) , բայց նրա մեջ արտահայտվում են Ժերոմսկու գրելաոճը բնորոշող ամենաէական գծերը: «Մերկ սալահատակը» 1906թ. գրված կարճ նովել է, որտեղ գրողի ոգեշնչումն է, մեծ հույսը ազատ Լեհաստանի համար` կապված 1905թ. հեղափոխության հետ: «Մերկ սալահատակը» յուրօրինակ «Խելագարված ամբոխներ» է` ազգային պատկանելությամբ:

 Ըստ վերլուծաբանների` և «Անձնուրացը», և «Մերկ սալահատակը» գրողի ստեղծագործական լայնածավալ հնարավորությունների արտահայտությունն են, երկուսն էլ պատմական այն էտապն են արտացոլում, որի մեջ ապրել է գրողը, վերապրել է ժամանակաշրջանի ողջ ծանրությունը` տրվելով գաղափարներին, որոնք սիրել է:

ԱՆՁՆՈՒՐԱՑԸ

1891.  

Դոկտոր Պավել Օբարեցկին լավ տրամադրությամբ չվերադարձավ թղթախաղի տեղից, որտեղ միմյանց տոնական մաղթանքներ էին հղում քահանայի, փոստատարի, բուժակի, դատավորի հետ ամբողջ երեկոյի ընթացքում: Աշխատասենյակի դռներն այնքան ամուր փակեց, որ որևէ մեկը չհամարձակվեր հանկարծ խանգարել իր` քսանչորսամյա պարոնի անդորրը․ նստեց սեղանի մոտ և ակնդետ հայացքն ուղղեց դեպի պատուհանը իրականում առանց որևէ ակնկալիքի, հետո սկսեց մատներով թմբկահարել սեղանին: Զգաց, որ իրեն սկսում է տիրել մետաֆիզիկան…

Հայտնի բան է` մտքի կաճառից կյանքի հոսանքի հետ մարդը շպրտվի Կլվովի, Կուրոզվենկների կամ, ինչպես դոկտոր Օբարեցկին, Օբժիդլուվեկի նման տեղ, ժամանակի ընթացքում կվերածվի մսակեր-բուսակեր մի արարածի, որը տարին բոլոր զրկված է արտաքին աշխարհի հետ հաղորդակցության միջոցներից`սեզոնային անձրևներից քարուքանդ ճանապարհների պատճառով, և բոլոր սեզոնների ընթացքում որպես մտածող մարդ` ինքնարտահայտվելու հնարավորությունից, ինչին նպաստում է անհաշվելի քանակությամբ գարեջուր խմելն ու կործանիչ ձանձրույթին տրվելը, մինչև գիտակցությունը մթագնելը: Գավառական ձանձրույթը կուլ տալը հեշտ է, համարյա անգիտակցաբար, ինչպես նապաստակն է կուլ տալիս երիզորդի` խոտերի մեջ թափթփված ձվերը: Օրգանիզմի մեջ մակաբույծի բույն դնելու պահից «ամեն ինչ միևնույնն է» միտքը սավառնում է այնքան տիրական, որ ակնհայտորեն սկսվում է հոգևոր մահը: 

Դոկտոր Պավելը կյանքի իր այս էտապում, որի մասին պատմում եմ, մակաբույծների կեր էր դարձել Օբժիդլուվեկում  մտքով, հոգով ու սրտով, ողջ էներգիայով` պոտենցիալ ու կինետիկ: Անհաղթահարելի հակակրանք էր զգում դեպի կարդալը, գրելը և հաշվարկը, կարող էր ժամերով քայլել աշխատասենյակում կամ չվառած ծխախոտը շուրթին` տխուր, ցավագին, քմահաճ սպասումով պառկել բազկաթոռին, սպասել ինչ-որ անհայտ բանի, ինչ-որ մեկին, ով վրա կհասներ` մի բան ասի, սպասել ի հեճուկս ողջ աշխարհի`լարված ականջ դնելով երկնքից մինչև գետին լցված լռությունը թվացյալ խախտող շշուկներին ու սոսափներին: Նրան նյարդայնացնում էր հատկապես աշունը: Օբժիդլուվեկը ծայրեծայր կլանող աշնանային հետկեսօրվա մեջ ցավագին մի բան կար, որը դրդում էր օգնություն բղավել: Ուղեղը՝ կարծես սարդոստայնի մեջ խճճված, մտքեր էր որոճում, որոնք տձև էին ու անբովանդակ:

Սուլելը կամ տնտեսուհու հետ գիտական թեզեր պաշտպանելը, օրինակ, լավ խորոված խոճկորի մասին` լցոնած հնդկաձավարով, մաղադանոսով կամ առանց մաղադանոսի, կամ այլ բաղադրիչներով, դարձել էր նրա միակ զբաղմունքը: Լինում էր, որ երկնքի կեսը ծածկվում էր ամպի հսկայական կույտով` տիտանական թաթերով ահռելի հրեշի նման, ի վիճակի չէր լինում հեռու սլանալ ու սպառնում էր թափվել հենց Օբժիդլուվեկի ու հարակից ամայի դաշտերի վրա: Այդ ամպից մաղվող մանր անձրևի կաթիլները թակում էին պատուհանները բյուրեղապակու հատիկների նման` քամու աղմուկի մեջ անսովոր հուզական շրշյուն արձակելով, կարծես տան հետևում երեխա է հեկեկում` վերջին հեծկլտոցները կուլ տալով: Հեռվում` դաշտարանքներում, անձրևից ծեծվում էին տերևաթափ վայրի տանձենինեերը: Միտքը թախիծ էր հավաքում այդ տեսարանից, որի մեջ խրոնիկ հարբուխային նախատրամադրվածություն կար- ու մառախլապատ,  աղոտ, թաքուն արթնացող տագնապ:  Հենց այդ հարբուխա-մելանխոլիկ տրամադրությունը դարձել էր դոմինանտ և ձգվում-հասնում էր մինչև գարուն ու ամառ: Անհիմն տխրությունը բույն էր դրել նրա հոգում ու խժռում էր նրան: Դրան հետևում էր աննկարագրելի, սպանիչ ծուլությունը, ծուլություն, որ Պոլ Ալեքսիսի նատուրալիստական վեպերի հերոսներն անգամ չունեին: 

«Մետաֆիզիկան», որին առերեսվում էր դոկտոր Պավելը վերջին ժամանակներում տարին մեկ կամ երկու անգամ, կոշտ ինքնավերլուծություն էր` հիշողությունների մեծ ալիքի փոթորկումով, որից կարծես նոր փորձառություն էր հավաքում  ինքնախարազանումով, մինչև կատաղության աստիճան, ազնիվ պոռթկումներով` սվաղված անգործության կավաշերտով, խոհերով ու վշտի նոտաներով, անքակտելի որոշումներով, սահմանումներով, հաղթական դափնիների տեսլականով: Դա իհարկե որևէ փոփոխության չէր հանգեցնում, անցնում էր շատ սպասված ու վատնված ժամանակի նման: «Մետաֆիզիկայից» նա ուշքի էր գալիս, ինչպես ուժեղ գլխացավից, հաջորդ օրը լի էներգիայով` նախկին անկամ որոշումները կայացնելու մեծ վճռականությամբ, օրինակ թե ինչ համեղ բան կարելի է ուտել ճաշին: Նրա էնդեմիկ հոգեվիճակը, այնուամենայնիվ, բժշկին հուշում էր, որ իր բուսական գոյակերպը` գերսնված, իբր առողջ ապրելակերպի փիլիսոփայությամբ, իր մեջ թաքցնում է անբուժելի, անտեսանելի մի վերք, չափազանց ցավոտ, ինչպես փտող ոսկոր: 

Դոկտոր Օբարեցկին Օբժիդլուվեկ էր եկել վեց տարի առաջ` համալսարանն անմիջապես ավարտելուց հետո. մտավոր կյանքի վաղ լուսաբացին, և անկեղծ ասած` բավական պիտանի մտքերով ու մի քանի կոպեկով զինված: Խոսում էին այդ ժամանակ ծայրագավառներում, այդ թվում` Օբժիդլուվեկում անպայման բնակություն հաստատելու մասին: Ականջալուր եղավ առաքյալներին: Երիտասարդ էր, համարձակ, ազնիվ, էներգիայով լեցուն: Տեղափոխվելու առաջին իսկ ամսում պատերազմ հայտարարեց դեղագետին ու վիրաբույժներին, որոնց բուժման մեթոդները ավելի շատ առեղծվածի ժանրից էին քան գիտական: Օբժիդլուվեկի դեղագործը օգտվելով իրավիճակից (օրհնված այս գյուղակից մինչև մոտակա դեղատունը հինգ մղոն էր) գերագնահատում էր դեղերը` իր առողջությունը մի կերպ պահպանել ցանկացողին գռփելով` վարսավիրի հետ ձեն-ձենի տված. արջի մորթուց մուշտակներով էին շրջում` դեմքի այնպիսի արտահայտությամբ, կարծես Սուրբ հոգու փառաբանման երթի մասնակիցներ լինեին: 

Երբ սուր ու կրակոտ պաթոսով սլաքներն ուղղեց դեպի դեղագործները, նրան համարեցին պարզապես իդիլլիստ,  և նա ստիպված եղավ գրպանի պարունակությամբ դեղեր գնել ու պայուսակով հետը տանել հիվանդների տուն: Ինքն էր դեղերը պատրաստում, բաժանում էր անվճար, անխնա, սովորեցնում էր հիգիենայի կանոններ, աշխատում էր ֆանատիզմով, անքուն ու անդադար: Գյուղում անվճար, շարժական դեղատան մասին լուրերի տարածումից հետո սկսեցին գիշերները կոտրվել նրա խեղճ տան մի քանի պատուհանները: Քանի որ Բորուխ Պոկոիկը` Օբժիդլուվեկի միակ ապակեգործը, գնացել էր նշելու 

«Հյուղակների տոնը»1, բժիշկն ստիպված էր պատուհանները փակել թղթերով, իսկ գիշերները ատրճանակով հսկել պատուհանների տակ: Նորոգված պատուհանները ջարդվում էին պարբերաբար, մինչև կաղնեփայտից փեղկեր տեղադրելը: Քաղաքում լուրեր էին պտտվում, որ երիտասարդ բժիշկը խավարի ոգիների հետ է կռվում, որ հիվանդներին և մեռնողներին էին քարշ տալիս դեպի նրա բնակարան, որ նրա պատուհանների տակ մայիսյան կատուների մլավոցն է լսվում որպես երաժշտություն, քաղաքային ինտելիգենցիայի կարծիքով նա գյուղում որպես դատարկ դույլ էր  զրնգում: Բժիշկն այդ ամենին ուշադրություն չէր դարձնում` հավատալով իր հաղթանակին: 

Արդարությունն այդպես էլ չեկավ: Չգիտես ինչի… Հազիվ մեկ տարի էր անցել` բժիշկն զգում էր, որ իր էներգիան դարձել է «թրթուրներին կեր»: Մարդկության ամենամռայլ խավի հետ սերտ շփումը նրան հասցրել էր անհավատալի հիասթափության. նրա համոզում-պնդումները, դասախոսությունները հիգիենայի մասին թափվում էին ինչպես սերմերը` լերկ ժայռերին: Պայքարում էր ամբողջ ուժով: Անկեղծ ասած` դժվար է մարդուն, որը ձմեռվա կոշիկ չունի, որը դաշտում անցած տարվա կարտոֆիլներ է հավաքում, որ բլիթներ թխի, ալյուրի հետ լաստենու աղացած կեղևն է խառնում, որ ապուր եփի, ալյուրի ցորենն էլ լուսադեմին օտարի դաշտից է գողացել, համոզել, որ հետևի իր քայքայվող առողջությանը:

Աստիճանաբար սկսեց բժշկի համար «ամեն ինչ մեկ» դառնալ: Հոտած կարտոֆիլ են եփում, որ ուտեն, թող ուտեն, եթե դուրները գալիս է: Կարող են նույնիսկ չեփել- բարդ է, ինչ արած…

Տեղի հրեաներն էին միայն երազողի մոտ բուժվում ոչ թե բժշկի խորհուրդներին հետևելով, այլ քանի որ անհամեմատ էժան էր նրա բուժումը:  

Մի գեղեցիկ առավոտ բժիշկը հայտնաբերեց, որ իր գլխի վերևում հուրհրացող կրակը, որն իրեն առաջնորդել էր այդտեղ, մարել է: Ինքն իրեն մարել էր: Դեղատուփը կողպվեց, և միայն ինքն սկսեց օգտվել դրանից: 

Ինչ հուսալքություն, այնուամենայնիվ, պարտվել գեղագործից ու սափրիչից և գյուղը փրկելու պայքարն ավարտել դեղատուփը պահելով: 

Հաղթողները կարող են գոռալ ու հաղթանակի պտուղները քաղել, չնայած նրանք չեն հաղթել, այլ ինքն է պարտվել: 

—————-

  1. Հյուղակների տոն-հին հրեական տոն ի հիշատակ Ավետյաց երկրի որոնումների, երբ նրանց վտարել էին Եգիպտոսից, ու հրեաներն ապրում էին ժամանակավոր կացարաններում` հյուղակներում: Անվանում են նաև` Վրանների տոն: 

Սպանեց իր մեջ ազնիվ գաղափարներն ու պարզ նպատակները, գուցե որովհետև շա՞տ տրվեց ամենակուլ կենցաղին, չափից շատ տրվեց: Աշխատում էր իհարկե, բուժում էր դեռ, բայց ոչ անձնվիրորեն, այնպես որ բուժվողին մի գրամ անգամ օգտակար չէր լինում: 

Շրջակայքի տերունական կալվածքներում «ապուպապերից» մնացած կենցաղով ապրում էին պարոններ`հետամնաց քարանձավաբնակների նման, որոնք էլ բժշկին էին վերաբերվում, որպես աննորմալի: Նրանցից մեկին բժիշկը այցելեց մի անգամ, ինչը վատ գաղափար էր. «քարանձավաբնակը» նրան ընդունեց աշխատասենյակում, նստել էր վերարկուով, գրպանի դանակով ապուխտ էր կտրտում, ուտում: Բժիշկն զգաց ջղերի մեջ դեմոկրատիզմի հոսանքը- մի երկու թթու խոսք ասաց կիսաիշխանիկին և դուրս եկավ. այլևս շրջակայքի կալվածատերերին չայցելեց: 

Այսպիսով` մի երկու խոսք  փոխանակելու համար նրան մնացին ծխական քահանան ու դատավորը: Քահանայի հետ հաճախ շփվելը բոլոր դեպքերում տրամադրության հարց էր, իսկ դատավորը դատողություններ էր անում, որոնք խելքին մոտիկ չէին: Որպեսզի խուսափեր բացարձակ միայնության վատ հետևանքներից, ջանում էր մոտ գտնվել բնությանը, ներքին հարմոնիա ու հոգու հանգստություն գտնել` քաջություն ու երկաթե կամք վարժեցնել բնության հետ շփման միջոցով: Ոչ մի երկաթե կամք էլ չդրսևորվեց, չնայած շատ թափառեց անտառներում մինչև հասավ բացատներին, մի անգամ էլ խրվեց ճահճի մեջ:  

Հարթ բնապատկերը շուրջկալված էր անտառի կապտագույն գոտիով: Մերձակա ավազուտներում աճել էին հատուկենտ սոճիներ, որոնց հարող տարածքում հերկված հող էր, չգիտես` ում համար: Դեղնած, վաղաժամ մեռնող արոտավայրերը, որոնք կարծես դեռ ծլարձակման ժամանակ էլ լույսի պակաս են ունեցել, Օբժիդլուվեկի միակ տեսարժան վայրերն էին: Թվում էր, թե արևը լուսավորում է այս տափաստանը միայն նրա համար, որ ավելի ընդգծի նրա մերկությունը, անպտղություն ու մռայլությունը…

Ցեխոտ, խորդուբորդ ճանապարհի եզրով` քարուքանդ պարսպով պատված, ամեն օր քարշ էր գալիս բժիշկը` անձրևանոցը խեղճ գլխին պահած: Այդ ճանապարհը սակայն նրան չէր հասցնում շենլիկ տեղեր, այլ բաժանվում էր տասնյակ մանր արահետների ու կորչում դաշտերում, խլուրդների բների մեջ: Ապա երկու եռանկյուն ակոսների տեսքով հայտնվում էր ավազաթմբի գագաթին ու իջնում դեպի գաճաճ եղևնիների անտառ: 

Անտանելի կատաղություն էր պատում բժշկին, երբ նայում էր այդ տեսարանին, ապա անորոշ տագնապը սկսում էր կամաց խժռել նրա անդորրը…

Տարիները թռչում էին: Քահանայի նախաձեռնությամբ հաշտություն կնքվեց դեղագործի ու բժշկի միջև, վերջինիս կողմից բացահայտ «սառնության ցույցերով»: Մրցակիցները դրանից հետո սկսեցին միասին կոնծել գինետանը, չնայած բժիշկը պահում էր արհամարհանքի տոնը: Աստիճանաբար արհամարհանքն էլ պակասեց: Սկսեց այցելել դեղագործին և հատուկ ուշադրության ժեստեր անել նրա կնոջը:  Որոշ ժամանակ անց նա իր համար անսպասելիորեն հայտնաբերեց, որ տարվել է պլատոնական սիրով այդ տիկնոջ հանդեպ, ով բութ է, ինչպես շաքար ջարդելու մուրճիկը, և պատրաստ էր, նույնիսկ առանց հիմնավորելու երդվել, որ նա նրբագեղ է ու հմայիչ վտանգավորության աստիճան և խանդավառ, երբ տարօրինակ կրքով բողոքում է իր տան մաքրուհուց: Ժամերով ունկնդրում էր բժիշկ Պավելը պանի Անիելին, ժպիտը դեմքին, ինչպես պատանին, ով երկրպագությամբ մեծարում է կանանց հասարակությանը` միաժամանակ դիմանալով ատամի ցավին: 

Օբժիդլուվեկում դեմոկրատիզացիայի այդ խորդուբորդ ճանապարհին նա սկսեց ունակ չլինել այլևս հերոսական արարքների, նույնիսկ հանուն ինքնահարգանքի ու ավելի արժանավոր ժամանակ անցկացելու համար: Ոչ մի գնով, օրինակ, էլ չէր գնա բուժօգնության մսագործի տուն: 

Կարճ ասած` ոչ միայն եռանդն էր ոչնչացել, այլև հարգանքը ցանկացած վեհ բանի նկատմամբ:  Բարձր հորիզոններից, որտեղ երազկոտ հայացքը հազիվ էր հասնում, իջավ մինչև հորիզոնի ամենաստորին աստիճանին` երկարաճիտ կոշիկների սուր ծայրերին:  «Ճշմարտության լույսի և նոր` չբացահայտված ճանապարհներ բացահայտելու»2 սթափեցնող կոչին սկսել էր նայել մեռնող կսկիծով, ափսոսանքով ու նախանձով, ապա` տառապանքի փորձ ունեցող մարդու զգուշավորությամբ, ապա` թերահավատությամբ, իսկ շատ շուտով արդեն` հեգնական ժպիտով, բացահայտ քամահրանքով և, ի վերջո, ոչ մի կերպ չէր նայում, քանի որ ամեն ինչ միանգամայն մեկ էր արդեն:  Բուժում էր ըստ արարողակարգի, հարմարվել էր Օբժիդլուվեկին, միայնությանը, ձանձրույթին, խորոված խոճկորներին և քայլ անգամ չէր անում դեպի լույսը: 

Պայմանը, որին մտքով ու գործով հավատարիմ էր մնում, սա էր` վճարեք ու ռա’դ էղեք…

Բայց այնուամենայնիվ, երբ ծխական քահանայի անվանակոչության օրը նշելուց վերադարձել էր ու զբաղված էր մատներով սեղանին թմբկահարելով, «մետաֆիզիկան» տիրեց նրան հին օրերի զորեղությամբ:  Դեռ  թղթախաղի վեցերորդ ժամում էր, որ բժիշկն իրեն լավ չէր զգում:  Պատճառը դեղագործն էր, որը որտեղից որտեղ խելքին փչել էր ուսումնասիրել Ցեզար Կանտուի3 «Համընդհանուր պատմությունը» (Լեոն Ռոգալսկու թարգմանությամբ), և ծայրահեղորեն տպավորվելով Ալեքսանդր 6-րդի4 գործունեությունից, դարձել էր իբր հուսահատ աթեիստ: 

Բժիշկ Օբարեցկին շատ լավ էր հասկանում, թե ինչի էր դեղագործը կազմաքանդող 

2.«Ճշմարտության լույսի և նոր` չբացահայտված ճանապարհներ բացահայտելու» կոչին- Ադամ Ասնիկի` «Երիտասարդներին» բանաստեղծության` «Ճշմարտության վառ կրակը որոնեցեք և չբացված նոր ուղիներ բացահայտեք» խոսքերի մեջբերումն է:

3.Ցեզար Կանտու-Իտալացի պատմաբան, գրող, հեղինակ «Իստորիա ունիվերսալե» աշխատության հեղինակ

4.Ալեքսանդր 6-րդ- Ալեքսանդր 6-րդ Բորգիա, պապ` 1492-1503, հայտնի իր աշխարհիկ, ազատ ապրելակերպով

վիճաբանություններով  տանջում խեղճ  ծխական քահանայի հոգին. դա նախերգանք էր` բժշկի հետ նույն հայացքի, դավանանքի հռչակվելու: Զգում էր, որ մի օր կգա իր մոտ, հեռվից կսկսի` զգուշորեն մատնացույց անելով ոլորտում «լճացման պատճառները», կապիտալի պակասը և, ավելի ցածր իջնելով կառաջարկի համագործակցություն` մեկը արմունկի վրա արագ դեղատոմսեր գրի,մյուսը շահի դրանից:  Ով գիտի`գուցե նա գա, «ոտքերը սեղանին դնի» ու բացահայտ առաջարկի բաժնեմասով աշխատել, և նրանք ձեռք-ձեռքի տված կքայլեն` գոմաղբի մեջ փող տպելով: Բժիշկը նաև գիտեր, որ ուժ չի ունենա դիմակայելու դեղագործին` թեթևակի նրա ականջը քաշելով, քանի որ … հանուն ինչի քաշեր ականջը: Ենթադրում էր` երևի այդ համագործակցությունը կայանա, ով գիտե… Կսկիծով լցվեց նրա սիրտը: Ինչ պատահեց, ինչպես նա իջավ այս աստիճան, ինչու չի կարողանում դուրս պրծնել այս ճահճից, ինչու է ծույլ, դատարկ երազող, սոսկ ռեֆլեկցիոնիստ, ինքն իր գաղափարները ոտնահարող ու ինքն իրեն` ծաղրանկար: 

Եվ սկսեց պատուհանից դուրս նայելու հետ մեկտեղ անխնա ինքնավերլուծությունը, ինքնաքննադատությունը, ինքնախարազանումը, ինքնաստորացումը:  Ձյուն էր թափվում մեծ փաթիլներով` ծածկելով տխուր բնապատկերը ձմեռվա մառախուղի ու մթնշաղի տակ:

Հրեշավոր ու անպտուղ մտքերի այդ փոթորիկը ընդհատվեց տնային տնտեսուհու ձայներով, որն ինչ-որ մեկին համոզում էր, թե բժիշկը տանը չէ: Ի վերջո բժիշկը դուրս եկավ խոհանոց`այդկերպ ընդհատելով իրեն տանջող մտքերի շարանը: 

Դեղին ոչխարենին ուսերին հաղթանդամ տղամարդը  գլուխ խոնարհելով`  գետինը սրբեց իր փռչոտ գլխակի ծայրով, ապա ուղղվեց, ետ քաշեց մազերը ճակատից ու սկսեց իր ճառը: 

– Ի՞նչ է,_ հարցրեց բժիշկը:

– Էն է, ամենակարող բժիշկ, որ գյուղապետն է ինձ էստեղ ուղարկել…

– Ինչի՞ համար:

– Քո հետևից, ամենակարող բժիշկ:

-Ո՞վ է հիվանդ:

– Ուսուցչուհին է էնտեղ գյուղում հիվանդացել, տենդի մեջ է: Գյուղապետը եկավ… գնա` ասաց, Իգնացի, գնա Օբժիդլուվեկ` ամենակարող բժշկի հետևից: Աղաչի’ր, թող գա…

– Կգա’մ: Ձիերը լա՞վն են:

– Ձիեր են էլի, անբան անասուններ:

Դուր եկավ  բժշկին քշել-գնալու, հոգնելու, նույնիսկ անապահովության միտքը: Հանկարծակի կայտառությամբ խլեց թաղիքե կոշիկները, կաշվե բաճկոնը, քուրքը ու հայտնվեց բակում: «Անասունները» մեծ չէին, բայց գեր էին ու մկանուտ` լծված գյուղական վիթխարի քառանիվ սայլին, որը լցված էր ծղոտով ու ծածկված ծանր կարպետով: Ընկղմվեց ծղոտի մեջ, կուչ էկավ, գյուղացին մեջքով նստեց առջևի նստատեղին, ձեռքն առավ սանձերն ու թափ տվեց: Սուրացին:

  • Հեռու՞ է,- խոսեց բժիշկը:
  • Մի երեք մղոն լինի-չլինի…
  • Չես մոլորվի, չէ՞:

Երիտասարդը հեգնական ժպտաց:

  • Ո՞վ…ես՞:

Դաշտում անհանգիստ քամի էր թափառում: Նոր եկած խոր ձյան մեջ երևում էին կողքի ընկած մի երկու կացնատաշ սահնակներ, որոնք մեծ ակոսներ էին արել ձյան մեջ: Իրենք սուրում էին: 

Տղան փռչոտ փափախը մի կողմ թեքեց ու մտրակեց ձիերին: Անցնելով ձյան մեջ թաղված անտառակը` դուրս եկան դատարկ, ամայի մի տարածություն`շրջապատված հեռու հորիզոնում հազիվ տեսանելի անտառով: Մութն ընկնում էր` կապտավուն գույնով ծածկելով տապաստանի` մերկ ու կոպիտ պատկերը: Ձիերի ոտքերից տրորված ձնաբեկորներ էին թռչում բժշկի ականջների կողքով: Ուզում էր կանգել սահնակի մեջ ու գեղջկավարի գոռալ, գոռալ ողջ ուժով այդ խուլուհամր, անվերջանալի տարածության մեջ, որի ընդարձակությունը գերում էր`ինչպես անդունդը: Վրա հասավ վայրի ու մռայլ գիշերը` ամայի դաշտերի գիշերը: 

Քամին ուժգնանում էր, հարվածում անդադար հուժկու պայթյունով` մերթընդմերթ խլանալով ֆշշոցով. ձյունը սղոցում էր կողքից:  

  • Զգու’յշ ճամփիդ, վարպետ, թե չէ կարող է վատ վերջանալ,- նկատեց բժիշկը քիթը ընկղմելով մուշտակի մեջ:
  • Դե, փոքրիկներս,-բղավեց նա ձիերի վրա` բժշկին պատասխանելու փոխարեն: Հողմի մեջ հազիվ էր լսելի նրա ձայնը: Ձիերը վազում էին քառատրոփ:

Բուքը հանկարծակի ահագնացավ: Քամին սկսեց ձնակույտեր հավաքել ու սահնակի պատերին խփել, ցատկոտել ձիերի ու սահնակի արանքում, շնչարգել անել նրանց: Լսվում էր ձիերի շնչահեղձ խռխռոցը, չնայած որ բժիշկը ոչ նրանց էր տեսնում, ոչ էլ` կառապանին: Ձնաբուքը, գետնից պոկվելով, վարգում էր ձիերի երամակի պես, ապա դղրդյունով բարձրանում ու ահռելի գոչյունով հասնում ընկղմվում ամպերի մեջ, կործանում երկինքն ու հանկարծակի տապալվում գետնին: 

Վեր ելավ տեղից այդժամ ձյան վերմակը` օդում փոշիանալով, հետո վերածվելով սառցագալար սյուների` շրջափակման մեջ առավ ճամփորդներին: Թվում էր` խելագար  հրեշներ են շուրջպար բռնել ու իրենց օղակի մեջ առել սայլն ու ձիերին` առջևից, հետևից, կողքերից ձյան շիթեր շպրտելով նրանց վրա: Ինչ-որ տեղ` բարձր հորիզոնում միապաղաղ ու խուլ, զանգի երկարուձիգ ղողանջ էր լսվում: 

Բժիշկն զգաց, որ ճանապարհով չեն քշում. սայլը սահում էր կողերն ու թիկնակը այս ու այն կողմ հարվածելով: 

  • Վարպետ,- կանչեց նա տագնապով,-ուր ենք մենք հիմա:
  • Անտառ ենք մտնում,-պատասխանեց գյուղացին,- ավելի հանգիստ կլինի… էնտեղից անմիջապես գյուղ կմտնենք…

Իսկապես շուտով քամին հանդարտվեց, միայն լսվում էր երկնքի հեռավոր գոչյունն ու մերձակայքում`ծառերի ճյուղերի ճարճատյուն: Գիշերվա սև ֆոնի վրա տարուբերվում էին ձյան տակ կքած ծառերը: Արագ գնալ հնարավոր չէր. ձնակույտերով ծածկված նեղլիկ կածանը սեղմվել էր կոճղերի ու ծառերի արանքում: Որոշ ժամանակ անց, երբ բժիշկը իսկապես հասցրել էր լավ անհանգստանալ, վերջապես լսելի դարձան ընդհատ-ընդհատ կրկնվող խուլ ձայներ` շան հաչոցներ:

  • Մեր գյուղը, ամենակարող բժիշկ…

Հեռվում գյուղի լույսերն էին կայծկլտում` այստեղ-այնտեղ ցատկոտող կետիկների նման, ծխի հոտ էր գալիս:

  • Դե˜, փոքրիկներս,- գոչեց զվարթ ձայնով կառապանը` ափերով խփելով ձիերի կողերին:

Նրանց կողքերով սկսեցին սլանալ մինչև տանիքը ձյունով ծածկված գյուղական խրճիթների շարքերը: Սառած պատուհաններից լուսապսակներով գլուխներ էին երևում, որոնց լույսը թափվում էր ձյունոտ ճանապարհի վրա: 

-Իրիկնահացի են բոլորը,- կարծես ի միջի այլոց նկատեց կառապանը` հավանաբար հիշելով, որ ողջ օրը ոչինչ չէր կերել: 

Ձիերը կանգ առան մի տան առաջ. գյուղացին բժշկին ուղեկցեց մինչև շքամուտքն ու անհետացավ: Շոշափելով դռան բռնակը` բժիշկը ներս մտավ նավթավառով լուսավորված մի փոքրիկ, թշվառ հյուղակ: Հովանոցի բռնակի պես երկտակված կինը, իրեն տեսնելով, վեր թռավ տեղից` ուղղելով գլխաշորը և կարմիր աչքերը անթաքույց վախով չռելով նրա վրա: 

-Որտե՞ղ է հիվանդը,-հարցրեց նա,- սամովար ունե՞ք:

Ծեր կինը վախից կարկամած ոչինչ չպատասխանեց: 

-Սամովար ունե՞ք: Կարո՞ղ եք թեյ սարքել:

-Սամովար կա…,- կմկմաց,- բայց դե շաքար…

– Հասկացանք: Շաքար չկա՞:

– Դե չկա… միգուցե Վալկովները ունենային, որովհետև էդ օրիորդիկը…

– Ուր է էդ ձեր օրիորդիկը:

– Էնտեղ` իր տնակում է խեղճը պառկած:

– Վաղու՞ց է հիվանդ:

– Արդեն երկու շաբաթ է` պառկած է, հիմա էլ ոչ ձեռն է շարժում ոչ ոտը: Կուչ է եկել ու համրացել:

Պառավը հրեց հարևան հյուղի դուռը:

-Համբերի’ր: Տաքանամ մի քիչ,- գոչեց բժիշկը նրա հետևից` հանելով քուրքը:

Տաքանալը էդ բնի մեջ դժվար չէր իհարկե. վառարանից այնպիսի թեժ կրակ էր հորդում, որ բժիշկը ինքնաբերաբար հետ մղվեց` դեպի «օրիորդիկի» սենյակը: Փոքր ու ահավոր թշվառ այդ սենյակը լուսավորում էր հիվանդի գլխավերևում դրված թույլ լամպը: Ուսուցչուհու դիմագծերը անհնար էր զանազանել, նրա դեմքը սքողել էր սեղանին դրված մեծ գրքի ստվերը: Բժիշկն զգույշ մոտեցավ, ուժեղացրեց լամպի լույսը, հետ հրեց գիրքն ու սկսեց ուսումնասիրել հիվանդին: Դա մի երիտասարդ աղջիկ էր` ընկղմված տենդի քնի մեջ: Նրա շառագունած դեմքը, վիզը, ձեռքերը պատված էին ցանով: Բաց մոխրագույն մազերը անհամաչափ ալիքներով խառնիխուռն թափվել էին բարձին, կախվել էին երեսին: Ձեռքերն անգիտակից լարումով քաշում էին վերմակը: 

Բժիշկ Պավելը կռացավ ընդհուպ մինչև հիվանդի դեմքն ու սկսեց խոսել սարսափից խեղդվող, շնչակտուր ձայնով.

  • Օրիորդ Ստանիսլավա, օրիորդ Ստանիսլավա, օրիորդ Ստանիսլավա…

Հիվանդը ծուլորեն, մեծագույն տանջանքով բացեց կոպերն ու անմիջապես էլ փակեց: Անգիտակից ջղաձգության մեջ գլուխը տարուբերում էր բարձի մի եզրից մյուսը, ցավագին ու խուլ տնքում: Վայրկյանը մեկ բացուխուփ էր անում բերանը ձկան նման` կուլ տալով օդը: Բժիշկը աչք ածեց սենյակի` մերկ, կրով սպիտակեցրած պատերին, անսարք, կիսափակ պատուհաններին, հիվանդի թաց կոշիկներին`գետնին թափված և գրքերի կույտերին ամենուր` սեղանին, պահարանին, գետնին…

-Դու’, խելագար,  դու’, հիմար,- շշնջում էր` նա ձեռքերը ջարդրտելով:

Բորբոքված ցավով ու տագնապով սկսեց զննել նրան, չափել ջերմությունը:

-Տիֆ,- շշնջաց նա գունատված:

Հուսահատ ցասումով բռունցքով սեղմում էր արտասուքներից խեղդվող կոկորդը: Հասկանում էր, որ ոչինչ չի օգնի, ոչինչ չի կարող օգնել նրան-ծիծաղեց հանկարծ դառնությամբ` հիշելով, որ նման դեպքերում Օբժիդլուվեկ են գնում քինին կամ անտիպիրին ստանալու համար: Օրիորդը ժամանակ առ ժամանակ բացում էր ապակու նման` կարծես սառչող հեղուկ դարձած անգիտակից աչքերը, նայում երկար-կոր թարթիչների տակից: 

Կանչում էր նրան ամենաքնքուշ բառերով, երկյուղած գրկում նրա ճոճվող  գլուխը- իզուր: Անզոր նստեց աթոռակին ու հայացքը հառեց ճրագի լույսին: Ճակատագիրը մահասարսուռ թշնամու պես կույր հարված հասցրեց դեմքին, հիմա անօգնական քարշ է գալիս դեպի անել մի քարանձավ, դեպի անհուն մի խորշ…

-Ի՞նչ անել,- շշնջաց դողալով:

Պատուհանի ճեղքերով փոթորկի շունչը ներս էր թափանցում սենյակ` ինչպես չարագուշակ մի ուրվական: Բժշկին թվում էր, թե ինչ-որ մեկը հպվում է իրեն, թե իրենից ու հիվանդից բացի այդ փոքրիկ հյուղակում շրջում է մի երրորդը…

Գոռաց դեպի խոհանոցը` անմիջապես գտնել գյուղապետին: Ծեր սպասուհին արագ հագավ հսկայական երկարաճիտները, գլուխը ծածկեց գլխաշորով ու ցատկոտելով կորավ մթության մեջ: Քիչ անց հայտնվեց գյուղապետը: 

  • Լսեք, կարո՞ղ եք մեկին գտնել, ով հիմա կգնար Օբժիդլուվեկ:
  • Հիմա՞, պարոն, ոչ մեկը չի գնա… սաստիկ բուք է: Գնացողը մահվան երախը կգնա… շանն էլ հիմա տնից չես հանի:
  • Ես կվճարեմ, կպարգևատրեմ:
  • Չգիտեմ, պարոն… կհարցնեմ:

Նա գնաց: Բժիշկ Պավելը սեղմեց քունքերը, որոնք, թվում է, կպայթեն արյան հոսքից: Նստեց աթոռի վրա և մտքերով գնաց հեռու, շատ հեռու…

Ահա ոտնաձայներ լսվեցին. ներս ուղեկցեցին մի գյուղացու` մորթե պատռված վերարկուով` հազիվ ծնկներին հասնող, քրքրված շալվարով, սարսափելի մաշված կոշիկներով ու վզին կարմիր շարֆով: 

  • Սա՞,- նայեց բժիշկը: 
  • Ասում է` կգնա… խիզախ է: Ես ձի կարող եմ տալ, բայց ժամը չար է…
  • Լսի’ր, եթե վեց ժամվա մեջ վերադառնաս, քսանհինգ, երեսուն ռուբլի կստանաս… որքան կուզես, այդքան կստանաս… լսու՞մ ես:

Գյուղացին նայեց բժշկին, ինչ-որ բան էր ուզում ասել, բայց կանգ առավ:

Քիթը մաքրեց, շրջվեց կողքով ու սպասեց: Բժիշկը գնաց սեղանի մոտ ու սկսեց գրել: Ձեռքերն անդադար դողում էին: Նյարդային գրում էր, ընդգծում, մտածում, ի վերջո պոկեց թերթիկը: Նամակ էր` հասցեագրված դեղագործին, խնդրանք` անմիջապես ձիեր ուղարկել քաղաքային բժշկի մոտ, որպեսզի վերջինս քինին ուղարկի. կռացավ հիվանդի վրա, մի անգամ էլ զննեց: Ի վերջո դուրս եկավ խոհանոց և նամակը տվեց գյուղացուն:

  • Եղբայր,- ասաց նա տարօրինակ` ոչ իր ձայնով, ձեռքերը դնելով տղայի ուսերին ու թափահարելով- ձիու ամեն թռիչք մի շունչ է… Եղբայր…

Գյուղացին խոր գլուխ տվեց ու դուրս եկավ: 

  • Ուսուցչուհին շուտվանի՞ց է ձեր գյուղում,- դիմեց նա բուխարին գրկած ծեր սպասուհուն:
  • Երեք ձմեռ… Ոնց որ թե:
  • Երեք ձմեռ: Ու միշտ միայնա՞կ է ապրել:
  • Բա ում հետ պիտի ապրեր…միայն ես: Ինձ էլ բերեց էստեղ, ասաց` ինձ մոտ գործը քիչ է, տատի, շատ բան չես անի: Թող գործը շատ լիներ… ոչ թե էսպես շրջվեր ամեն բան… Խոստացել էր, որ մեռնելուցս հետո ինձ պատվով կթաղի: Ես էլ կաղոթեմ մեզ` մեղավորներիս համար:

Հանկարծ սկսեց աղոթք ասել`բառերը հատ-հատ արտաբերելով ու շրթունքները ուղտի նման շարժելով: Գլուխը դողդողալով տարուբերվում էր, արցունքները լցվում էին անատամ բերանը:

  • Լավն էր պանին, շատ լավն էր…

«Տատին» սկսեց քիթը ֆսֆսացնելով թնկթնկալ ու ձեռքերն այնպես թափահարել, կարծես ուզեր բժշկին իրենից վանել:

Ներս գնաց սենյակ ու սկսեց ոտնաթաթերի վրա քայլել…  Քայլում էր ու քայլում… Կանգ էր առնում ժամանակ առ ժամանակ մահճակալի մոտ,    կատաղությունից գունատվող շուրթերով ու սեղմված ատամների արանքից խոսում հիվանդի հետ.

  • Հիմա’ր աղջիկ: Այսպես ոչ թե ապրել չէր կարելի, այլ` չարժեր: Կյանքը մի երազանք իրականացնելու պարտավորություն չէ. կխժռեն քեզ իդիոտները, քարշ կտան քեզ պարանով դեպի իրենց նախիրը, իսկ եթե հակառակվես նրանց հանուն քո պատրանքների, ապա կպարտվես կյանքից, քանզի չափազանց լավն էիր, չափազանց սիրելի… 

Դյուրավառ փայտի նման նա հրդեհվեց վաղուց բռնկված ու մոռացության մոխրի տակ թաղված զգացումով. վառվեց նախկինից ավելի քաղցր ու սպանիչ սիրով: Համոզված էր, որ երբեք էլ նրա մասին չէր մոռացել, որ մինչ այդ պահը պաշտել էր ու պաշտում էր նրան… Նայում էր իրեն այդքան ծանոթ ու հարազատ դեմքին անհագ կարոտով ու սոսկալի ցավ էր կրծում նրա սիրտը; Երեք տարի ապրել է իրեն այդքան մոտիկ, ու ինքն այդ մասին իմանում է միայն մահվան շեմին:

Այդ օրվա դեպքերը նրան թվում էին որպես տանջանքների շարունակական մի շղթա: Միաժամանակ, կարծես, բացվում էր մշուշների հետևում թաքնված մի հորիզոն` մի մեծ օվկիանոս: Նյարդերի, նույնիսկ ամենաաննշան ու անզգա ճյուղավորումներով սառը դող էր անցնում: Թպրտում էր լեռնային գետակից անտակ օվկիանոսն ընկած բեղլուի նման:

Փախչելով անտանելի իրականության հարվածից` ամբողջ ուժով սուզվել էր հիշողությունների` ինչպես հուլիսյան մշուշոտ լուսաբացի մեջ: 

Տենչում էր գեթ մի վայրկյան մենակ մնալ, որպեսզի խորհեր, խորհեր…

Ուսուցչուհու սենյակից փոքրիկ դռնակով մտավ մի այլ սենյակ` կահավորված նստարաններով ու սեղանիկներով: Նստեց մթության մեջ ու, իբրև թե փորձելով կենտրոնանալ` փրկության դուռ գտնելու համար, ընկավ հիշողությունների մեջ: 

Աղքատ ուսանող էր, չորրորդ կուրսում: Ձմեռային մի առավոտ շտապում էր հիվանդանոց, քայլերն այնպես վարպետորեն էր դնում, որ ծակ ներբանների մեջ խցկած թղթի կտորները հնարավորինս աննկատ մնային: Վերարկուն էնքան նեղ էր, ոնց որ` գժի շապիկ ու էնքան մաշված, որ ամառվա կեսին ջհուդը ութ զլոտով էլ չուզեց առնի: Չքավորությունը նրան միշտ հոռետեսական տրամադրությունների մեջ էր ձգում, անվերջանալի թախծոտ վիճակի, որը համարյա հավասար էր վշտի զգացումին, մի քիչ պակաս տանջանքից: Այդ վիճակից արագ կարող էր դուրս գալ, եթե մի երկու բաժակ թեյ խմեր առավոտյան, մի քիչ բիֆշտեքսով, բայց հայտնի է` կեսօրին էլ հույս չկար ուտելու: Վազում էր Դլուգի փողոցի ցեխոտ ճանապարհով, որպեսզի իննից քառորդ պակաս հասցնի մտնել Սասկի պարտեզի դարպասներից ներս: Կհանդիպի այնտեղ այն օրիորդին, կանցնի կողքով, կնայի նրա երկար, բաց մոխրագույն, ծանր հյուսքին… Իսկ օրիորդը չի բարձրացնի հայացքը, կխոժոռի բարակ, թռչնի թևերի նման սլացիկ հոնքերը:

Հանդիպում էր նրան ամեն օր նույն տեղում: Արագ քայլում էր նա դեպի Կրակովյան արվարձաններ, նստում էր տրամվայ ու գնում Պրագայի ուղղությամբ: Տասնյոթ տարեկան չէր լինի, բայց ծեր օրիորդի տեսք ուներ` մորթե գլխարկի վրա անփույթ գցած երկար գլխաշորով, փոքրիկ ոտքերին մեծ կալոշներով, անպաճույճ ու ոչ նորաձև թիկնոցով: Թևի տակ միշտ պահած ուներ տետրեր, թղթապանակներ, գրքեր, քարտեզներ:

  Մի օր հաշվելով գրպանում եղածը, որով կարող էր հանգիստ ճաշել` Օբարեցկին որոշեց աշխատանքի չգնալ, այլ հետևել օրիորդին: Նստեց նրա հետևից նույն տասը գրոշանոց տրամվայը, ու նրա քաջությունն այդքանով ավարտվեց: Անծանոթուհին այնպիսի արհամարհանքով չափեց նրան, որ չհասկացավ` ինչպես դուրս թռավ տրամվայից` մոռանալով կեսօրվա ճաշիկը: 

Այդ միջադեպը աղջկա հանդեպ վերաբերմունքը ոչ մի կերպ չխաթարեց: Մտածում էր նրա մասին կամքից անկախ, ենթագիտակցորեն, անդադար: Շարունակ մտաբերում էր նրա մազերը, աչքերը, ալ կարմիր վարդի փնջի նման շուրթերը. ջանք էր անում անդադար թարմ պահել հիշողության մեջ: Հենց կորցնում էր նրան իր տեսադաշտից, խամրում էր աղջկա դեմքը հիշողության մեջ, մնում էր գլխավերևում թևածող ամպի նման անդեմ մի ուրվական` աղոտ դիմագծերով: Այդ ամպիկին երկրպագում էր մտովի` կարոտով ու հեզ տագնապով, կորստի ափսոսանքով ու անասելի մեծ համակրանքով: Եվ գնում էր նա ամեն առավոտ, որպեսզի իրական աղջնակին համեմատեր իր տեսիլքի հետ` վերագտներ նրան: Այդ իրականն ավելի գեղեցիկ էր. վառում էին նրա սևեռուն ու իմաստուն աչքերը… 

Օրերից մի օր ընկերներից մեկը, այսպես կոչված`«Ժամանակի ոգի»` սոցիալիստական ակտիվիստ, որը անվերջ հոդվածներ էր գրում, բայց այդպես էլ չէր ավարտում դրանք` համապատասխան գրականության պակասի պատճառով, բռնեց ու ամուսնացավ կանանց և տղամարդկանց իրավահավասարության ջատագով մի օրիորդի հետ` ինչպես եկեղեցու մուկը:

Աղջիկը ակտիվիսին օժիտ տարավ մի հին գորգ, երկու կաթսա, Միցկևիչի գիպսե կիսանդրին ու մի քանի տասնյակ պատվոգրեր: Նորապսակները բնակություն հաստատեցին չորրորդ հարկում ու ամուսնության հենց առաջին օրից սկսեցին սովի դեմ պայքարը: Այնպիսի եռանդով երկուսն էլ սկսեցին մասնավոր դասեր տալը, որ առավոտյան դուրս գալով` միայն ուշ երեկոյան էին հանդիպում: Տունն այնուամենայնիվ նրանց համար այն տեղն էր, ուր վերադառնում էին մեծ ոգևորությամբ, նստում բազմոցին, վառում պարտքով ծխախոտը, խոսում մինչև կոկորդը չորանալը, ժողովում օրվա գրոշները, որոնցով կոկիկ տանտիրուհին բուլկիներ ու նրբերշիկ էր գնում, գեղարվեստորեն շարում ափսեի մեջ և հյուրասիրում: Այնտեղ միշտ կարելի էր հանդիպել ինչ-որ մեկին, ծանոթանալ անծանոթ մեծությունների հետ, տանտիրուհու ընկերուհիների հետ, կարիքի դեպքում մի քառասուն գրոշ պարտք վերցնել: 

Ոնց սփրթնեց մի անգամ Օբարեցկին, երբ հերթական անգամ այցելելով այդ ժողովատեղին` այնտեղ տեսավ իր պաշտելի օրիորդին: Զրուցեց նրա հետ ու ավելի կորցրեց ինքն իրեն… Վերադառնալով տուն այդ երեկո` միայն մի բան էր ուզում` մենակ մնալ. չերազել, չմտածել, միայն ամբողջ հոգով նրան զգալ, ունենալ նրան իր աչքերում, պահել նրա ձայնի ելևէջներն ունկների մեջ, մտածել նրա պես, փակ կոպերի տակ մտովի սահեցնել իր սրտին մոտ պատկերները: Հիշում էր նրա արտասովոր սևեռուն, բայց ներողամիտ աչքերը` մեղմ ու միաժամանակ խորունկ մտքերով: Ուրախության ու վայելքի վայրկյաններ էր ապրում, ինչպես ճամփորդը երկար ու տանջալից ճանապարհից հետո` լեռան ստորոտի սոճիների ստվերում թաքնված լճակի ափին:

Շրջապատը նրան վերաբերվում էր մեծագույն հարգանքով, հատուկ կշիռ ուներ նրա խոսքը: Ակտիվիստը Օբարեցկիին նրան ներկայացնելիս հատուկ տեքստով ասաց.

-Օբարեցկի` ռեֆլեկցիոնիստ, երազող, մեծն ծույլիկ, ի վերջո` փառքի հավակնորդ: Օրիորդ Ստանիսլավա Բոժովսկա` դարվինիստ…

«Մեծն ծույլիկը» շատ բան չիմացավ այդ օրը դարվիվնիստի մասին. ավարտել է գիմնազիան, դասավանդել է, մտադրություն է ունեցել տեղափոխվել Ցյուրիխ թե Փարիզ` բժշկագիտություն ուսանելու համար, բայց դատարկ գրպանով դա անհնար էր…

Այդ օրվանից հաճախ էին հանդիպում «հավաքատեղիում»: Օրիորդ Ստանիսլավան թիկնոցի տակ բերում էր մի փութ շաքար, ինչ-որ սառը կոտլետներ` թղթի մեջ փաթաթած, բոքոնիկներ, Օբարեցկին ոչինչ չէր բերում, քանի որ ոչինչ չուներ, խժռում էր բոքոնիկները և խժռում էր աչքերով դարվինիստին: Մի անգամ նույնիսկ նրան տուն ուղեկցելիս, խնդրեց նրա ձեռքը: Աղջիկը ի սրտե ծիծաղեց ու ընկերական ձեռքսեղմումով հրաժեշտ տվեց: Մի որոշ ժամանակ հետո նա անհետացավ. տեղափոխվել էր Պոդոլսկի գուբերնիա` հարուստ մեծատունի մոտ ուսուցիչ աշխատելու: 

Ու ահա հանդիպում է նրան այս կորած անկյունում, անտառների մեջ թաքնված այս գյուղում, որտեղ միայն անտեր-անտիրական գյուղացիներ են, ոչ մի կալվածատուն, ոչ մի հետևող չկա… Ապրել է քաղաքակրթությունից կտրված այս վայրում… Եվ հիմա մահանում է… մոռացության մեջ…

Նրան տեսնելու բերկրանքի մոռացված զգացումն ու չիրականացած երազների ցավը փոթորկում էին նրա կուրծքը: Սիրտը սեղվում էր հիվանդագին ցավով` միևնույն ժամանակ երակներում հոսեցնելով սիրո ավյունը: Ոտնաթաթերի վրա մոտեցավ կնոջ մահճակալին, արմունկներով հենվեց բազրիքին ու սկսեց զմայլվել նրա հոլանի թևերով, որոնք բարձրանում էին դեպի պարանոցի ու կծքի ուրվագծերը: Օրիորդը քնած էր: Կրծքի վրա երակները ուռչում էին շնչառության հետ, բաց բերանի անկյուններից թուք էր ծորում, ու սուլոցով տաք օդ արտաշնչում: Բժիշկը նստեց նրա մահճակալի եզրին, սկսեց շոյել նրա մազերի ալիքների մետաքսե ծայրերը, շրթունքներին հպել խոր հեկեկոցով: 

  • Ստաշիա… սիրելի, սիրելի Ստաշիա,- շշնջում էր ցածրիկ, որ չարթնացնի նրան,- էլ չես փախչի ինձնից չէ՞: Երբեք… Իմն ես լինելու ընդմիշտ… լսու՞մ ես… հավերժ…

Նստեց ապա հիվանդի գլխավերևում և նորից ընկավ երազների մեջ: Բուռն երիտասարդությունն էր արթնացել նրա մեջ լեթարգիական քնից: Ամեն ինչ հիմա այլ կլինի: Հիմա իր մեջ ատլետի ուժ է զգում` սրտից բխածը իրականացնելու համար: Ցավն ու հուսավառությունը կրակի լեզվակների նման պարուրել էին նրա ուղեղը:

Գիշերն անցավ: Ժամանակը դանդաղ էր հոսում, սուրհանդակի գնալուց ընդամենը վեց ժամ էր անցել: Գիշերվա ժամը չորսն էր: Բժիշկն սկսել էր անհանգիստ ականջ դնել ու վեր թռչել ամեն ձայնից: Ամեն պահի նրան թվում էր, թե մեկը բացեց դուռը, մեկը թակում է պատուհանը… Ամբողջ մարմնով լսողություն էր դարձել: Քամին մռնչում էր, վառարանի կափույրը աղմուկով շարժվում էր… ու նորից լռություն: Սողում էին րոպեները մեկդարյա արագությամբ, որի ընթացքում նյարդերը տեղի տվեցին, ու սկսեց դողալ ողջ մարմնով: 

Երբ վեցերորդ անգամ չափեց ջերմությունը, հիվանդը դանդաղ աչքերը բացեց, որոնք թարթիչների ստվերի ներքո սև էին երևում ու կանչեց համարյա ճչացող ձայնով.

  • Ո՞վ է:

Ու նորից ընկավ անզգա վիճակի մեջ: Երջանկացավ այդ մի վայրկյանից գանձ գտածի պես: Ա~խ, եթե քինին ունենար, նվազեցներ նրա գլխացավը, վերադարձներ գիտակից վիճակի: Սուրհանդակը չկար ու չկար:

Լուսաբացից առաջ բժիշկը դուրս եկավ սկսեց քայլել գյուղի երկայնքով` հասնելով խոր ձնակույտերին, հուսալով, որ ահա կտեսնի սուրհանդակին: Վատ կանխազգացողությունը ասեղի ծայրի նման խրվում էր սիրտը: Քամին մռնչում էր ճամփեզրի բարդիների մերկ ճյուղերի արանքում, չնայած փոթորիկը դադարել էր: Կանայք դուրս էին գալիս տներից ջուր կրելու` ուսերից կախված դույլերով, որոնք մինչև ծնկներն էին հասնում: Նախրապանները նախիրն էին քշում, ծխնելույզներից ծուխն էր բարձրանում: Այս ու այն կողմում բացվող դռներից գոլորշու ամպեր էին պայթում: 

Բժիշկը գտավ գյուղապետի տունն ու կարգադրեց անհապաղ ձիեր լծել: Շուտով երկու զույգ ձիերով կառքը կանգնեց նրա դիմաց: 

Բժիշկն անքնությունից ու հուսահատությունից չռված աչքերով հրաժեշտ տվեց հիվանդին ու մեկնեց Օբժիդլուվեկ: Կեսօրին ժամը տասներկուսին նա վերադարձավ` տանելով հետը իր դեղատուփը, գինի և սննդի մեծ պաշար: Սահնակի մեջ կանգնում էր անընդհատ, կարծես ցանկանար դուրս  ցատկել կամ վազն անցնել ողջ թափով սլացող ձիերին:  Տեղ հասավ վերջապես, բայց չիջավ… Խեղդված ճիչ թռավ նրա շուրթերից, երբ տեսավ տնակի պատուհանները բաց ու բակում խմբված դպրոցահասակ երեխաներին: Պատուհաններին ամրացրած սավանի պես ճերմակ դեմքով մոտեցավ ու թուլացած թևերը հենեց փեղկին: 

Ընդարձակ դասասենյակում մերկացրած պառկած էր երիտասարդ ուսուցչուհու դին. երկու ծեր կին լողացնում էին նրան… Ձյան մանրիկ փաթիլները ներս էին լցվում պատուհանից ու նստում մահացածի թևերին, թրջած մազերին, կիսաբաց աչքերին: 

Բժիշկը գնաց հանգուցյալի սենյակ` կորացած,ասես լեռ տաներ ուսերին: Նստեց աթոռին` առանց վերարկուն հանելու.  անդադար կրկնում էր նույն բառերը, որոնք արտահայտում էին սրտի ողջ ցավը.

  • Ինչու՞ այսպես: Ինչու՞ այսպես: 

Մրսում էր, կարծես մահացած լիներ, արյունը սառել էր երակների մեջ: 

Ստաշիայի անկողինը ցաքուցրիվ էր. վերմակը ընկած էր հատակին,  քրտնաթոռ բարձը քարշ էր ընկել անկողնու մեջտեղում:  Պատուհանի մետաղե փականները միալար զնգոցով զարնվում էին փեղկերին, ծաղկամանի մեջ կուչ եկած ծաղկի թաղարը սրսփում էր սառնամանիքից:  Կիսաբաց դռան արանքից տեսնում էր արդեն հագնված դիակի շուրջբոլորը ծնկի իջած գյուղացիներին, գլխահակ աղոթք կարդացող երեխաներին, չափումներ անող հյուսնին… 

Մոտեցավ ու խռպոտ ձայնով կարգադրեց հյուսնին դագաղը սարքել չորս անմշակ փայտով, գլխի տակ տակ թեփ լցնել:

-Ուրիշ ոչինչ, լսու՞մ ես,- նետեց բառերը զսպված կատաղությամբ,- ուրիշ ոչինչ, չորս տախտակ:

Հիշեց, որ պետք է տեղեկացնել… հարազատներին… Ուր են էդ հարազատները…

Սկսեց աննորմալ փութաջանությամբ իրար գլխի կուտակել գրքեր, դպրոցական մատյաններ, տետրեր, ձեռագրեր: Ձեռքն ընկավ նամակի մի նախաբան:

«Սիրելի Հելենա, մի քանի օր է արդեն ինձ այնքան վատ եմ զգում, որ թվում է շուտով կտեղափոխվեմ Մինոսի և Հռադամանթեսի, Էակոսի և Տրիպտոլեմոսի և այլ կիսաաստվածների աշխարհը: Այս աշխարհից անդրաշխարհ իմ տեղափոխվելու դեպքում խնդրի’ր իմ համայնքի ղեկավարին իմ գրքերի ամբողջ ժառանգությունը ուղարկել քեզ: Ավարտին եմ հասցրել վերջապես «Հանրամատչելի ֆիզիկան», որի վրա այդքան գլուխ էինք ջարդում ես ու դու. ցավոք սևագիր տարբերակն է:  Եթե ժամանակ ունենաս, պատրաստիր գիրքը տպագրության ու խնդրիր Անտոնին այն տպի. նա կանի դա ինձ համար: Ախ, իսկապես ցավում եմ… Մեր գրավաճառին պարտք եմ մնացել տասնմեկ ռուբլի վաթսունհինգ կոպեկ… կվճարես խնդրում եմ… փոխարենը տալով նրան Սպենսերի իմ գիրքը, քանի որ դրամապանակս դատարկ է: Որպես հուշ ինձնից կվերցնես քեզ…»

Շարունակությունն անընթեռնելի էր խզբզած ձեռագրի պատճառով: Հասցե նույնպես չկար. նամակն անհնար էր ուղարկել: Դարակի մեջ գտավ նամակի մեջ հիշատակված «Ֆիզիկայի» ձեռագիրը, նշումների, սևագրությունների մի մեծ տրցակ, իսկ պահարանում` սավանի կտորի մեջ փաթաթած ծանոթ թիկնոցը, մի հին սև զգեստ: Սենյակը տակնուվրա անելուց հետո դուրս եկավ դասասենյակ, որտեղ տեսավ դեղի հետևից գնացած տղային. կիպ կանգնել էր անկյունի վառարանի մոտ` մի ոտքից մյուսը փոխվելով: Գազանային կատաղությամբ ցատկեց դեպի նա. 

-Ինչու՞ ժամանակին չվերադարձար:

-Մոլորվեցի անտառում… ձին հոգնել էր… ոտքով եմ վերադարձել, առավոտյան… օրիորդն արդեն մահացած էր:

-Ստու’մ ես:

Գյուղացին չպատասխանեց: Բժիշկը նայեց ուղիղ նրա աչքերի մեջ ու. տեսավ հոգնած, սարսափազդու հայացքը, մթին` ինչպես խոր քարանձավ, անգետ ու անպատասխան, խոր հուսահատությամբ ու առեղծվածով լեցուն: 

-Ես ուսուցչուհուց վերցրած գրքերն եմ հետ բերել,- ասաց նա` ծոցից հանելով մի քանի կեղտոտ ու մոխրագույն գիրք: 

-Թո’ղ ինձ հանգիստ… Հեռու’  գնա,- գոչեց բժիշկն ու հետ քաշվեց սենյակ: Կանգնել էր այնտեղ` հատակին ցաքուցրիվ թափված իրերի մեջ ու հարցնում էր ինքն իրեն.

– Ի՞նչ եմ ուզում ես էստեղ… Ոչինչ իմը չէ, իրավունք չունեմ: 

Վախն ու ակնածանքը նրան պատեցին, դարձավ խոնարհ ու մտածկոտ: Մի ժամ ևս այնտեղ մնալու դեպքում տարօրինակ դեպքերի այս շղթան տանելու էր նրան դեպի խելագարություն: Ինքն իր հետ անկեղծ լինելու դեպքում պիտի խոստովաներ, որ սեփական անձի համար էր վախենում: Մինչև այդ պահը իրեն տանջող ծանր հոգեվիճակը չափազանց ասիմետրիկ էր իր էության հետ, մարդկային հոգու մաքրության խոր թաքնված կորիզն էր. դա էր, որ վեր էր բարձրացրել այս հիմար, անձնազոհ աղջկան  սեփական էգոյից, որպեսզի մահով պսակվի` որպես սրբություն: Պետք է փախչել որքան հնարավոր է շուտ: Որոշելով անմիջապես հեռանալ` սկսեց ամենագեղեցիկ բառերով մեղայական խոսքեր ուղղել հանգուցյալին, ինչն արդեն սրտի հովություն էր: Խոսքեր, որոնք կլցնեին աշխարհի ամենադատարկ հոգին սիրով ու ջերմությամբ: Կանգ առավ նորից դռների մեջ, մահ երազեց այդ վայրկյանին, ապա ճեղքեց դռան առջև խմբված գյուղացիների բազմությունը, ցատկեց սահնակի վրա, շրջեց դեմքը, ու ձիերը քամուն հանձնեցին նրա հիվանդագին հեկեկոցը: 

Օրիորդ Ստանիսլավայի մահը «հետք» թողեց բժշկի կենսաձևի վրա:  Սկզբնական շրջանում հաճախ էր թերթում Դանթեի «Աստվածային կատակերգությունը», նույնիսկ վինտ չէր խաղում, աշխատանքից ազատեց քսանչորսամյա տնտեսուհուն: Բայց աստիճանաբար հանգստացավ:  Սկսեց գիրանալ` չաղացնելով նաև փողի քսակը: Եռանդով լցվեց մի տեսակ. նրա ակտիվ քարոզի շնորհիվ տեղի ողջ ընտրանին, բացառությամբ իհարկե մի քանի բարձրագոչ պահպանողականի, սկսեց «թոքերի համար անվնաս» պատվավոր կոչումով անսոսինձ գլանակներ ծխել… Վերջապես:

Թարգմանությունը լեհերենից՝ Հռիփսիմե Զարգարյանի

Please follow and like us:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *