Ղրղզ Տոգոլոկ Բայմատովը, ով ծագումով Ջալալաբադ նահանգի Սուզեկ գյուղից էր, առաջին անգամ էր ոտք դնում Խորհրդային Միության մայրաքաղաք։ Նա մեծ հպարտությամբ քայլեց Կարմիր հրապարակով, հետո մոտեցավ գազավորված ջրի սարքին, ողողեց ապակե բաժակը, երեք կոպեկանոցը գցեց, խմեց ջուրը, սրբեց շուրթերն ու կյանքից գոհ քայլեց դեպի խնայդրամարկղ։ Դրամարկղի մուտքի մոտ երկու ոստիկան էին կանգնած, նրանք կասկածելի հայացքով նայեցին Տոգոլոկին։ Սակայն երիտասարդ ղրղզին դա չվախեցրեց, լինելով հողագործ ու բարձր բարոյականության տեր անձնավորություն, նա գիտակցում էր, որ կլոր դեմքով, փնթի հագնված ղրղզի մուտքը խնայդրամարկղ պետք է կասկածելի թվար։ Տոգոլոկ անունը նա ստացել էր կլոր դեմք ունենալու պատճառով, քանի որ իր մայրենի լեզվով այն նշանակում էր «կլոր դեմք», և այդ անունը տրված է ղրղզ բանաստեղծ՝ Տոգոլոկ Մոլորոյի (Բայամբեր Աբդուխանով) պատվին։ Ինչևէ, Տոգոլոկը ամուր հրեց դուռն ու իր ցեխոտ ոտքերով առաջացավ դեպի դրամարկղ։ Բնականաբար հերթ էր, հիմնականում տարեցներ էին՝ իրենց կատուների ու շների հետ։ Տոգոլոկը համբերատար սպասեց, մինչեւ բոլորը ստանան իրենց թոշակներն ու ինքնավստահ կանգնեց գանձապահուհու դիմաց։
– Բարև ձեզ,- ասաց։
– Բարև,- ասաց գանձապահուհին։
– Ես եկել եմ Սուզեկ գյուղից։ Այսօր առաջին անգամ եմ ոտք դրել մեր մայրաքաղաք։ Հպարտ եմ, այնքան հաճելի է։
– Երիտասարդ արագացրե՛ք,- ասաց կինը, որը հաստ նրբերշիկի էր նման, նա խիստ հայացքով նայեց Տոգոլոկին,- առանց այն էլ մեծ հերթ է, ես ժամանակ չունեմ։
– Ես սպասեցի մինչեւ բոլորը գնան, խնդրում, եմ երկու րոպե լսեք, շատ կարևոր խնդրանք ունեմ։
– Ասե՛ք։
Երիտասարդ հողագործը ծոցագրպանից հանեց անձնագիրն ու ինչ- որ դիմում, վստահորեն դրեց կնոջ դիմաց ու ասաց.
– Ես եկել եմ կյանքս գրավ դնելու, ինձ շտապ գումար է հարկավոր։
Կինը մի պահ ապշած նայեց, հետո առանց վարանելու մոտեցավ գործընկերուհուն ու ականջին ինչ-որ բան շշնջաց։ Տոգոլոկը ապշած նայում էր խնայդրամարկղի առաստաղից կախված հսկա ջահերին, առաստաղը սպիտակ էր, իսկ եզրերը՝ նախշազարդ։
– Է՜յ, լսո՞ւմ եք ինձ։
– Հը,- ինքնամոռաց ասաց Տոգոլոկը,- այո՛, ասեք։
– Դուրս եկեք այստեղից,- ասաց գանձապահուհին։
– Ինչո՞ւ։ Հնարավո՞ր չէ մի քսան կամ քսանհինգ տարի վերցնել ու մի քանի հազար ռուբլի տալ։
– Այո, իհարկե հնարավոր է, դու՛րս,- բղավեց կինը։
Տոգոլոկի թիկունքից երկու ոստիկան մոտեցան ու հրելով հանեցին նրան խնայդրամարկղից.
– Ես գործ ունեմ այստեղ, թողեք, մի հրեք, սա էլ իմ դիմումն է, բոլոր փաստաթղթերն ունեմ, ինձ հետ այդպես վարվելու իրավունք չունեք,- բղավում էր Տոգոլոկը՝ հսկայական խնայդրամարկղի դիմաց։
– Հա, հա, ապրես, քո ասածն է, գնա, քանի խուլիգանության համար չենք տարել մեկուսարան,-ասաց ոստիկանը։
– Բայց ինչո՞ւ։ Ես ձեզ պես սովորական մարդ եմ, ի՞նչ վատ բան է ուզածս։ Խնդրում եմ, օրենքի պաշտպան եք, գոնե դուք ինձ լսեք։
– Դու սովորական մարդ չես, այլ սովորական հարբեցող, հեռու կորիր,- բղավեց մյուս ոստիկանը։
– Ես ընդամենը ցանկանում էի ժամանակի հաշվին գումար աշխատել, ուզածս շատ բան չէ, ի՞նչ եք կորցնելու, եթե մի խեղճ ու անտեր ղրղզի օգնեք։ Նայեք, սա էլ իմ դիմումն է։
Տոգոլոկը գրպանից հանեց մատիտով գրված մի տետրակի թուղթ ու հանձնեց ոստիկանին։ «Հարգելի ընկերներ, քաղաքացիներ, խորհրդային ինտելեգենցիայի ներկայացուցիչներ, գալով մեր մայրաքաղաք, ես վերջնականապես հասկացա, որ պետք է այստեղ հաստատվել, ուստի որոշեցի գալ խնայդրամարկղ ու մի քիչ գումար պահանջել՝ բնակարան վարձակալելու եւ ապրուստի համար՝ մինչեւ աշխատանք գտնելը։ Ես գյուղացի հողագործ եմ՝ Ղրղզստանի Սուզեկ գյուղից, ողջ կյանքս հող եմ մշակել, բանջարեղեն աճեցրել, հիմա ուզում եմ վայելել կյանքը, զգալ իսկական վայելքների հաճույքը, ապրել ժամանակակից կյանքով ու դրա համար պատրաստ եմ զոհաբերել նույնիսկ կյանքս։ Չէ՞ որ ժամանակն ամեն ինչ իր հետ տանում է, բուժում բոլոր վերքերը, բայց նաև՝ բթացնում ու սառեցնում է մարդկային հարաբերությունները, փշրում է երազանքներն ու կորցնում երիտասարդությունը։ Խնդրում եմ հաշվի առնել վերոնշյալը, հինգ հազար ռուբլի տալ, փոխարենը վերցնելով կյանքիցս քսան կամ քսանհինգ տարի, այն կարող եք օգտագործել ծերերին երիտասարդացնելու, հին շինությունները վերանորոգելու կամ մանուկներին մեծացնելու համար։ Քսանհինգ տարին մեծ բան է, ես պատրաստ եմ այն զոհաբերել հանուն խորհրդային մարդու, հանուն մեր կայուն և անխորտակելի երկրի»։ Ոստիկանը ճմռթեց թուղթն ու նետեց գետնին։
– Գնա՛, գնա՛ այստեղից, քանի՞ շիշ ես խմել։
– Ես հարբեցող չեմ, ես բարի հողագործ եմ, Տոգոլոկ է անունս, ինձ մեր գյուղում բոլորը ճանաչում են, հարգում։
– Դե գնա՛ քո գյուղ։
– Քաղաքացի, Դուք կարգ եք խախտում, անհապաղ հեռացե՛ք,- ասաց մյուս ոստիկանը։
– Ես գյուղում անելու բան չունեմ, դուք երևի չեք հասկանում, իմ գյուղն այսօր թե քսանհինգ տարի անց նույն բանն է, այսպես թե այնպես ես կգնամ իմ գյուղ։ Ինձ հարկավոր է այստեղ ապրել։ Լսե՛ք, Ձեր անունն ի՞նչ է։
– Վասիլի։
– Ընկեր Վասիլի։
– Ինձ անունով մի դիմիր։ Կոչում ունեմ, չե՞ս տեսնում։
– Կներեք, ես գրագետ չեմ, չգիտեմ զինվորական կոչումները։
– Ընկեր ավագ ենթասպա,- ասաց մյուսը, որն ավագի ուսադիրներով էր։
– Ընկեր ավագ ենթասպա, Դուք երազանք ունե՞ք։
– Դու երևի չես հասկանում, այ Տոգոլոկ, եթե հենց հիմա չհեռանաս, քեզ մեկուսարան կտանեմ։
– Խնդրում եմ, հասկանում եմ, մեկ վայրկյան, միայն մեկ վայրկյան, խնդրում եմ, աղաչում եմ լսեք ինձ, սա էլ ասեմ ու հեռանամ,- ձայնը բարձրացնելով ասաց Տոգոլոկը։
– Ասա՛։
– Դուք երազանք ունե՞ք։
– Այո։
– Ինչ-որ բան պատրա՞ստ եք զոհաբերել հանուն երազանքի իրականացման։
– Քեզ ինչ։
– Խնդրում եմ, ասե՛ք։
– Հա, պատրաստ եմ։
– Եթե Ձեր երազանքը վայրկենապես իրականանա, Դուք կդառնաք աշխարհի ամենաերջանիկ մարդը, եթե Դուք ցանկանում եք վաթսուներկու թվականի երրորդ սերնդի սև «Վոլգա Գազ 21», իսկ հիմա հիսունվեց թվականն է, բայց այս պահին «Վոլգան» անցնի Ձեր կողքով, պատկերացնո՞ւմ եք ինչ երջանկություն կլինի։ Դուք կշահեք վեց տարի, իսկ երազանքը կիրականանա, ստիպված չեք լինի այդքան երկար սպասել, հասկանո՞ւմ եք։ Իսկ իմ ուզածը հակառակն է, ես պատրաստ եմ նաև Ձեր փոխարեն տալ ևս վեց տարի, միայն թե ապրեմ այստեղ։ Այսօր տեսա Կարմիր հրապարակն ու հասկացա, որ կյանքը շատ արագ է թռչում, ասես՝ արդեն մի քանի տասնամյակ ապագա տեղափոխվեցի։
– Այ հիմար, ընկեր ավագ ենթասպայի ժամանակը շատ թանկ է, հերիք է զառանցես,- վրա տվեց ավագի ուսադիրով ոստիկանը։
– Սպասի՛ր, սպասի՛ր,- հանդարտ ձայնով ընդհատեց Վասիլին,- քաղաքացի Տոգոլոկը թող վերջացնի իր միտքը։
– Այսքանը, ընկեր ոստիկան։ Հասկանո՞ւմ եք, երազանքները կորցնում են իրենց գինը, երբ իրենց ժամանակին են իրականանում։ Դրանք պետք է անսպասելի ու արագ լինեն, ինչպես արագընթաց գնացքը կամ գերձայնային ինքնաթիռը։ Այդ երկու բառը լսելիս ոստիկանները փոքր-ինչ տարակուսանքով նայեցին միմյանց։
– Ուզում ես ասել, որ եթե հիմա քեզ թողնեմ մտնել խնայդրամարկղ, կկարողանա՞ս ինձ վաթսուներկու թվականի սև «Գազ 21» նվիրել։
– Այո, ես պատրաստ եմ հանուն խորհրդային ոստիկանի ևս վեց տարի կորցնել իմ կյանքից։ Վասիլին այնքան էլ չէր հասկանում Տոգոլոկին, բայց «Գազ 21»-ի անունը լսելուց հետո մի տեսակ բարիացել էր։
– Լավ, մենք հիմա քեզ կուղեկցենք դրամարկղ, բայց դրսում կսպասենք, ոչ մեկին այս մասին ոչ մի խոսք, հասկացա՞ր։ Վերցրու, սա էլ դիմումդ,ասացին ու գետնից վերցնելով ճմռթած թուղթը՝ երիտասարդ հողագործին հրելով ուղեկցեցին խնայդրամարկղ։
– Վաթսուներկու թվականի, տե՛ս, չմոռանաս,-շշուկով ասաց Վասիլին ու առաջ հրեց Տոգոլոկին։
Երիտասարդը մոտեցավ գանձապահուհուն, գրպանից հանեց անձնագիրը և դիմումը։ Հպարտ նայեց կնոջը։ Երբ Տոգոլոկը դուրս եկավ բանկից, օդը մի փոքր սառել էր, նա մի պահ փորձեց որոնել Վասիլիին ու նրա ընկերոջը, հետո կարծեց, թե վախից փախել են ու իջավ հսկա աստիճանավանդակով։ Նա հպարտ էր, երջանիկ, կլոր դեմքը արևի պես փայլում էր, իսկ ձեռքին կաշվե մի տարօրինակ պայուսակ էր։ Սառը օդը շատ հաճելի էր։ Տոգոլոկի սիրտը գազավորված ջուր ուզեց։ Խեղճ Տոգոլոկը չգիտեր, որ այլևս փողոցում գազավորված ջրերի սարքեր չկան, իսկ մեքենաներն ու մարդիկ շատ տարօրինակ էին ու անհասկանալի. դա բացարձակապես նման չէր իր երազանքին…
Հ.Գ. Մի օր, երբ օրն ավարտվի ու սկսվի նորը, երազանք պահիր հենց այն պահին, երբ հաջորդ օրվան մի քանի վայրկյան է մնացել։ Երազանքը միգուցէ չիրականանա, բայց այդ պահը շատ ավելի հաճելի է, քան երազանքը։
