Մեր վազքը․ բուլինգ/Ժաննա Հայրապետյան

Հ. Մաթևոսյանի «Մեր վազքը» պատմվածքը հայ գրականության ամենաազդեցիկ ու կարևոր ստեղծագործություններից է։ Անհնար է կարդալ այս պատմվածքը և չմնալ նրա հերոսների հետ՝ տողերի ներսում, նրանց չընդհատվող վազքի մեջ։

Թվում է, թե պատմվածքը դպրոցական առօրյայի մի սովորական դրվագ է, սակայն այս փոքրիկ դրվագի միջոցով Հ. Մաթևոսյանը ներկայացնում է մարդկային հարաբերությունների ամենասև, մութ, անլուծելի թվացող  խնդիրներից  մեկը։ 

Այս պատմությունը բուլինգի մասին է` համամարդկային մի երևույթ, որն այդպես անփոփոխ միշտ կա բոլոր ժամանակներում և չի ճանաչում ժամանակ ու սահման։  

Հայտնի է, որ բուլինգի առաջին քայլը թիրախի ընտրությունն է։ Այստեղ Արտավազդն է թիրախ դառնում միայն այն պատճառով, որ տարբերվում էր մյուսներից։ Նրան նախ զրկել էին իր անունից՝ կոչելով «Թուրք», հետո` «Օտար»։ Սա հոգեբանական տարածված հնարքներից է, երբ մարդուն դադարում են կոչել իր անունով, նա կարծես զրկվում է անհատականությունից և ավելի հեշտ է դառնում նրան ճնշելը։

Արտավազդի կարմիր վերնաշապիկը, որը կարվել էր «ԿՈՐՉԵՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԶԱՎԹԻՉՆԵՐԸ» գրությամբ պաստառից, դառնում է ծաղրի գլխավոր առարկան։ Նրա մայրը գյուղի  գրադարանի հավաքարարն էր և գրադարանից վերցրած կտորից էր կարել այդ շապիկը։ Բայց երեխաների համար կարևոր չէր ո՛չ տղայի մերկությունը ծածկել փորձող մոր ջանքերը, ո՛չ նրանց չքավորությունը։ Նրանք տեսնում էին միայն իրենցից տարբերվող մեկին և հաճույք էին ստանում նրան նվաստացնելուց։ Իրենց հագուստը դարչնագույն էր, Արտավազդինը` կարմիր, նաև իրենց բոլորի հայրերը առողջ էին և պատերազմ էին մեկնել, բայց Արտավազդի հայրը հիվանդ էր, մնացել էր գյուղում և ամաչում էր իր հիվանդության համար, հենց այս հանգամանքներն էլ պատճառ են դառնում նրան իրենց խմբից առանձնացնելու և ծաղրելու համար։ 

Մադաթը պատմվածքի գլխավոր կերպարներից մեկն է, և նա իր դիրքն ու ուսուցչուհու եղբորորդին լինելու փաստն օգտագործում էր դիմացինին անպատիժ ճնշելու և իր իշխանությունը հաստատելու համար։ Սակայն այստեղ խնդիրը միայն Մադաթը չէր, նրա շուրջը կանգնած լուռ կամ ծիծաղող երեխաներն էին, որոնք իրենց մասնակցությամբ ձևավորել էին դաժանության ամբողջական միջավայրը։

Հ. Մաթևոսյանը շատ պատկերավոր է նկարագրում բուլինգի ենթարկվող Արտավազդի հոգեվիճակը։ Արտավազդը համեմատվում է մորթվելու պատրաստ ոչխարի հետ։ 

 «Այդպես միայն գառն է թույլ տալիս խոսել իրեն մորթելու մասին, ջուրն է թույլ տալիս գովել իր համը կամ չհավանել իրեն, պայծառ արևածաղիկն է սպասում իր պոկվելուն կամ փրկվելուն»։

Սա այն վախեցնող կետն է, երբ մարդը դադարում է պայքարել և ընդունելով իր պարտությունը` ինքն էլ է դառնում հակառակ խմբի անդամ։ Ծաղրը կարծես սպանում է դիմադրելու կամքը, տղային դարձնում ինքնամփոփ ու անպաշտպան, իսկ դա ավելի է գրգռում ու ոգևորում ճնշողների դաժանությունը։

Պատմվածքի բարդ ու հակասական կերպարը հեղինակ-պատմողն է, ով  արդեն հասուն տարիքում անկեղծանում է` ցանկանալով ազատվել  իր խղճի քարե ծանրությունից։ Նա միակն էր, ով տեսնում էր Արտավազդի տառապանքն ու փորձում էր օգնել նրան, նա նույնիսկ զսպում է իրեն և իր մտքում ծնված հաջողված կատակները չի բարձրաձայնում Արտավազդի կարմիր հագուստի վերաբերյալ։ Նա անընդհատ տեսնում է, թե ինչպես է հերթական անգամ ճնշվելիս Արտավազդի լարված կոկորդում վերուվար անում նրա ադամախնձորը, ու լարվում է Արտավազդի հետ հավասար։ 

Երբ աշակերտներին բաժանում են երկու խմբի, որ մասնակցեն վազքի մրցույթի, Արտավազդին ոչ ոք չի ցանկանում տեսնել իր խմբում, քանի որ թուլակազմ էր և լավ չէր վազում։ Հեղինակը մի փոքր դիմադրելուց հետո վերջապես համաձայնվում է իր խմբում ներառել նրան, սակայն նա էլ երկար չի դիմանում, ինքնավստահ Մադաթին հաղթելու ցանկությունը փլուզում է նրա մեծահոգությունը։ Թողնելով Արտավազդին ճանապարհին և միայնակ վազելով դեպի վերջնագիծ՝ նա դավաճանում է իր ընկերոջը, թիմակցին ու ամենակարևորը` սեփական խղճին ու իր խառնվածքին։

Թեպետ նա փորձում էր թեկուզ ձևականորեն օգնել շնչասպառ եղած ընկերոջը, սակայն իրականում արդեն կատարել էր իր ընտրությունը՝ լինել մադաթների կողմում ու  նման։ 

Պատմվածքի ավարտին, երբ տղաները առանց Արտավազդի մոտենում են ուսուցչուհուն, վերջինիս հայացքը կարծես  հայելի լիներ, որի մեջ տղան տեսնում է իր մեղավոր պատկերը։

«Մեր վազքը» պատմվածքը ցույց է տալիս, որ բուլինգը միայն հարվածողի և հարված ստացողի խնդիրը չէ։ Այն նաև լուռ դիտորդների խնդիրն է, քանի որ լռողը, չմիջամտողը, կողքից նայողը դառնում է նույն համակարգի մի մասը։

 Պատմվածքի հերոսը հասկանում է, որ ֆիզիկական վազքում գուցե ինքը չի հանձնվել, պայքարել է հաղթանակի համար, սակայն բարոյական վազքում կրել է իր կյանքի ամենամեծ պարտությունը ու չի ներում իրեն  այդ ամենին գիտակցաբար մասնակից դառնալու համար։ 

«Մազութի մեջ թաթախված թռչունի պես քո խիղճը կնվա, կնվա ու չի կարողանա ճախրել»։ 

Պատմվածքում հատկապես կարևոր է ուսուցչի կերպարը։ Նա տեսնում է ամեն ինչ, բայց լռում է։ Բուլինգը տեղի է ունենում նրա աչքի առաջ, և այդ լռությունը դառնում է թույլատրող ու սնող միջավայր։ Մադաթը վստահ գիտի, որ կարող է անպատիժ նվաստացնել Արտավազդին, և հենց ուսուցչի ներկայությամբ է հրաժարվում նրան ընդունել իր թիմի մեջ։ 

Պատմվածքում ներկայացվածը արտառոց դեպք չէ, Հ. Մաթևոսյանը մի տեսակ բնականոն ձևով է պատմում այս ամենը, և հենց այս երևույթի սովորական լինելն է ամենասարսափելին։

Պատմվածքը հստակ բացատրում է, որ բուլինգի դեմ պայքարում միջին ճանապարհ չկա։ Կամ դու կանգնում ես զոհի կողքին մինչև վերջ, կամ դառնում ես նույն դաժան համակարգի մի մասնիկը։

Եվ հատկանշական է, որ նույն իրավիճակը գրականության մեջ հաճախ ունի տարբեր լուծումներ։ 

Հետաքրքիր զուգադիպությամբ նույն պատկերն է նաև Վ. Սարոյանի «Մարդկային կատակերգություն» վիպակում։ Նորից վազքի մրցույթ է, նորից ուսուցչի աչքի առաջ և լուռ համաձայնությամբ վիպակի հերոսի նկատմամբ են կատարվում ճնշումները, բայց այստեղ նման ուսուցչի կողքին կա նաև հակադիր` աշակերտին ոգևորող ու սատարող ուսուցչի կերպարը, ով անընդհատ թև ու թռիչքներ է տալիս իր սաներին. 

«֊Իսկ հիմա վազի՛ր, վազի՛ր, նույնիսկ եթե բոլորը ծիծաղեն քեզ վրա։ 

Աշխարհում նախքան ոտքի կանգնելդ դեռ հաճախ կլսես այդ ծիծաղը։ 

Ոչ միայն մարդկանց ծիծաղը, այլ նույնիսկ դառը ծիծաղը իրերի, որոնք պիտի փորձեն շփոթեցնել քեզ և շեղել ճանապարհիցդ, բայց դու ուշադրություն մի՛ դարձրու այդ ծիծաղին:

-Վազի’ր»։ 

Անվերջ են նմանօրինակ պատմությունները նաև դպրոցական սահմաններից դուրս։ 

 Հայ գրականության ամենահայտնի բանաստեղծություններից մեկը` Պ. Դուրյանի «Լճակը», այդ վառ օրինակներից է։ Իր ճնշվածության, հիվանդության և դառը խոհերի հետ միայնակ մնացած բանաստեղծը անտարբեր մարդկանց աշխարհում ստիպված լճակին է դիմում` փոքր-ինչ թեթևացնելու իր ծանրացած սիրտը.

Շատերը զիս մերժեցին,

«Քնար մ՚ունի սոսկ — ըսին.

Մին՝ «դողդոջ է, գույն չունի—

Մյուսն ալ ըսավ — կը մեռնի՜»։

 Ինչպես Պ. Սևակն է նկատում` Դուրյանի լճակն այնքան տպավորիչ է, որ եթե աշխարհի բոլոր լճակները գոլորշիանան, «Լճակ» բանաստեղծությամբ կարելի է վերստեղծել դրանք։ 

Այն կմնա որպես վկա` հիշեցնելու մարդկային անտարբերության, ծաղրի, ապրումակցման կարևորության ու միայնակության հավերժական խնդիրների մասին։ 

Եղ. Չարենցը նույնպես անդրադարձել է այս խնդրին, երբ դիմում էր  ընկերոջը «Հարդագողի ճամփորդները» հայտնի բալլադում. 

«Չէ՞ որ կյանքում չհասկացավ ոչ ոք մեզ,―

Ու խնդացին լուսավո՛ր մեր աչքերին,

Բութ հեգնեցին մեր կարոտները հրկեզ,

Ու հեռացան: Ու ո՛չ մի լույս չբերին»։

Ե’վ հայ, և’ համաշխարհային գրականության մեջ ծաղրի, բուլինգի, անձնային սահմանները հատելու, չհասկացված լինելու թեմաների մասին անդրադարձներն ու օրինակները բազմաթիվ են ու բազմազան։

 Եվ անկախ նրանից` մարդը շնչակտուր վազում է իր խղճի հետևի՞ց, թե՞ Հարդագողի երկինքներ է հասել չհասկացվածության վիրավորանքից կամ խեղդվում է միայնության ու անտարբերության լճակում, ամեն ինչ մնում է անփոփոխ ու խնդիրը` գերարդիական, որովհետև այս հավերժ հարափոփոխ աշխարհում անփոփոխ է մնում միայն մարդը։ 

Նա չի փոխվում…

Please follow and like us: