Մհեր Իսրայելյան/Էշ կամ զեբր 

(ապաքաղաքական պատմվածք)

 Կկոցում էիր աչքերդ ու պարզկա երկնքում պսպղում էին Ծիր Կաթինի աստղերը, որ ըստ առասպելի՝ ծորացել էին հույն աստվածուհու կրծքից։  Այս անգամ կայծակը չէր ժայթքել ու պղտորել այդ հրաշքը։ Ոչ պատմական հայրենիքի քարտեզն էր երկնքում ուրվագծել, ոչ էլ սուրբ սար տանող արահետը խզբզել։ Ոչ սարն էր այլևս սուրբ, ոչ հայրենիքն էր երանելի, ուր մնաց թե՝ ավետյաց, ոչ էլ կայծակն էր որոտընդոստ։ 5165 անունով շարժումն էլ անցել էր խուլ ընդհատակ։ Այնպես որ, մեծ բանավեճը, Երկիր ավետյացը մոռացած, ծավալվեց ընդամենը մի էակի շուրջ, որին աշխարհստեղծման վեցերորդ օրը երկնելով Աստված ուղղակի զոլեր էր ընծայել։ Սև սովորական բծեր, կաթի պես ճեփ-ճերմակ մարմնի վրա, որոնց նշանակության վարկածների շուրջ բրիտանացի գիտնականները մինչև այսօր գլուխ են կոտրում։ 

Լուրը, թե մայրաքաղաքի կենդաբանական այգուց զեբր է փախել, դարձավ նախընտրական արշավի ամենաաղմկահարույց  իրադարձությունը։ 

– Եթե զեբրը կարողացել է ճեղքել քառսուն գոմշի կաշին ու  ազատություն նվաճել, ամեն ինչ դեռ կորած չէ,-եզրակացրեցին լավատեսները, որ ամեն ինչի մեջ լույսի մի շող էին փորձում տեսնել։

– Փախուստը խոսում է այն անմարդկային պայմանների մասին, որ տիրում են կենդանաբանական այգում,-բողոքեցին կենդանիների իրավունքների պաշտպանության նախանձախնդիր կազմակերպությունները։

– Այս դավադրությունը կազմակերպվել է օտար ուժերի կողմից, մեր անկասելի ընթացքը դեպի պայծառ ապագա խափանելու նենգ ու չարամիտ նպատակով,- ենթադրեցին դավադրապաշտական տեսությունների ջատագովները։  

– Զեբրը մեր երազանքների խորհրդանիշն է,- ժպտացին ռոմանտիկները։ 

– Գրանտակերնե՛ր,-իմիջայլոց քրթմնջաց մի անցորդ, բայց թե ում նկատի ուներ՝ այդպես էլ ոչ ոք չիմացավ։  

Միայն կենդանաբանական այգու տնօրենն էր ողջամիտ պատասխան տվել կպչուն լրագրողներին, երդվելով, թե ոչ մի զեբր էլ ազատավանդակից դուրս չի կարող սպրդել, իհարկե մոռանալով բացատրել, թե ինչու է ազատությունը սահմանափակող վանդակը, այնուամենայնիվ, կոչվում ազատավանդակ։ 

Հիմա դառնանք մեր ոչխարներին։ Երբ մանկության երազանքիս ընդառաջ գեղարվեստաթատերականում իբր նկարիչ էի դառնում, ամենավառ երևակայությունս անգամ չէր հուշում, թե մի օր իմ մասնագիտական գործունեության պատճառով դառնալու եմ քաղաքական բանտարկյալ։ Այնպես որ, երբ հազար տարվա տաղանդաշատ ընկերս, որ մի տեսահոլովակ պիտի նկարեր ազատության մասին, հրավիրեց փոխշահավետ համագործակցության, անմիջապես համաձայնեցի։ Ո՞վ չի սիրում ազատություն, ո՞վ չի երազում իր կյանքն ապրել դեպի ազատություն գնալով, ինչպես մի առիթով ասել էր մեր գրողներից մեկը։ Եթե նույնիսկ երբևէ չհասնես բացարձակ ազատության՝ պարզաբանել էր հետայդու։ Ցանկությունը կա, վճռականությունը կա, բայց կա մի բայց։ Հավանաբար հիշում եք հին անեկդոտը, երբ մեկն ուզում է ավտոմեքենա գնել ու միայն մի անհեթեթ պատճառով չի գնում՝ փող չունի։ Այդպես էլ ռեժիսոր ընկերս, որ ուզում է ազատության մասին հոլովակ նկարել ու կարծում է, թե ազատության ամենագեղեցիկ ու հոգեպարար խորհրդանիշը հենց զեբրն է որ կա, պարզվում է՝ զեբր չունի։ Եթե չունի զեբր, չի նշանակում, թե երևակայություն էլ չունի։ Այդ հարցում Աստված շռայլ է եղել։ 

– Պատկերացրու էշը քո կտավն ա ու ծեփի վրան, թող գնա, ընդամենը երկու գույն ա պետք, սև ու սպիտակ,- բացատրեց ընկերս։ 

– Այ ախպեր, նախ ես նկարիչ եմ, էշի մալյար չեմ, ու հետո էլ ամեն ինչ հո սևուսպիտակ չի,- հակաճառելու փորձ արեցի ես։ 

– Դե ասա չես ուզում օգնես,-համարյա նեղացավ հազար տարվա ընկերս, որ կյանքում առաջին անգամ էր ինձնից մի չոփ խնդրում։ 

– Գոնե հոլովակի սցենարն ասա,- ճարահատյալ կմկմացի ես։ 

– Պիտի նկարես մի զեբր, որ վազում է վազում տափաստաններով ու թևեր առած ճախրում դեպի տիեզերք, հունական դիցաբանության նման մի բան,-բացատրեց ընկերս։

– Գոնե ցուլ նկարեի, ավարտական աշխատանքս «Էշ կամ ցուլ » էր կոչվում, կուբիզմի ցայտուն նմուշ էր, մի անկյունից սովորական հնազանդ ավանակ էր, այնինչ այլ դիտանկյունից պատկերանում էր զերթ կատաղի ցուլ, ցլամարտի ահարկու գազան,- սցենարը փոխելու մի երկչոտ փորձ արեցի ես,- պոզերի համար էլ մի բան կմոգոնենք, վրացական եղջյուր-բաժակներ ունեմ Թիֆլիսից գողացած։ 

– Միայն զեբր,-անդրդվելի էր հազար տարվա ընկերս։   

Ինչ մեղքս թաքցնեմ, երբ լուսինը դուրս եկավ աշխարհերես, սովորականի պես կկոցեցի աչքերս, նայեցի Ծիր Կաթինի աստղերին, որ ծորացել էին հույն աստվածուհու կրծքից, վրձինը թաթախեցի ճեփ-ճերմակ ներկի մեջ ու հո չծեփեցի։ Գեղարվեստաթատերականում էլ էի լուսնի լույսի տակ նկարում, ինչն առիթ էր դարձել զվարճասեր դասընկերներիս  ինձ «լուսնոտ նաղաշ» մականունը կպցնելու համար ու ստիպել էր որպես արդարացում մի քանի բան ձևի համար ցերեկը խզբզել։ Հիշեցի լուսնոտ անցյալս, ոգեշնչվեցի, ու առաջին արարով ստացա մի ուրախ սպիտակ ավանակ։  Մնացածը, ինչպես ասում են, տեխնիկայի հարց էր։ Կկոցեցի աչքերս, նայեցի հույն աստվածուհու կրծքին, ձեռքերս թաթախեցի սև ներկի մեջ ու գժի պես հարձակվեցի խեղճ կենդանու վրա։ Սև զոլերը քաշելուց հետո, ավելի ոգևորվեցի ու աչքերի շուրջ գեղեցիկ խալեր նախշեցի։ Ստացվել էր հրաշալի, հունական դիցաբանության պես մի բան։ Նույնիսկ մի քիչ հուզվեցի, մտածելով, թե ինչպես է արվեստի այս կոթողը շուտով թևեր առնելու ու օգնելու, որ մարդիկ լիուլի ըմբոշխնեն ազատության բերկրանքը։ Այնքան էի ոգևորվել, որ իմ զեբրի զռոցը լսելով, ավելի քան վստահ էի, թե բնորդս երախտագիտություն է հայտնում ինձ իր մանկության հեքիաթը կյանքի կոչելու համար։ Իբր մանկուց երազել է զեբր դառնալ ու մի անհեթեթ պատահականության պատճառով չի հանդիպել իր կյանքի նկարչին։     

Մինչ ես բանից բեխաբար քաղաքի մի ծայրամասում իմ գլուխգործոցն էի երկնում, գիշերը քաղաքի հակառակ ծայրամսում մի իսկական վենետիկյան դիմակահանդես էր մոլեգնում։ Բանն այն է, որ քաղաքական ուժերից մեկը, որ բոլորին անխտիր դեմ էր, նույնիսկ ինքն իրեն, որոշել էր ընտրություններին մասնակցել Մարվելի հերոսների կերպարանքով ու լուսաբացին Սարդամարդուն առաջները գցած, գերմարդու բազմապիսի հանդերձանքով պարուրված շքախմբով փորձել էր հրմշտոցով ներխուժել կենտրոնական ընտրական հանձնաժողովի գրասենյակ։ Ինչպես պարզվելու էր հետո՝ հազար տարվա ընկերոջս հնարամիտ բեմադրությամբ, արդեն ասել եմ, որ տաղանդի ու երևակայության հարցում Աստված տվել չի խնայել։  

Սարդամարդուն և մյուս գերմարդկային հերոսներին ավաղ ստիպել էին դիմակազերծվել, հետո քարշ էին տվել ոստիականական բաժանմունք ու մեղադրանք ներկայացրել պետական և քաղաքական համակարգը ծաղրելու, սահմանադրական կարգի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի, ինչ-ինչ այլախոհ հայացքների համար։ Հետո կծիկը քանդվել էր, գլորվել գլորվել ու թելը բերել ագուցել էր մեր խեղճուկրակ զեբրին, որն ինչպես պարզվել էր՝ այդքան էլ զեբր չէր։ 

Գործի հարուցման համար իրավական հիմք էր ծառայել բարեխիղճ քաղաքացիներից մեկի ահազանգը, թե Երևանյան լճի ափին մի զեբր է ուշաթափվել։ Պարզվել էր, ինչ-որ կասկածելի նկարահանման ժամանակ զեբրը, իսկ իրականում էշը, նայել է լճակի ալիքներին ու ջրի մեջ տեսնելով իր արտացոլանքը՝ ապշանքից ուշագնաց եղել։ Վշտից թե՞ ուրախությունից՝ ահազանգողը, որ որոշ ականատեսների համաձայն այլմոլորակային էր եղել, այդպես էլ չէր պարզաբանել։ 

– Դուք մեղադրվում եք քրեական օրենսդրության մի քանի հոդվածներով՝ սահմանադրական կարգի խափանման փորձին օժանդակելու, կենդանիների խոշտանգման, արգելված ծիսակատարությունների մասնակցության (լուսնի լույսի տակ, ինչը դիտարկվում է որպես ծանրացուցիչ հանգամանք) և մի քանի այլ մանր-մունր դրվագներով,- գուժեց ինձ ձերբակալած սպան։ 

Գործին, որպես լրացուցիչ վկա, մեղադրական կողմը ներգրավել էր նաև կենդանասերների բրիտանական ասոցիացիայի ներկայացուցչին ու Բոտսվանայի դեսպանին, որոնք եռանդագին ապացուցում էին թե այդ անմարդկային ու լկտի արարքը իրականացնելիս հաշվի չի առնվել կենդանու կարծիքը, նրա տարրական զգացմունքները, կոպիտ ձևով խախտվել է նրա անձնական տվյալների գաղտնիության սկզբունքը, խեղճին ի վերջո հասցնելով խոր ընկճախտի։ Էլ չասած, որ ոտնահարվել է աֆրիկյան այդ հրաշագեղ երկրի ազգային արժանապատվությունը, երկիր, որ զեբրին սիրում, հարգում ու երբեմն էլ՝ աստծո տեղ երկրպագում էր։ Ասես այդքանը քիչ էր, եկեղեցու նվիրակն էլ  վստահություն էր հայտնել, թե ցանակացած միջամտություն Աստծո գործերին կարժանանա ահեղ դատաստանի, եթե ոչ այս, այն աշխարհում՝ հաստատապես։ 

Դատավարության ընթացքում իմ փաստաբանը փորձում էր արդարացնել ինձ, հիմնվելով այն հերքված գիտական տեսության վրա, թե զեբրի բծերը կամ թե կուզեք զոլերը ընդհանրապես գիշատիչներից պաշտպանվելու, մարմնի հովացման համակարգը կարգավորելու կամ թե սոցիալական փոխհարաբերության նշանակություն ունեն։ Բծերը, փաստորեն ոչ մի բանի չեն ծառայում, հետևաբար զոլեր նկարելու անմեղ արարքը չի կարող որևէ կերպ դիտարկվել որպես կենդանու  կյանքի բնականոն ընթացքը աղճատելուն ուղղված միտումնավոր քայլ։ Ինչ վերաբերում է ամենատարածված վարկածին, թե իբր բծերը պաշտպանում են ձիաճանճի խայթոցներից՝ ապակողմնորոշելով ու շփոթեցնելով այդ միջատին, ապա այն նույնպես որևէ քննադատության չի դիմանում։ Ինչպե՞ս կարելի է հավատալ, թե մի ճանճի խայթոցից պաշտպանելու համար Երկնավորը կարող էր ստեղծել արվեստի այս ստեղծագործությունը, որքան էլ բրիտանացի գիտնականները անհերքելի գիտական ապացույցներ պեղեն։ Պաշտպանական ճառի վերջում էլ փաստաբանս հռետորական հարց էր հնչեցրել՝ ո՞վ գիտի, իսկ միգուցե ավանակը դեռ վաղ մանկուց երազել է զեբր դառնալ ու գնալ հասնել հեռու-հեռավոր Բոտսվանա։  

Ինչ գլուխներդ ցավեցնեմ, փաստաբանիս հմուտ մարտավարության ու խորամանկ հնարքների շնորհիվ հաջողվեց շեղել դատարանի ուշադրությունն ու փոքրիշատե մեղմել կենդանիների խոշտանգման և առնչվող դրվագներով ներկայացված ծանր մեղադրանքները։ Դժբախտաբար, Սարդամարդի հիբրիդային առաքելությանն օժանդակելու հոդվածով մեղադրանքները դատավորը գնահատեց  որպես բժշկական փաստ, ապացուցման կարիք չունեցող, հազար տարվա ընկերս վկա։ Տաղանդը, ինչպես ասում են հյուսիսային հարևարնները, չես մսխի։ Սարդամարդի հյուսած սարդոստայնից պոկված մի թել ուղիղ գծով տանում, հասցնում էր զեբրին։  

Երեկոյան էլ, նախընտրական քարոզարշավի մեծ բանավեճի ժամանակ, բոլոր մասնակիցները ընդունեցին փաստը, թե զեբրի և էշի օպերացիան ընդամենը Սարդամարդի հեղաշրջման առաքելության մի փուլն է եղել, իբր նպատակ ունենալով շեղել հասարակության ուշադրությունը այն լուրջ մարտահրավերներից, որ ծառացել են մեր երկրի ու ժողովրդի առաջ։ Զեբրի գործողությամբ, իբր ակնհայտ նպատակ է հետապնդվել հասարակությունը բաժանելու սևերի և սպիտակների, կարծես թե ուրիշ գույներ էս աշխարհում չկան։ Իբր, լուսնի լույսի տակ փորձ է արվել նսեմացնել արեգակի կարևորությունը ու երկիր մոլորակը տանել դեպի փակուղի։ Իբր, եթե չլինեին էշի ականջները, որոնք մեծության պատճառով հնարավոր չի եղել քողարկել, այս դարի ոճրագործությունն այդպես էլ չէր բացահայտվի։     

Հիմա, երբ զեբրին եվրոպայից բերած անուշահոտ փրփուրով տեղը-տեղին  լողացրել են ու որպես մի սովորական էշ հետ ուղարկել գյուղ՝ իր առտնին բառուբանին անցնելու, խիղճս արդեն հանգիստ է։  Այս խոստովանությունը գրում եմ բանտախցից, գիտակցել եմ արարքիս ամբողջ հանցավորությունը, զղջում եմ և պատրաստ եմ կրել իմ արդարացի պատիժը Աստծո գործերին բիրտ ձևով միջամտելու համար։ Ես վստահաբար գնում եմ դեպի ազատություն։  Թե ազատության մեջ լինեի՝ կկկոցեի աչքերս, կնայեի լուսնկա երկնքին, կընկղմվեի Ծիր Կաթինի աստղերի, իսկ միգուցե, մեղա-մեղա՝ աստվածուհու կրծքերի մեջ  ու կփորձեի նախշել իմ կյանքի ամենահանճարեղ գործը՝ «էշ կամ զեբրը»։ Հետո էշը, կամ  միգուցե զեբրը թևեր կառներ ու կճախրեր դեպի անհուն տիեզերք, հունական դիցաբանության հանգույն։ Ես էլ կփորձեի վերջին պահին օգտվել առիթից ու կառչել պոչից։ Բայց, խոսքը մեր մեջ, էշից ինչ զեբր, ինչքան էլ ներկես՝ հոգին կմնա էշի։ Սա արդեն, ազնիվ խոսք, առանց քաղաքական տողատակի եմ ասում։ Պատրաստ եմ Աստվածաշնչի, տո Ղուրանի վրա էլ երդվել։

Please follow and like us:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *