Արփինե Վարդանյան/Ուժը

Ասում են՝ օջախը վառ պահելու համար սեր է պետք։ Ծիծաղում եմ ու դառը հոգոց հանում։ Մենք այդպես էլ ոչինչ չունեցանք՝ ո՛չ սեր, ո՛չ համերաշխություն։ Ոչ մի բան։  Իսկ ներսս մի բան այրում է, սեղմում է, ցավում է։ Հա՛, ցավոտ է․ մատիցս փուշ հանող այդպես էլ չեղավ։ Եվ դառը ափսոսանքով ու զայրույթով նայում եմ Համոյին, նույնիսկ ատելությամբ։ Ո՛չ սեր տվեց, ո՛չ․․․ Եվ այս ամեն ինչի մեջ սկեսրոջս տնքոցները։ «Չի էլ մեռնում»,-մտածում եմ ես։ Եվ ամեն անգամ Համոյի ձայնը, որ ծակում է պատերը,  բայց մեկ է՝ սրտիս չի կպնում, թքած ունեմ։  

-Աղջի՜,- Համոն է գոռում, -մերս լավ չի՝ հասի։

Կհասնեմ, բա չէ։ Սիրտս սկսում է կծկվել նման պահերին։ Ու՞ մ համար։ Իմ։ Միայն ու միայն իմ։    Համոն թարս է նայում ինձ։ Չի սիրում, գիտեմ։ Ես էլ իրեն, բայց համատեղ կյանքով սովորել ենք իրար հետ յոլա գնալու ու իրար չսիրելով ապրելու չգոյությանը։ Հա՛, մենք այդպես էլ իրար համար գոյություն չունեցանք։

Կիսուրս տնքում է թե չէ՝ Համոն առաջինն է վրա հասնում։ «Մերն է, է՜հ», -քմծիծաղով մտածում եմ ես ու չեմ շտապում։  

-Աղջի՛,- ամեն անգամ ճչում է Համոն,-մաման լավ չի։

«Ինձ ի՞նչ»,- ուզում եմ գոռալ ու ոտքերս քարշ տալով գնում եմ։                                                                                              

***      

Երբ ջահել էինք, Համոյի հետ սեր-մեր արեցինք, մերոնք էլ՝ թե շուտ է, հիմա չէ։ Ես էլ նեղվեցի, տխրեցի, վերջը՝ գյուղում տարածվեց, որ Համոն Լարիսին փախցրել է։ Հիմա եմ միայն հասկանում, որ դա սեր չէր, որ․․․ Կիսուրս այն ժամանակ ջահել, շերեփը ձեռքը ուժեղ կնիկ էր, կասկածանքով նայեց ինձ ու հոգոց հանելով ասաց․   

-Հորդ ու մորդ չլսեցիր՝ տղիս առար, դու ինձ լսող հարս կլինե՞ս, օղու՛լ։

Գլուխս կախեցի, դեռ մի մատ էրեխա էի, բայց կանացի բնազդով հասկացա, որ կինը կնոջը զգում է, կինը կնոջը գիտի, կինը կնոջը չի թերագնահատում։ Ճիշտ էր։ Ես լսող հարս չէի լինելու։ Ու այդ մտքից ուժ զգացի, անբացատրելի ներքին ուժ, ուժ, որը այնքան ուժեղ էր մեջս խոսում, որ հանկարծ աշխարհը թվաց նեղ, անճար ու թույլ։ Հա՛, ես անճար ու խեղճ չէի  ու չեմ։ Հետո՞։ Հետո հասկացա, որ մեր միջի անճարը Համոն էր։ Ինչքան սերը անցնում էր, չնայած երեխաները շարունակում էին ծնվել, այնքան ինքը կոպիտ ու անտաշ էր դառնում որպես ամուսին։ Եվ դա արդեն թուլության նշան էր, իսկ նա գնալով թուլանում էր, գոռում ավելի ու ավելի շատ։ «Թո՛ղ գոռա»,-մտածում էի ես, թող խեղճը գոռա, որ իրեն էդպես տղամարդ զգա, որ էդպես ինքը իրեն կերակրի, թե ձայնի տերը ինքն  է, որ տան ուժն ու գլուխն է, որ․․․․ հազար ու մի սուտ բաներ։ Մեկ-մեկ խփում էլ էր։ Ու դրանից իր թուլությունն ավելի էր զգում, անճարությունը հարվածներով չէր կոծկում։ «Թքե՛մ երեսիդ»,- մի անգամ գոռացի ուղիղ աչքերի մեջ նայելով, բարձրացրած բռունցքը մի պահ օդում քարացավ, աչքերը մեխվեցին մի կետում, բայց հաջորդ վայրկյանին  թափով հարվածը իջավ մեջքիս։ Ցավից գալարվեցի, բայց հետո հայացքը հիշելով ներքին բավարարվածություն էի զգում, ուժ։ Մեկ է՝ մեր միջի անճարը ինքն էր ու ինքը դա գիտեր։ 

Գևորգս մի մատ էրեխա էր, երբ մի օր թե բա՝ մամ, պապ, սիրահարվել եմ, տուն եմ ուզում բերել։ Համոն կատաղեց, թե բա քո ի՞նչ տարիքն է, լակո՛տ։ Լակոտը բան չասեց, հետո որոշ ժամանակ անց այդ աղջկան առավ ու տարավ հետը Ռուսաստան։   

-Մորն է քաշել,-անկողնուց ֆշշաց կիսուրս։

«Սսկվի, էլի»,- ուզում էի գոռալ։ Ու ատում էի շատ։ Մանավանդ հիմա, երբ ստիպված էի խնամել հիվանդ ու անկողնու մեջ գամված սկեսրոջս։ Վաղուց էր, ինչ շերեփը էլ ձեռքը չէր, ոչ էլ ջահել էր, բայց անտերը էլի անճար չէր։ Ներսը ուժ էր զգում, կինը մեկ է՝ խոսում էր մեջը՝ չհանձնվող, իր ասածի ու ինքնաբավ։ Ես էլ եմ էսպիսին, էսպիսի սկեսուր էլ լինելու եմ։

Մի օր էլ Սիրուշս փախավ։

-Էս քու մարդ ասողին,-կատաղեց Համոն, դե, մնացածն էլ կիսուրս ավելացրեց․

-Մորն է քաշել։

Բայց սրանց մեջ ամենաուրիշը Անոս էր։ Տարբեր էր, լրիվ։ Ոչ մեկիս նման չէր, անգամ համառությունը մի ուրիշ տեսակ համառություն էր։ Գնաց քաղաք՝ սովորեց, իսկ  հետո մնաց աշխատելու։ Գյուղի տղերքը նույնիսկ չէին համարձակվում ուրիշ աչքով նայել Անոյիս։ Գիտեին, հասկանում էին, որ Անոն իրենց բերանի համար չի, որ Անոն ուրիշ է, ուրիշ․․․ Մեր համար էլ, ինձ համար էլ։ Եվ առաջին անգամ հասկացա, որ պարտվել եմ, որ իմ կանացի ներքին ուժը ոչինչ է այն ուժի դեմ, ինչ զգում ու իր մեջ կրում էր Անոն։ Եվ իզուր չէ, որ երբ մազերը «ռիժի» ներկած եկավ գյուղ, առաջին ընդդիմացողն ու հանդիմանողը ես եղա։ Համոն, ինչ խոսք, կատաղեց։

-Չեմ փոխի գույնը,- համառորեն հայտարարեց Անոս ու ամիսներով գյուղ չեկավ։ Նայում էի մազերին ու իմ աղջկան չէի գտնում, մի տեսակ կորցրել էի, մի տեսակ․․․ չգիտեմ, թե ով էր արդեն, կարծես նոր հայտնաբերեցի, որ ես իմ էրեխուն երբեք չեմ ճանաչել, որ ես իմ էրեխուն պահել-մեծացրել եմ, բայց չեմ հասկացել, որ ես ինքս, ի վերջո, թերացել եմ, որ չեմ ճանաչել։ Մազերի գույնը նույնիսկ խղճի խայթի նման մի բան էր ներսումս արթնացնում, կարծես խոսում էր այն մասին, որ ես ոչ միայն Անոյի կյանքի  մասը չեմ, այլ իր կյանքում բազմաթիվ կողմեր ու դեպքեր կան, որ հենց այդ գույնով ծածկում է․․․․ Ցավ զգացի։ Մի բան ոնց որ անցներ միջովս, երբ սկսեցի մտածել, որ իր ցավը իմից ուժեղ է, որ մազերի գույնը լոկ ուժեղ, ինքնաբավ զգալու ու երևալու դիմակ է, որ պաշտպանի իրեն, որ պատնեշ ստեղծի հենց իր ու մեր միջև, հենց իր ու իմ միջև։ Մի տեսակ՝ էն, որ ինձ մոտ չգաք, մոտ չգաք, չխառնվե՛ք, հեռու՛, հեռու՛։

Իսկ անկողնում շարունակում էր  տնքալ սկեսուրս։ «Չի էլ մեռնում, պրծնենք»,-մտածում էի ես ու վազում էի, որ հավարին հասնեի։ Մի անգամ, սակայն, լաց լինելուց բռնացրեցի։

-Ի՞նչ է եղել, ա՛յ կնիկ, կթողնե՞ս քնենք։

-Վատ երազ եմ տեսել։ Ուժեղ թոն էր գալիս, հետո լցվեց մեր տուն, ջուրը կեղտոտ-կեղտո՜տ, դու էլ մեջը նստած նայում էիր, թե ատամներդ ոնց են թափվում․․․ Մահ է լինելու։

-Դու չես մեռնի, արխային,-պատասխանեցի ու դուրս եկա։

Անոս ուշ-ուշ էր գալիս։ Խուսափում էր։ Չէր սիրում, որ գալիս էր ու մազերի գույնը թեմա էր դառնում։ Դե, մենք էլ համառ։ Մերն էինք պնդում։ Վերջին անգամ, երբ հետը հեռախոսով խոսեցի՝ «ի՞նչ ես անում»  հարցիս շատ կտրուկ պատասխանեց՝ մազերիս գույնն եմ թարմացնում։ Ներսս քերծվեց, թուքս մի կերպ կուլ տալով՝ բառերը հավաքեցի ու հարցրի․   

-Էլի՞ էդ գույնը։

-Հա՛։-Կտրուկ վրա բերեց։

Հետո։՞ Հետո էլ չեղավ։ Ամեն ինչ այնքան արագ ստացվեց։ Չհասցրի անգամ զգուշացնել, որ հերը իրիկունը մեկնում է Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի։ «Մեկ է՝ չի էլ գա հորը ճամփու դնելու»,-մտածեցի ես։ Իսկ մի օր հետո՝ զանգ ու․․․ Տեսնես՝ մահվան դեմքը ի՞նչ գույն ունի, հանկարծ սարսափով պատկերացրեցի՝ «ռիժի»։

Դիակը ճանաչելու ես գնացի։ Ավտովթարից դեմքը լրիվ վերքերով էր պատված, անճանաչելիորեն․․․ մազերի «ռիժի» գույնից հասկացա, որ ինքն է՝ Անոս։ Ներսս սեղմեց։ Ցավից թվաց, թե հիմա կուշաթափվեմ, մորգի աշխատողը մոտեցավ, ձեռքով նշան արեցի, որ պետք չի, կմնամ ոտքի վրա, ներսիս ուժեղ կինը իր ուժերը լրիվ հավաքել էր, որ չփլվեր, որ կուչ չգար, որ․․․

-Մենք հնարավորինս կհարդարենք ու կարգի կբերենք, որ դիակը․․․․ այսպես չեք հիշելու նրան հողը իջ․․․    

Կրակի գույնը կարմիրը չի, կրակի գույնը նարնջագույնն է՝ լափող ու ավերող, ամեն ինչ մոխրացնող ու․․․ հաճախ կնայեմ թոնրի կրակին ու կրակի գույնը կթվա ո՛չ կարմիր, ո՛չ էլ նարնջագույն, այլ հենց «ռիժի»։ Ու ամեն անգամ այս մտքերը կփորձեմ վանել ինձնից ու կրակը մտովի շագանակագույն կպատկերացնեմ։ Հա՛, կրակի գույնը շագանակագույնն է, հենց բաց շագանակագույնն է, մի տեսակ մուգ ու արևի պես բաց։ Կնայեմ ու հացի խմորը այդ կրակին ընդառաջ կտանեմ, որ հացը թխեմ ու․․․․ Բայց մեկ է՝ օջախս հանգած էր արդեն ու արդեն սեր լինել-չլինելը կապ չուներ։

Կիսուրս կտնքա, Համոն կտնքա, Գևորգը կտնքա, Սիրուշը կտնքա, ես էլ բոլորի հետ միասին․․․ ցավից։ Իսկ ցավը գույն չունի։ Ո՛չ ներկել է լինում, ո՛չ փոխել։  

-Մազերը կներկե՞ք,-հարցս կտրուկ էր ու անսպասելի։ 

Դիահերձարանի աշխատողը լուռ գլխով արեց, շտապեցի ավելացնել․

-Փոքրուց մազերը բաց շագանակագույն են եղել, ուզում եմ այդպես․․․ շագանկագու՛յն։

Please follow and like us: