Ժաննա Հայրապետյան/Դպրոց

Ես սիրում եմ դպրոցը: Սիրում եմ շատ սովորական ու պարզ սիրով, որտեղ վերամբարձ ու հորինովի ոչինչ չկա: Վերամբարձ կռունկ էլ չկա իմ սիրո պատմության մեջ: Ինչպես լինում է ժամանակակից սերերի դեպքում: Տղան վերամբարձ կռունկի խցիկում վեր է խոյանում, իսկ աղջիկը վերևի հարկում սպասում է շրթունքներով կարմիր վարդն ամուր պահած տղային: Չէ’, իմ սերն այն սերերից չէ, որ հատուկ շոուներ ու ցուցադրություններ են պահանջում: Իմ սերը շատ պարզունակ սեր է:

Ես սիրում եմ դպրոցը: Ու ինձ եմ սիրում, երբ դպրոցում եմ: Ընդհանրապես, սիրում եմ այն ամենը, ինչը կապ ունի դպրոցի հետ: Ես օրերից մի օր ինձ արմատախիլ եմ արել իմ միջավայրից և բառիս բուն ու փոխաբերական իմաստներով ցրիվ եմ տվել դպրոցում: Հետո ծլարձակել եմ, շողարձակել ու արմատներս ձգել դեպի դպրոցի անդնդախոր խորքերը, հետո ճյուղատարած սաղարթներով փռվել եմ ու գրկել դպրոցին: Հետո դպրոցն է ամուր գրկել ինձ: Ու հավատարիմ քայլում ենք էդպես` իրար ամուր պահելով…

…Սիրում եմ դպրոցը, երբ դեռ լռություն է լինում, երբ առավոտյան կիսամութի մեջ խարխափելով` դպրոց եմ մտնում ու առաջին բարևս հենց իրեն ուղղում…

-Բարի’ լույս, անփորձանք, անխոչընդոտ, խաղաղ լինի օրներս:

Հետո սկսվում է հետզհետե ավելանալ աղմուկը, որ գարնան գետի պես գնալով վարարում է ու ինձ էլ առնում ու քշում իր կարկաչող ու զրնգուն հոսանքի հետ:

Ե՞րբ սկսեցի սիրել դպրոցը, ե՞րբ այսպես ամուր կապվեցի դպրոցին, ե՞րբ հասցրի այսքան ներծծվել դպրոցի մեջ:

Երբ դպրոցական էի, առանց ընկեր Ռիմայի` իմ գրականության ուսուցչուհու չէի պատկերացնում դպրոցը: Գուցե ընկեր Ռիմայի վեհաշուք կերպարը «ստիպեց», որ ես անդառնալի կապվեցի դպրոցին:

Ընկեր Ռիման արդեն իսկ մի մեծ դպրոց էր, որ մի կյանքը քիչ էր այն ավարտելու համար: Գրականությունն ընկեր Ռիմայի աչքին ուղղակի տողերն ու գրվածքները չէին, կարծես հսկա օվկիանոս էր, ընկեր Ռիման էլ` ամենագետ լողորդ: Որ լավ գիտեր այդ օվկիանոսի վայրիվերումները, վերելքներն ու վայրէջքները, մակընթացությունների ու տեղատվությունների ժամերը:

Ընկեր Ռիման ինքն իրենով արդեն գրականություն էր, որ պիտի լավ սերտեինք: Ընկեր Ռիմայի նույնիսկ հայացքը կապ ուներ գրականության հետ: Կարդացվում էր հեշտ ու հանգիստ: Նա լավ գիտեր բառերի լեզուն: Հրաշալի էր տիրապետում տողի տակ թաքցրած իմաստներին: Քաշում հանում էր դրանք տողատակերից ու անգին քարերի պես սփռում դիմացդ:

-Նարեկացու տաղերն են, վերցրո՛ւ, կարդա՛, կարդա՛ հարյուր անգամ, հետևի՛ր տաղի մեջ թիկնեթեկին քայլող կնոջը, նա կյանքի արմատից կտրված ու գրականության մեջ անշունչ դրված մեկը չէ: Նա ապրում է այստեղ: Նա շնչում է այս տաղի մեջ:

-Տաղի մեջ զգա՛ ալիքվող գույների խաղը` որդան կարմիր, բեհեզ կապույտ ու ծիրանի, կարդա՛, ու սրանք տեղավորի՛ր ուղեղիդ ամենաերևելի դարակներում, որ վաղը-մյուս օրը ամեն մի կենաց-ոտանավորի բանաստեղծություն չասես: Մեղք է:…

Մի անգամ դասարանով ընկեր Ռիմային էինք օգնում: Քայլելու դժվարություն ուներ, օգնում էինք, իրենց այգու խնձորներն էինք քաղում ու ինձ համար այնքան անսովոր էր տեսնել առօրեական, գրականությունից դուրս ընկեր Ռիմային: Կոկիկ հարդարված մազերը մի քիչ թուլացել, քանդվել էին, ու ինքն անընդհատ ուղղում էր քանդված մազերը: Այտերը կարմրել էին, վառվռում էին: Առանց գրականության ու գրական տեքստերի` ընկեր Ռիման էն նույն ընկեր Ռիման չէր: Ուրիշ մեկն էր: Մեկ ուրիշը:

Ընկեր Անիկը մեր գյուղի գրադարանավարուհին էր: Նա ինձ ստիպում էր, որ գրադարան գնալիս ընկերներիցս մեկին միշտ տանեմ հետս: Ճանապարհին նրան ներկայացնեմ ինչ-որ հետաքրքիր գիրք, ներկայացնեմ այնքան լավ, որ ընկերս հենց այդ նույն գիրքն ընտրի:

Ընկեր Անիկը կամա թե ակամա ինձ մանկավարժություն անել էր սովորեցնում: Գուցե նկատել էր, թե ինչքան է ինձ ոգևորում ու խանդավառում լավ գիրքը:

Նա այնքան ծանրակշիռ, կիրթ ու բանիմաց կին էր, որ փոքր ժամանակ ինձ թվում էր, թե մեր գրադարանի բոլոր գրքերն ինքն է գրել, ապրում է գրադարանում ու գիշերներն այդ գրքերն է գրում: Շատ համոզիչ կերպար էր ընկեր Անիկը: Ակնածանքս չփոխվեց տարիներ անց, երբ մեծացա, որովհետև հասկացա, որ թեպետ ինքը չի բոլոր գրքերը գրել, բայց կարդացել է գրադարանի բոլոր գրքերը, ու կարդացածներն իրեն շատ կարևոր բաներ են ասել կյանքի ու սիրուն ապրելու մասին : Հասկացա, որ ընկեր Անիկը գրադարանում չի ապրում, գրադարանով է ապրում ու մեզնով, որ ամեն օր լցնում էինք գրադարանը մեր ճռվողյունով:

Նրա` շատ կարդալու ու շատ բաներ իմանալու մասին հաճախ իր աչքերում էի կարդում: Կոկիկ վարքուբարք ուներ, անչափ հմայիչ ու գլուխդ շոյող, տաք խոսք: Ընկեր Անիկի բարեկիրթ կերպարի հետ շփումն արդեն իսկ մի մեծ ձեռքբերում էր մեր մեր գյուղի մի քանի սերունդների համար:

-Աղջի՛կս, դեռ շուտ է, բայց եթե դու որոշել ես կարդալ Ալ. Մորավիայի «Չոչարան», գիտեմ, որ գետնի տակից էլ կգտնես ու կկարդաս:

– Տա՛ր, կարդա՛ ու հենց այս տարիքից հիշի՛ր, որ պատերազմը զզվելի ու գարշելի դեմք ունի…

Ընկեր Անիկը մեր գյուղի գրադարանավարուհին չէր, մեր գյուղի դեմքն էր, դիմագիծը: Գրադարանապետն էր ու գրքի հետ ճիշտ վարվելու, գիրքը գնահատելու ու գրքին ընդմիշտ կապվելու մի ամբողջ մշակույթ էր ապրեցնում իր մեջ: Ու ստացվում էր, որովհետև ընկեր Անիկի վրայից, հագուստից ու նաև հոգուց էր գրքի հոտ գալիս: Ու անցած տարիներիս խորշերում ու խորքերում չի անհետանում այդ գրքաբույրը: Խշշում ու խշխշում է երջանիկ երանությամբ:

Ընկեր Անահիտը համալսարանը Երևանում ավարտել էր ու մեր գյուղի ոլոր-մոլոր ճամփան բռնել: Վրաստանի անթիվ ձորերից մեկում անհոգ փռված մեր գյուղը սովորական գյուղ է, և մեր գյուղ եկող ցանկացած անծանոթ երբևէ չի պատկերացնի, որ այսքան սարուձորեր, դաշտ ու անտառներ անցնելուց հետո ձորերից մեկում ծվար արած մեր գյուղն է հասնելու: Իրեն կթվա, թե ահա ուր որ է աշխարհն այստեղ կվերջանա, բայց չէ՛, մի քանի խոր ու խորխորատ անցնելուց հետո մեկ էլ հայի բախտի պես ոլորուն ճամփեքի տակ մեր գյուղը կնշմարի…Կտեսնի, որ ծուխ է գնում քարաշեն տներից, կասի` մեղա-մեղա որ հրաշքով է այս հեռու անտառներում գյուղը ծլել: Գյու՞ղն է կպել ձորերից, թե՞ ձորերն են եկել-եկել, մոտեցել գյուղին: Ընկեր Անահիտը ընկեր Ռիմայից հետո մեր երկրորդ գիր- գրականությունը դարձավ: Հայ ու Հայաստանից բեկորներով հայրենիք էր բերել, հասցրել մեզ` Վրաստանում ապրողներիս, ու մատուցում էր դրանք երկնային մանանայի նման: Այնքա՜ն համեղ: Դասերից հետո մենք երկար մնում էինք դպրոցում: Վ. Տերյան, Պ. Սևակ, «Հայր Մեր» սովորում: Թատերական խմբակ ունեինք, բեմադրություններ էինք անում, երգում էինք ազգագրական երգեր: Արտասանում պոեմներ: Կարդում, կարդում, կարդում: Ու այդ ամենը մեր կրակոտ ու ջահել ընկեր Անահիտի հետ, որ հասցնում էր հերիքել բոլորիս: Ապրում էր մեզնով ու ապրեցնում էր մեզ մի նոր, անսովոր, ազնիվ ու գրավիչ կյանքով…

Թվում է, թե մենք ենք մտնում դպրոց, բայց պահեր են լինում, որ դպրոցն է մտնում մեր ներսն ու ամուր օղակվում այնտեղ: Օրերից մի օր էր, երբ իմ պատմության ուսուցչուհի ընկեր Անուշն ինձ ասաց, որ ես մեր դասարանի կորիզն եմ: Կորիզը: Դա ասաց այն ժամանակ, երբ ես մի ցրտատար օր կծկվել էի դասարանի վերջին նստարանին ու ինձ նույնիսկ դասարանի կեղև ու կեղևի վրայի միջատ չէի պատկերացնում: Երբ մի մոխրագույն քամի էր մտել մարմինս ու հատիկ-հատիկ թերթում էր դատարկ բջիջներս: Առաջ-ետ: Ետ-առաջ:

-Աղջի՛կ ջան, դու այս դասարանի կորիզն ես, լսո՞ւմ ես, ականջիդ օ՛ղ արա ու էլ չհանես երբեք:

-Միշտ հիշի՛ր, որ դասարանն առանց քեզ դասարան չէր լինի, դպրոցն էլ նույն դպրոցը չէր լինի առանց քեզ:

-Ու երբ դու կսկսես քեզ այդպես պահել, որ դու կարևոր ես այստեղ, հավատա՛, որ հենց այդպես էլ կլինի:

Ես հավատացի ընկեր Անուշին. նա երբեք սուտ չէր խոսում: Նա ազնիվ մարդ էր, նա ազնիվ մարդ էր նույնիսկ այն ժամանակ, երբ դասերի ընթացքում «Վրաստանի պատմության» դասագրքի տակից թաքուն հանում էր «Հայոց պատմության» կապույտ դասագիրքը և մոռացած Վրաստանի պատմութունը` Վարդանի, Մուշեղի, Անդրանիկի, ու հայոց քաջերի մասին պատմում մեզ…

Ես ձգվեցի այդ ցուրտ օրը, կծկված մեջքս ուղղեցի այնպես, որ էլ կուչ չգա: Ու ամեն ինչ, որ շրջապատում էր ինձ այդ պահին, այնքան սիրելի ու հաճելի էր թվում: Իմ` գույնը թափած բաց կապույտ նստարանը, փայտե վառարանի ծխով լցված դասարանը: Ամեն ինչ սիրելի էր, սիրելի ու այնքան հաճելի:Դպրոցն ամենաբարդ ու պատասխանատու բանն էր, որ ինձ հանդիպել է երբևէ: Նա քամում է ինձ: Կլանում ու կուլ է տալիս ամբողջությամբ: Նա չի խնայում ինձ ոչ մի օր: Պտտում ու պտտում է իր խելահեղ շրջապտույտի մեջ: Սրբում ու տանում է ինձ իր հետ, թևերս ամուր կապում իր թևերից ու բաց չի թողնում:….

Երևի ես նախորդ կյանքում էլ եմ դպրոցն ընտրել ու հաջորդ կյանքերում էլ իրեն կընտրեի: Որովհետև ուղղակի սիրում եմ մանկավարժությունը` առանց պաթետիկ ճառերի, առանց ավելորդ պճնանքների: Առանց պլպլան բառերի ու բարձրագոչ կենացների: Սիրում եմ, ու գիտեմ, վստահ եմ, որ ինքն էլ ինձ է սիրում, որովհետև գրկել է ինձ ամուր ու բաց չի թողնում իր տաք ու գուրգուրող գրկից արդեն քանի տարի…

Please follow and like us: