Դենին կոկիկություն է սիրում։ Բայց առաջ այդպես չէր, համենայն դեպս՝ մեր ծանոթության առաջին օրը։ Իսկ հիմա, հիմա ահավոր կոկիկ է դարձել, մաքրասեր, հավաք… Ճամպրուկները մի գծով, սիրուն դասավորել է, վստահ եմ՝ հագուստներն էլ է համաչափ ծալել ու տեղավորել։ Հայացքս փախցնում եմ։ Փախցնում եմ, որ չտեսնեմ… Ցանկացա ինչ-որ բան ասել։ Շուռ եկա։ Մեխված կանգնել էր տեղում․
-Վաղը նոր մեքենան կգա,- մի տեսակ արդարանալով կմկմաց Դենին։
Ձայն չհանեցի։ Մոտեցավ։ Լուռ վերցրեց սեղանի վրա դրված ծխախոտը ու նստեց դիմացս։ Աչքս գցեցի մազերին։ Պատուհանից ներս խուժած ու արդեն մայր մտնող արևի ճառագայթներն անցան Դենիի մազերի միջով, ու ինչ-որ մի շող երևի մեխվեց ուղիղ սրտիս մեջ… Իսկ մի ժամանակ ամեն ինչ ուրիշ էր…
Դենիի գանգուր մազերի մեջ արևը միշտ իր տեղն էր գտնում․ ամեն անգամ «գալիս», «հարմար տեղավորվում» ու մի վայրկյանում անցնում էր մազերի միջով: Նայում ու ժպտում էի։ Դենին տեսնես գոնե պատկերացնո՞ւմ էր, թե արևը ինչքան է սիրում իր գանգուր, խուճուճ մազերը․
-Դենի, նկատե՞լ ես՝ արևը երբեք իմ մազերի միջով չի անցնում, իմ մազերն ահավոր խիտ են, արևի համար «տեղ չունեն»։
Դենին նայում էր ու ժպտում.
-Քեզ է թվում, գիտե՞ս, հըլը ինձ հարցրո՛ւ…
Ծխախոտի ծուխը միշտ գրկում էր պատերը, շնչելը դժվար դարձնում։
Թոզի պես նստել է ամենուր, հերի՛ք է ծխես, Դենի՛։
Ձայն չէր հանում, ժպտում էր․
-Դու էլ փորձի՛ր, հը՞ն, վերցրո՛ւ:
-Ի՜,-նեղվում էի շա՜տ։ Տեսնես՝ մի օր ծխելը թողնելո՞ւ է։ Դժվար թե։ Իսկ ես համբերատար, թեև երբեմն բողոքելով՝ «Դենի, շատ ես ծխում», կուլ էի տալիս ծուխը ու համակերպվածի պես՝ էն, որ սա է, փոխել չի լինում, ինքս Դենիի համար ծխախոտ էի գնում։ Իսկ գուցե մի օր ե՞ս էլ փորձեմ։ Դենին կօգնի, հաստատ։ Միասին կնստեինք՝ դեմ դիմաց կամ ուղղակի իրար կողք կողքի ու ագահաբար ծուխը ներս կքաշեինք։ Եվ այդ պահի, վայրկյանի մեջ ժամանակը կանգ կառներ, որ մեր միասին ծխելը դարձներ յուրհատուկ մի ծես՝ համատեղ կյանքի ինչ-որ սիմվոլիկ մաս։ Եվ գուցե ծխելիս ավելի սիրեինք երկուստեք լռելու ու իրար անխոս հասկանալու մեր բացառիկ կարողությունը։ Չէ՞ որ մենք յուրահատուկ, առանձնացող ու օրիգինալ զույգ էինք, նման չէինք ուրիշներին, համենայն դեպս՝ մեզ այդպես էր թվում, համենայն դեպս՝ ուզում էինք, որ մենք այդպիսին լինեինք, ու կարծես թե ստացվել էր ինքներս մեզ դա ներշնչել… Չէ՛, ավելի ճիշտ, հա՛, պետք է սկսեի ծխել, Դենին ճիշտ էր ասում։ Եվ ի վերջո, ես էլ կզգայի, թե ինչպես է մատներիս մեջ վառվող ծխախոտը ինձ էլ քաշում իր մեջ, ինձ համար էլ դառնում մխիթարանքի պես մի բան։ Ու կապ չէր ունենա էլի՝ ուրախ կլինեի, թե չէ, կուզենայի միշտ ծխել ու, ագահաբար ծուխը ներս քաշելով, դարդերս կամ ինձնից ինչ-որ ոչ անպետքական, ավելորդ, ճնշող մի բան ծխի հետ միանգամից դուրս կարտաշնչեի… Ու, հա՛, այդ ամեն ինչը շատ սիրուն կլիներ։ Լրիվ ֆիլմի մի սիրուն կադր, կամ մի նկարի, որին նայելիս՝ ծխի մեջ կորած ինքնավստահ դեմքս կտեսնեին, որ ամեն վայրկյանի, պահի մեջ կյանքը գնահատողի ու վայելողի տպավորություն կթողներ։
Դենիի ձեռքերը, թվում էր, միշտ տաք էին, մանավանդ երբ շոյում էր մեջքս։ Ու տաք ձեռքերը այրում էին թիկունքս: Նա ամեն անգամ այնպես էր շոյում, կարծես նոր էր տեսնում, կարծես նոր էր մատների մեջ զգում տաք մարմինս ու հարթ մաշկս․ «Ծխախոտի ծուխն էլ է դաջում մաշկիս վրա»,-մտածում էի ես։ Ու էլի այդ ծխախոտը։ Մի տեսակ եկել ու կանգնել էր մեր միջև։ Բայց միաժամանակ «բաժանողը» չի, է՜հ, այլ միացնողը։ «Ու, հա՛, կվերցնեմ ու այն նաև իմն էլ կդարձնեմ, որ Դենիի հետ ընդհանուր մի բան էլ ունենանք»,-մտածում էի, պատկերացնում, թե նա ինչպես կնայեր ու կժպտար, կժպտար իր սիրուն ու գրավիչ ժպիտով։ Իսկ ես կհետևեի, թե ինչպես է հենց այդ պահին արևը էլի «գալիս» ու նորից սովորականի պես «տեղավորվում» Դենիի մազերի մեջ … Արևի ճառագայթներն ու օդ բարձրացող ծուխը ընտիր են, հա՛, ֆիլմի կամ նկարի շատ սիրուն դրվագ…
***
Երբեք չեմ մոռանա այդ օրը։ Մութ էր։ Ցուրտ։ Ու շնե՜ր։ Հայտնվեց անսպասելի ու, հա՛, փրկեց, թևիցս բռնեց ու վախից քարացածիս ստիպեց տեղից շարժվել ու միասին վազել դեպի շենքի մուտք։ Մինչև հիմա չեմ հիշում, թե ինչպես հասցրեց շենքի դարպասը արագ վրա բերել, որ…
-Արի՛ ինձ հետ, կմնաս մեր տանը, մինչև… Վախեցա՞ր։
Իրենց շենքն էր։ Եվս մի քանի քայլ, ու համարյա իրենց դռան մոտ էինք։
Մոտ էր շատ.
-Ուսումնասիրում ես, հա՞: Հո գեշ չե՞մ,-կատակի տվեցի ես։
-Հա՛… Չէ՛…
-Հիմա գե՞շ եմ, թե՞ չէ:
-Սիրուն ես:
Բայց զարմացա։ «Սիրուն ես»,- կարծես ինքը չասեր, համանենայն դեպս՝ իր «սովորական» տոնին նման չէր։ Իսկ մոտավորապես մի քանի րոպե առաջ… Ի՞նչը փոխվեց։ Ձեռքերը դողում էին, դեպրեսիվ էր, դյուրագրգիռ, երբ մոտեցանք դռանը։ Դողացող ձեռքերով էլ մի կերպ գտավ բանալին ու փորձեց բացել դուռը։ «Ու՞ր եմ գնում»,- մտածում էի ես։
-Ֆու՜, էս անտերն էլ,- անգամ բանալին չէր կարողանում փականի մեջ մտցնել,- է՜հ,- ու նորից անօգուտ։
Անտարբեր կանգնել էի. ոնց որ թե՝ ի՞նձ ինչ… Օգնություն աղերսող հայացքով հանկարծ նայեց ինձ․
-Չի բացվում, դու կփորձե՞ս։
Ժպտացի։ Վերցրի բանալին։
Սենյակն ահավոր թափթփված էր։
-Կներես, մի քիչ…- բայց կարծես չլսեցի, մի պահ նույնիսկ չհասկացա, թե ինչ էր ասում։ Ուզում էր էլի ինչ-որ բան ասել, բայց չթողեցի, որ շարունակի.
-Ոչինչ: Աննշան բան է:
Չպատասխանեց։ Անտարբեր նայեց ինձ ու նյարդային շարժումներով սկսեց հավաքել թախտի վրա թափված շորերը ու դեռ չվերջացրած՝ չոր տոնով առաջարկեց․
-Նստի՛ր թախտին։
-Նույնիսկ անունս չհարցրիր,-նստելով թախտին՝ հանդիմանական տոնով հիշեցրի ես,-անունս Մանե է, Մանե Հեփինյան։
-Մանե՜, սիրուն անուն է,- մի րոպե լռելուց հետո մեխանիկորեն արձագանքեց,- վա՜յ, ի՞նչ ասացիր։
-Ասացի՝ Մանե։
-Չէ՛, անունդ չէ… Հեփի… Հեիփինյան, հա՞- ու փռթկաց, միանգամից ու անզուսպ։
Մի պահ նույնիսկ վիրավորվեցի, բայց դե, չէ՛, ներողամտորեն նայեցի ու ժպտացի։
Մոտեցավ։ Արագ վառեց ծխախոտը ու մեկնեց ինձ․
-Ծխե՞ս, վերցրո՛ւ, կհանգստանաս…
Չվերցրի։ Իսկ նա նայում էր ինձ, ժպտում ու ծխում։ Ժպիտը գեղեցիկ էր։
***
Ծխախոտից բերանում երևի դառնահամի պես մի բան է մնում… Ֆո՜ւ… Դառն է լինելու, հա՜…
-Փորձի’ր,- ժպտում էր Դենին։
-Ի՞նչ… Չէ՛, չէ՛… Ախր…- ուզում էի նորից հակառակվել։
Դենիի ժպիտը գրավիչ էր, սիրուն, մի տեսակ արևային, ձգող… Մատներս դողում էին… Ձեռքի մի շարժում, և մատներիս մեջ զգալու էի վառվող ծխախոտը։ Հոտը զգում էի արդեն։ Մարմնովս դող անցավ։ Վախեցա։ Բայց ինչի՞ց։ Դա տևեց ընդամենը մի պահ… Համարյա մոտենում էի, Դենին ընդառաջ եկավ.
-Ես… առաջ… –կմկմացի, ու բերանումս թուքս կուլ գնաց, բառերս մնացին կիսատ կամ էլ ուղղակի «ճռնչացին» օդում ու ցրիվ եկան սենյակով մեկ։ Ու ոչ ոք ոչինչ չլսեց… Դենին էլ։
Սենյակն ահավոր թափթփված էր։ Նայում էի Դենիին ու զգում, որ այստեղ է, բայց միաժամանակ այստեղ չէ․ սենյակում մնացել էինք ես ու լուսամփոփը։ Դրսում արդեն մութ էր։ Սենյակում՝ խավար։ Նայում էի լուսամփոփին։ Հանկարծ ամեն ինչ այնքան անիմաստ թվաց։
-Հեփինյա՞ն,-Դենիի ձայնն էր։
Ի՞նձ էր կանչում։ Փաստորեն, միայն ես ու լուսամփոփը չէինք, որ դեռ սենյակում էինք. Դենին էլ էր սենյակում։ «Մոռացել» էի։
-Հեփինյա՞ն, Հեփինյա՜ն,- նորից Դենիի ձայնն էր,- ոնց որ հեռվից լսեի, ավեի ճիշտ՝ անդունդից,- «Հեփինյա՞ն»,- հա հարցնում էր իրավաբանը։ Ու ծիծաղեց։ Կներես, ես էլ հետը։
Չպատասխանեցի։ Ինչ մի հեռանալը ուզում է «լավով» դարձրած լինել, չեմ հասկանում։
-Հա՛,- մեխանիկորեն արձագանքեցի։
Դենին հանկարծ լռեց։ Նորից մոտեցավ ինձ, դեմքին լուրջ արտահայտություն տվեց․
-Ես դեռ ստեղ եմ, վաղը նոր…
-Գիտեմ,- կտրուկ ընդհատեցի, որ հանկարծ չշարունակի։
-Ամեն հարցում կողքիդ եմ, մենք կմնանք լավ ընկերներ,-կմկմալով էր խոսում։
-Գիտեմ, ֆբ-ում և ինստայում,- նորից կտրուկ ընդհատեցի, որ…
Իսկ մութը գնալով սաստկանում էր, ու չնայած որ շատ մոտ էր նստած, աչքերի փայլն անգամ էլ չէի տեսնում. կուլ էր գնացել խավարի ու մթի մեջ… Ձեռքերը սառն էին։ Դիպավ ինձ։ Ցանկացա հետ քաշվել։ Բռնեց։
-Դենի…- նորից կմկմացի, ու նորից ոչ ոք ոչինչ չլսեց… Դենին էլ…
-Չէ՛, լուրջ լսիր,- այս անգամ կարծես բառերը, իրոք, դժվարությամբ էին արտաբերվում, բայց հանկարծ միանգամից էլ լռեց ու բաց թողնելով ձեռքս՝ հետ ընկավ աթոռին…
Շրըխկ… Լուսամփոփն էր։ Ո՞վ կպավ, չհասկացա։ Սենյակը հանկարծ պահի տակ լուսավորվեց, խավարը չքացավ։ Եվ ընկնելիս էլ ոնց վառվեց՝ էլի չհասկացա։ Բայց աղմուկն ականջներումս կարծես քարացել էր ու անընդհատ՝ շրը՛խկ, շրը՛խկ, ուզում էի ձեռքերով փակել ականջներս, որ ոչինչ էլ չլսեի… Ու ոչ ոք ոչինչ չլսեց… Դենին էլ…. «Թե ասա՝ իբր Լուսամփոփն ի՞նչ ենք ստեղ դրել»։ Ախր չէինք օգտագործում։ Ուղղակի դրված էր, ձևի խաթր ու միշտ ձևի խաթր էլ դրված է եղել։ Էն, որ ուղղակի դրել էինք, որ «ցույց տայինք», որ սա էլ սովորական տուն է՝ ոչ մի բանի պակաս չունեցող… Սենյակը պահի տակ հանկարծ տարրալուծվեց, ցրվեց օդում, ու ցրիվ եկած առարկաներն աչքիս առաջ ջարդվեցին գլխիս…
***
Մենք այդպես էլ հեքիաթ չունեցանք, ու այդպես էլ ոչ ոք մեր մասին չգրեց: Չգրեց, թե ինչպես մի օր «Լինում է, չի լինում»-ների ինչ-որ հատման կետում մենք հանդիպեցինք։ Հանդիպեցինք, որ «մեր մասին»-ը հեքիաթ թվար ուրիշներին, ու մեզնով ոգևորված՝ «մեր մասին» հեքիաթը գրվեր։
Մի օր գուցե ամեն ինչ ուրիշ կլինի. մենք կհայտնվենք նույն հեքիաթում ու ձեռք ձեռքի բռնած՝ կքայլենք մի աշխարհում, որտեղ մարդիկ իրար գտնելուց հետո էլ երբեք չեն կորցնում։
Բաց պատուհանից լսվեց հեռացող մեքենայի շարժիչի ձայնը։ Վերջ, հա՞։ Վառում եմ ծխախոտը։ Բայց բերանս դնել չեմ շտապում։ Ուզում եմ գլանակը այնքան այրի, որ հասնի մատներիս… Մե՛կ, երկո՛ւ, դե՛, Մանե Հեփինյա՛ն, համարձա՛կ։ Ու մի վայրկյանում, առանց իսկ մի վայրկյան մտածելու, ծխախոտը դնում եմ բերանս… Հա՜, ճիշտ են ասում, ծխախոտից բերանում դառնահամի պես մի բան է մնում։ Երևի կողքից էլ շատ սիրուն կադր եմ՝ իմ խուճուճիկներով ու ծխախոտովս։ Հա՛․ այս պահի մեջ էլ սիրուն եմ, գրավիչ, լրիվ ֆիլմի մի սիրուն կադր կամ գուցե նկար, որին նայելիս՝ ծխի մեջ կորած դեմքիս մեջ ինքնավստահություն կտեսնեն, կտեսնեն նրան, որ ամեն վայրկյանի, պահի մեջ կյանքը գնահատողի ու վայելողի տպավորություն է թողնում։
Երբ սառը ցնցուղն անակնկալ է լինում, առաջին արձագանքդ այդ ցնցուղն անջատելն է (մարմնովդ անցած սարսուռի մասին էլ չասած): Բայց արժի՞ որ փախչես։ Չէ՛։ Հա՛, հենց՝ չէ։ Ուղղակի պետք է կանգնել սառը ցնցուղի տակ ու թույլ տալ, որ առաջին սարսուռից հետո մարմինդ հետզհետե ընտելանա սառը ջրին…