Գրիգոր Գրիգորյան/Փրկության օղակ

Ավոյի հայացքը քարացել էր պարանի օղակից երևացող խաչին։ Արդեն լուսանում էր, և Կոնդի եկեղեցին բարի առավոտ էր ավետում մարդկությանը։ Ավոն անշարժ էր, ինչպես Սֆինքսը։ Ավոն հենց Սֆինքսն էր, որ կար․ կեսմարդ, կեսկենդանի՝ առաջին հայացքից դժվար էր տարբերել, իսկ նման խղճալի տեսարանից հետո երկրորդ հայացքի ոչ ուժ է մնում, ոչ ցանկություն։ Այն օրը, երբ նա ուշ երեկոյան պարանը ձեռքին մտավ տուն, ամեն ինչ պարզ էր ու հստակ․ գլխում քամի չկար՝ մի հարթ ու անփոշի անապատ։ Տան բարձր առաստաղը ունի մեկ առավելություն՝ այն հնարավորություն է տալիս պարանը կախել ջահից, նավաստու կապ սարքել ու անշտապ
պատրաստվել հրաժեշտին։ Սակայն ամեն բան այնքան անբեկանելի էր, որ Ավոն մեռնելուց առաջ որոշեց փոքր-ինչ հանգստանալ։ Հոգնած մեռնելը վիրավորանք թվաց նրան․ Ավոյի մտքերում մահն ավելիին էր արժանի, քանանտրամադիր կախվելը։ Երբ րոպեներ անց պառկած տեղից վեր կացավ ու նստեց ճռճռացող մահճակալին, աչքերը հանդիպեցին խաչին, պարանի օղակի մեջից երևացող Կոնդի եկեղեցու լուսավորված խաչին։ Պապական տանը 47 գիտակից տարիներ ապրած Ավոն առաջին անգամ տեսավ դարերի փորձություններին դիմակայած եկեղեցու խաչը։ Մի քանի րոպե անվարագույր պատուհանի ուղղությամբ նայելուց հետո, Ավոն կրկին պառկեց մահճակալին և փակեց աչքերը։ Աչքերը փակեց, բայց չքնեց։ Հաջորդ գիշերներին ևս չքնեց։ Քնել չէր կարողանում, քնել չէր ստացվում։ Չէր քնում, սակայն ամեն օր մի նոր երազ էր տեսնում, որն ավարտվում էր նույն կետում, նույն տեղում․․․ օդանավակայան, գերիներ փոխադրող ինքնաթիռ, կեսմարդկանց դիմավորող հոծ բազմություն․․․ Նա հույս ուներ, որ մի օր զարթնելու է խոր երազից ու պարանի օղակից չի տեսնելու խաչը, իսկ լողացող մտքերը, կրկին հստակություն ձեռք բերելով, վերջապես հաշտության դաշինք են կնքելու մահվան անտես մունետիկների հետ։

Որքան էլ օղակից երևացող խաչը դեպի իրեն էր ձգում, Ավոն շատ լավ գիտեր՝ այս կյանքում գործած իր մեղքերը տասնյակ փարիսեցիների կյանքեր կբավարարեին, և փրկությունը հե՛նց պարանե օղակն է, ո՛չ երբեք խաչը։ Խաչը հատուցում ու քավություն էր խոստանում, իսկ պարանը՝ անհաղորդ ազատում։ Ավոն կյանքում միշտ էլ խորդուբորդ ճամփեքով է ընթացել․ բարոյականությունը խեղդել ախորժելի ցանկություններում, ապրել ըստ պահանջի և սատանայի հետ հաց կիսել՝ առանց այլևայլության։ Իսկ հիմա ամեն Աստծու օր սաղմոսներն է քրքրում, գիշերները՝ քնելուց առաջ, ժամերով աղոթք է անում, սեղանին թափթփված Աստվածաշունչերի տարբեր տարիների հրատարակությունները իրար հետ է համեմատում, աչքերը փակ դեղնած էջերն է հոտոտում, բեմական առոգանությամբ բարձրաձայն կարդում է, նախկինում ծիծաղելի թվացող առակների մեջ տարատեսակ հարցերի պատասխաններ է փնտրում, ծոցատետրում նշումներ անում, ինքն իր հետ խոսում, ինքն իրեն քարոզում, հայհոյանքներով վիճաբանում ու չհամաձայնվում իր իսկ բերած հիմնավորումների հետ․․․ Հիմա Ավոն հաճախ նայում է պարանին, բայց հետևում է խաչին։ Ազատումն աստիճանաբար իր դիրքերը զիջում է քավությանը։ Քավությունը ևս շեղում է միտքը, զբաղեցնում բաց տարածություններ, ցավեցնում է, բայց լցնում է դատարկությունը․ այն նույնիսկ ժամանակավոր բթացնում է հիշողությունը․․․ Վերջին ամիսներին ապրած անմարդկային կտտանքներից հետո, նրան թվում էր, որ այս կյանքում կուտակած բոլոր պարտքերը վերջապես վճարված են, որ նա լիովին հատուցել է իր
կատարած յուրաքանչյուր մեղքի համար ու հիմա կարող է հանգիստ ազատում տենչալ իր կիսարթուն հոգու համար։ Ավոն հոգնել էր մտածելուց, հոգնել էր անպատասխան հարցերից, հոգնել էր անընդհատ հոգնած լինելուց, նրա միակ փրկությունը կախված էր առաստաղից։ Բայց այն պահին, երբ պատրաստվում էր վերջին վճռական քայլին՝ պարանե օղակի մեջից երևաց խաչը։ Այդ րոպեից կախված պարանն ու լուսարձակ խաչը նոր իմաստ հաղորդեցին նրա չարքաշ գոյությանը։

Ավոն նայում էր խաչին և ժպտում կախված պարանին։ Այսօր Մեծ Պահքի վեցերորդ շաբաթն է՝ գալիքի, հեռվում ծիկրակող լույսի շաբաթ, և դա բավարար էր, որպեսզի Ավոն իրեն թույլ տար փոքր-ինչ թուլանալ, աչքերին հանգստություն հաղորդել ու լայն ժպտալ կախված օղակից անդին։ Նրա չարչարանքների փշոտ ճանապարհը, թվում էր, թե մնացել է հետևում, մեղքի զգացողությունն ու խաչի լիակատար հաղթանակը, ինչը Ավոյին միայն զսպվածություն ու ապաշխարություն է խոստանում, պարտադրում է նրան ժպտալ և համբերատար սպասել Տիրոջ հերթական հայտնությանը։ Այսօր նա գալու է, կանգնելու ծնկաչոք Ավոյի դիմաց և իր անարատ ափը դնելու է
նիհարությունից սմքած տղամարդու գլխին։ Ավոն ավելի կռանալով գրկելու է Տիրոջ ծնկները, հեկեկալու է ինչպես երեխա ու արցունքներով ողողելու է Հիսուսի մերկ ոտնաթաթերը․․․ Նա ժպտում է ու սպասում Բարձյալին, Ավոյի մարմինը ցնցվում է ահագնացող ուրախությունից, հոգին թրթռում է նորածին հույզերից և նա լիաթոք շնչում է Սոդոմի նամշած օդը։ Ավոն կրկին ապրում է․․․

Մեկ ակնթարթում ոտքի է կանգնում, կեսկատակ ապտակում ջահից կախված պարանին ու դուրս պրծնելով տնից՝ շտապում է Կոնդի եկեղեցի։ Այսօր Գալստյան կիրակի է, և Տեր Ավետիսը արդեն պատրաստ է սկսել Սուրբ պատարագը։

Please follow and like us: