Մեսրոպ Հարությունյան/ Հաշվեմատյան

(Առաջին անգամ հրապարակվել է 2012 թվականին, «Գրողուցավ» կայքում եւ նույն թվականին ստացել «Գրողուցավի» մրցանակը)

Այս մատյանի հեղինակը, ըստ քրեահոգեբանական վերլուծության, բարձրագույն բանասիրական կրթությամբ նախկին մանկավարժ է, որ հիմա ապրում է տոնավաճառում առեւտուր անող ամուսնու վաստակով: Երկար տարիներ, ըստ հոգեբանահոգեվերլուծական փորձաքննության, որ իրականացրել են հայտնի քրեագիտական կենտրոնի հոգեբանները, այս կինը սովորություն է ունեցել զրուցելու ինքն իր հետ:  
Պատահաբար մեր ձեռքում հայտնված այս հաշվեմատյանից մենք ամեն ինչ չէ, որ հրապարակում ենք: Կային բազմաթիվ գումարումներ, հանումներ, վերջնահաշիվներ եւ այլն: Մենք ներկայացնում ենք միայն այն հատվածները, որ իսկապես հանրային հետաքրքրություն են ներկայացնում: Հիմնականում պահպանել ենք անհայտ հեղինակի ոճն ու ուղղագրությունը: Ունենալով բարձրագույն բանասիրական կրթություն՝ նա նույնիսկ հաշվեմատյանում ձգտում է գրել գրական հայերենով, հաճախ, սակայն, տարվելով շատ բան ասելու մոլուցքով, անցնում է խոսակցականի՝ այդ դեպքում եզակի երրորդ դեմքի համար է-ի փոխարեն օգտագործելով ա օժանդակ բայը: Այդ հատվածները մենք այդպես էլ պահել ենք՝ կոլորիտն ու կնոջ հոգեվիճակը ճշտիվ ներկայացրած լինելու համար:
Կարդանք, ուրեմն:

21. 04. 2009թ.

1500 դրամ – հավ առա, հավն էլ մի հավ լիներ, կարգին էլ չէին մաքրել, ոնց որ մեր անթրաշ վարչապետը՝ իրա ցանցառ, ամոթ էլ է ասել, մորուքով։ 
11050 դրամ – վեցուկես կիլո միս առա՝ կիլոն 1700 դրամով։ Էս անխիղճներն ամեն ինչ թանկացնում են, ասա հորս գյոռն ե՞ք տանելու…
540 դրամ – սուրճ, ձեր խիղճը կտրվի, հա, չնայած ոնց նայում ես, էժանը էլի սուրճն ու հացն են։
6000 դրամ – բաստուրմա։
500 դրամ – մանր-մունր բաներ։
Ընդամենը օրվա առեւտուրը՝ 20000 դրամից մի քիչ պակաս։ Մոտեցա դրամարկղին, դե սուպերմարկետ է…  Չէմիչէ՝ դրամարկղ, որ օրագիր է, անպայման գրական պիտի գրես, հա՞: Չի լինի՞ գրես՝ կասսա, բա ինչո՞ւ գրեցիր սուպերմարկետ, դե գրեիր է, գրեիր հայերենը՝ գերխանութ, կամ սովետի տերմինով՝ հանրախանութ, այսինքն՝ ունիվերմագ կամ ունիվերսամ։ Լավ, մեռած բաների մասին մի խոսիր ու ինքդ քեզ հետ կռիվ մի արա։ Մի խոսքով, էդ աղջիկը հաշվեց,  ասում եմ. «փաստացիորեն, տասը հազարից ավելի առեւտուր եմ արել, ու ոնց որ հայտարարել եք, պիտի զեղչի քարտ տաք»: Ասում է. «Մի րոպե…»: Ու գնաց։ Եկավ, թե մենեջերն ասում է քարտերը վերջացել են, մյուս ամիս կտանք։ Ոնց որ չաքուջով տային գլխիս։ Բերանս բացեցի ու դրանց  ղեկավարության հասցեին ինչ եկավ՝ ասացի, շահող կտրոնն էլ չվերցրի՝ «Ձեր չեկն էլ,- ասացի,- կտանեք կկոխեք հարկայինի պետի…»։ Բայց հետո մտածեցի՝ ինչու չվերցնե՞մ որ։ Աչքները հանեցի՝ վերցրեցի։ Տուն գալիս էլ դեռ ինքս ինձ կռիվ էի անում, մեկ էլ փողոցով սուլոցով մեքենաներ անցան ու ճանապարհ էին բացում, էն… ասել էի հա… Մի խոսքով «նրա»… Թուղթն ափսոս է, անունը չտամ… Ավտոշարասյունն էր անցնում, հինգ հատ մեքենա էլ առաջից ու հետեւից, մեջը ավտոմատավորներ ու էլ չգիտեմ ինչ զենքերով թիկնապահներ։ Ասա այ …, դու ո՞ւմ ես պետք, ո՞վ ա քեզ շան տեղ դնում, որ հալա կյանքիդ էլ սպառնա… Կամ որ էդքան վախենում էիր, ինչո՞ւ էիր 10 զոհով գահը զավթում… Բայց հավն աչքիս թանկ առա, երեւի էդքան չարժեր… Հա էլի, անթրաշ վարչապետի համար 1500 դրամը շատ էր, բայց միսը լավն էր։ Մի մասը դրեցի եփվի, մի համով բան գցեմ, Գալոս գործից գա՝ ուտի։ Ցավը տանեմ։ Էէէէէէ Գալուստս սաղ օրը չարչարվում է, բերում տունը լցնում… Վայ, մսիս ջուրը չքաշվի…

26. 04. 2009 

2500 դրամ – Սամոն ուզեց՝ կուրսի տղերք-աղջըկեքով պիտի տեղ գնային։ Ասաց 2000-ը ծախսելու, 500-ն էլ դե տրանսպորտ-բան, 500 էլ, ասաց, նախորդ օրերից մոտը կա։ Ուշ եկավ՝ խմած էր, վրայից էլ անծանոթ դուխու հետ էր գալիս։ Ասա 20 տարեկան տղա ես, էդ ի՞նչ ես ցանել վրադ։ Վայ թե աղջկա դուխու հոտ էր։ Մի խոսքով էդ 2500-ը կորած փող համարեմ, վաղը հաստատ էլի կուզի։ 
770 դրամ – հաց, կաթ, թթվասեր, մածուն։
6000 դրամ (պլյուս) – հարեւան Արոն, անուն են դրել՝ Արո, ինքն էլ թողնես սաղ օրը բան-ման գրի, բերեց պարտքի մի մասը։ Մնացածը, ասաց, մի շաբաթից հոնորար ստանա՝ կբերի… Տեսնես, որ դրան հոնորար են տալիս, ի՞նչ են մտածում։ Սոված սատկում էր՝ մանկավարժություն էր անում, Լեւոնի ժամանակ ընկերներից մեկը տարավ տեղավորեց պետական թերթում, սկսեց մարդավարի հագնվել, հիմա կանգնել՝ Լեւոնին է հայհոյում… Այ, քու տիրու… Այ, սենց «թուրքի դրոշակ» լակոտներին չեմ սիրում էլի…
Որ օրը իտոգ եմ տալիս, պլյուս եմ, եթե էն կորած 2500-ն էլ չտայի Սամոյին, հաստատ մի 3000 հետ կգցեի։ Հազար ու մի հոգս կա-բան կա… Արմոյիս քարը պիտի դնենք…
Մի խոսքով, օրվա ծախսը, ոնց որ էս մեր Հայաստանի բյուջեն… անթրաշ ցանցառի պատկերացրածով: Երեկ էլի խոսում էր, ասում է. մեր բյուջեն դարձել է չգիտեմ քանի միլիարդ… Է, ո՞ւմ աչքը լույս դրանից, այ ձեր…


30. 04. 2009

8500 դրամ – էլի հինգ կիլո միս առա, կիլոն 1700-ով։ Էն օրը հեռուստացույցով մի երկարականջ էր խոսում՝վիճակագրության չգիտեմ ինչը, ասում էր մեզ մոտ գների իջեցում է եղել։ Բռնես դրա ականջներից, քարշ տաս շուկա, ասես՝ դե միս առ անցած տարվա 1300-ով, այ… Հետո տանես խանութ, ասես, այ անբարոյականի զավակ, դե շաքար ու կարագ առ՝ անցյալ տարվա գնով, դե առ էլի, այ քո տիրու… Եթե գների իջեցում է եղել եւ ոչ թե թանկացում, առ, առ էդ ապրանքները, այ քո նմանների ու քո կառավարության մերը շշեմ… Վայ, էս ինչե՞ր գրեցի՝ ազարտի մեջ ընկա էդ երկարականջ լակոտի հետ մտքումս վիճելով, հանկարծ Գալոս չկարդա էս էջը, սովորություն ունի մեկ-մեկ աչքի անցկացնի՝ տեսնի ինչի վրա ինչքան ենք ծախսում, բայց թե կարդա՝ մի բոլ կծիծաղի, կպատկերացնի դեմքս էդ գրելու պահին ու կատաղությունս՝ ուղղված էդ, կուլտուրական ասած, քաղաքական պոռնիկներին:
770 դրամ – ստանդարտ՝ հաց, կաթ, թթվասեր, մածուն։
600 դրամ – չորս կիլո կարտոֆիլ առա, չէր թողնում ջոկեմ էդ սպեկուլյանտը, դիտմամբ էլ գյուղացու լեզվով էր խոսում, որ առնող-ծախողի տեղ չդնեմ, կարծեմ իրա հալալ քրտինքով աճեցրած կարտոլն է սաղացնում, լավ եմ անում՝ ջոկում եմ, մի չափսի եմ ուզում, ոչ շատ մեծ, ոչ շատ մանր… Մեծ ծախսի օրեր են գալիս, փող պիտի հետ գցենք, որ Արմոյիս քարը  պատվիրենք, մինչեւ աշուն դնենք։ Գալոյիս որ լսեմ՝ Լալվարի կարմիր գրանիտ պիտի լինի, բայց ասում են դա թանկ կարժենա, լավ, վախտը գա՝ տենանք։ Էէ˜, Արմոս՝ ջահել-ջիվան ախպերս, գնաց Մոսկվա… Ասա ստեղ մնայիր փեսուդ, այսինքն՝ Գալոյիս կօգնեիր էլի տոնավաճառում… Ախր ես էի պահել-մեծացրել… Արդեն քառասուն էր դառնում, ասում էի վերջը կպսակեմ, ինքն էլ տուն-տեղ կդառնա… Գնաց ընկավ ռուս բոզերի խելքին.. գնաց… դիակը բերին… Սպանողներին էլ մինչեւ հիմա իբր չեն գտել.. Էն սկինհեդ են ասում-ինչ, դրանցից են եղել…էդ նացիոնալիստ-շովինիստ ռուսներից ոչ մի լավ բան սպասելի չի… Իսկ էս… էս… Մի խոսքով… Բռնել է ռուսների քամակից… Եղած-չեղածը ծախեցին ռուսներին էս ոռբացները… Ջահել-ջիվան ախպորս սպանեցին…


03. 05. 2009   

5000 դրամ –  Գալոյիս համար տրուսիկներ առա: Դե  գնացել էի տոնավաճառ՝ Գալոյիս օգնելու, ձեռի հետ էլ պիտի առեւտուր անեի, չէ՞: Մի խոսքով 5 հատ տրուսիկ առա: Չեմ իմանում, դրանց մատերիալն է վատ, թե ինչ, քամակները շուտ են ծակվում… չնայած Գալոս ասում է, այ կնին, ծակ ա, ծակ ա՝ ո՞վ ա տեսնում քեզնից բացի… դե ասում եմ, մարդ ես, բա որ մի օր էլ մեկը տեսավ… ասում եմ, ու թաքուն նայում՝ Գալոս ի՞նչ ռեակցիա կտա… Տեսնեմ՝ քթի տակ խնդմնդում է…Կարո՞ղ է, իսկապես, մեկ-մեկ լեւի գնա…
7500 դրամ – Սամոյիս համար մի հատ ջինս առա: Բայց վախենամ ջղայնանա՝ ասի, առանց ինձ հարցնելու, առանց փորձելու ինչո՞ւ ես էդքան փող տվել էդ ստից ջինսին: Դե հեսա գա տուն տեսնենք: Էհհհ, Սամոս որ ծնվեց 1989-ին, էն ինչ դժվարությամբ եղավ: Երեք տարի չէի հղիանում: Էլ ինչ բժշկի ասես չգնացինք: Վերջը՝ ստացվեց: Համ դժվար ծնվեց, համ էլ դժվար պահեցինք: Դե երկու տարեկան էր, որ Սովետը փլվեց, հետո Գալոս գնաց կռիվ,  հետո անլուս տարիները… Մենակ եմ մեծացրել Սամոյիս, դեռ լուսահոգի Արմո ախպերս Գալոյիս կռիվ գնացած տարիներին, լավ է, կողքս էր, օգնում էր հացի հերթ-բան ինքն էլ գնում… Է է˜, Արմոյիս քարը երբ եմ դնելու… Սամոս վայ թե հավանի… Հը՞, լավ ջինս է: Ինքը չհագնի, կծախեմ: Պահ, բոլոր հարեւանները գիտեն, որ Գալոս տոնավաճառում առեւտուր է անում, կասեմ իրա ապրանքներից է, մի բան ավելով կծախեմ մեկին… Բա ես առնող-ծախող էի՞.. Մանկավարժ, 5 տարի դպրոցում դաս էի տալիս:  Գալոս էլ՝ դասախոս էր, հարգված մարդիկ էինք… Լավ, չհիշեմ… Գալոս որ կռվից եկավ, ասին քեզ կրճատել ենք դասախոսություներն անհարգելի տապալելու պատճառով: Սենց էլ քառակուսի ուղեղնե՞ր կլինեն…Լավ-լավ: Գալոս չի սիրում էս մասին խոսել:
35000 դրամ – Ինձ համար մի հատ շոր առա: Ճիշտն ասած, հենց սրա համար էի ավելի շատ տոնավաճառ գնացել, թե չէ էսօր Գալոյիս օգնելու առանձնապես բան չկար էլ: Մի ամսից հարսանիքի ենք, բա մի կարգին շոր չունենա՞մ: Ուրիշները 100, 200, 300 հազարանոց են պատվիրելու… Բայց կողքերից մի քիչ շատ էր բաց: Գալոս նայեց… Հայացքից զգում եմ, որ ուզում է ասի շատ բաց ա, բայց նաեւ լավ է զգում, տեսնելով, թե ոնց է սիրուն ֆիգուրաս ընդգծվում էդ շորով: Մեկ էլ, թե արագ վճարի, սազում է, գնացինք, բան պիտի ասեմ… Վայ, աղջի, 50-ններս անց մարդիկ ենք, ամոթ էլ չի անում… Որ եկանք մեր տաղավար, թե քեզ հենց հիմա ուզում եմ…Վայ, անամոթ…. Ասի, էս շորը էդ հարսանիքին մենակ քեզ համար եմ հագնելու, իմացիր…
Մի խոսքով, շատ ծախսեցի էսօր: Իզուր չի, որ Գալոս ասում է՝ դու մի արի տոնավաճառ, գալիս ես, փոխանակ ինձ օգնես, ավելի շատ ծախսում ես: Սենց ծախսելով ո՞ւր կհասնի… 


10. 05. 2009   

4000 դրամ (պլյուս) – դե էն հարեւան ժուռնալիստը բերեց պարտքի մնացած մասը, ասում է հոնորար եմ ստացել: Երեսին չուզեցի էլ նայել: Էն օրը տվեց գրածներից մեկը կարդամ: Վայ, է˜, վայ… Գրել էր տնտեսության մասին, բայց հասարակ բաներն իրարից չէր ջոկել: Վաղուց սրանց թերթ չէի կարդացել, ասի, հալա մի նայեմ, տեսնեմ, էս թերթն ի՞նչ է գրում: Վայ, էն ինչ գորշություն էր: Դե ճիշտ եմ անում էլի, որ դրանց թերթը չեմ կարդում, բան-ման փաթաթելու էլ պիտանի չի:
9000 դրամ – միս առա 5 կիլո, անխիղճներն էս մի ամսվա մեջ կիլոն 100 դրամով թանկացրել են: Սենց մինչեւ ո՞ւր: Սրանց պատճառով է, որ էն հարեւան պառվա բոզն ասում է «Էս էի՞ք ուզում, էս է՞ր ձեր անկախությունը, գյոզալական երկիրը քանդեցիք… Վատ էի՞ք ապրում, ինչ ուզում անում էիք, ռուսաստաններում ազատ ֆռֆռում էիք, ռուս աղջիկներին ինչ ուզում անում էիք… Դե հիմա գնացեք… այ սենց հացին փափա ասեք, որ իմանաք… Կոմունիզմը անցավ՝ չհասկացանք…»: Դա որ սենց չի սկսում, ուզում եմ բերնին տամ: Սաղ կյանքը քամակը շարժելով փող աշխատեց, հիմա կանգնել… 


13. 05. 2009

Էսօր կոմունալ վարձերի մուծելու օրն էր: 
8855 – էլեկտրականությունը: Գալոյիս հազար ասացի գիշերային հաշվիչ դնենք: Չի լսում:
10848 – գազ: Դե անցած ամիսը դեռ մի քանի օր ցուրտ էր անում, ջեռուցումը մի կես ամիս միացրած ա եղել: Գումարած 475 դրամ էլ սպասարկման վճար: Թե սա ինչո՞ւ եմ մուծում, չեմ հասկանում: Տարին երկու անգամ գալիս են մի րոպե նայում, ինչ-որ թուղթ ստորագրել տալիս, գնում:
1036 – ջրի վարձ:
2200 – հեռախոսի վարձ:
Երեկոյան էլ Ծովիկը եկավ համատիրությունից ու տարավ բնակվարձը: Միանգամից երկու ամսվա մուծեցի՝ 2400 դրամ: 
Մի խոսքով, օրվա իտոգը պոլնի մինուս ա՝ 25 հազար 340 դրամ: Անխղճություն, անխղճություն: Դե տոնավաճառի առեւտրով հազիվ էլ տունը պահում ենք, էլի: Գալոյիս ասում եմ՝ հեշտ ապրուստ ես ուզում, արի գնա դու էլ դեպուտատ դարձիր: Թե չէ, գիտությունների թեկնածու մարդ ես՝ գնացել տոնավաճառում կանացի տրուսիկ-լիֆչիկ ես ծախում, որ տուն պահես: Լիֆերի համարներն էլ լավ անգիր ա արել, տնաշենը, կանանց դեռ չնայած, տոչնի ասում ա, թե որ համարի առնեն: Մի խոսքով, ասի, ինչո՞ւ դեպուտատ չես դառնում, մանավանդ անունդ էլ դեպուտատական է՝ Գալուստ: Սա որ ասում եմ՝ կատաղում է… Երեկ էլ նույնը՝ նախ մի լավ ուշունց տվեց, հայ-հայ էր ինձ թակում էր էն … քիչ է մնում Գալոյիս օգտագործած բառը գրեի, հա, մի խոսքով, էն …-ի հետ համեմատելու համար…Ոնց չի սիրում էդ անբարոյականին… Մանավանդ, որ սա ամեն անգամ մեջ է ընկնում ու էն գահը զավթածի թասիբին կանգնում, եթե հանկարծ մեկը ասում է, թե աչքի վերեւը հոնք կա… Մեկ էլ ասացի, լավ, դեպուտատ չես ուզում, վերադարձիր քո ֆիզիկային, գիտությամբ զբաղվիր: Գալոս էլ, թե. «Այ կնիկ, հիմա ո՞ւմ է պետք «Գերնուրբ անցումների Սուբ-Դոպլերյան հատկությունների ուսումնասիրությունը ընտրովի անդրադարձման ժամանակ՝ մագնիսական դաշտի առկայությամբ և բացակայությամբ», որ հլա հիշեն, թե մեկը վախտին զբաղվում էր դրանով: 


20. 05. 2009

300 դրամ – տրանսպորտի ավելորդ ծախս: Ասեմ՝ ինչու ավելորդ: Հարեւանի երկու երեխեքը բարձրացան՝ քույր ու ախպեր… Ախպերն ավագն է։ Զգում եմ նեղվում է՝ մտածում է ինձ համար էլ վճարի-չվճարի, ու տենց ամբողջ ճամփին երեխան նեղվելու էր… Ասացի փրկեմ երեխուն էդ տվայտանքներից : Վարորդին փոխանցեցի հազարանոցը, ասում եմ երեք հատ… թե մանր չունեմ, չունես՝  ճարի, պահի, կռիվ սարքեցի, մի խոսքով գտավ՝ տվեց, բայց երեխան ավելի էր նեղվել, ասացի իջեք… Իրենք իջան, հետո՝ երթուղայինի մեջ մի բիձա սկսեց, թե՝ էս երկրում տրանսպորտից մենակ երթուղայինն ա աշխատում, որ այ տենց կզած գնաք, էս ազգին այ սենց կըզըցրել են… Իսկ երթուղային տաքսու մեջ էդ մարդու ասած՝ կզած երկու ոստիկան կար: Սրանք դառան, թե, մեծ մարդ ես, բան չենք ասում, սուս մնա։ Էս մարդն էլ, թե, հա, հենց ամենից կզածը դուք եք, որ ստիպված էս ժողովրդին ջարդում եք, այ հենց ձեզ ա էս իշխանությունը կզած պահում: Էս ոստիկանները կատաղեցին, սկսեցին 70 տարեկան մարդուն քաշքշել, պահանջեցին ավտոն կանգնի, քաշեցին էս մարդուն, դուրս բերին մեքենայից. թե արի, քեզ բաժին ենք տանում հակապետական պրոպագանդայի համար: Էս մարդը չդիմացավ, սկսեց սրանց վրա գոռգոռալ, մեկի մոտ դուբինկա կար հանեց, որ խփի, էս մարդը գլուխ բռնեց… Մի խոսքով սրան քարշ տվին քաղմաս, մենք էլ մի քանի հոգով գնացինք… Առաջինը, ասացի, ես եմ վկա, էս մարդը ոչ մի բան էլ չի արել, սաղ ձեր ոստիկաններն էին: Ասին, դու վկա չես, դու մի կողմ գնա ու բերին երկու տղամարդու, որ իսկի մարշրուտկում չէին էլ եղել … Ու սրանք վկայություն են տալիս, ու ինչեր են ասում, թե ոնց էր էս 70 տարեկան մարդը հարձակվել խեղճ ոստիկանների վրա, ու նաեւ, որ երբ ոստիկանները ուզում էին նրան բերման ենթարկել, դիմադրություն է ցույց տվել ոստիկանության օրինական պահանջին, հետո էլ գլուխ պաշտպանել է ոստիկանի մահակի հարվածից՝ դրանով իսկ խոչընդոտելով նրա ծառայողական պարտականությունների կատարմանը… Գնա, ասացին, գնա, մեծ կին ես, գնա, քանի քո վրա էլ գործ չենք սարքել:
Տենց փրփրած տուն եմ եկել, էն էլ տաքսիով: Ուրեմն՝


1200 դրամ – տաքսու փող: Ավելորդ ծախս:
Հետո էլ առեւտուր անելու սիրտ չկար, մենակ ստանդարտ՝
770 դրամ –հաց, կաթ, թթվասեր, մածուն։ 
Առեւտուր անելու հավես չկար նաեւ, որովհետեւ իմացա, որ Այդին Մորիկյանն է մահացել, ու էսօր հոգեհանգիստն է: Մորիկյան Այդինը: Որ մանկավարժությունը թողել էի ու Սամոս էլ մի քիչ մեծացավ, ասի ես էլ աշխատեմ: Դե Այդինը Գալոյիս գիտեր Շարժումից: Գնացինք մոտը, շատ ջերմ ընդունեց, բայց ասաց մենակ սրբագրիչի տեղ ունեմ: Դե, համաձայնեցի, ուղարկեց մի տեղակալ ուներ՝ Մեսրոպ էր անունը, նրա մոտ: Հետո իմացա, որ էդ Մեսրոպ կոչեցյալն էլ է ինձ նման մեղրեցի: Ցուրտ էլ օր էր, ջեռուցում ասվածն էլ հիշողություն: Էս մորուքավոր Մեսրոպը վերարկուով էր նստած, վզին էլ մի աղիքանման երկար շարֆ էր գցել: Զրուցում էինք, մեկ էլ Ճաղարյան Լիզան, դե ով չի ճանաչում Լիզային, օղու բաժակը ձեռքին ներս մտավ սրթսրթալով ու՝ խեղճ-խեղճ՝ «Մեսրոոոոոպպպպպպպ…մրսում եմ…»: Էս տեղակալը հասկացավ. պահարանը բացեց, Մեղրուց ուղարկած թզի տնական արաղ ուներ, հանեց ու լցրեց Լիզայի բաժակը, նաեւ բաժակներ հանեց՝ իրեն ու Գալոյիս էլ լցրեց: Գալոս մի շնչով քաշեց գլխին էդ արաղը, ասաց. «սրա զակուսկին հետն ա, զակուսկի պետք չի… »։ Մի խոսքով, աշխատանքի վերցրին… Բայց երեք տարի աշխատեցի: Որ Գալոյիս գործերը տոնավաճառում լավացան, դուրս եկա, ախր էդ սրբագրիչի գործը գիշերային էր, մեկ-մեկ էլ, որ թերթը ուշանում էր, եսիմ երբ էի տուն հասնում: Աստված Այդինի հոգին լուսավորի: Ախր շատ լավ մարդ էր, է…


24 . 05.  2009

920 դրամ – ստանդարտ՝ հաց, կաթ, թթվասեր, մածուն ու մի հատ էլ թերթ առա: Պիտի գնայի տոնավաճառ, ասի տանեմ, մինչեւ ես առեւտրին հետեւեմ, Գալոս կկարդա էլի: Կարդում էր, մեկ էլ, թե էս ոնց որ քո էն օրվա պատմած բիձու մասին ա: Նայեմ, հա էլի՝ իրա մասին ոստիկանության հաղորդագրությունն էր. խոչընդոտել է ոստիկանների օրինական ծառայողական պարտականությունների կատարմանը, ու նախաքննություն է գնում, իբրեւ խափանման միջոց էլ կալանքն է ընտրվել… Բայց հետո տեսնեմ, շարունակություն էլ կա, թե էդ մարդը դիմում է գրել՝ գործուն զղջացել, եւ գործը կարճել են ու ազատ արձակել: Տեսնես էդ գործուն զղջալը ո՞րն է, հրաժարվե՞լ է իր ասածից… Չեմ հասկանում, մեղրեցին կասեր՝ այ բիձա, բա որ քամակդ էդ էր՝ ուր էիր տռում… Պի, քու ես,  էս ի՞նչ գրեցի…
3000 դրամ – Սամոն ուզեց, թե աղջկեքին կինո ենք տանում՝ «Սպանված ղուշը»։ Ասի. «Այ տղա, էն չբավարարված հղի երինջի հայացքով (լուսահոգի Այդինի սիրած արտահայտություններից էր) լակոտի նկարածն ի՞նչ պիտի լինի, որ գնում ես նայելու»։ Ասաց. «դե աղջըկեքն են ուզում…»: Եկավ՝ ջղայնացած, աղջըկեքը զռռալով դուրս էին եկել, ինքը՝ զզված… Սամոյիս ես եմ դաստիարակել է, ճաշակը գիտեմ. ամեն մերձմշակութային պոռնիկի (իիիիիիննննննչչչչչչ բնորոշում գտաաաաաաաա, ստեղ բացականչություն ա պետք, այ սենց !!!!!!!!!!!!) նկարած կինո չի հավանի։ Արդեն քանի տարի ամեն ամառ «Ոսկե ծիրանի» ոչ մի ֆիլմ բաց չի թողնում, կարգին արվեստի է հաղորդակցվում, էլ չեմ ասում, որ մի քանի օր առաջ էլ Jethro Tull- ի համերգին էր գնացել, ու տպավորված-տպավորված եկել: Դե Jethro Tull- ի տոմսը ստեղ ծախս չեմ համարում, որովհետեւ անցած տարվա վերջին էր նախօրոք առել: Մի խոսքով, թե էդ ռաբիս աղջիկների հետ ոնց գնաց էդ տուֆտությունը՝ «Սատկած…», չէ-է՝ «Սպանված ղուշը» նայելու, չհասկացա։ Եկավ, ասաց. «Հիշո՞ւմ ես ձեր վախտվա հնդկական կինոները»: «Հիշում եմ»,-ասի: «Սրա համեմատ շեդեւրներ էին,-ասաց ու ծիծաղում է,- կլիպի ծաղր են արել ու անունը դրել կինո, էնքան ուշունց եմ տվել, էլ ասելու չի:- Մամ,- շարունակում է,- էդ կինոն հանել էին երեւի մենակ նրա համար, որ էն հանրայինի շպարված կաչաղակը, դե էն էլի, որ հենց էկրանին երեւում ա, ուշունց տալով ալիքը փոխում ես, հարյուր անգամ շոր փոխի ու բոլորի աչքի առաջ սեքսի իմիտացիա անի…։ Վայ կներես էլի, մեր ջան, բառը եկավ ասացի…Բայց ախր դրանք սկի էդ էրոտիկան նկարելն էլ չգիտեն է, մերըս»։ Վայ ձեր…Մի խոսքով, էլի օրվա ծախսը շատ եկավ… Էէ, խնայել չի ստացվում էլի, կարտոլ-կանաչիի վրա խնայելով Արմոյիս քարը չեմ կարա դնեմ, էս երկու տարի եղավ արդեն, հերս-մերս գերեզմանում կնեղանան, որ համ մինուճար տղին չպահի, համ էլ հիմա քարը չեմ կարողանում դնեմ…


06. 06. 2009

50 000 դրամ – ձեռս չի գնում է գրեմ՝ հիսուն հազար դրամ: Հարսանիքի ծախսը: Դե էն, որ 35 հազարանոց բաց շորը առել էի ու Գալոյիս ասել, որ մենակ իրա համար եմ հագնելու: Այ էդ հարսանիքին նվեր առնելու փոխարեն 50 հազար դրամ տվեցինք: Գալոյիս ասում եմ երկու հոգու համար շատ է, ասաց. «Դու գործ չունես՝ կողք-կողքի առեւտուր ենք անում, արդեն տասը տարվա ընկերներ ենք, բա որ քիչ տամ, չի՞ ասի «էս ո՞վ էր արա…»: Համ էլ, սա ծախս չի, սա ներդրում ա, վաղը որ մեր Սամոյին պսակենք, ինքը կրկնակին ա տալու»: Բայց հարսանիքը լավն էր, ճոխ, ամեն ինչը առատ ու ընտիր: Մենակ դե էս ժամանակակից հարսանիքներում կենաց-բան ասել չկա, վարձով թամադա է կամ ոնց որ իրանք են ասում՝ հանդիսավար, մենակ ինքն է խոսում: Էս հարսանքատիրոջ հարազատներն էին Մեղրուց եկել (ծանոթացանք, պարզվեց հեռու բարեկամներ ենք), խոսքաշեն մարդիկ, որ սովոր են իրենց մոտ հարսանիքներում խոսել, սիրուն կենացներ ասել: Հիմա սրանք նստած տեղները, զգում ենք, քրքրվում են, բա 400 կիլոմետր կտրեն գան իրենց բարեկամի տղու հարսանիքին, մի երկու օրհնանքի խոսք, մի հատ կենաց չասե՞ն… Խեղճերը դարդից կարգին հաց էլ չկերան… Բայց մեկ ա՝ հիսուն հազարը շատ էր… է˜, Գալոս ա էլի…


12. 06. 2009

Էլի եկավ կոմունալ վարձերը վճարելու ժամանակը: Ուրեմն՝
7135 – էլեկտրականությունը: 
4000 – գազ: Լավ է, արդեն ջեռուցում չենք միացնում ստանդարտին է մոտենում: Մենակ թե գազը չթանկացնեն էս տնաշենները: Տենց խոսակցություններ կան: Գումարած 475 դրամ էլ սպասարկման վճար: 
1370 – ջրի վարձ, թե էս ամիս ինչո՞ւ էր էսքան շատացել, չհասկացա:
4925 – հեռախոսի վարձ: Այ սա պետք ա գնալ ստուգել, թե ինչո՞ւ ա էսքան: Դե մերը դեռ թվային չի, վարձը մեծ չի, բա որ թվային դառնա: Դե էս ծախսերի մեջ հալա չեմ հաշվում երեք հատ բջջայինը՝ իմը, Գալոյինն ու Սամոյինը: Գալոս ուզում ա դեռ երկրորդն էլ վերցնի, նույն համարը՝ ուրիշ կոդով: Ասա սաղ օրը տոնավաճառում ես, քեզ երկրորդ բջջայինն ինչի՞ ա պետք: Պետք ա, էի, ասում ա: Երեւի լեւի զանգերի համար ա ուզում… Կարո՞ղ է իրա կողքի առեւտուր անող Սարոյի հետ իսկապես լեւի են գնում… էս Սարոն էն օրն ասում է «էս քաղաքում ամեն մարդու մի ոստիկան ա ընկնում, մի տաքսի ու մի պոռնիկ, բայց ես ոչ իմ ոստիկանին եմ գտնում, ոչ իմ տաքսին, ոչ էլ իմ պոռնիկին…»: Ստեղ քիչ էր մնում բերնին գայի, ասեի լավ էլ գտել ես էլի, որ հայելու մեջ նայես կոտոշներդ տեսնես, կիմանաս, որ գտել ես քո պոռնիկին… Մեծախոս շան որդի: Դրա աղջկեքը որ գալիս են տոնավաճառ… Ում ասես նման են, բացի հորից, իրանք էլ 17-18 տարեկան, արդեն քամակները խաղացնելը լավ սովորել են…
8520 – միանգամից չորս ամսվա տան վարձն ու աղբահանության փողը տվեցի: Տնաշենի Ծովիկն էլ կարծես իմանալիս լինի. որ օրը ես կոմունալ վարձերը մուծեմ, էդ օրը երեկոյան էլ ինքն ա գալիս համատիրության էս հավաքվող գումարները տանում: Դե փող կար, ասացի մի 4 ամսվա մուծեմ, գոնե 4 ամիս դրա երեսը չեմ տեսնի: Դեռ մուծելուց էլ Կարինեն եկավ վերելակի 500 դրամը տարավ: 
Մի խոսքով, եթե օրվա ստանդարտ 1000 դրամն էլ հաշվենք (հա, արդեն 1000 դառավ, որովհետեւ հացը թանկացրին, կաթը թանկացրին, մածունը թանկացրին) ստացվում է, որ էսօր ծախսել եմ 26950, դե սրան ասում են քսանյոթ հազար դրամ: Սենց մինչեւ ո՞ւր: Չեմ հասկանում: Գալոյիս առածը մենակ ծախսում ենք, սկի հետ գցել չի ստացվում: Մեր դարդը քիչ էր, մի երկու օր առաջ էլ էն ֆրանսիական ինքնաթիռը ընկավ, ոչ մեկը ողջ չի մնացել: Մարդ արդեն չգիտի ինչ տրանսպորտով գնա: Հենա Գալոս ասում ա մենք էլ հուլիսին կգնանք Անթալիա հանգստանալու, բայց հիմա չգիտեմ էլ՝ ինքնաթիռով գնա՞նք, թե՞ մեքենայով: Էդ Աէրոբուսի ընկնելուց հետո վախը ջանս ա մտել, չնայած Գալոս հա հանգստացնում ա, ասելով՝ «այ կնիկ, շատ մտածի, որտեղ կտրի կապը, էնտեղ տիրու պապը…»: Ասում ա, էլի…


26. 06. 2009

90 000 դրամ – ասա քեզ պե՞տք էր՝ մի օրվա համար էդքան ծախս: Գալոս էր էլի, գնանք, հա գնանք քաղաքից դուրս մի օրով՝ մի քիչ հանգստանանք գանք: Դե խոզի միս առանք՝ 6 կիլո չալաղաջ՝ կիլոն 2800 դրամով: Գալոյիս ասում եմ յանի ի՞նչ կլիներ, որ բդի փափուկ առնեիր, էժան կլիներ էլի, հո անպայման չի՞ չալաղաջ լինի… Դե ասաց, որ մենք-մենք լինեինք հա, բայց դե որ Սամոն աղջիկների է հրավիրում, ամոթ է… Պոմիդոր-բիբար-բադրջան, զակուսկեղեն, ջրեղեն էլ առանք, ճամփից էլ երկու կապ փայտ, բենզին լցրինք, Գալոս համառորեն մեքենան գազով չի դարձնում… Մեկ էլ հաշվեմ, տեսնամ արդեն համարյա 60 հազար ծախսել ենք… Սամոս իրա երկու ընկերուհիներին էլ էր հրավիրել, բայց տենց էլ չկարողացա որոշեմ որին ա ուզում: Էն հայտնի անեկդոտի նման՝ աղջիկներից մեկը՝ շեկլիկը, հենց սկզբից ներվերիս վրա սկսեց ազդել, երեւի դրան: Մի խոսքով: Հասանք Աղվերանի ձոր… Չէ, մինչեւ հասնելը ԳԱԻ-ն կանգրեցրեց: Ոչ մի բան չէինք արել, դուրս եկա սկսեցի լաչառ ձենս գցել… Գալոս հանգստացրեց… 25 հազարանոց ակտ պիտի գրեին, իբր իրենց արձանագրած խախտման համար, Գալոս 10 հազար տվեց, պրծավ: Հասանք Աղվերան, հիմա տեղ ենք ման գալիս… Տնաշեները սաղ ձորը իրենցով են արել՝ մեքենայով մտնելու համար՝ 5 հազար դրամ, մարդուց՝ հազար դրամ, բեսեդկան՝ երեք հազար դրամ, մանղալը՝ հազար դրամ… Մի խոսքով, 20 հազար դրամ մենակ տվել ենք, որ մի տեղ կարողանանք հանգիստ նստենք, հաց ուտենք… Այ քեզ բան.. Հետո ասում են եկեք Հայաստան, տուրիզմ, ֆլան-ֆստան, Գալոս հո չի ջղայնացել, հո չի ջղայնացել.. Սրանից հետո, ասաց, հանգստանալու համար կամ Վրաստան՝ Քոբուլեթի կգնանք, կամ Թուրքիա՝ Անթալիա: Երեկոյան տենց ջղայնացած տուն եկանք, մենակ 90 հազարի ծախսը մնաց, ոչ կարգին հանգստացանք, ոչ էլ… Տուն մտանք, ասինք մի բերան հաց ուտենք: Դե խորոված-բան մնացել էր, մեկ էլ էդ աղջիկներից մեկը՝ շեկլիկն էլի, որ ներվերիս վրա ազդում էր հենց սկզբից, սկսեց լաց լինել ու բոլորիս կանչեց, թե բա չե՞ք ասի Մայքլ Ջեկսոնը մեռել ա… Հիմա նենց ա լաց լինում, ոնց որ հերը մեռած լինի… Այ աղջիկ ջան, հանգստացիր, քեզ ի՞նչ եղավ… Չէ, չի հանգստանում: Այ քեզ բան… Մի խոսքով, մի կերպ հանգստացրել ենք, Սամոյիս ասացի տար, տար, տար դրան իրանց  տուն, թող էնտեղ լաց լինի, մեր տունը մեռելատուն չի… Տնաշե՜ն…


28. 08. 2009

1050 դոլար, գումարած մանր-մունր ծախսեր դրամով – Այ սա արժեր, արժեր էս ծախսը: Չորս հոգով՝ ես Գալոս, Սամոս, մեկ էլ շեկլիկը, դե էն աղջիկներից մեկն էլի, որ Սամոս հրավիրել էր Աղվերան, էն որ ներվերիս վրա առաջին իսկ պահից ազդում էր… Մի խոսքով՝ չէի սխալվել, Սամոս հենց դրան է ուզում, այ էդ աղջիկն էլ հետներս գնացիք Քոբուլեթի, 10 օր լավ հանգստացանք եկանք: Եվ ընդամենը ծախսեցինք 1050 դոլար, չհաշված դրամով մի երկու մանր-մունր ծախսը: Էնքան լավ էր, էնքան լավ էր…. Էդքան գումարով էստեղ ոչ մի նորմալ տեղում չէինք կարա հանգստանանք 4 հոգով: Բայց դե մինչեւ գնալը շեկլիկիս, լավ անունն էլ ասեմ՝ Սրբուկ (անուն են դրել՝ Սրբուհի. հենց առաջին օրից ասի. «Ես քեզ կարճ Սրբուկ եմ ասելու», ձեն չհանեց), մի խոսքով Սրբուկիս գնացինք խոսք ուզեցինք Սամոյիս համար, որ ծնողները թողնեն հետներս գա: 
Բայց որ հաշվում եմ, հանգստանալը հանգստանալ, ծախսը ճիշտ ա, նորմալ էր, բայց դե ախր պիտի հաշվենք, որ 10 օր տոնավաճառի մեր տաղավարը փակ էր, այսինքն՝ կորուստներ էինք ունենում, էլի: Լավ, հերն էլ անիծած, էս կորուստների մասին չարժե խոսել, կարեւորը, որ լավ հանգստացանք, ու ապագա հարսիս էլ կարգին մոտիկից ծանոթացանք…


10. 10. 2009

1100 դրամ – 11 հատ մեխակ առա, որ գնանք ախպորս գերեզմանին՝ քարը վերջապես դրել ենք: Մեռնեմ իրա ջանին: Նկարը էնպես լավ էր ստացվել, ոնց որ կողքդ կանգնած լիներ: Եկանք տուն, հաց-բան կերանք, հոգեթաս բարձրացրինք… Երեկոյան կողմ հեռուստացույց միացրինք, մեկ էլ ինչ-որ բան են խոսում… ու ինչ որ բանի են սպասում, բոլոր ալիքներով՝ դատարկ ինչ-որ դահլիճ… Գալոս նայեց-նայեց ու մեկ էլ հո ուշունց չի տալիս, հո ուշունց չի տալիս… Այ մարդ, քեզ ի՞նչ եղավ… «Տո ի՞նչ պիտի լինի է, – ասում է, – հայ-թուրքական արձանագրություններն են ստորագրում… Վայ ես քու արա՝ էն մեր արտգործնախարարի թշերը բռնին ու պոնչո արին… վայ քեզ երկիր»… Տնաշենի Գալոս նենց էր գոռում, կարծես ինչ լիներ… Դե, քաշին՝ քաշին էլի, «Լավ էլ սիմպո-պոնչո տղա է, բա ո՞վ տեսնի, որ թշերից մի հատ չքաշի, ես էլ լինեի, կքաշեի, էլի»,-ասում եմ… 

Հ. Գ. – Այստեղ 2009 թվականի գրառումներն ընդհատվում են, ավելի ճիշտ մինչեւ դեկտեմբերի 30-ը հաշվարկներ կան, սակայն դրանք հետաքրքիր չեն: Դրա փոխարեն մեր ձեռքի տակ են նաեւ 2010 եւ 2011 թվականների մատյանները, որոնք ուսումնասիրելուց եւ ամենահետաքրքիրներն առանձնացնելուց հետո դարձյալ կհրապարակենք:

Please follow and like us: