Ժաննա Հայրապետյան/ Շողեր

Սկզբում տանկը մի քիչ  վախեցնում էր Դավիթին: Հետո  ինքը տանկին սովորեց, տանկը՝ իրեն: Հարմարվեցին, հարազատացան, մտերմացան ու լեզու գտան իրար հետ: Հատկապես այն օրվանից հետո, երբ դեղին ներկ ճարեց ու մեծ տառերով տանկի  ճակատին գրեց՝ Շողեր: Իր սիրած աղջկա անունն էր. նրան թողել էր արևի շողերի տակ մեղվի փեթակի պես  բզզացող իրենց գյուղում ու բանակ եկել: Ճիշտ է, գրելուց հետո  մեծատառ Շ-ի  քիթը շատ էր կախ:  Համարյա թե հասնում էր ոտքերին, բայց գրելուց հետո կարծես արևի դեղին շողերը լցվեցին տանկի ներսն ու աշխարհի ամենաապահով, սիրուն ու հանգիստ տեղը Շողեր-տանկի սիրտը դարձավ, որտեղ էլ Դավիթն  անցկացրեց ծառայության մեծ մասը: Անցկացրեց` բոլորի նման հաշվելով օրերը, ծանր վիրավորվելով ապրիլյան սև օրերին, ապաքինվելով, ընկնելով ու բարձրանալով…
Լաց լինելով ու ծիծաղելով…
-Լաց էինք լինում, որովհետև վախենում էինք, որ կմեռնենք, ու էս անասունները կհասնեն մեր տներին… 
Մեղմ ասած` խոշոր տղա էր Դավիթը: Սևուկ էր` էլի մեղմ ասած: Ամրակազմ, կոշտ, արտահայտիչ դիմագծեր ուներ, միշտ առաջին հայացքից  նայողին, թվում է, թե բարկացած է, մռայլ, դրա համար էլ բանակում մականունը Ջղային էին կնքել: 
Շողերի հետ ոչ մի անգամ չէր խոսել  իր սիրո մասին, բանակ պիտի գնար, լարված ժամանակներ էին, հետո էլ սիրո մասին ի՞նչ խոսես: Սերը, երբ ափեափ հորձանք է տալիս ներսումդ, ալիքված գլուխը զարկում սրտիդ պատերին, խղճուկ բառերը ծիծաղելի  են դառնում: Տաշեղների նման  վերուվար են անում էդ ահռելի հորձանքում…Պիտի նայես սիրածդ աղջկա աչքերին, հենց աչքերը  հայելու նման պարզ անդրադարձրին մեծ սիրուդ շողքերը, պետք է   լուռ, ամուր գրկես` ոսկորները ջարդելու չափ ու էլ բաց չթողնես: Երբեք:
Նույն թաղում էին ապրում, բայց ոչինչ չէր ասել: Եկել էր բանակ, Շողեր-տանկի հետ իր բաժին կռիվն էր տալիս: Երբ ծառայությունից վերադարձավ գյուղ, իմացավ, որ Շողերն այդ երկու տարվա ընթացքում հասցրել է ամուսնանալ ուրիշի հետ ու հասցրել է արդեն նույնիսկ բաժանվել: Աղջկա ամուսնությունն էլ մածուն մերելու նման  մի բան է, եթե շաղվում է, էլ  վերջ, չի կպչում իրար, չի հավաքվում ու չի մերվում… Լավ չեն տաքացնում կաթը, մերանը լավը չի լինում՝ ո՞վ գիտի, հազար ու մի պատճառ կարող է լինել… Կյանքի տանկը հասցրել էր մտնել Շողերի կյանքն ու անխնա ավերել աղջկա կյանքի ճանապարհը, քանդելով անցել էր, ինչպես կանցներ նոր փռած, տաք ասֆալտի վրայով… Բարալիկ, բարակ շրթունքներով, խոշոր աչքերով, չամիչ աղջիկ էր Շողերը, արտասովոր գեղեցկուհի չէր, բայց դեմքին մի հաճելի հանգստություն ու խաղաղություն կար, որ նայողին  գրավում էր անմիջապես…
Ամուսնացել, գնացել էր և սիրտը կոտրած հետ եկել: Նույնիսկ շոր ու կոշիկը չէր  ետ  բերել, էնքան դառը հուշեր էր բերել, որ շոր ու կոշիկը դնելու տեղ չէր եղել… Թևերը թափ տալով, դափ-դատարկ, ծանր-ծանր հետ էր եկել` շաղված մտքերը շարմաղ աչքերում շաղ տված… Ամուսինն էլ, ասում են` Շողերի դուրս գալուց հետո ոսկեղենի դարակն էր անմիջապես  նայել, տեսել էր` ոսկեղենը նույն տեղում է, սիրտը տեղն էր ընկել…
Շողերի ամուսնու  «հերոսություներն»  էին պատմում, անհավանական արկածներն ու հետ գալու պատմությունը, որն արդեն Դավիթն առանձնապես էլ չէր լսում, նա արդեն մեծ-մեծ քայլերով, շնչակտուր հասել էր Շողերենց տուն, դուռն աղմուկով թակել ու չէր սպասել, որ բացեն: Ներս էր մտել: Հետո շփոթված աղջկա սիրտն էր լայն բացել ու ներս էր մտել:
Հիմա Դավիթի ու Շողերի փոքրիկ աղջիկը իրենց բակում երևի խաղում է ստվերների հետ պահմտոցի խաղացող  արևի շողերի հետ, իսկ գյուղի իմաստունները խելք խելքի տված դեռ միտք են անում.
-Այտա՛,  էդ ո՞նց եղավ, որ  Դավիթն ամուսնացավ էդ գնացած- հետ եկած աղջկա հետ. էդ ո՞նց եղավ, որ նույնիսկ աղջկա անունը  Շողիկ դրեց…
Եվ մեջների  ամենաիմաստունը վերջապես գտնում է այս հարցի պատասխանը.
-Ասում են՝ բանակում ուղեղի ցնցում է տարել, դրանից կլինի, – ասում է ու բանիմաց դեմքով շարունակում,- դե դրանք բոլորն էլ մորուց մի քիչ իրենց խելառությունն ունեին: Ասում են` դրա պապ Դավիթը մի օր անտառում քեֆի ժամանակ ճյուղեճյուղ խմել է կողքի ծառի կենացը: Ասել է` ծա՛ռ ջան, կենա՛ցդ, մեզ ամբողջ օրը շվաք արիր ու պաշտպանեցիր արևի թեժ շողերից…
Ինքն ասում է, ինքը քռքռալով ծիծաղում:  
Ընդհանրապես այս պատմության մեջ մութ անկյուններ չկան: 
Սերը վարագույրի նման իջնում է ու իր ետևում թողնում հարց տվողներին: Ամենակարող սերը, որ չգիտես` որտեղից դեղին ներկ է առնում ու արևագույն ներկում էս պատմության  գորշ մասերը:

Դավիթի մասին այս պատմությունը պատմելիս հիշեցի մեր գյուղի Կռնատ Անուշին… Դե, Անուշին մեր գյուղում բոլորն են հիշում: Մեր գյուղի հիշողության գզրոցում Կռնատ Անուշը մի պսպղան, փայլուն  ուլունք է, որ ժամանակի ընթացքում  չի կորցնում իր փայլը…Անուշի ամուսինը Հայրենական պատերազմ  մեկնելուց հետո ոչ լուր է ուղարկել իր մասին, ոչ էլ երկար ժամանակ նամակ է գրել…. Ճարը կտրված` Անուշը մի օր տնից դուրս էր եկել անխախտ որոշումով` ինչ գնով էլ լինի, գնա, մինչև Բեռլին էլ հասնի ու գտնի ամուսնուն…Մի ամիս անց Անուշը գյուղ էր վերադարձել` առանց ամուսնու մասին որևէ լուրի ու առանց թևի, որը մնացել էր Թիֆլիս քաղաքի գնացքի դռան տակ և ջարդվել: Հիվանդանոցում կտրել էին թևը:  Մեր սիրուն, ժպտերես Անուշը դարձել էր Կռնատ Անուշ… Երկար ժամանակ հիվանդանոցում պառկելուց հետո Անուշը գյուղ էր եկել` թևաթափ, թևակոտոր, անթև… Հետո բեռլիններ գրաված հերոս ամուսինն էր պատերազմից եկել և բաժանվել Անուշից…. Երկար ծանրութեթև էր արել, տվել էր առել ու հասկացել, որ իր նման հերոս տղայի համար դժվար է ապրել մի կնոջ հետ, որը թև չունի…. Բաժանվել էր Անուշից ու  ամուսնացել ուրիշի հետ, իսկ Կռնատ Անուշը մեն-մենակ պահել, մեծացրել էր իր երեխաներին: Բարեբախտաբար երկար  ապրել… Կռնատ Անուշի ամուսնու անունը չգիտեմ,  չեմ էլ ուզում իմանալ: 
-Իսկ դուք կուզեի՞ք…

Please follow and like us: