Կարելի էր հույսը դնել էն բանի վրա, որ Աստված չկա, ու փափախը յան դրած` փորձել ապրելու ձև տալ, սակայն ամեն անգամ վերևից մեկը հուսախաբ էր անում՝ կա´մ վերևի հարևանը, ով ջուր էր լցնում նոր վերանորոգած առաստաղին, կա´մ գործի շտապելուց ծառի ճյուղին նստած ծիտը՝ իր լայնորեն սփռվող ծերտով, կա´մ ղեկավարության ամենավերևի օղակներից եկող հրամանները, որ ողջ ամսվա աշխատանքը ջուրն էին լցնում։
Միակ տեղը, որ նա կարողանում էր անկեղծ տրվել հոգևորին, հասարակաց տունն էր, էն էլ մարմնավաճառին փողը տալու պահին խղճի թեթև խայթ էր զգում, որ մուֆթա էդքան փող ծախսելուց հետո ստիպված է երեկոյան տնեցիների մոտ արդարացում գտնել, թե որտեղ է անհետացել այս ամսվա աշխատավարձի մեծ մասը:
Ամեն անգամ բոզանոցից դուրս գալուց նա նկատում էր, որ միջանցքի պատին կախված խաչը մի տեսակ անհամաչափորեն թեքվել է իր նախնական դիրքից, ու ոնց որ խաչի վրայինն ուզեցել է դռան անցքից ծիկրակել՝ իմանալու համար, թե ինչ է կատարվում կողքի սենյակում։
Մեղք գործելուց հետո նա դողացող մատներով հետ էր շրջում խաչը, բայց տենց էլ մի անգամ չեղավ, որ այն նախնական դիրքում կանգնած մնար։
Մտածում էր, որ անկայուն ոտքերով մետաղյա անկողնու ճոճն է դիրքի փոփոխության պատճառը, սակայն երբ անձայն ու առանց կտրուկ ցնցումների էլ էր փորձում շնանալ, էլի խաչը թեքված էր հայտնաբերում։
- Ես չգիտեմ` մահվանից հետո մարդիկ որտեղ են հայտնվում, բայց գիտեմ, թե մարդկության մեծ մասը դրախտը ինչպիսին է պատկերացնում,- յուրաքանչյուր անգամ մարմնավաճառուհու հետ գործը վերջացնելուց հետո` սիգարետի մուխը ներս քաշելիս, ասում էր նա․․․
-Իհարկե դրախտի պահով բազմաթիվ բաց հարցեր կան, սակայն դրանցից ամենաբացը` դրախտում մարդիկ ինչի վրա են հույսները դնո՞ւմ,- շարունակում էր մարմնավաճառի հետ իր մենախոսությունը։
-Այստեղ՝ ներքևում, ամեն ինչ կառուցված է հենց հույսի վրա, որ հույս ունես ներվես, հույս ունես անհաջողություններից պլստաս, հույս ունես վերելքների հասնես, հույս ունես հարստանաս, հույս ունես նորմալ ընտանիք կազմես․․․, բայց վերևում ինչպի՞սի հույսի մասին կարող է խոսք գնալ, եթե այնտեղ ամեն ինչ կա,- տուն դառնալիս խորհում էր նա։
Միակ բանը, որ վերևի հույսի պահով Հոփարի մտքով անցում էր, այն էր, որ կարելի էր կրկին իջնել ներքև ու շարունակել բազմաբովանդակ կյանքը՝ թեկուզ մի թեթև այլասերված ֆանտազիաների իրականացման ձևով։
Նենց չի, որ Հոփարը էնպիսի մեղքեր գործած ուներ, որոնք ուրիշներինի համեմատ ավելի աններիելի լինեին, սակայն հարցն էլ այն էր, որ ինքն իրեն չէր կարողանում ներել էնքան էլ մեծ հույսեր չունենալու համար, ու մեծ հույս էլ չուներ վերև բարձրանալուց հետո, որ իրեն կթողնեն կրկին իջնի ներքև, դրա համար էլ ներքևում առիթը բաց չէր թողնում` նոր մարմնավաճառներ բացահայտելու։
Տիեզերքը լրիվ այլ բաներ էր նախատեսել նրա համար՝ ինչ որ անկապ վեհ գաղափարներ, մասնագիտական մեծ հաջողություններ, երկար տարիների կյանք, ամբասիր թե անբասիր ծառայություն, անբիծ կենսագրություն, սակայն նա փաթաթած ուներ այդ ամենը։
Նրա միակ հույսը վերև բարձրանալուց հետո ներքև իջնելն էր, իսկ ներքևում էլ չտրվելն էր այն կտերին , որ իր համար ունեցած կյանքից ավելի լավ կյանք էր նախատեսված։ Հոփարը էնքան էր վստահ Աստծո գոյության վրա, որ նրան պետք չէին ամենօրյա աղոթքներով սաղմոսներ սովորելով ու հրաշքների ակնկալիքով դա ապացուցել։ Նա ամենալավը գիտեր, որ Աստված ամենախորն է տեսնում իր սիրտն ու հոգին, քանի որ նրանից երբևէ չէր փորձել ոչինչ թաքցնել։
Հա մեկ էլ մի մեծ խնդրանք ուներ երկնավորից, երբ որ դուրս էր գալիս էն անտեր պոռնկատնից․- «Թող խաչը չթեքվի իր նախնական դիրքից էլի, մի ձև, ոնց ասեմ, նագլի դիսկանֆորտ եմ զգում»։
