Բեհնազ Ամանին իրանցի բանաստեղծուհի, հետազոտող, թարգմանիչ և մարդու իրավունքների պաշտպան է, որի աշխատանքները ուսումնասիրում են սոցիալական արդարության, կանանց իրավունքների, քաղաքական դիմադրության և իշխանական կառույցների քննադատության թեմաները: Նա ունի անգլիական գրականության դոկտորի աստիճան և դասավանդել ու հետազոտություններ է անցկացրել Իրանի և Եվրոպայի համալսարաններում, իսկ նրա ակադեմիական և գրական աշխատանքները հրատարակվել են միջազգային ամսագրերում:
Բեհնազ Ամանին ստեղծագործում է անգլերեն։ Իր գործունեության ընթացքում նա բազմաթիվ հոդվածներ է հրապարակել Իրանում և հեղինակավոր միջազգային ամսագրերում: Նրա գրական աշխատանքների թվում են «Սիրային նամակներ Ալեֆին» բանաստեղծությունների ժողովածուն, «Կնոջ երազանքները» գրքի պարսկերեն թարգմանությունը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից պատվիրված հունգարական կարճ պատմվածքների անթոլոգիա է։ Երկուսն էլ հրատարակվել են Mahris Press-ի կողմից Իրանում։ Նրա նոր բանաստեղծական ժողովածուն՝ «Մոխիր մեր լեզուների տակ» հրատարակել է Նյու- Յորքի Non-Stop Media հրատարակչությունը։
Իր ակադեմիական և գրական գործունեությունից բացի, նա բանտարկվել է և բախվել է սպառնալիքների և բազմաթիվ սահմանափակումների, որոնք բխում են իր քաղաքական ակտիվիզմից և կանանց ու երեխաների իրավունքների պաշտպանության համար պայքարից: Այնուամենայնիվ, նա շարունակում է գրել, թարգմանել և զբաղվել մարդու իրավունքների պաշտպանությամբ՝ լսելի դարձնելով կանանց և մարգինալացված համայնքների ձայները, որոնք լռեցված կամ մեկուսացված են հանրային քննարկումներից։
Նրա աշխատանքը գտնվում է գրականության, սոցիալական քննադատության և քաղաքական պայքարի խաչմերուկում՝ հիմնված ազատության, հավասարության և արդարության նկատմամբ ամուր նվիրվածության վրա։
Ղարչակի կանանց բանտը
Մարիի համար, որ արթմնի երազ տեսավ՝
մահացած մի աղջկա՝ լուսնադեմ,
ու նրաանունն էր տալիս՝ Մահսա՛… Մահսա՛…1
Տեսա՞ր նրան… Նա խոհանոցում էր․․․
Ո՞ւր տարան նրան․․․
Մահսա՞…
Ներարկում։
Միջանցքում՝ կաթվածահար ընկած։
Երկու օր։
Թեհմինեի համար,
որ այլևս Սոհրաբի մայրը չէր,
բայց դեռ կանգնած էր խռովությունների մեջտեղում,
ձեռքերով ականջները սեղմած,
գոռում էր՝ ոոոոոոոոոչ…
Այս Թեհմինեն վախեցած էր,
եւ գրեթե ամեն գիշեր տակն էր անում։
Գիշե՜ր,
գիշե՜ր,
գիշե՜ր։
Ամեն առավոտ՝
հաղթական կանգնած պլաստմասե տաշտակի մեջ,
շուրթերին՝ ծխախոտ,
ձևացնելով, թե պատրաստ է
նվաճել աշխարհը։
Խիզախ։
Անտարբեր՝ աշխարհի ամբողջ ատելության հանդեպ։
Բանտապետի խառնած դեղահաբերով
«Երջանկության սայլակի»2 վրա՝ նրա համար։
Ամեն ինչ՝
կենդանի,
սուր,
կպչունորեն գրավիչ։
Այն ճնճղուկների համար, որ թեւաթափ եղան
մեր բանտային թունավոր կերից։
Մեր մազերի մեջ բույն դրած ոջիլների համար
և ջրի մեջ լցրած քլորի։
Տանիքին նստած կատուների համար,
որ սպասում էին մեր մնացորդներին,
և պահակ կոչված այն ապուշի,
որ փոձում էր հասկանալ՝
ում էին նետվում այդ համբույրները։
Եվ հուսահատ, հրեշավոր պատեր,
որ մեկուսացրել էին Հույսը
աշխարհի մոռացված պուճախում
իրենց հեռախոսախցիկներով․․․
Եվ երկու րոպեանոց զանգեր
հերթերի մեջ, որոնց ծայրը չէր երեւում։
Անձրևի բույրի համար
ճաղերի ֆոնին,
և բոլոր այն վերկացների համար,
երբ լույսերը դեռ վառ էին։
Բոլոր խռովությունների համար,
հացադուլների
և ճնշումների։
Բոլոր հառաչների, վշտերի և փափագած հույսերի համար:
Աղջկա սափրած գլխի համար,
որ սուր հարկադրանքի տակ պատռում է գլուխը
Եվ հետագա արյունահոսող երկաթե ձողի համար։
Բոլոր պարտադրված դատական նիստերի համար
Եվ բոլոր հարկադիր անհետացումների։
Բոլոր հառաչանքների, տառապանքների
և փափագած հույսերի համար։
Աղջկա սափրած գլխի համար,
որ հարկադրանքի տակ
գլուխն էր պատռում,
և ապա՝ արյունոտ երկաթե ձողի համար։
Բոլոր բերման ենթարկվածների
և հարկադրաբար անհետացածների համար,
Մահսայի, Մոհամմադի, Նիքայի համար,
Սարինայի, Սիավաշի, Սասանի համար,
հարյուր հազարավորների համար,
աքսորյալ բոլորիս համար։
05/09/2024
«Կարծես հենց նոր հանդիպեցի Չարին»3
Չարը բարձրաձայն չէ։
Համբերատար է։
Մարդկային է։
Կենդանի է։
Սողում է շուրջբոլորը,
թաքնվում ընկերության և
սիրային կապերի մեջ։
Չարը թաքնված է խորհրդարանի շենքում՝
շշնջում է, գոռում,
երբեմն էլ ծիծաղում մեր դժբախտությունների վրա։
Չարը նաև դպրոցներում է՝
ուսուցչի սեղանի հետևում,
կամ տնօրենի գրասենյակում։
Ես այն տեսել եմ եկեղեցում, մզկիթում։
Տեսել եմ պատից կախված։
Տեսել եմ ինքնաթիռում,
երբ անձրև էր գալիս։
Բայց դա սովորական անձրև չէր․
ծանր էր, մետաղական, ժանգոտ,
ցավ էր բերում։
Ասում են՝
«այս է աշխարհը,
մարդն այսպես է ապրում»։
Բայց կարծում եմ՝
սա Չարն է, որ խոսում է,
և մենք չպիտի լսենք նրան։
Չարը կարող է ճանապարհորդել օդով,
ջրով, ցամաքով։
Երբեմն թաքնվում է օվկիանոսների խորքում,
երբեմն՝ մեր սննդի մեջ։
Չարը հեղուկ է մեր երակներում,
ամպ՝ մեր գլխում,
գործիք՝ մեր ձեռքերում։
Չարը ամենուր է։
Նրբագեղ տիկին
Քո կերպարանքը՝ երբեմնի խաղաղ մի բնանկար,
այժմ կրում է խոր վշտի սպիները։
Դու հզոր, եթերային թագուհի ես,
ում սրբազան հողը՝ դարերի փառքով ու պայքարով անցած,
այսօր խեղված է գարշելի ախտից4։
Օ՜, հրաշափառ տիկին, նրբագեղ տիկին5,
ինչպե՞ս քեզնից բաժանվեմ ես,
ինձ կյանք տվող պորտալարը դեռ քո արգանդում է։
Ասա ինձ, հրամայիր ինձ, որ իմանամ՝
ինչպե՞ս բուժեմ քո վերքերը
և խնամքով հոգամ քեզ։
Այսքան խաբեության ու քայքայման մեջ
ինչպե՞ս կարող է մարդ բալասան դառնալ
քո վիրավոր մարմնի համար։
Քո գիրկը նախատեսված էր, որ լիներ
շնչի, ծլման ու ծաղկման
պտղաբեր հող,
ոչ թե դժբախտության, կորստի ու ցավի
գարշահոտ ճահիճ։
Ասա ինձ՝ ինչպես կարող է մարդ
չկորչել քո վշտի մեջ։
Ինչպե՞ս պատվաստել քո արծաթյա վարսերը,
որպեսզի կանաչ ընձյուղներ ծլեն
և հույսը իր պտուղը տա։
Գրողի տարած մայրուղին
«Փողոցի մերկ մարմինը»…
Չեմ հիշում՝ ով է ասել,
բայց այս փողոցի մերկ մարմինը վիրավոր է։
Ահա ամենաերկար մայրուղին դեպի հավերժություն՝
Անխաղաղ օվկիանոսի պես հսկայական մայրուղի,
որով ես անցնում եմ ամեն անգամ,
ամեն անգամ, երբ գնում եմ Սպանդանոց,
որտեղ ոչ ոք չի հիշում Մահ մեկնածներին․․․
Այս փողոցի մերկ մարմինը Վիրավոր է, և
ես չգիտեմ՝ ինչու չի դադարում լաց լինել։
Այս հողի մարմինը, նրա սիրտը, կդադարի բաբախել,
բայց, արնախում որդեր, դուք երբեք չեք հագենա։
15/07/2023 (24 th of Tirbaran 1402)6
Թարգմանեց եւ ծանոթագրեց Անահիտ Այվազին
- 22-ամյա իրանցի Մահսա Ամինին, որը նաև հայտնի է որպես Ժինա Ամինի, մահացել է 2022 թվականի սեպտեմբերի 16-ին Թեհրանի հիվանդանոցում կասկածելի հանգամանքներում։ Իրանի կառավարության կրոնական բարոյականության ոստիկանությունը Ամինիին ձերբակալել է կառավարության չափանիշներին համապատասխան հիջաբ չկրելու համար։ Իրանի Իսլամական Հանրապետության իրավապահ մարմինը հայտնել է, որ Մահսան սրտի կաթված է ստացել ոստիկանական կալանքի տակ, կորցրել է գիտակցությունը և ընկել կոմայի մեջ՝ մինչ հիվանդանոց տեղափոխվելը: Այնուամենայնիվ, ականատեսները, այդ թվում՝ Ամինիի հետ կալանավորված կանայք, հայտնել են, որ նա դաժան ծեծի է ենթարկվել և մահացել ոստիկանության դաժանության հետևանքով, ինչը հերքվել է Իրանի իշխանությունների կողմից։ Ոստիկանության դաժանության մասին պնդումները, ի լրումն արտահոսած բժշկական հետազոտությունների, որոշ դիտորդների ստիպել են ենթադրել, որ Ամինին գլխուղեղի արյունազեղում կամ կաթված է տարել իր ձերբակալությունից հետո ստացած գլխի վնասվածքների պատճառով։ Մահսա Ամինիի մահը հանգեցրել է Իրանում մի շարք բողոքի ցույցերի 2022 և 2023 թվականներին։ ↩︎
- Ղարչակի բանտում 8-րդ բաժանմունքի բանտարկյալներին (Մահսայի ապստամբության կալանավորներին) ինչքան ուզում էին, հանգստացնող և հոգեմետ դեղամիջոցներ էին տալիս։ Պոքսիդ, Կլոնազեպամ, Տրանկոփին և այլն սայլակի վրա բերում ու բաժանում էին կոնֆետի պես։ Այդ սայլակին ասում էին «երջանկության սայլակ»։ ↩︎
- Սփիլբերգը՝ «Շինդլերի ցուցակը» ֆիլմի համար ավստրիացի ՍՍ-ական սպա և նացիստական ռազմական հանցագործ Ամոն Գյոթին կերպավորած Ռալֆ Ձայնսի դերակատարումը դիտելուց հետո (ծնթ․՝ հեղինակի) ↩︎
- Իսլամական Հանրապետության իշխանությունը (ծնթ․՝ հեղինակի) ↩︎
- Իրանը կին է։ Մենք անվանում ենք այն Մայր։(ծնթ․՝ հեղինակի) ↩︎
- Քանի որ պարսկական օրացույցում ամռան առաջին ամսվա անունը Տիր է (գնդակ), իսկ պարսկերենում գնդակը նույնպես կոչվում է Տիր, ես բառախաղ եմ անում այս բառով և այն դարձնում եմ Տիր Բարան՝ հրաձգություն։(Ծնթ․՝ հեղինակի) ↩︎
