Գրիգոր Գրիգորյան/ՎՐԻՊԱԿՆԵՐԻ ԵՐԿԻՐԸ

Դիգ Հոլն արդեն պատրաստվում էր հագնել գիշերանոցն ու մտնել տեղաշոր, ուր նրան սրտատրոփ սպասում էր մերկ Սոնյան, երբ լսվեց տան հեռախոսի զրնգուն ձայնը։ Դիգ Հոլը բանի տեղ չէր դնի հեռախոսազանգն ու անտեսելով այն՝ կշտապեր կաթնաբույր գեղեցկուհու մոտ, եթե դա աշխատանքային հեռախոսը չլիներ։ Երրորդ զանգի ավարտին լսափողն արդեն սեղմված էր Դիգ Հոլի ականջին։

— Ի՞նչ է եղել, — լարվածությունից տղամարդու աջ հոնքը փոքր-ինչ ցցվել էր վեր։

— ․․․

— Ինչ վրիպա՞կ, — ցցված հոնքն արդեն ռիթմիկ թրթռում էր։

— ․․․

— 15 րոպեից կլինեմ իմ գրասենյակում․ այնպես կազմակերպեք, որ արտադրությունը, մարկետինգն ու վաճառքներն ինձանից շուտ այնտեղ լինեն։

Ռուս գեղեցկուհի Սոնյան, լսելով սիրած տղամարդու վերջին նախադասությունը, պարզ հասկացավ, որ այսօրվա գիշերը նրա համար ավարտվեց շատ ավելի շուտ, քան կարելի էր ակնկալել։ Եվ մինչ աղջիկը ցանկանում էր ձևականորեն նեղանալ սիրեկանից, Դիգ Հոլն արդեն գրասենյակի ճանապարհին էր։ Գրասենյակը գտնվում էր Բիչլենդի ամենաբանուկ հատվածում՝ քաղաքի միակ կաթոլիկ եկեղեցու հարևանությամբ։ Գրասենյակի դռան մոտ Դիգ Հոլին դիմավորեցին մարկետինգի բաժնի տնօրեն Սիսին և վաճառքի գծով պատասխանատու Փենեթը։

— Սթաքն ո՞ւր է, — չբարևելով աշխատակիցներին՝ Դիգ Հոլը մտավ գրասենյակ։

— Ճանապարհին է, պարո՛ն Հոլ, ուր որ է կհասնի, — դողդոջուն ձայնով պատասխանեց Սիսին։

— Երևի արտադրամասից է գալիս․ պիտի գնար ու տեղում ծանոթանար խնդրի հետ, — վրա բերեց Փենեթը։

— Լա՛վ, — ռազմատենչ տոնով ասաց Դիգ Հոլը, — նստե՛ք, մինչև պարոն Սթաքը կբարեհա․․․

Խոսքը չավարտած՝ լսվեց փայտե դռան ճռռոցը, և լայնաթիկունք մի տղամարդ հևալով ներս մտավ։

— Եկա՞ր, արտադրությա՛ն հերոս, — հպանցիկ հայացք նետելով մտնողի ուղղությամբ՝ արհամարական «շպրտեց» Դիգ Հոլը, — անցի՛ր՝ տեղավորվի՛ր գործընկերների կողքին, Սթա՛ք, մի քիչ շունչ քաշիր, հոգնած ես թվում, — դադար վերցրեց, հերթով նայեց իր դիմաց նստած Փենեթին, Սիսիին ու քրտնած Սթաքին և շարունակեց խոսքը՝ փոքր-ինչ մեղմացնելով տոնը․ — Ուրեմն՝ սկսենք։ Հանդիպումն առավել արդյունավետ դարձնելու համար՝ սկզբից մեր «արտադրության Էվերեստ» Սթաքը կարճ կպատմի եղելությունը, կնկարագրի իրավիճակը, հետո մենք կհայտնենք մեր կարծիքներն ու կանցնենք լուծումներին։ Միայն թե խնդրում եմ հեքիաթներ չպատմել, սարեր-ձորեր չընկնել, միտքն ու խոսքը՝ բացառապես առարկայական, լիրիկական շեղումներ չեն ընդունվում․ հիշե՛ք՝ մեր գործարանը տարածաշրջանում պահպանակների ամենամեծ արտադրամասն է, «Դյուրելն» արտադրական գիգանտ է, չնայած ունենք նաև փոքր չափսերի պահպանակներ, և ոչինչ չպե՛տք է ու չի՛ կարող խաթարել մեր բնականոն աշխատանքն ու արտադրության անընդհատությունը։ Այ հիմա, Սթա՛ք, պատմիր՝ տեսնենք ինչ է եկել մեր գլխին։

— Պարո՛ն Հոլ, վրիպակ է, փոքրիկ մի վրիպակ, — սկսեց պատմել Սթաքը՝ խոսքին գավառական անկեղծություն հաղորդելով: — Այսօր առավոտյան ասացին, որ արդեն քանի օր է պարբերաբար բողոքներ ենք ստանում սպառողներից, ու բոլորը միաձայն ընդգծում են, որ ապրանքի որակն այն չէ, պատռվում է ամենաանպատեհ պահին… Ես անմիջապես շտապեցի գործարան` ստուգելու բոլոր հաստոցները։ Հաստոցների ընթացիկ սպասարկումը՝ մաքրելը, յուղելը, պտուտակները ձգելը և այլն, կատարել էինք մի քանի օր առաջ, մտածում էի՝ գուցե ինչ-որ բան բաց ենք թողել կամ այնպես չենք արել․․․ Եվ իրո՛ք, պարզվեց՝ ատամնավոր երկարաձիգ հաստոցի 2 կարևորագույն, ես կասեի ռազմավարական նշանակություն ունեցող պտուտակներ սահմանվածից ավելին են ձգված եղել ու արտադրանքի վերջին խմբաքանակը, նշված աննշան վրիպակի պատճառով, ավելի բարակ է ստացվել, քան պահանջում են միջազգային ընդունելի ստանդարտները․․․

— Այսինքն, — Դիգ Հոլն ընդհանտեց արտադրության պետ Սթաքին, — յուղելուց, պտուտակ-մտուտակ ձգելուց հետո ամբողջ արտադրանքը խոտանո՞վ է ստացվել։

— Ենթադրում եմ՝ այո՛, բայց ես արդեն շտկել եմ վրիպակը․․․ — գլխիկոր շշնջաց Սթաքը։

— Ենթադրո՞ւմ ես, թե՞ այդպես է, — Դիգ Հոլն արդեն գրեթե բղավում էր։

— Պարո՛ն Հոլ, — արտադրության պետին օգնության հասավ Սիսին, — առավոտից պատահականության սկզբուքով տարբեր արկղերից հանել ենք պահպանակները և ստուգել։ Եվ չնայած դրանք առաջին հայացքից նորմալ էին, որևէ խոտան արտաքինից չէր նկատվում, բայց պահպանակներն այնքան բարակ էին, որ ընդամենը մի քանի շարժումից հետո պատռվում էին, անձամբ եմ ստուգել։

— Սիսի՛, դու աղջիկ ես, լավագույն դեպքում՝ կին, դու ինչպե՞ս կարող ես անձամբ ստուգել, — ոտքի կանգնեց Դիգ Հոլը։

— Դե․․․դե․․․ — գլուխը փոքր-ինչ կախելով՝ կմկմաց մարկետինգի տնօրեն Սիսին, բայց հետո հավաքելով իրեն՝ ամոթխած տոնով շարունակեց․ — Փենեթի հետ ենք ստուգել, Պարո՛ն Հոլ, այն էլ մի քանի անգամ․․․

Դիգ Հոլը զայրացած հայացքն ուղղեց Փենեթին, որն անմեղ գառնուկի պես կուչ էր եկել Սիսիի կիպ կողքին։

— Հաստա՞տ է, — հարցրեց Դիգ Հոլը։

— Այո՛, — խրոխտ ձայնով պատասանեց Փենեթը։

— Խոսքը քանի՞ արկղի մասին է, խոտանված խմբաքանակն ինչքա՞ն է, որքա՞ն է կազմում վնասը։

— Մոտ 30,000 արկղ, իսկ ավելի ճշգրիտ` 29,800, — ծոցագրպանից ինչ-որ թղթիկ հանելով՝ հնչեցրեց Փենեթը։ — Եթե ամբողջ խմբաքանակը ուտիլիզացնենք՝ ֆինանսական վնասը կկազմի․․․ կկազմի․․․ համարյա 2 միլիոն դոլար։

— Օօօ՜, 2 միլիո՜ն դոլար․․․ Բավական մեծ թիվ է, — ինքն իրեն ասաց Դիգ Հոլն ու կրկին նստեց։ Փոքրիկ դադարից հետո նա խոր շունչ քաշեց ու շարունակեց․ — Լավ, ընկերնե՛ր, իրավիճակը պարզ է, հիմա պետք է հասկանանք՝ ինչպես ենք այս խրթին դրությունից փորձում դուրս գալ։ Ի՞նչ առաջարկներ ունեք։

Բոլորը լուռ էին, ամեն մեկը պարփակվել էր իր մեջ և սպասում էր լռության ավարտին, որը գնալով ավելի ճնշող էր դառնում։ Դիգ Հոլը հերթով նայում էր իր աշխատակիցներին․ Սթաքը գլուխը կախել էր՝ վերջին շոկոլադը թաքուն կերած երախայի նման, Սիսին չգիտեր՝ ուր թաքցներ ամոթխած հայացքը, այտերը վառվում էին լարվածությունից և նրան ոչինչ չէր մնում, քան նայել Փենեթին՝ նրանից ինչ-որ օգնություն ակնակելելով։

— Կարծում եմ, — վերջապես խոսեց Փենեթը, — երևի առաջին հերթին մենք պետք է խանութներից հետ կանչենք վերջին խմբաքանակի պահպանակները․ «Դյուրելի» հեղինակութունը շատ ավելի թանկ է, քան ցակացած վնաս, — պաթոսով ավարտեց իր խոսքը ֆինանսական պատասխանատուն։

— Այո՛, ճի՛շտ ես, Փենի՛, «Դյուրելի» հեղինակությունը չպե՛տք է տուժի ինչ-որ վրիպակից, — ոգևորվեց Դիգ Հոլն ու ծխախոտն առանց վառելու դրեց շուրթերի արանքը։ — «Դյուրելն» իր հարուստ պատմության մեջ շատ ավելի մեծ մարտահրավերներ է ունեցել, քան այս մեկը։ Բայց ես նաև չեմ կարող թույլ տալ, որ ինչ-որ չնչին վրիպակ մեզանից խլի 2 միլիոն դոլար։ Ես տանը միայնակ չեմ թողել աշխարհի ամենակրքոտ կնոջը՝ մերկ պառկած իր տաքուկ տեղաշորում, որ գամ այստեղ ու համակերպվեմ այս իրողության հետ։

Սիսին թեթևակի քմծիծաղեց «ամենակրքոտ» ածականը լսելիս և գողտրիկ նայեց Փենեթին, որը նույնպես նշված ածականի հետ ներքուստ կտրականապես չհամաձայնվելով՝ սեղանի տակից ոտքը թեթևակիորեն հպեց կնոջ ոտքին։

— Մենք հետ կկանչենք վերջին խմբաքանակի արտադրանքը խանութներից, — սկսեց բարձրաձայն մտածել Դիգ Հոլը, — և որպես փոխհատուցում՝ փոքրիկ մարկետինգային արշավ կանենք՝ որոշակի զեղչերով, նվերներով, ինչ-որ հետաքրքիր կարգախոսներով․․․ «Դյուրելի» վրայից խոտանի փշրանքները անպայման պետք է թափ տալ․․․

«Մարկետինգային արշավ» և «հետաքրքիր կարգախոս» բառակապակցությունները լսելով՝ Սիսին անմիջապես միացավ խոսակցությանը․

— «Պահպանակ «Դյուրել», անհնար է կանգնել…». բայց սա կարող է ինպոտենցիայի մասին հուշել։ ««Դյուրել» պահպանակ, ամեն ինչ կլինի անչափ արագ…». այն չէ, այն չէ։ «Պահպանակ «Դյուրել», կարող ես ում ուզել․․․»․․․

 — Սիսի՛, դա հետո, — ընդհատեց աղջկան Դիգ Հոլն ու վերջապես վառեց ծխախոտը, — վաղվանից դու զբաղվիր արշավով։ Իսկ դու, Փենե՛թ, վաղվանից զբաղվիր 29,800 արկղի վաճառքով․․․

— Վաճառքո՞վ, — զարմացավ Փենեթը։

— Իհարկե՛: Դուք հո չե՞ք կարծում՝ այդքան մեծ քանակությամբ պահպանակները ջուրն եմ նետելու։ Այսօրվա աշխարհում նույնիսկ ծակ պահպանակները կարելի է վաճառել գովազդի և մարկետինգի միջոցով, այդպես չէ՞, Սիսի՛, — աղջիկը, որպես հավանության նշան, ինքնաբերաբար թափահարեց գլուխը, իսկ Դիգ Հոլն արդեն տեղը-տեղին ոգևորվել էր։ — Խոտանված խմբաքանակը մենք կփորձենք անպայման իրացնել այլ շուկաներում, ո՛չ, չենք փորձի, մենք անխտի՛ր կվաճառենք։ Օրինակ՝ մեզ համար շատ լավ շուկա կարող են լինել արևմտյան Եվրոպայի բոլոր նախկին սոցիալիստական երկրները, որոնց ձեռքերը (և ոչ միայն ձեռքերը) ազատվել են ավտոնոմ կապանքներից։ Ինչու ոչ՝ հենց նախկին Խորհրդային միության երկրներին ևս կարող ենք դիտարկել, որտեղ մարդիկ վերջնականորեն ձերբազատվել են փակ համակարգից և գնտվում են այն էյֆորիկ թմրության մեջ, ուր իրենց թվում է՝ թե ամեն ինչում ազատ են։ Իսկ, ինչպես գիտենք, լիարժեք ազատության ամենացայտուն բաղադրիչն ազատ սեռական հարաբերություններն են․․․ — Դիգ Հոլը բեմական դադար վերցրեց և կլորացրած մեծ աչքերով սկսեց հերթով նայել իր աշխատակիցներին, հետո ոտքի կանգնեց, ծխախոտը հանգցրեց մոխրամանի մեջ և ավելի վստահ ձայնով շարունակեց․ — Իմ Սոնեչկան, որ արդեն մոտ 1 ժամ է՝ տանն ինձ է սպասում անհամբերությամբ, հաճախակի խոսում է կովկասյան տղամարդկանց, նրանց կրքի, գայթակղիչ վայրենության, անհագ ցանկությունների և այլնի մասին. հասկանում եք, չէ՞։ Այս «չարաբաստիկ վրիպակը» ոնց որ հետաքրքիր հորիզոններ է բացում «Դյուրելի» համար, ընկերնե՛ր, պետք է օգտագործել ամեն առիթն ու առավելագույնս ընդլայնվել․․․

— Բայց ապրանքն իրոք խոտանված է․․․ — ցածրաձայն կմկմաց Սթաքը։

— Սսս՜, — անվրդով սաստեց Դիգ Հոլը՝ ցուցամատն իր մսոտ շրթներին դնելով։ — Սթաքի՛, դու շատ մի նեղսրտիր խոտանի համար, սա ընդամենը փոքրիկ ու անմեղ վրիպակ է․ հո՞ մարդ չի մահացել, հո՞ ինչ-որ կարևոր սարք չի վնասվել, վերջապես՝ հո՞ դպրոցական դասագիրք չի աղավաղվել․․․ Եվ հետո, մեր խոտանված արտադրանքի օգնությամբ մենք ինչ-որ կերպ կկանխենք ահագնացող դեմոգրաֆիկ ճգնաժամը, որը չարորակ ուռուցքի պես տարածվում, ճյուղավորվում է մեր զարգացող աշխարհում։ Չնախատեսված երեխաներ կծնվեն, կկրթվեն, լավ ու ստեղծարար մարդիկ կդառնան, կարարեն, կշենացնեն իրենց երկրները․․․ Ըհը՛, Սիսի՛, սա էլ կլինի մեր նոր մարկետինգային արշավի սոցիալական ուղղվաշությունը։ 

Իսկ դու, Փենե՛թ, վաղվանից ուսումնասիրիր Կովկասը, նրա հնարավորությունները, հեռանկարն ու ծավալները, առաջին խմբաքանակն արդեն մյուս շաբաթ պետք է ուղևորվի Երևան, Թբիլիսի․․․ Կարծում եմ, հարգելինե՛րս, ողջ արտադրանքը՝ 29,800 արկղը, մենք հենց Կովկասում էլ կսպառենք․ «Դյուրելի» համար մի նոր դարաշրջան է սկսվում, ես արդեն զգում եմ հաջողության գայթակղիչ բույրը, — Դիգ Հոլը թեթևակի ժպտաց ապշահար աշխատակիցներին և արագորեն դուրս եկավ գրասենյակից։

Փենեթը, փոքր-ինչ ուշքի գալով «բոսի» ոգևորիչ խոսքից, ձեռնափը դրեց Սիսիի փափուկ ազդրին և կիսաձայն շշնջաց. 

— Վաղը հենց Հայաստանից էլ կսկսենք…

Please follow and like us: