Օֆելի Դալաքյան/Վարսավիր Սամոն

Օրվա մեջ մի քանի անգամ Սամվելենց տան դուռը բացվում-փակվում էր։ Անկախ եղանակային պայմաններից` Սամվելն աշխատում էր։ Քչից-շատից կարողանում էր տան հոգսը հոգալ։ Երբ տեսնեիր, ճամպրուկ-պայուսակն ուսին գցած, ժպիտը դեմքին՝թաղամասով պտտվում էր։ Երբեմն թաղամասից էլ էր դուրս գալիս, բայց աշխատում էր երթուղայինից չօգտվել, որ հարյուր- երկու հարյուր դրամ խնայեր։ Դրսում ում տեսներ, մեծից-փոքր, բարևում էր, որպիսությունը հարցնում։

-Վա՜յ, Աշոտիկ ջան, բարև, ոնց ես, պապան ոնց ա,- հարցրեց Սամվելը։

-Լավ ա,-պատասխանեց Աշոտիկը,-ես էլ գալիս էի քո մոտ, Սամո ձա, պապան հարցնում ա՝ երբ կգաս մազերը կտրես։

Սամվելը կամ ավելի ճիշտ՝ Սամոն  մի պահ նայեց Աշոտիկի աչքերին, իր որդու տարիքին էր, ինչ հեգնանքով էր խոսում իր հետ։ Բայց բան չկարողացավ ասել, որովհետև Աշոտիկի հայրը մի քիչ ավել է վճարում ամեն անգամ։

-Հա, ե՞րբ ա ուզում, որ գամ։ Ասա հեսա վերևի շենքի Համոյի մազերը կտրեմ ու գամ, կամ կուզես հիմա գամ, որ պապան շատ չսպասի։

-Չէ, մի քիչ հետո արի, պապան հիմա նարդի ա խաղում։

-Լավ, մի քիչ հետո ուեմն,-ուրախ-ուրախ պատասխանեց Սամոն ու գնաց վերևի շենք։

Ոչ մեկ լուրջ չէր ընդունում Սամոյին, խելառի տեղ էին դնում, հետը խոսում այնպես, ասես ոչինչ չի հասկանում։ Ուղղակի Սամոն շատ պարզ, մաքուր սիրտ ուներ, քեն չէր պահում։ Սրտի նման ձեռքն էլ էր մաքուր։ Հարևանները  Սամոյին հանգիստ տուն էի վստահում, գիտեին, որ ոսկիներն աչքի առաջ էլ փռեին, ձեռք չէր տա։

– Այ, Սամո ջան, դու չես հոգնու՞մ, ամբողջ օրը վազում ես, մի վարսավիրանոց մտիր, քո համար աշխատի էլի,- մի անգամ ասաց հարևանուհիներից մեկը։

-Է՜հ, Աստղ ջան, ես էլ եմ շատ ուզում, բայց որ մտնեմ վարսավիրանոց, տեղի փող պիտի տամ, ձեռ չի տա ինձ։

Ու արդեն քանի տարի Սամոն էր այդ թաղամասի վարսավիրը։ 

Սամոյին միշտ կարող էիր տեսնել ճերմակ վերնաշապիկով՝ մաքուր, արդուկած։ Լավ կին ունի Սամոն, հոգատար, բայց շատ էր նեղսրտում ամուսնու խեղճությունից, վախենում էր, որ տղան էլ կնմանվի հորը։

-Խեղճի դար չի, Սամո,- բարկացավ կինը, – խելոք եղար՝ վրայովդ կանցնեն։ Ով ինչ ասում ա՝վազում ես, հասնում, բայց հետևիցդ էլ ձեռ են առնում։

-Վա՜յ, ով ա ինձ ձեռ առնում, ինձ բոլորն էլ սիրում են։

-Հա՜, սիրում են, դեմքիդ ժպտում են, հետևիցդ էլ ասում՝ խելառ։

 Սամոն, որ այդ պահին կոշիկներն էր հանում, մի ոտքն օդում էր մնացել,ինքն էլ՝ լրջացել։ Հետո աչքն ընկավ հայելուն, իրեն նայեց-նայեց, բայց ի՞նչ խնդիր կար․ինքն իր գործն էր անում, մարդիկ էլ վճարում էին։ Ինչո՞ւ հանկարծ խելառ դարձավ, ե՞րբ ազնվությունը խելառության վերածվեց։

Կինն ազդվեց իր ասածից, միգուցե չափն անցա՞վ այս անգամ։ Ավելի լավ չէր լինի՞, որ մի կում ջուր խմեր այդ պահին, խոսքերը կուլ գնային։ Ախր հարազատի խոսքն այնքան ուժեղ է ծակում, որ ամեն անգամ նրան տեսնելիս ծակոցն զգում ես։ Հա, միգուցե մի քիչ խելառ էր Սամոն։ Շատ բան լսելու չէր տալիս, որ դատարկ ձեռքով տուն չգար, որ դեմը դուրս եկած որդուն մի քաղցր բան տար։ Միգուցե Սամոն շատ ավելին էր հասկանում ու զգում, քան կինը, հարևանները, այն հղփացած  Աշոտիկի հայրը, ուղղակի ամեն մեկի բախտը յուրովի է բերում կամ չի բերում։

-Մտածում ես՝ իրո՞ք խելառ եմ,- նայեց կնոջ աչքերի մեջ։

-Հա, բայց իմ խելառն ես,- պատասխանեց կինն ու գրկեց Սամոյի գլուխը։

Սամոյի ճերմակ վերնաշապիկները միշտ մաքուր, արդուկած կախված էին պահարանում, որ երբ պետք լիներ արագ գցեր վրան ու դուրս գար։ Սամոն հոգնում էր այդ վազքից, բայց չէր բողոքում, իսկ երբ նոր հաճախորդ էր ավելանում, աշխարհով մեկ էր լինում՝ անտեսելով ծնկների ցավն ու կյանքի հրմշտոցները։

Շատ տարիներ են անցել, Սամոն ծերացել է, առաջվա վազքը չկա։  Հիմա ժամանակներն այլ են, բոլորը վարսավիրանոց են գնում, Սամոյի կարիքը քչերն ունեն, բայց ասենք, որ Սամոն այդ թաղամասի գույնն է, կուզե՞ք կարող եք ասել, որ նա ճերմակ, խաղաղ գույն է։

Please follow and like us: