Ֆեոդոր Դոստոեւսկի/Պարադոքսալիստը

«Պարադոքսալիստը» հրապարկվել է Ֆ․ Դոստոեւսկու «Գրողի օրագիրը» մոնոամսագրում (1876 թ․, ապրիլ), որում նա հանդես էր գալիս որպես խմբագիր, գրող, լրագրող եւ հրապարակախոս։ Մեծ ժողովրդականություն վայելող ամսագրի էջերին գրողն անդրադառնում էր հանրությանը հուզող թեմաներին։ Նույն թվականի փետրվարին Ռուսաստանը հաղթանակ էր արձանագրել Միջին Ասիայում՝ նվաճելով Կոկանդի խանությունը, իսկ մեկ տարի հետո սկսվելու էր ռուս-թուրքական պատերազմը։

«Գրողուցավ»

Իդեպ, պատերազմի եւ ռազմական ասեկոսեների մասին։ Ես մի ծանոթ պարադոքսալիստ ունեմ։ Վաղուց գիտեմ նրան։ Նա բոլորին անհայտ մի մարդ է, տարօրինակ բնավորությամբ՝ երազող է։ Նրա մասին անպայման ավելի մանրամասն կխոսեմ։ Բայց հիմա հիշեցի՝ ինչպես մի անգամ, մի քանի տարի առաջ հետս բանավիճեց պատերազմի թեմայով։ Նա պաշտպանում էր պատերազմն առհասարակ։ Նկատեմ, որ նա պետական մարդ է եւ ամենախաղաղասեր ու անչար մարդը, որ երբեւէ կարող էր լինել մեր Պետերբուրգում։

– Սխալ միտք է,- ասում էր նա,- թե պատերազմը պատիժ է մարդկության համար։ Հակառակը, շատ օգտակար բան է։ Պատերազմի արդեն իսկ տեսքն ատելի ու իսկապես կործանարար է՝ դա երկպառակչական ու եղբայրասպան պատերազմն է։ Այն սպանում ու քայքայում է պետությունը, տեւում է միշտ շատ երկար եւ վայրենացնում ժողովրդին մի քանի հարյուրամյակով։ Բայց քաղաքական, միջազգային պատերազմը միայն օգուտ է բերում բոլոր առումներով, այդ պատճառով էլ միանգամայն անհարժեշտ է։

-Ի՞նչ եք ասում, ժողովուրդը ժողովրդի դեմ է դուրս գալիս, մարդիկ գնում են մեկը մյուսին սպանելու, սրա ի՞նչն է անհրաժեշտ։

– Ամեն ինչը եւ չափազանց շատ։ Բայց․․ Նախ սուտ է, թե մարդիկ գնում են մեկը մյուսին սպանելու․ երբեք սա առաջնահերթ չէ, այլ հակառակը, գնում են իրենց կյանքը զոհաբերելու՝ ահա թե ինչն է, որ պետք է լինի առաջին հերթին։ Սա բոլորովին այլ բան է։ Ավելի բարձր գաղափար չկա, քան սեփական կյանքը զոհաբերելն է՝ պաշտպանելով քո եղբայրներին եւ հայրենիքը կամ պարզապես քո հայրենիքի շահերը։ Առանց վեհ գաղափարների մարդկությունը չի կարող ապրել, եւ ես նույնիսկ կասկածներ ունեմ, որ մարդկությունը հենց դրա համար էլ սիրում է պատերազմը, որ վեհ գաղափարի մասնակից լինի։ Սա պահանջմունք է։

– Բայց մի՞թե մարդկությունը սիրում է պատերազմ։

– Բա ոնց։ Ո՞վ է հուսահատվում պատերազմի ժամանակ։ Հակառակը, բոլորը միանգամից առույգանում են, բոլորի ոգին ամրանում է, եւ բոլորովին չքվում են սովորական ձանձրույթն ու հուլությունը, որ հատուկ են խաղաղ ժամանակին։ Բա հետո, երբ պատերազմն ավարտվում է, ինչքա՜ն են սիրում հիշել այն, նույնիսկ պարտության դեպքում։ Եվ մի հավատացեք, երբ պատերազմի ժամանակ բոլորը իրար հանդիպելիս գլուխը տմբտմբացնելով ասում են՝ էս ի՜նչ փորձանք էր, էս ո՜ւր հասանք։ Սա միայն քաղաքավարությունից են ասում։ Հակառակը, ամեն մեկի հոգում տոն է։ Գիտեք, ահավոր բարդ է տարբերվող մտքերը խոստովանելը, կասեն՝ անասուն, հետամնաց, կդապարտեն, այ դրանից էլ վախենում են։ Ոչ ոք չի համարձակվի գովել պատերազմը։

– Բայց դուք վեհ գաղափարների մասին եք խոսում, մարդկայնության։ Մի՞թե չկան վեհ գաղափարներ՝ առանց պատերազմի։ Հակառակը, խաղաղ ժամանակ դրանք ավելի հեշտ են զարգանում։

– Ճիշտ հակառակը, ճիշտ հակառակը։ Վեհությունը, մեծահոգությունը մեռնում են երկարատեւ խաղաղության ժամանակ, իսկ նրա փոխարեն հայտնվում է ցինիզմը, անտարբերությունը, ձանձրույթն ու չար քմծիծաղը, էն էլ հանուն զվարճանքի, ոչ գործի համար։ Հաստատապես կարելի է ասել, որ երկարատեւ խաղաղությունը դաժանացնում է մարդկանց։ Երկարատեւ խաղաղության ընթացքում մարդու մեջ ամեն վատի ու կոպտության կշիռը շատանում է, թեքում նրան հարստության ու կապիտալի կողմը։ Պատիվը, մարդասիրությունը, ինքնազոհաբերումը դեռ հարգվում են, դեռ գնահատվում են, բարձր են կարգվում հիմա՝ պատերազմից հետո, բայց եթե երկար է տեւում խաղաղությունը, բոլոր այս վեհ բաները խունանում են, դառնում փխրուն ու անկյանք, իսկ հարստությունն ու ընչաքաղցությունը բռնում են աշխարհը։ Մնում է միայն երեսպաշտությունը՝ կեղծ պատվասիրություն, կեղծ ինքնազոհաբերում, այնպես որ, նրանց հավանաբար դեռ կշարունակեն հարգել, չնայած ցինիզմին, բայց միայն գեղեցիկ բառերով, ձեւական։ Իրական պատիվ չի լինի, կմնան միայն բանաձեւերը։ Պատվի բանաձեւերը պատվի մահն են։ Երկարատեւ խաղաղությունը անտարբերություն է ծնում, մտքի ցածրություն, անբարոյականություն, բթացնում է զգացմունքները։ Հաճույքները չեն նրբանում, այլ կոպտանում են։ Կոպիտ հարստությունը չի կարող հաճույք ստանալ վեհությունից եւ պահանջում է առավել համեստ հաճույքներ, առավել գործին մոտ, այսինքն՝ ուղղակի մարմնի բավարարման։ Հաճույքները դառնում են բղջախոհական։ Ցանկասիրությունը առաջացնում է վավաշոտություն, իսկ վավաշոտությունը միշտ դաժանություն է։ Դուք ոչ մի կերպ չեք կարող ժխտել այս ամենը, քանի որ հնարավոր չէ ժխտել գլխավոր փաստը՝ երկարատեւ խաղաղության վերջում սոցիալական գերակշռությունը միշտ անցնում է կոպիտ հարստությանը։

– Իսկ գիտությունը, արվեստները մի՞թե կարող են զարգանալ պատերազմի ընթացքում, մինչդեռ դրանք մեծ եւ վեհ գաղափարներ են։

– Այ այստեղ բռնվեցիք։ Գիտությունն ու արվեստները միշտ զարգանում են հենց պատերազմին հաջորդող առաջին տարիներին։ Պատերազմը նորացնում, թարմացնում է դրանք, ոգեկոչում, ամրացնում մտքերը եւ խթանում։ Հակառակը, երկարատեւ խաղաղության ընթացքում գիտությունն էլ է տկարանում։ Անկասկած, գիտությամբ զբաղվելը մեծահոգություն եւ նույնիսկ ինքնազոհաբերում է պահանջում։ Բայց գիտնականներից քանի՞սը կդիմանան խաղաղության խոցին։ Կեղծ պատվասիրությունը, ինքնասիրությունը, հեշտասիրությունը նրանց էլ կտապալեն։ Փորձեք օրինակի համար հաղթահարել այնպիսի կիրքը, ինչպես նախանձն է․ այն կոպիտ ու գռեհիկ է, բայց կարող է ներխուժել գիտնականի ամենաազնիվ հոգին։ Նա էլ կցանկանա մասնակցել համընդհանուր ճոխությանը, զեխությանը։ Ի՞նչ արժե հարստության հաղթարշավի դեմ ինչ-որ մի գիտական հայտնագործության հաղթանակը, եթե միայն այն այնքան ազդեցիկ չէ, որքան, ասենք, Նեպտուն մոլորակի հայտնաբերումը[1]։ Ի՞նչ եք կարծում, քանի՞ ազնիվ մշակ կմնա։ Հակառակը, փառք կցանկանան, եւ գիտության մեջ կեղծարարություն կհայտնվի, մրցավազք ազդեցիկության համար, էլ ավելի վատ բան՝ ուտիլիտարիզմ, քանի որ նաեւ հարստություն կուզեն։ Նույնը՝ արվեստում․ նույն մրցավազքը հանուն ազդեցիկ ձեւերի, նուրբ քիմքին հագուրդ տալու համար։ Պարզ, հասկանալի, վեհ գաղափարները էլ նորաձեւ չեն լինի․ ավելի բաց, ավելի անվայելուչ ինչ-որ բանի կարիք կլինի, կրքերի արհեստականության։ Քիչ-քիչ կկորսվի չափի եւ ներդաշնակության զգացումը, կհայտնվեն զգացմունքների եւ կրքերի խեղումներ՝ այսպես կոչված զգացմունքի նրբացումներ, որ իրականում դրա կոշտուկներն են։ Ահա այս ամենին է միշտ ենթարկվում արվետը երկարատեւ խաղաղության վերջում։ Եթե աշխարհում պատերազմ չլիներ, արվեստը վերջնականապես կմարեր։ Արվեստի բոլոր լավ գաղափարները պատերազմն ու պայքարն են տվել։ Գնացեք ողբերգություն դիտելու, նայեք արձաններին՝ ահա Կոռնեյլի Հորսացիոսը, ահա Բելվեդերյան Ապոլոնը, որ հաղթում է հրեշին․․․

– Իսկ Ավտվածամայրե՞րը[2], իսկ քրիստոնեությո՞ւնը։

– Քրիստոնեությունն ինքն էլ ընդունում է պատերազմի փաստը եւ կանխատեսում, որ սուրը չի անցնի մինչեւ աշխարհի վախճանը․ սա շատ կարեւոր եւ ապշեշուցիչ է։ Օ, անշուշտ բարձրագույն բարոյական մակարդակում նա մերժում է պատեազմն ու պահանջում սիրել եղբորդ։ Ես ինքս կուրախանամ, երբ սուսերներից խոփեր ձուլեն[3]։ Բայց հարց՝ դա ե՞րբ կարող է լինել։ Եվ արժե՞ հիմա սուսերները խոփի փոխել։ Ներկայիս խաղաղությունը միշտ եւ ամենուր պատերազմից վատն է՝ այնքան վատը, որ նույնիսկ անբարոյականություն է դառնում դրան սատարելը՝ չկա գնահատելու բան, բոլորովին չկա պահպանելու բան, ամոթ է եւ ստորություն պահպանելը։ Հարստությունը, վայելքների գռեհկությունը ծուլություն են ծնում, իսկ ծուլությունը ծնում է ստրուկներ։ Ստրուկներին ստրկական վիճակում պահելու համար պետք է նրանցից խլել ազատ կամքը եւ լուսավորության հնարավորությունը։ Չէ՞ որ դուք չեք կարող ստրուկի կարիք չունենալ, ով էլ որ լինեք, եթե նույնիսկ ամենամարդասեր մարդն եք։ Նկատեմ նաեւ, որ խաղաղության ընթացքում արմատներ կգցեն վախկոտությունն ու անարժանապատվությունը։ Մարդն իր բնույթով չափազանց հակված է վախկոտության ու անամոթության եւ իր մասին այս բանը լավ գիտի, միգուցե հենց սրա համար էլ այդքան պատերազմ է ուզում եւ այդպես սիրում է պատերազմը, դրանում բալասան է տեսնում։ Պատերազմը զարգացնում է եղբայրական սերը եւ միավորում ժողովուրդներին։

– Ինչպե՞ս է միավորում ժողովուրդներին։

– Ստիպելով նրանց փոխադարձ հարգել մեկը մյուսին։ Պատերազմը թարմացնում է մարդկանց։ Մարդասիրությունն ամենից ավելի զարգանում է մարտի դաշտում։ Դա տարօրինակ փաստ է, որ պատերազմն ավելի քիչ է չարացնում, քան խաղաղությունը։ Իրականում խաղաղ ժամանակ ինչ-որ մի քաղաքական վիրավորանք, ինչ-որ մի լկտի պայմանագիր, քաղաքական ճնշում, ամբարտավան պահանջ՝ այն կարգի, որ ներկայացնում էր մեզ Եվրոպան 63 թվականին[4], շատ ավելի են չարացնում, քան անկեղծ կռիվը։ Հիշեք, մենք ատո՞ւմ էինք ֆրանսիացիներին ու անգլիացիներին Ղրիմի արշավանքի ժամանակ։ Հակառակը, ասես ավելի մոտեցանք նրանց, կարծես նույնիսկ բարեկամացանք։ Մենք հետաքրքրվում էինք նրանց կարծիքով մեր քաջության մասին, հոգ տանում նրանց գերիների մասին, մեր զինվորներն ու սպաները զինադադարներին դուրս էին գալիս առաջին դիրքեր եւ քիչ էր մնում՝ ողջագուրվեին նրանց հետ, նույնիկ իրար հետ օղի էին խմում։ Ռուսաստանն այս մասին հաճույքով էր կարդում լրագրերում, ինչը չէր խանգարում, սակայն, հոյակապ կռվելուն։ Տարածվում էր ասպետական ոգին։ Իսկ պատերազմի նյութական վնասների մասին ես նույնիսկ չեմ էլ խոսի․ ո՞վ չգիտի այդ օրինաչափության մասին, որ պատերազմից ամեն ինչ իր ուժերը ժողովում ու հառնում է։ Երկրի տնտեսական ուժերը խթանվում են տասնապատիկ անգամ, կարծես ամպրոպաբեր ամպը հեղեղ է թափել ծարավից ճաքճքած հողի վրա։ Պատերազմից տուժածներին անմիջապես բոլորը օգնում են, մինչդեռ խաղաղության ժամանակ ամբողջական շրջաններ կարող են սովամահ լինել, մինչեւ մենք մատը մատին կխփենք կամ մի քանի գրոշ կնետենք։

– Բայց մի՞թե ժողովուրդը չի տառապում պատերազմի ժամանակ, չի ունենում հուսահատություն ու դժվարություններ՝ անխուսափելի եւ անհամեմատ մեծ, քան նրանք, որ բաժին են հասնում հասարակության բարձր խավերին։

– Միգուցե, բայց դա ժամանակավոր է։ Բայց փոխարենը շատ ավելի է շահում, քան կորցնում։ Հենց ժողովրդի վրա է պատերազմը ամենալավ ու ամենավեհ արդյունքները թողնում։ Ինչ ուզում եք ասեք, եթե նույնիսկ ամենամարդասեր մարդն եք, միեւնույնն է՝ ձեզ հասարակ գեղջուկից բարձր եք համարում։ Ո՞վ է մեր ժամանակներում չափում մարդուն հոգով, քրիստոնեական չափանիշներով։ Չափում են գրպանի պարունակությամբ, իշխանությամբ, ուժով, եւ հասարակ մարդը դա լավ գիտի։ Այստեղ ոչ թե նախանձն է, այլ բարոյական անհավասարության անտանելի զգացումը՝ չափազանց վիրավորական հասարակ մարդկանց համար։ Ոնց էլ ազատագրեք, ինչ օրենքներ էլ գրեք, մարդկանց անհավասարությունը ներկայիս հասարակության մեջ չի վերանում։ Միակ դեղը պատերազմն է։ Պալիատիվ[5], ժամանակավոր, սակայն ժողովրդի համար բերկրալի։ Պատերազմը բարձրացնում է ժողովրդի ոգին եւ սեփական արժանապատվության գիտակցությունը։ Պատերազմը բոլորին հավասարեցնում է ռազմի դաշտում եւ հաշտեցնում տիրոջն ու ստրուկին մարդկային արժանապատվության ամենաբարձր դրսեւորմամբ՝ կյանքի զոհաբերմամբ հանուն ընդհանուր գործի, հանուն բոլորի, հանուն հայրենիքի։ Մի՞թե դուք կարծում եք, որ զանգվածը, նույնիսկ գեղջուկներից ու ընչազուրկներից բաղկացած ամենատգետ զանգվածը կարիք չունի վեհ զգացմունքների գործնական դրսեւորման։ Իսկ խաղաղության ժամանակ զանգվածն ինչպե՞ս կարող է դրսեւորել իր մեծահոգությունն ու մարդկային արժանապատվությունը։ Հասարակ մարդկանց նույնիսկ եզակի վեհ դրսեւորումներին, եթե բարեհաճում ենք նկատել դրանք, մենք նայում ենք երբեմն անվտահության ժպիտով, երբեմն պարզապես թերահավատությամբ, իսկ երբեմն էլ ուղղակի կասկածանքով։ Իսկ եթե ինչ-որ մեկի հերոսությանը հավատանք, ապա իսկույն աղմուկ կբարձրացնենք, ինչպես մի չտեսնված, տարօրինակ բանից, եւ ի՞նչ է ստացվում՝ մեր զարմանքն ու մեր գովեստը նման են արհամարհանքի։ Պատերազմի ժամանակ այս ամենը ինքն իրեն չքվում է, եւ վրա է հասնում հերոսության կատարյալ հավաարությունը։ Հեղված արյունը կարեւոր բան է։ Վեհության սխրանքը փոխադարձաբար ամենաամուր կապն է ստեղծում անհավասարների եւ դասակարգերի միջեւ։ Տասներկու թվականին կալվածատերն ու գեղջուկը ուս-ուսի կռվելով ավելի մոտ էին իրար, քան իրենց գյուղում, իրենց խաղաղ կալվածքում։ Պատերազմը զանգվածի համար ինքն իրեն հարգելու առիթ է, դրա համար էլ ժողովուրդը սիրում է պատերազմը․ նա պատերազմի մասին երգեր է հորինում եւ հետո երկար ժամանակ առասպելներ ու պատմություններ է պատմում պատերազմի մասին․․․ Հեղված արյունը կարեւոր բան է։ Չէ, մեր ժամանակներում պատերազմը անհրաժեշտ է, առանց պատերազմի աշխարհը կփլվեր կամ կվերածվեր ինչ-որ լորձի, ինչ-որ նենգ ցեխի՝ վարակված թարախոտ վերքերով․․․

Ես, իհարկե, դադարեցի վիճել։ Երազողների հետ վիճել չի կարելի։ Սակայն կա մի տարօրինակ փաստ՝ հիմա սկսում են վիճել եւ դատողություններ անել բաների մաին, որ, թվում էր, վաղուց լուծված են ու պահոց նետված։ Հիմա այդ ամենը դուրս են հանում նորից։ Կարեւորն այն է, որ դա ամենուր է։

Ծանոթագրություններ

1 Նեպտունը հայտնաբերել է գերմանացի աստղագետ Գ․ Գալլեն 1864 թվականի սեպտեմբերի 23-ին՝ ֆրանսիացի աստղագետ Լեւերյեի մաթեմատիկական հաշվարկներով՝ հիմնված Ուրանի շարժման մեջ նկատվող փոփոխություների վրա։ Այս գիտական հայտնագործությունը ընդունված իբրեւ մարդկային մտքի հաղթանակ եւ մեծ հանրային հետաքրքրություն հարուցեց։

2 Դոստոեւսկին չափազանց բարձր էր գնահատում Ռաֆայելի Սիքստինյան Աստվածամորը, այս ստեղծագործությունը հաճախ է հիշատակվում նրա գործերում, ինչպես նաեւ Ռաֆայելի «Աստվածամայրը աթոռին», Հոլբեյնի եւ Մուրիլյոյի աստվածամայրերը։

3 Նրանք իրենց սուսերներից խոփեր պիտի ձուլեն, եւ իրենց սուիններից՝ մանգաղներ. ազգ ազգի վրայ սուր չպիտի բարձրացնի,եւ նրանք այլեւս չեն սովորելու պատերազմել։ (Եսայի, 2:4)

4 1963-64 թվականների լեհական ասպտամբության կապակցությամբ Ֆրանսիայի եւ Անգլիայի կառավարությունները բարդ դիվանագիտական խաղ էին վարում՝ ելնելով իրենց շահերից եւ ձգտելով թուլացնել Ռուսաստանի միջազգային դիրքերը։ 1863 թվականին նրանք երեք անգամ դիմել են ցարական կառավարությանը կտրուկ եւ սպառնալից նոտաներով, որոնցում պահանջում էին Լեհական հարցը տեղափոխել եվրոպական Կոնգրես եւ պայմաններ էին դնում Լեհաստանում բարեփոխումների առիթով։ Պետերբուրգում հասկանում էին, որ ոչ Անգլիան, ոչ Ֆրանիան, որ կապված էր այդ ժամանակ Մեքսիկայում ընթացող պատերազմով, մտադիր չէին պատերազմել Ռուսաստանի հետ հանուն Լեհաստանի, եւ նոտաները հաշվի չառան։

5 ժամանակավորապես թեթեւացնող, սակայն հիվանդությունը չբուժող

Թարգմանությունը՝ Արփի Ոսկանյանի

Please follow and like us: