ԱՆԴՐԵՅ ՊԼԱՏՈՆՈՎ / Էլի մայր

– Իսկ երբ մեծանամ, դպրոց չեմ գնա: – Արտյոմն ասաց մորը՝ Եվդոկիա Ալեքսեևնային։ -Ճի՞շտ է, մայրիկ:

-Ճիշտ է, ճիշտ է, – պատասխանեց մայրը: -Ինչի՞ համար է պետք գնալ:

-Ինչի՞ գնամ: Ոչնչի: Թե չէ`  ես կգնամ, և դու կկարոտես ինձ: Չէ,  ավելի լավ է՝ պետք չի:

-Պետք չի, – ասաց մայրը, – պետք չի:

Իսկ երբ անցավ ամառը, և Արտյոմը դարձավ յոթ տարեկան, Եվդոկիա Ալեքսեևնան բռնեց որդու ձեռքից և տարավ դպրոց։ Արտյոմն ուզում էր հեռանալ մորից, բայց չկարողացավ ձեռքը մոր ձեռքից հանել. մոր ձեռքն այժմ ամուր էր, իսկ առաջ՝ փափուկ։

-Դե լավ , – ասաց Արտյոմը։ – Բայց ես շուտով տուն կգամ: Իրո՞ք, շուտով:

-Շուտով, շուտով, – պատասխանեց մայրը: – Մի քիչ կսովորես ու տուն կգնաս։

-Մի քիչ,- համաձայնեց Արտյոմը: – Չկարոտես ինձ տանը:

– Չէ, տղաս, չեմ կարոտի:

-Չէ, դու մի փոքր կարոտիր, – ասաց Արտյոմը: – Քեզ համար ավելի լավ կլինի, թե չէ`ո՞նց կլինի: Եվ կարիք չկա խաղալիքները հավաքել անկյունից. ես անմիջապես կգամ և կխաղամ, վազելով տուն կգամ:

-Եվ ես քեզ կսպասեմ, – ասաց մայրը, – ես քեզ համար այսօր մի քանի նրբաբլիթ կթխեմ:

-Ինձ կսպասե՞ս: – Արտյոմն ուրախացավ: – Աչքդ ճամփիս կլինի, վա՜յ քեզ։ Մի՛ լացիր ինձ համար, մի՛ վախեցիր և տես` հանկարծ չմեռնես, պարզապես սպասիր ինձ:

– Լավ, – ծիծաղեց Արտյոմի մայրը: – Ես կսպասեմ քեզ, սիրելիս, գուցե չմեռնեմ:

-Դու շնչիր ու համբերիր, էդ դեպքում չես մեռնի,- ասաց Արտյոմը։ -Տես, ինչպես  եմ ես շնչում, այդպես էլ դու:

Մայրը հառաչեց, կանգ առավ և որդուն ցույց տվեց հեռուն։ Այնտեղ, փողոցի վերջում, կանգնած էր  նոր մեծ փայտե դպրոցը, այն ամբողջ ամառվա ընթացքում կառուցում էին, իսկ դպրոցի հետևից սկսվում էր մութ սաղարթավոր անտառը։ Դպրոցն այստեղից դեռ հեռու էր, տների երկար շարք էր ձգվում`  տասը-տասնմեկ բակ։

-Հիմա գնա մենակ, – ասաց մայրը: – Սովորիր մենակ քայլելուն: Դպրոցը տեսնու՞մ ես։

– Բա ոնց: Ահա այն։

-Դե գնա, գնա, Արտյոմուշկա, գնա մենակ: Լսիր այնտեղ ուսուցչուհուն, նա այնտեղ իմ տեղը կլինի։

Արտյոմը մտածեց.

-Ոչ, նա քո տեղը չի լինի ,- կամաց ասաց Արտյոմը,- նա օտար է:

-Կվարժվես, Ապոլինարիա Նիկոլաևնան հարազատի պես կլինի : Դե գնա:

Մայրը համբուրեց Արտյոմի ճակատը, և նա միայնակ քայլեց։

Հեռանալով՝ նա ետ նայեց մորը։ Մայրը կանգնել էր տեղում և նայում էր նրան։ Արտյոմն ուզում էր մոր համար լացել ու վերադառնալ նրա մոտ, բայց նորից առաջ գնաց, որ մայրը իրենից չնեղանա։ Ու մայրն էլ էր ուզում Արտյոմի հետևից հասնել, ձեռքը բռնել ու հետը տուն վերադառնալ, բայց ուղղակի հառաչեց ու մենակ գնաց տուն։

Շուտով Արտյոմը նորից շրջվեց մորը նայելու, բայց նա այլևս չէր երևում։

Եվ նա նորից մենակ գնաց ու լաց եղավ։ Այնուհետև սագը ցանկապատի հետևից դուրս հանեց վիզը, քրթմնջաց և կտուցով կտցեց Արտյոմի տաբատը և միևնույն ժամանակ բռնեց նրա ոտքի կենդանի մաշկը։ Արտյոմը մի կողմ փախավ՝  փրկվելով սագից։ «Սրանք սարսափելի վայրի թռչուններ են,- որոշեց Արտյոմը,- նրանք ապրում են արծիվների հետ միասին»:

Մեկ այլ բակում դարպասը բաց էր։ Արտյոմը տեսավ բրդոտ կենդանու, մարմնին կպած կռատուկի պտուղներով. կենդանին պոչով էր կանգնել դեպի Արտյոմը, բայց միևնույնն է զայրացած էր և տեսնում էր նրան։

«Ո՞վ է սա, – մտածեց Արտյոմը,- գայլ, թե՞ ինչ»: Արտյոմը ետ նայեց այն ուղղությամբ, ուր գնացել էր մայրը, որ տեսնի, թե արդյոք նրան այնտեղ կարելի է տեսնել, թե չէ  գայլը կվազի այնտեղ։ Մայրը տեսանելի չէր, նա պետք է արդեն տանը լիներ, դա լավ էր, գայլը նրան չէր ուտի: Հանկարծ բրդոտ կենդանին գլուխը շրջեց և լուռ, ատամներով լի բերանը բացեց Արտյոմի վրա։

Արտյոմը ճանաչեց Ժուչկային` շանը։

-Ժուչկա, դու՞ ես:

-Ռռռռ – պատասխանեց գայլ շունը:

– Դու միայն կպիր, – ասաց Արտյոմը։ -Միայն կպիր: Գիտե՞ս, թե այդ ժամանակ ինչ կլինի քեզ հետ: Ես գնում եմ դպրոց, ահա, այն երևում է:

– Մմմ, – հեզ ասաց Ժուրկան և շարժեց պոչը:

– Էհ, դպրոցին դեռ շատ կա: – Հոգոց հանեց Արտյոմը և առաջ անցավ:

Ինչ-որ մեկը հանկարծակի ու ցավոտ հարվածեց Արտյոմի այտին, կարծես խրվեց այտը և անմիջապես դուրս եկավ։

-Է՞ս ով էր: – Արտյոմը վախեցավ։ -Ինչի՞ ես կռվում, թե չէ՝ ես էլ քեզ… ես պետք է գնամ դպրոց: Ես աշակերտ եմ, տեսնում ես:

Նա նայեց շուրջը, բայց ոչ ոք չկար, միայն քամին էր խշշացնում թափված տերևները։

– Թաքնվե՞լ ես, – ասաց Արտեյոմը։ – Դուրս արի:

Գետնին ընկած էր մի գեր բզեզ։ Արտյոմը վերցրեց այն, հետո դրեց կռատուկի տերևի վրա։

-Դու էի՞ր ինձ վրա քամուց ընկել։ Ապրիր հիմա, արագ ապրիր, թե չէ ձմեռը կգա։

Այս ասելով՝ Արտյոմը վազեց դպրոց, որ չուշանա։ Սկզբում նա վազեց ցանկապատի մոտ գտնվող արահետով, և այնտեղից ինչ-որ կենդանի տաք շունչ փչեց նրա վրա և ասաց. «Ֆուր-ֆուրչի»:

-Ինձ մի՛ կպիր, ես ժամանակ չունեմ, – պատասխանեց Արտյոմն ու դուրս վազեց փողոցի մեջտեղը։

Տղաները նստած էին դպրոցի բակում։ Արտյոմը նրանց չէր ճանաչում, այլ գյուղից էին եկել, երևի վաղուց էին սովորում և բոլորը խելացի էին, քանի որ Արտյոմը չէր հասկանում, թե ինչ են ասում։

-Թավ տառատեսակը գիտե՞ս: Տես է՜, – ասաց մի տղա ուրիշ գյուղից։

Եվ մյուս երկուսն ասացին.

-Աֆանասի Պետրովիչը մեզ ցույց տվեց թեփուկաթևավոր միջատներ։

– Մենք արդեն անցել ենք դա: Մենք թռչուններին ենք ուսումնասիրել, մինչև անգամ իրենց փորոտիքը:

-Դու միայն փորոտիքին եք հասել, իսկ մենք անգամ թռչունների չուն ենք անցել:

«Իսկ ես ոչինչ չգիտեմ,- մտածեց Արտյոմը,- ես միայն մայրիկիս եմ սիրում: Փախչեմ տուն»:

Զանգը հնչեց. ուսուցիչ Ապոլինարիա Նիկոլաևնան դուրս եկավ դպրոցի պատշգամբ, և երբ զանգը հնչեց, ասաց.

– Բարև երեխաներ: Եկեք այստեղ, եկեք ինձ մոտ:

Բոլոր երեխաները գնացին դպրոց, միայն Արտյոմը մնաց բակում։ Ապոլինարիա Նիկոլաևնան մոտեցավ նրան.

– Իսկ դու ի՞նչ է, վախեցար թե՞ ինչ:

-Ես ուզում եմ տեսնել մայրիկիս,- ասաց Արտյոմն ու դեմքը ծածկեց թևով։ -Ինձ արագ տար մեր բակ:

– Ոչ, ոչ, – պատասխանեց ուսուցիչը: -Դպրոցում ես եմ քո մայրը :

Նա թևատակերից բռնեց Արտյոմին, բարձրացրեց իր գիրկը և տարավ։

Արտյոմը կզգուշորեն նայեց ուսուցչուհուն՝ տես ինչպիսին էր նա՝ սպիտակ դեմք ուներ, բարի աչքերը զվարթ նայում էին իրեն, ասես ուզում էր իր հետ խաղ խաղալ, ինչպես փոքրիկ աղջիկ։ Եվ նա նույն հոտն ուներ, ինչ մայրը, տաք հացի ու չոր խոտի հոտ։

Դասարանում Ապոլինարիա Նիկոլաևնան ուզում էր Արտյոմին նստեցնել գրասեղանի մոտ, բայց նա վախից սեղմվեց նրան և ձեռքից չիջավ:  Ապոլինարիա Նիկոլաևնան նստեց սեղանի մոտ և սկսեց սովորեցնել երեխաներին, իսկ Արտյոմին թողեց իր ծնկներին։

-Ի՜նչ գեր բադաքլոր է նրա ծնկներին նստած, – ասաց մի տղա:

-Ես գեր չեմ, – պատասխանեց Արտյոմը, – արծիվն ինձ կծեց , ես վիրավոր եմ:

Նա իջավ ուսուցչուհու գրկից և նստեց գրասեղանի մոտ։

-Որտե՞ղ, – հարցրեց ուսուցիչը: -Որտե՞ղ է քո վերքը: Ցույց տուր ինձ, ցույց տուր:

-Ահա՛։ – Արտեմը ոտքի վրա ցույց տվեց  այն տեղը, որտեղ կտցել էր սագը:

Ուսուցիչը զննեց ոտքը.

– Կդիմանա՞ս մինչև դասի ավարտը:

-Կապրեմ,-խոստացավ Արտյոմը:

Արտյոմը դասի ժամանակ չէր լսում, թե ինչ է խոսում ուսուցչուհին: Նա պատուհանից դուրս էր նայում մի հեռավոր սպիտակ ամպի. այն երկնքով լողում էր  դեպի այնտեղ, որտեղ մայրն էր ապրում իրենց հարազատ խրճիթում: Նա ո՞ղջ է։ Մի՞թե նա ինչ-որ բանից չի մահացել. Դարիա տատիկն, ահա,  միանգամից մահացավ գարնանը: Կամ գուցե առանց իրեն  իրենց խրճիթը բռնկվել է, քանի որ Արտյոմը վաղուց գնացել է տնից, ինչ ասես կարող է լինել։

Ուսուցիչը տեսավ տղայի անհանգստությունը և հարցրեց նրան.

-Ի՞նչ ես մտածում, Արտյոմ Ֆեդոտով, ի՞նչ ես հիմա մտածում։ Ինչո՞ւ չես լսում ինձ։

-Վախենում եմ կրակից, մեր տունը կվառվի:

– Չի վառվի: Կոլտնտեսությունում մարդիկ նայում են, կրակը կմարեն։

-Առանց ինձ կմարե՞ն, – հարցրեց Արտյոմը:

-Գլուխ կհանեն:

Դասից հետո Արտյոմն առաջինը վազեց դեպի տուն։

-Սպասիր, սպասիր, – ասաց Ապոլինարիա Նիկոլաևնան: -Վերադարձիր, դու վիրավոր ես:

Իսկ տղաներն ասացին.

– Տես է,  հաշմանդամ է, բայց վազում է:

Արտյոմը կանգ առավ դռան մոտ, ուսուցիչը մոտեցավ նրան, բռնեց նրա ձեռքն ու տարավ իր հետ։ Նա ապրում էր դպրոցի սենյակներում, միայն մեկ այլ շքամուտքում: Ապոլինարիա Նիկոլաևնայի սենյակներից ծաղիկների հոտ էր գալիս, պահարանի սպասքը հանգիստ զրնգում էր, և ամենուր մաքուր էր:

Ապոլինարիա Նիկոլաևնան Արտյոմին նստեցրեց աթոռի վրա, ոտքը լվաց տաշտի տաք ջրով և սպիտակ փաթաթանով վիրակապեց սագի կտցածից մնացած կարմիր բիծը:

-Մայրդ վշտանալու է, – ասաց Ապոլինարիա Նիկոլաևնան: – Ո՜նց է վշտանալու:

– Չի վշտանա, – պատասխանեց Արտյոմը:  – Նա նրբաբլիթներ է թխում:

-Չէ, կվշտանա։ Էհ, կասի, թե Արտյոմն ինչո՞ւ է այսօր դպրոց գնացել։ Նա այնտեղ ոչինչ չսովորեց, իսկ գնացել էր սովորելու, դա նշանակում է, որ նա խաբել է մորը, նշանակում է, որ նա ինձ չի սիրում,  կասի նա և ինքն իրեն լաց կլինի:

– Ճիշտ է, –  վախեցավ Արտյոմը:

– Ճիշտ է, արի հիմա սովորենք:

-Միայն մի քիչ,- ասաց Արտյոմը:

-Լավ, մի քիչ,- համաձայնեց ուսուցչուհին: -Դե, արի այստեղ, վիրավոր:

Նա վերցրեց նրան իր գիրկը և տարավ դասարան: Արտյոմը վախեցավ ընկնել ու կառչեց ուսուցչուհուց։ Նա նորից զգաց նույն հանդարտ ու բարի հոտը, որ զգում էր մոր մոտ, և մոտից իրեն նայող անծանոթ աչքերը զայրացած չէին, ասես վաղուց ծանոթ էին։ «Սարսափելի չէ», – մտածեց Արտյոմը:

Դասարանում Ապոլինարիա Նիկոլաևնան գրատախտակին գրեց մեկ բառ և ասաց.

-Այսպես է գրվում «մայր» բառը։ – Եվ նա ասաց, որ գրի այդ տառերը տետրում:

-Սա ի՞մ մոր մասին է, – հարցրեց Արտյոմը:

-Քո մոր։

Հետո Արտյոմը զգուշությամբ սկսեց տետրում նկարել նույն տառերը, ինչ գրատախտակի վրա էին։ Փորձեց, բայց ձեռքը նրան չէր հնազանդվում. նա համոզում էր նրան, թե ինչպես է պետք գրել, իսկ ձեռքը զբոսնում էր  ինքնուրույն և խզբզանքներ գրում, որոնք նման չէին «մայր»-ին: Բարկանալով՝ Արտյոմը նորից ու նորից գրում էր մայր խորհրդանշող չորս տառերը, և ուսուցչուհին իր ուրախ հայացքը չէր կտրում նրանից։

-Ստացվեց, – ասաց Ապոլինարիա Նիկոլաևնան:

Նա տեսավ, որ Արտյոմն այժմ կարողանում է լավ և հավասար գրել տառերը։

– Էլի սովորեցրու, – ասաց Արտյոմը: – Սա ի՞նչ տառ է. Այսպես` բռնակներ տակառի վրա:

-Սա «Ֆ»-ն է, – ասաց Ապոլինարիա Նիկոլաևնան:

– Իսկ թավ տառատեսակն ի՞նչ է:

-Իսկ դրանք այ այսպիսի հաստ տառերն են։

-Կերած-խմա՞ծ, – հարցրեց Արտյոմը: -Էլ ոչինչ չե՞ս  սովորեցնելու:

-Ինչպե՞ս թե  «ոչինչ»: Տես, թե ինչպիսին ես դու, – ասաց ուսուցչուհին: -Էլի գրիր:

Նա գրատախտակին գրեց «Հայրենիք»։

Արտյոմը սկսեց բառը արտագրել տետրում, բայց հանկարծ քարացավ ու լսեց։

Փողոցում ինչ-որ մեկը սարսափելի, ողբալի ձայնով ասաց. «Ո՜Ւ», իսկ հետո ինչ-որ տեղից, ասես գետնի տակից՝ «Ն-ն-ն»:

Եվ Արտյոմը պատուհանում տեսավ ցլի սեւ գլուխը։ Ցուլը  արյունոտ աչքով նայեց Արտյոմին ու քայլեց դեպի դպրոցը։

– Մայրի՜կ, – բղավեց Արտյոմը:

Ուսուցիչը բռնեց տղային և սեղմեց կրծքին։

-Մի՛ վախեցիր,- ասաց նա։. -Մի՛ վախեցիր, փոքրիկս։ Ես քեզ նրան չեմ տա, նա քեզ ձեռք չի տա։

-Ո՜Ւ, – գվվաց ցուլը:

Արտյոմը ձեռքերը փաթաթեց Ապոլինարիա Նիկոլաևնայի պարանոցին, և նա ձեռքը դրեց Արտյոմի գլխին։

– Ցուլին կքշեմ:

Արտյոմը չհավատաց դրան.

-Այո: Բայց դու մայրս չես։

– Մայր եմ… Հիմա մայր եմ:

-Դու  էլ ես մայր։  Մայրիկը այնտեղ է, և դու՝ էլի մեկը,  այստեղ ես:

– Էլի մեկը,  մայր եմ:

Մտրակով, հողոտ մի ծերունի մտավ դասարան,  նա խոնարհվեց և ասաց.

-Բարև, տնատերեր: Կվաս կամ ջուր չունե՞ք խմելու, ճանապարհը չոր էր։

-Ո՞վ եք դուք, որտեղի՞ց,- հարցրեց Ապոլինարիա Նիկոլաևնան:

-Հեռուներից, – պատասխանեց ծերունին: -Մենք առաջ ենք գնում,  տոհմական ցուլերին քշում ենք ըստ պլանի։ Լսո՞ւմ եք, թե ոնց են ներսում գվվում։ Դաժան գազաններ։

– Ձեր այդ ցուլերը կարող են երեխաներին խեղել, – ասաց Ապոլինարիա Նիկոլաևնան:

– Չէ մի, – վիրավորվեց ծերունին: – Բա ե՞ս ինչարած եմ այստեղ։  Ես էրեխեքին կպահպանեմ։

Ծեր նախրապանը խմեց եռացրած ջրից, կես բաք խմեց,  պայուսակից հանեց կարմիր խնձորը,  տվեց Արտյոմին։ «Կեր,- ասաց նա,- ատամներդ սրիր»,- և գնաց:

-Ես էլի մայրեր ունե՞մ, – հարցրեց Արտեմը: – Ինչ-որ տեղ հեռու հեռվում։

-Ունես, – պատասխանեց ուսուցչուհին: -Նրանք շատ են:

-Ինչի համար են այդքանը։

-Նրա համար, որ ցուլը քեզ չպոզահարի: Մեր ամբողջ Հայրենիքն «էլի»  մայր է քեզ համար։

Շուտով Արտյոմը գնաց տուն, իսկ հաջորդ առավոտ շուտ պատրաստվեց դպրոցին։

– Ո՞ւր ես գնում, դեռ շուտ է,- ասաց մայրը։

– Այո,  բայց այնտեղ  ուսուցչուհի Ապոլինարիա Նիկոլաևնան է, – պատասխանեց Արտյոմը։

-Հետո ինչ, որ ուսուցչուհին է։ Նա բարի է:

-Նա, երևի  արդեն կարոտել է,- ասաց Արտյոմը: – Ես պետք է գնամ։

Մայրը կռացավ դեպի որդին ու ճանապարհելով համբուրեց նրան։

-Դե գնա կամաց: Սովորիր այնտեղ և մեծացիր։

Please follow and like us: