Արփի Ոսկանյան

Արփի Ոսկանյան/Հայ պոեզիայի անթոլոգիա։ Բովանդակություն (պոեմ)

Հայոց պատմություն………………………………………1Մատյան ողբերգության ……………………………….101Վերք Հայաստանի  ……………………………………. 102Սիրեցի, յարս տարան ………………………………….103Հացի խնդիր ……………………………………………  200Անտունի ………………………………………………… 209Օտար,

Արփի Ոսկանյան/Մինչեւ աքաղաղի կանչելը

Արթնացա դռան զանգից։ Դեռ մութ էր։ Ընկերուհիս մեռելի պես քնած էր։ Թվաց երևի՝ մտածեցի։ Դեպքերից հետո մեկ-երկու անգամ պատահել էր։ Բայց նորից զանգեցին։ Ոտնաթաթերի վրա մոտեցա դիտանցքին։ Չհասցրի նայել, «Ոստիկանությունից ենք, բացեք»՝ ասին։ Ընկերուհուս արագ ծածկեցի ու կասկածներ չհարուցելու համար, թե ինչ-որ բան եմ թաքցնում, իսկույն բացեցի դուռը՝ առանց վրաս շոր գցելու, գիշերանոցով։ Երկուսն էին։ Մեկը ներկայացավ որպես  գլխավոր ոստիկանապետ, մյուսը՝ որպես ոստիկանապետի տեղակալ։ Հայտնեցին, որ Հանրապետության նախագահը հրավիրում է ինձ իր նստավայր։ – Շատ բարի,- ասի,- շնորհակալ եմ։ Ժպտացի հնարավորինս լայն՝ դրանով հայտնելով ցտեսությունս։ Ոստիկանները նույնպես ժպտացին, բայց երևում էր՝ հեռանալու միտք չունեն։ – Կներեք, չեմ կարող ներս հրավիրել,- ասացի հնարավորինս անվրդով,- տունս թափթփված է… Այս ժամին հյուր չէի սպասում։ Ոչինչ չպատասխանեցին։ Էլի ժպտացի։ Ժպտացին ի պատասխան։ Դուռը չէի կարող փակել, կանգնած ինչ-որ բանի էին սպասում։ Ակնհայտ էր, որ խոսակցությունը կիսատ է։ – Ճաշի՞ եմ հրավիրված, թե՞ ընթրիքի,- հարցրի՝ ճարպկորեն շրջանցելով հիմնական հարցը, թե ինչ նպատակով եմ հրավիրված։ Ոստիկանները զարմացած իրար նայեցին, հետո ինձ, և նրանց հայացքում հեգնանք ու լկտիություն հայտնվեց։ – Լավ, ե՞րբ. այսօ՞ր, վա՞ղը, մյո՞ւս օրը… Թե՞ երբ կամենամ։ – Հիմա,- ասաց ոստիկանապետը,- մեզ հետ։ – Հիմա՞… – Հի-մա, հի-մա, հի-մա…- հեգնանքով հեգեց տեղակալը։ – Բայց դեռ չի լուսացել,- չհասկանալու տվեցի տեղակալի ակնարկը,- ես դեռ չեմ արթնացել, ատամենրս չեմ լվացել, սուրճ չեմ խմել։ Հետո…  Մի քիչ լավ չեմ ինձ զգում… Միգուցե մի ուրի՞շ օր…- ու դարձյալ ժպտացի։ Ոստիկանները նույնպես ժպտացին։ Ցույց տալով, թե բարեհամբույր լռությունն ընկալեցի որպես համաձայնության նշան, որ կարող եմ նախագահին հյուրընկալվել իմ ուզած ժամին, իմ ուզած օրը կամ ընդհանրապես չհյուրընկալվել, եթե չուզեմ, ասացի. – Հոգաչափ շնորհակալ եմ։ Ցտեսություն։ Դեմքի մեղավոր արտահայտությամբ ու ձեռքի շարժումով, որ միասին նշանակում էին՝ մեկ անգամ էլ կներեք ներս չհրավիրելու համար, փակեցի դուռը։ Բայց դռան արանքում բան կար՝  ոստիկանական կոշիկ, ինչպես պարզվեց։ Մեղավոր ժպիտով ու հարցական հայացքով նորից բացեցի դուռը։ – Հետևեք մեզ,- լսվեց։ – Հարց չկա,- ասացի՝ լիակատար համաձայնություն արտահայտող ձայնով՝ հասկացնելով, որ հրաժեշտս թյուրըմբռնման արդյունք էր,- հագնվեմ, սանրվեմ ու անմիջապես հետևեմ ձեզ։