Ռևազ Ինանիշվիլի/Միրանդուխտ

Խանութում երեք բաժին կար, երեք վաճառող էր աշխատում․ երկու կին՝ Մարոն ու Մարգալիտան և մեկ տղամարդ՝ Գերոնտին։

Մի փոքրիկ աղջիկ ներս մտավ։ Նա մոտ տասը-տասնմեկ տարեկան էր, գնաց Գերոնտիի բաժնի մոտ ու հարցրեց ծեր կնոջը.

– Վերջինը Դո՞ւք եք։

– Ես եմ, բալե՛ս։

Աղջիկը հնազանդորեն կանգնեց նրա հետևում։

Հերթը մեծ չէր՝ հինգ-վեց հոգի։ Շատ բան չէին գնել։ Արագ էին առաջանում։  Ծեր կինը կշռել տվեց կես կիլոգրամ «Սիրողական» նրբերշիկը, երկու հարյուր գրամ «Ռուսական» պանիր վերցրեց և քառասուներկու կոպեկի մանանեխ։

Գերոնտին ճարպկորեն գցեց  համրիչի հատերը և ասաց պառավին.

– Երկու և ութսուն:

Ծեր կինը երեքմանեթանոց փոխանցեց։

– Երկու մանեթ վաթսունմեկ կոպեկ, – ասաց աղջիկը:

– Ի՞նչ,- Գերոնտին առաջ եկավ։

– Երկու մանեթ վաթսունմեկ կոպեկ, – հանգիստ կրկնեց աղջիկը։

Գերոնտին անհանգստացավ։

– Լսի՛ր, աղջի՛կ ջան, գիտե՞ս՝ ինչ կասեմ։

– Գիտեմ։

– Ի՞նչ գիտես, ի՞նչ։

– Ի՞նչ… երկու մանեթ ու վաթսունմեկ կոպեկ և ոչ  թե ութսուն։

Գերոնտին նետվեց համրիչի կողմ։

– Մանեթ և քառասունհինգ՝ նրբերշիկը, երկու անգամ երեսունյոթ՝ պանիրը, քառասուներկու՝ մանանեխը:

– Երկու մանեթ, վաթսունմեկ կոպեկ,- նորից ասաց աղջիկը։

Կարմրած Գերոնտին ետ տարավ  համրիչի հատերը ու նորից սկսեց հաշվել։ Երկու մանեթ վաթսունմեկ կոպեկ ստացվեց։

– Մի քիչ արագ, արագացրեք,- վերջից կանչեց ակնոցավոր տղամարդը։

Գերոնտին տարեց կնոջ մանրադրամը վերադարձրեց ու հայացքը սևեռեց աղջկա վրա։

– Ասա՛՝ ինչ ես ուզում։

– Ինձնից մի նեղացեք,- ասաց աղջիկը:

Գերոնտը վեր կացավ ու նայեց աղջկան։ Նա մի բարակ, նուրբ աղջիկ էր՝ անփայլ, կապույտ աչքերով և մի փոքր ցից քթով։ Ձախ ձեռքում ցանց էր բռնել, աջում՝ հինգ մանեթանոց և կարագի կտրոն։ Նա շատ հանգիստ կանգնած էր։

– Հրամայի՛ր՝ ինչ մատուցեմ քեզ,- Գերոնտին հնազանդություն խաղաց։

– Տո՛ւր ինձ երկու հարյուր հիսուն գրամ երշիկ, երկու հարյուր գրամ «շվեյցարական» պանիր և մեկ կտրոնի  կարագ։

Գերոնտին չարչարվեց ու հազիվ դարձրեց ուղիղ երկու հարյուր հիսուն գրամ նրբերշիկ, հետո՝ երկու հարյուր գրամ պանիր։ Կարագը կշռելու կարիք չուներ, փաթեթավորված էր երկու հարյուրական  գրամով, երեք տուփ փոխանցեց  աղջկան։

Մոտեցավ համրիչին, զգուշորեն հաշվեց հատերը։ Երկչոտ ասաց.

– Երեք ու յոթանասուն:

– Երեք մանեթ, վաթսունյոթ կոպեկ։

– Վա՜յ, այ մարդ,- Գերոնտին բացականչեց և նորից պատրաստվեց հաշվել։ Մտափոխվեց,- տո՛ւր, բալե՛ս, ինչքան ուզում ես․․․ Ու գնա՛, գործ ունեմ անելու։

Գերոնտին ճիշտ վերադարձրեց մանրը։ Աղջիկը գնաց։ Բոլորը նայում էին։

Չէ՞ որ նա փոքր էր ու բարակ, բայց  քայլում էր տիկնոջ պես՝ մեջքը ուղիղ։ Շեկ, ուղիղ մազերը «ձիու պոչ» էր կապել։

– Դրա մայրը բա ինչ կլինի․․․ Աստված հեռու պահի,-ասաց պահարանի պես լայն կինը։

– Չքնաղ աղջիկ է,-ասաց մեկը:

– Ի՞նչ։

Ոչ ոք ձայն չհանեց.

-Ես նրանից մեծ թոռ ունեմ, չես կարող ստիպել, որ մեծերի մոտ գլուխը բարձրացնի,- կողքից կանգնածին ասում էր ալեհեր կինը, ասես ինչ-որ բեռ էր տանում ուսերին։

– Իմ աղջիկն էլ։

– Դաստիարակությունն է  ամեն ինչ։

Գերոնտին դեռ չէր հաղթահարել իր զայրույթը։ Նրա ձեռքերը դողում էին։

– Էն  ժամանակ ճիշտ արած կլինեի, որ ընդհանրապես  ոչինչ չտայի: Ինչո՞ւ են էդ տարիքի երեխաներին ուղարկում խանութ։ Մայր չունե՞ն, հայր չունե՞ն։

– Զբաղված են։

– Դե լավ, հա, զբաղված են։

– Համ էլ գործ արեք, ընկերներ, գործը մի մոռացեք,-լսվեց ինչ-որ մեկի ձայնը։

Եվ այսպես սկսվեց այդ օրվանից։

Հայտնվում էր աղջիկը, և վաճառողուհիները՝ Մարոն և Մարգալիտան, ծիծաղելով տեղեկացնում էին Գերոնտիին.

– Գալիս է, Գերոնտի՛, գալիս է։

Գերոնտին չէր հանձնվում։

– Բարով է գալիս։

– Պինդ կա՛ց։

– Դրա՞ նմանների եմ տեսե՞ լ,-վճռական ասում էր Գերոնտին, բայց, այնուամենայնիվ, երևում էր, որ շատ էր անհանգստանում․․․

Աղջկա կարմիր պլաստիկ ցանցը միշտ կախված էր ձախ թևից։  Երկար, կոկիկ կիսաշրջազգեստը ծածկում էր նրա սրունքների կեսը։ Ոչ թե գալիս էր, այլ համենում էր։

Ձիգ-ձիգ, անշարժ ուսերով մտնում  էր խանութ և կարծես լուսավորում էր անհաղորդ աչքերով։  Վաճառողուհիները շունչները պահած և մեծ հետաքրքրությամբ սպասում էին, թե ինչ է լինելու։ Աղջիկը գնում էր Գերոնտիի մոտ ու հանգիստ կանգնում։

– Տվե՛ք… երեք հարյուր վաթսուն գրամ նրբերշիկ։

– Էլի սկսեց,– Գերոնտին  ձեռքերն անզոր իջեցնում էր։ Մարոն ու Մարգալիտան արդեն ծիծաղից խեղդվում էին:

– Ձեր կշեռքը ունի տասը գրամանոց  սանդղակներ։ Երեք հարյուր վաթսուն գրամ երշիկ, երկու հարյուր երեսուն գրամ պանիր։

– Լավ էլի, աղջիկ, լավ էլի։  

– Ասա կա՛մ երկու հարյուր, կա՛մ երեք հարյուր։ Սադիստ ես, ինչ ես։

–Ի՞նչ է նշանակում սադիստ:

– Չարչարող, բռնակալ,- ձայնը բարձրացնում էր Գերոնտին։

– Շնորհակալություն, ես կհիշեմ այս բառը։

Մարոն ու Մարգալիտան թաշկինակներ էին փնտրում՝ արցունքները սրբելու համար։ Գերոնտին չարչարվում էր, կշռելուց էլ էր չարչարվում, հաշվել էլ չէր կարողանում։ Աղջիկն էր թելադրում նրան, թե ինչը ինչքան է։ Գերոնտին կույրի պես վերցնում էր փողը, դողալով ետ տալիս մանրը, իսկ երբ աղջիկը գնում էր, նա ուժասպառ նստում էր։

– Վա՜յ, այ մարդ, որոշ մարդիկ  ինչ ծուռ աստղի վրա են ծնվում,- գոգնոցի փեշն էր դնում քրտնած ճակատին:

Մարոն և Մարգալիտան խորհուրդ էին տալիս.

–Դու պիտի տեղափոխվես, Գերոնտի՛, թե չէ էստեղ քեզ մի բան կպատահի։

– Արդեն  պատահեց ու վերջ։ Էլ ոչինչ չեմ կարող հաշվել։ Կարծես խելքս կորցրել  եմ։ Ինձ թվում է՝ միշտ սխալվում եմ։ Իսկ այդ լակոտը աչքը չի թարթում։ Նրա աչքերում իսկական կախարդանք կա։

Անցնում էր մի երկու օր, Գերոնտին հանդարտվում էր, ու աղջիկը նորից հայտնվում էր, նորից հանգիստ տիկնոջ պես մտնում էր խանութ։ Գերոնտին մարտական ​​դիրք էր բռնում, Մարոն ու Մարգալիտան պատրաստվում էին հերթական տեսարանը դիտելուն։ Աղջիկը սկսում էր՝ երեք հարյուր երեսուն՝ սա, երկու հարյուր ութսուն՝ նա, հարյուր երեսուն …

Գերոնտին ամբողջովին խեղճացել էր։

– Արի՛,  ձրի  տա՛ր ամեն ինչ, էլի:

– Ինչու՞ ձրի:

– Մայր չունե՞ս, թող մայրիկդ գա քո փոխարեն:

– Մայրիկն այլ գործեր ունի անելու։

–Էդ դեպքում կիմանամ՝ որ դպրոցում ես սովորում ու ինքս կգնամ տնօրենի մոտ։

– Ինչպես կամենաք։

Բայց Գերոնտին այլևս դպրոց գնալու կարիք չուներ։ Եվ նա ակնհայտորեն կարծես հանգստացել էր։  Նրա դեմքը նույնպես հանգստացավ։ Կարծես ավելի մաքուր էր սափրվում ու մաքուր հագնվում։ Նա նույնիսկ սկսեց փողկապ կապել։ Գեղեցիկ  սանրում էր իր ալեհեր մազերը։ Նաև ավելի քաղաքավարի դարձավ գնորդների նկատմամբ։ 

Մարոն ու Մարգալիտան մեկ-երկու անգամ խաբեցին՝ գալիս է, գալիս է։ Գերոնտին կարմրում էր։ Հետո, երբ տեսնում էր, որ ստում են, ուղղվում էր ու ասում՝ թող գա։

Աշնանային տաք օրերը փոխարինվեցին ձմեռային ցուրտ օրերով։ Քամին էլ փչեց։ Փողոցները լցված էին թափված տերևներով։ Բակն ավլողները  հայհոյում էին քամուն։ 

Եվ մի առավոտ, երբ քամին դադարեց, ձյուն եկավ։ Տարուբերվում էին տափակ-տափակ փաթիլները, բայց գետնին հասնելուն պես հալչում էին։  Եվ այս ձնառատ օրը հայտնվեց աղջիկը։ Տաք, երկար վերարկու էր հագին, տաք, գործած գլխարկ էր գլխին, համարյա մինչև հոնքերը իջեցված, տաք, երկարաճիտ կոշիկնորով, էլի հանգիստ քայլերով էր գալիս, ուսերը չէր ձգում վեր։   Երբ Գերոնտին տեսավ աղջկան, իսկույն կարմրեց, բայց ժպտաց։ Մարոն և Մարգալիտան բացականչեցին.

– Մեզ թանկագին հյուր է այցելել։

Աղջիկը անփայլ ժպիտով նայեց կանանց ու մոտեցավ Գերոնտիին։ Գերոնտին ինչ-որ բան էր կշռում, բայց կշեռքի փոխարեն նայում էր աղջկան ու ժպտում։

– Ինչպե՞ս եք-հարցրեց աղջկան մեծի նման։

Աղջիկը նույնպես ժպտում էր զարմանալի գեղեցիկ ժպիտով։  Նա ուներ զարմանալի  գեղեցիկ շուրթեր ու ատամներ, զարմանալի գեղեցիկ, բարի աչքեր, ինչ-որ լուսավոր բան կար դեմքին տարածված։

–Դուք լա՞վ եք, ես հիվանդ էի, քութեշ ունեի։ Հիմա լավ եմ։

– Վա՜յ, – բացականչեց Գերոնտին, – ես էլ զարմացել էի։

– Ինչի՞ց էիք զարմացել։

– Որ այլևս չէիք երևում։

– Այլևս չէի չարչարում Ձեզ։ 

– Դե չէ, ի՜նչ չարչարել։ Դու լավ եղիր, դա ի՞նչ չարչարանք։

– Այսօրվանից ինձ միշտ լավ կպահեմ։

– Առաջ ինչո՞վ էիր վատ պահում, որ։

Աղջիկը ծիծաղում էր։

Մարոն ու Մարգալիտան շշմած նայում էին։

– Այսօր տվեք՝ երկու հարյուր գրամ «շվեյցարական» պանիր, երկու հարյուր գրամ նրբերշիկ։

– Սերվիլա՞դ, սերվիլադ ունեմ,- Գերոնտին վաճառասեղանի տակից սերվիլադ հանեց,- հետն էլ ծիծաղում էր,- երկու հարյուր վաթսուն գրամ  չե՞ս ուզում, կամ  հարյուր իննսունյոթ:

– Չէ, էլ պետք չէ,- աղջիկն էլ էր ծիծաղում:

– Այ, այդքան քիչ եք ուտում, դրա համար էլ նիհար եք։

– Ինձ չի կարելի գիրանալ: Առանց այն էլ,- աղջիկը այտերը փքեց:

– Ի՞նչ, ինչու՞։

– Բալետի պարուհի պիտի դառնամ։

– Վա˜խ, օպերայու՞մ։

– Եթե կարողանամ, օպերայում։

– Դու ի՞նչ չես կարող անել, դու ի՞նչ չես կարող,- մեջքը ուղղեց Գերոնտին,- եթե ինչ-որ հարց  լինի, ինձնից չքաշվես։ Ես էստեղ եմ։

– Շնորհակալ եմ, շնորհակալ եմ,- աղջիկը նայեց ներքևից ու ծիծաղեց,- Ահա, ինչ լավն եք հիմա:

– Այլևս ոչ ոքի չդիմեք բարկացած։ Առավել ևս կանանց։

– Ե՞ս, բարկացա՞ծ։

Աղջիկը տոպրակի մեջ դրեց գեղեցիկ փաթեթավորված պանիրն ու նրբերշիկը։ Նա բարձրացրեց ձեռքը և ժպտալով գնաց դեպի դուռը։  Երբ հասավ դռան մոտ, Գերոնտին կանչեց.

– Անունդ ի՞նչ է, անունդ։

– Միրանդուխտ։

– Այսինքն Միրա՞, Միրանդա՞։

– Ո՛չ, Միրանդուխտ։

– Վա˜խ։

Աղջիկը նորից բարձրացրեց իր գեղեցիկ ձեռքը և մատները թափահարելով դուրս եկավ ձյան մեջ։

Մարոն ու Մարգալիտան քթերը կախ կանգնած էին։ Ընդմիջմանը կանայք ու Գերոնտին փոքրիկ սեղանի շուրջ էին նստել, և Գերոնտին ասաց.

– Ի՞նչ է մարդը: Այդ աղջիկն ինձ բարկացնում  էր, չէ՞։ Բարկացնում էր, բայց համ էլ սթափեցնում։ Նրա հայտնվելուն պես պարզ տեսա իմ աղջիկների թերությունները։ Ես նրանց կրակի կաթսայի մեջ եմ գցում, թող կա՛մ քայլել սովորեն, կա՛մ իրենց պահել: Ես էլ..․ ես էլ նստած ամբողջ օրը հաշիվ եմ անում։  

Մարոն ու Մարգալիտան խոստովանեցին։

– Հանճարեղ աղջիկ է,- ու միասին հացը թաթախեցին յուղոտ թավայի մեջ,- իսկական հանճար։ Ինչպես է հաշվարկում, դե գիտեք, մեքենայի պես: Ռա-տա-տա-տա, ու ճիշտ է։

Միրանդուխտն ու Գերոնտը այդ օրվանից հիանալի ընկերներ են։ Գերոնտը Միրանդուխտի համար որոշ բաներ էր առանձնացնում: Միայն թե դեռ ոչինչ չի հավանել։  Միրանդուխտը կրկին գնում է այն, ինչ ցուցադրված է վաճառասեղանին:

Եվ ևս մի բան. Գերոնտին ուզում է Միրանդուխտին հրավիրել իր աղջիկների մոտ՝ Նախալովկա, բայց չի համարձակվում։ Գերոնտին փայտե եռահարկ տուն ունի փոքրիկ այգում։ Իսկ Միրանդուխտը, կարծում է, միշտ  մարմարե աստիճաններով է վեր ու վար անում և հմայիչ կերպով իր փոքրիկ, գեղեցիկ ձեռքով բարևում իրեն հանդիպողներին։ Դե ինչպե՞ս նման աղջկան Նախալովկայում հյուրընկալել։ Օ՜, օ՜, օ՜․․․

Թարգմանությունը՝ Ասյա Դարբինյանի

Please follow and like us: