ԱՆԴՐԵՅ ՊԼԱՏՈՆՈՎ/ՄՏՔԻ ՊՈԵՄ

Երկրի վրա այնքան լուռ է, որ աստղեր են ընկնում։  Մեր սրտում մենք կրում ենք մեր թախիծն ու անհնարինի ծարավը։ Սիրտը արմատ է, որից աճում ու աճում է մարդը, այն հավերժական հույսի ու սիրահարվածության օրանն է։  Ամենամեծ հրաշքն այն է, որ մենք դեռ ապրում ենք,  ապրում ենք սառը անդունդում,  սև, ամայի փոսում՝ աստղերով ու կրակներով լի։  Քաոսում, որտեղ մոլորակները իրար են բախվում ինչպես թմբուկները, որտեղ արևներ են պայթում, որտեղ պտտվում է կրակոտ հորձանուտը, մենք ավելի ուրախ ենք ապրում։ Բայց ամեն ինչ փոխվում է, ամեն ինչ տրվում է հզոր աշխատանքին։ Ահա նստել ենք ու մտածում ենք։  Եթե  դուք երջանիկ լինեիք, այստեղ չէիք գա։  Սառը, անապատային քամին գրկում է երկիրը, և մարդիկ սեղմվում են իրար․ յուրաքանչյուրը շշնջում է մյուսին իր հուսահատության ու հույսի, իր կասկածների մասին, և մյուսը մեռյալի պես է լսում։  Յուրաքանչյուրը մյուսի մեջ իր սիրտն է ճանաչում, և նա լսում է ու լսում։

Եթե աշխարհն այնպիսին է, ինչպիսին կա, դա լավ է։  ԵՎ մենք ապրում ենք և ուրախանում, որովհետև մարդու հոգին միշտ հարսնացուին փնտրող փեսացու է։  Մեր կյանքը միշտ սիրահարություն է, բարձր կրակոտ գույն, որի համար ողջ տիեզերքի խոնավությունը քիչ է։  Բայց թաքուն, ներանձնական միտք կա, մեր մեջ խորը ջրհոր կա։ Մենք այնտեղ տեսնում ենք, որ այս կյանքը,  այս աշխարհը  կարող էին այլ լինել՝ ավելի լավը ու հրաշալին, քան կան։ Անհաշիվ ուղիներ կան, իսկ մենք միայն մեկով ենք գնում։  Այլ ուղիներն ընկած են ամայի և ընդարձակ, նրանց վրա ոչ ոք չկա։ Իսկ մենք սիրող, ծիծաղող ամբոխով քայլում ենք մի պատահական ճամփով։  Բայց կան ուրիշները, ուղիղ և երկար ճանապարհներ։ Եվ մենք կարող էինք դրանցով քայլել։ Տիեզերքը կարող էր ուրիշ լինել,  և մարդը կարող էր այն դարձնել դեպի լավագույն ճանապարհը։  Իսկ դա չկա, և միգուցե  չլինի էլ։ Այդ մտքից սիրտը փակվում է և կյանքը սառչում։ Ամեն ինչ կարող էր այլ լինել, ավելի լավը, վեհ, բայց երբեք չի լինի։

Ինչո՞ւ չի կարող փրկվել աշխարհը, այսինքն անցնել այլ ճանապարհ, ինչո՞ւ է այն այդքան հուզվում, փոփոխվում, բայց դոփում է տեղում։  Որովհետև չի կարող նրա մոտ գալ փրկիչը և, երբ գա, եթե գա, չի կարող ապրել այս աշխարհում, որ փրկի այն։

Բայց ուզո՞ւմ է աշխարհն իր փրկությունը։ Գուցե նրա ոչինչ պետք չէ, բացի իրենից, և նա գոհ է, գոհ, ինչպես դագաղի մեջ պառկածը։

Բայց տեսեք։ Մենք մարդ ենք, մենք այս լույս աշխարհի պատիվն ենք, և ո~նց ենք խեղճանում։ Միշտ ուտում ենք և էլի ենք ուզում ուտել։ Սիրում ենք, մոռանում և նորից ենք սիրահարվում մեր կրակոտ արյամբ։ Աճում է ու թոշնում ցողունը, վառվում է ու մարում աստղը, ծնվում է, ծիծաղում ու մահանում մարդը։ Բայց այս ամենը տեսիլքէ, կյանքի խափուսիկ ամպածածկույթը։

Բայց երբ կյանքը լարված է մինչև երկինքը, լցված է մինչև պռունկը, հասել է իր սահմանին, այդժամ այն չի ուզում դա։  Երեկոյան լռությունը մահացու է։ Աղջկա ու թափառականի երգն անարտահայտելի են․ մարդու հոգին չի հանդուրժում իրեն։  Ցերեկը երկինքը մոխրագույն է, իսկ գիշերը այն փայլում է, ինչպես ջրհորի հատակը, և անհնար է դրան նայել։  

Մեծ կյանքը չի կարող ակնթարթից երկար տևել։  Կյանքը հրճվանքի շող է և նորից հորձանուտ, որտեղ բոլոր ճանապարհները դեպի անսահմանություն խճճված են ու բաց։

Աշխարհը անհանգիստ է, հոգնած և զայրացած նրանից, որ մի պահ պայթեց ու չմարեց անմիջապես, լույսից հետո, որ լուսավորեց բոլոր խորքերը մինչև հատակը, այլ մխում է ու մխում, վառվում է ու չի վառվում և պիտի սառչի մի ամբողջ հավերժություն։

Սա է միայն նրա մեղքը։  Կյանքի մահացու բարձրունքից հետո՝ սիրո ու պայծառատես մտքի, կյանքը լցվում է և անոթը նրա պետք է շրջվի։ Այդպիսի մարդը ամեն ինչ սիրել է ու  իմացել մինչև վերջին հրճվանքը, և նրա մարմինը պատռվում է հրճվանքի հրեղեն ուժից։  Նա այլևս անելիք չունի։

Աշխարհը չի ապրում, այլ մխում է։  Այս է նրա հանցանքը և անուղղելի մեղքը։ Որովհետև կյանքը ակնթարթից երկար չպիտի տևի, որքան ավելի է երկարում, այնքան ավելի է ծանրանում։  Հիմա տիեզերքը ճիշտ դժոխքի ճամփին է։ Խոտի ու մարդու մեջ ավելի ու ավելի է թանձրանում խելագարությունը։ Առեղծվածները բազմապատկվում են, և դրանք արդեն չի ճեղքում մտքի խոյը։ Տառապանքից տիեզերքի դեմքն ավելի մաքուր ու գեղեցիկ է, երեկոյան լռությունն ավելի անձայն,  բայց սրտում նրանց համար բավարար սեր չկա։

Ինչո՞ւ պայթեց արևը․ այրվում է ու այրվում։ Այն պետք է բոցից կապույտ դառնար և չվերապրեր ակնթարթը։  Տիեզերքը բոցավառ պահ է, որը ճեղքել անցել է և վերադասավորել է քաոսը։  Բայց տիեզերքի ուժն այն ժամանակ է ուժ, երբ կետրոնացած է մեկ հարվածում։

Please follow and like us:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *