Արփի Ոսկանյան / Ողջերին թող թաղեն ողջերը

Հաճախ, իսկ ավելի ստույգ՝ միշտ, գրոհին հետևում է նահանջը, և երբեք՝ հաղթանակը, որովհետև հաղթանակը միշտ քայլում է գրոհի հետ, և գրոհը հենց հաղթանակն է։ Բայց գրոհի ու հաղթանակի մեջ գալիս է մի պահ, երբ զգում ենք, որ ողջ ենք ու մեր նախնիների, ծնողների, Աստծո ու բնության առաջ պարտավոր ենք փրկել մեզ։ Այդպես մի օր ծանր սրտով հեռացա Ազատության հրապարակից, Հյուսիսային պողոտայից, դատարանների առջևից ու սկսեցի շրջանցել բոլոր այն վայրերը, որտեղ մարդիկ՝ իմ ընկերները, իմ սիրելիներն ու իմ հարգելիները, շարունակում էին հուսահատ ու խելագար պայքարը։ Բարության, լույսի, արևի, սիրո կարոտով ներսից փակեցի տանս դուռը, անջատեցի հեռախոսներս, նստեցի համակարգչի մոտ ու գրանցվեցի սոցիալական կայքերում։

Միշտ խուսափել ու ճարպկորեն խուսանավել եմ մանկության ընկերների, հին սիրածների, համակուրսեցիների ու համադասարանցիների հետ հանդիպումներից՝ նրանց ընկալելով իբրև անցյալի գործակալներ, որոնց հիմնական առաքելությունը մեր կյանքի ընթացքը կասեցնելն է։ Տատս մի պատմություն ուներ հնարամիտ պառավի մասին, որ խաբում էր մահվանը ու ամեն անգամ նրանից թաքնվելու մի տարօրինակ ձև գտնում։ Այդ պառավի պես պախկվոցի եմ խաղացել անցյալիս հետ. միշտ գողեգող ու ծպտված եմ այցելել ծանոթ վայրերը, միշտ՝ բացահայտվելու սարսափով։ Ինչպես գողը, որի գողոնը ինքն է, քայլել եմ արագ ու աննկատ, պատերի ու ծառերի ստվերում թաքնվելով, վախենալով, որ ինչ-որ մեկը կտա անունս, կստիպի ինձ կանգ առնել, շրջվել… Քայլել եմ առանց հետ շրջվելու, առանց հուշ պահելու՝ միշտ իմանալով, որ անցյալը մահն է, որ կրնկակոխ հետապնդում է ինձ, ինչպես ահռելի չափերի մի միջատ, և պարբերաբար ճմրթել, նրա երախն եմ նետել բոլոր նվաճումներս ու կորուստներս, սիրելի ու ատելի մարդկանց՝ իմ կյանքը, ինչպես չստացված պատմվածք։

Սոցիալական կայքերում գրանցվելս արդյո՞ք նշանակում էր, որ էլ փախչելու տեղ չունեմ, թե՞ հոգնել էի փախչելուց, միգուցե դա պարզապես ինքնասպանության իմ վաղեմի երազանքի իրականացումն էր։ Երբ կանգ առա ու շրջվեցի, ինձ հետապնդող չկար։ Այն, ինչ բացվեց իմ դեմ իբրև սեփական անցյալ, կատարելապես անծանոթ վայր էր, որտեղ ոչինչ չէր հուշում այն մասին, որ ես եղել եմ։ Հայտնաբերված լինելու սարսափը փոխարինվեց այլ սարսափով՝ որ ինձ ոչ ոք չի հայտնաբերի, որ իմ դեմքը նույնքան անծանոթ է մյուսներին, որքան մյուսներինը՝ ինձ։

Կյանքում դու կարող ես ոչ մի ընկեր չունենալ, բայց ոչ այս կայքերում։ Հեռավոր ծանոթներս դառնում են ընկերներս։ Ընկերներ են դառնում թշնամիներս։ Ես ընդունում եմ բոլոր ընկերության առաջարկները, որովհետև այս կայքերում ընկերներն են վավերացնում քո գոյությունը, նույնիսկ այնպիսի ընկերները, ինչպիսին են Անկախ Հայաստանը, Անուն Ազգանունը, Տխուր փողոցի վերջին լուսաբացը, Սիրահարները, բազմաթիվ դասական ու մեռած գրողներ։ Մարդիկ, ում հետ կյանքում երկու բառ փոխանակած չկամ, խոսում են ինձ հետ իրենց նվիրական ցանկություններից ու արատավոր հակումներից։ Մեկը գրում է նույնիսկ, որ վերջերս ներքին մի մղումով այցելում է գերեզմաններ, երկար նստում անծանոթ մարդկանց տապանաքարերին, խոսում նրանց հետ։ Ես ուզում եմ կատակել, բայց իսկույն հիշում եմ տատիս լքված հողաթումբը, որը գերեզմանոցում երկար շրջելուց հետո ես, մայրս, քեռիս հազիվ գտանք։

Մի տարվա մեջ տատս ձուլվել էր անէությանը. հազիվ նշմարելի թմբի վրա ինչ-որ անհայտ արարած իր ոտնահետքն էր թողել, և միայն էգնահողից մնացած խնկաթասն էր հուշում, որ այդտեղ գերեզման է։ Քեռիս բողոքում էր քաղաքապետարանից և հարևան մեռելներից, որ հայկական սովորության համաձայն ընդարձակել էին իրենց տարածքները տատիս հաշվին։ Մայրս, արցունքն աչքերին, կիսաջնջված, օտար անվամբ ժանգոտած ցուցանակն էր փորձում հարմարացնել հողաթմբին՝ այն նորից չկորցնելու համար։ Ես մտածում էի՝ ահա մի գերեզման, որ անմնացորդ պատկանում է մեռելին։ Մորս ու քեռուս հետ կատարած այցից հետո չեմ այցելել նրան, իսկ դա նշանակում է, որ ոչ ոք չի այցելել՝ բացի բանվորներից, ում մայրս մեկնելուց առաջ տապանաքար էր պատվիրել։ Պատկերացնում եմ՝ ոնց են երեք-չորս անծանոթ տղամարդ ցեխ հեղում տատիս վրա, գործն իմացողի ու սիրողի փութաջանությամբ, կոպտորեն, անփութորեն ու քնքուշ՝ նրա մարմնի վրա, որին քսանհինգ տարեկանից ի վեր տղամարդու ձեռք չի կպել։

Ճիշտ այդքան է եղել 37 թվին, երբ ամուսնուն տարել են։ Տատս չի կտրել մազերը, որ ամուսնու աշխարհից ոչ մի մազ չպակասի, որ վերադարձին անփոփոխ գտնի իրեն, ու անտղամարդ մնացած իր մարմինը սփոփել է տղամարդու ծանր աշխատանքով։ Տատս սպասել է ամեն օր, ամեն օր սանրել ու հուսել մինչև կրունկները հասնող մազերը, այդ մազերով գնացել քաղհանի, խոտհունձի ու հասկ հավաքելու, այդ մազերը լվանալու համար գլխին հավաքել գյուղի բոլոր կանանց ու անջուր գյուղի ամբողջ ջուրը, և միայն քսան տարի հետո է իմացել, որ ամուսնուն տանելու հաջորդ օրն արդեն գնդակահարած են եղել։ Բայց տատս շարունակել է սպասել։ Որովհետև սպասելը ապրեցնող է։

Ես փորձում եմ հիշել այն ընկերներիս անուն-ազգանունները, որոնց հանգամանքների բերումով կորցրել եմ, բայց կուզենայի գտնել։ Մտքումս միայն դասընկերներիս անուն-ազգանուններն են։ Ինչո՞ւ ենք մենք հիշում այդ մարդկանց անուն-ազգանունները ամբողջ կյանքում, երբ ընդամենը կյանքի սկզբում ենք հանդիպել նրանց, և նրանց ամեն օր հանդիպելը մեր կամքով չի եղել։ Փնտրում և գտնում եմ նրանց։ Բոլորը կանայք ու տղամարդիկ են, բոլորի դեմքին կյանքը հետք է թողել։ Ես նայում եմ իմ լուսանկարները, և իմ աղջկական կերպարը, իմ անկնճիռ ճակատը, իմ տասնվեց տարեկանի դեմքը ինձ սկսում են անհեթեթ թվալ։ Կյանքը ամեն անգամ մաքուր էջից սկսելու և անցյալից ոչինչ չպահելու արդյունքում ինչ-որ կարևոր բան եմ կորցրել, ինչ-որ բան բաց եմ թողել, ինչ-որ բան չեմ յուրացրել։ Նայում եմ իմ լուսանկարները նրանց աչքով և փորձում զգալ՝ ինչ են մտածում նրանք։ Նրանք խանդավառված չեն թվում, նույնիսկ ընկերանալ չեն շտապում։ Եվ ինչո՞ւ էր ինձ թվում, թե միայն ես եմ խուսափում դասընկերներից։ Կա՞ մեկը, որն իր համադասարանցիներին հանդիպելով իրեն երջանիկ զգա։

«Ո՞նց ես, որտե՞ղ ես ապրում, ինչո՞վ ես զբաղվում, կյանքդ ո՞նց ա»,– հարցնում է առաջին սերս, և այդ հարցաշարը ինձ հուսահատության մեջ է գցում։ Առաջին սերը մարդու կյանքում իսկապես բացառիկ նշանակություն ունի։ Առաջին սիրուն հնարավոր չէ ասել անգամ այն, ինչ ինքդ քեզ կասես։

Երբ փոքր ժամանակ ասում էին, թե տատիս նման եմ, բողոքում էի, հրաժարվում, չէի ուզում նրան նման լինել։ Տատս չէր կարողացել իրեն անփոփոխ պահել ամուսնու գնալուց հետո, տատս ի վերջո կտրել էր մազերը, և նրա մարմինը այլանդակվել էր ապրելուց, բայց դա չէր պատճառը, որ չէի ցանկանում նրան նման լինել։ Ինչ-որ բան այն չէր նրա հանդեպ ունեցած մեր հարգանքի մեջ, ինչպես բավարար չափով հարգված չեն այն կանայք, ում կողքին տղամարդ չի լինում։ Ընդունված չափանիշների համաձայն տատս դժբախտ էր, նրա կյանքը՝ չստացված։ Չստացված կյանքն էր, որ չէի ցանկանում վերցնել։

Երբեք տատիս այդքան հաճախակի հիշած չկայի, որքան սոցիալական կայքերում գրանցվելուց հետո։ Երևի այս կայքերը ինչ-որ կերպ կապված են մահվան հետ, ինչպես տատս էր կապված մահվանը, երբ դեռ ողջ էր։ Տատս մահացավ 95 տարեկանում, բայց նրա մահից առնվազն քսան տարի առաջ ես համարյա թաղել էի նրան։ Փոքր երեխա էի ու սարսափում էի նրա հետ մենակ մնալուց, ու երբ մայրս թողնում էր ինձ նրա հետ, ասում էի՝ տատ, խնդրում եմ՝ իմ ներկայությամբ չմեռնես։ «Այ շաշ,– ասում էր տատս,– ես անմահ եմ»։ Ու մահից պախկվող հնարամիտ պառավի առակն էր պատմում։

Տատիս մահն իմ մեջ ցավ չհարուցեց։ Ես տարիներ շարունակ ողբում էի տատիս համար, նրա չստացված կյանքի ու անխուսափելի մահվան, պատկերացնում էի այն օրը, երբ մահը կհաղթի տատիս, կբռնացնի նրան, ու տատս փախչելու տեղ չի ունենա։ Բայց երբ տեսա նրան դագաղում պառկած, երբևէ նրան այցելության չեկած ծանոթ-բարեկամներով շրջապատված, լացս չեկավ։ Տխրություն անգամ չկար։ Տատս կատարյալ էր։ Կատարյալ էին տատիս դիմագծերը, կատարյալ էր նրա փոքրիկ մարմինը, կատարյալ էր նրա հանդարտությունը։ Տատս ապրել էր իր կյանքը։ Ու ես, նրա կողքին նստած, չէի կարողանում լացել։ Եվ զարմանում էի, որ տատիս զառամյալ քույրը կարողանում է։ Մտածում էի՝ երևի ես եմ կորցրել լացելու ունակությունը՝ մինչ այն պահը, երբ տատիս քույրը սրբեց արտասուքն ու ինձ դառնալով հարցրեց. «Կյանքդ ո՞նց ա»։ Աչքերս հանկարծ լցվեցին։ Ամաչում էի ու ուզում էի զսպել արցունքներս, բայց չեղավ։ Մեռած տատիս վրա լացս չէր գալիս, ինձ վրա եկավ։ Լացում էի հոնգուր-հոնգուր, ինձ վրա էի լացում՝ ապրողիս, անկատարիս…

Ստացված կյանք, չստացված կյանք, հաջողակ մարդ, անհաջողակ… Իսկ երբ կյանքդ ստացվել է, բայց դու երջանիկ չե՞ս։ Ամեն անգամ, երբ երջանիկ չլինելու գիտակցումը մեջդ գլուխ է բարձրացնում, հիշիր, որ կյանքդ ստացվել է։ Բոլորը ցուցադրում են իրենց կյանքը՝ իրենց ամուսիններին ու կանանց, իրենց երեխաներին, իրենց աշխատատեղերը, իրենց տան կահ-կարասին, ինչպես հաղթական ավարն են ցուցադրում, բոլորը փորձում են ասել՝ ես երջանիկ եմ, բայց բոլորի դեմքին տխրություն կա, ու այդ տխրությունը այնպես է միավորում բոլորին, որ սկսում ես գիտակցել՝ քո համադասարանցիները նրանք չեն, ում հետ տասը տարի դպրոց ես հաճախել, այլ այս միլիոնավոր անծանոթ մարդիկ։

Ես նայում եմ առաջին սիրուս լուսանկարներին ու փորձում պատկերացնել՝ ինչպիսին կլինի մեր հանդիպումը։ Եթե մեր ուղիները դպրոցում խաչված չլինեին, այլևս երբեք չէին խաչվի, ու հասկանում եմ, որ ոչինչ չեմ կարողանալու գրել մարդուն, ում անվերջանալի երկար նամակներ էի գրում ժամանակին։ Հետո իմ լուսանկարներն եմ նայում՝ փորձելով պատկերացնել, թե ինչ է նա մտածում՝ դրանք նայելով։ Իմ նկարների մեջ, նույնիսկ ամենաուրախների, միշտ մի տեսակ տխրության շղարշ կա, ինչպես վաղամեռիկ կանանց այն լուսանկարներում, որ փակցված են լինում նրանց նախկին բնակարանների պատերին։ Ես սարսափած հեռանում եմ համակարգչից ու մոտենում պատուհանին։ Դրսում գարուն է։

Չէ, սոցիալական կայքերը ոչ թե կապված են մահվան հետ, այլ հենց մահն են, ավելի ճիշտ՝ կյանքը մահից հետո։ Սա անդրաշխարհն է, մի ահռելի գերեզմանոց։ Բոլոր այս լուսանկարները, որ հիշեցնում են տապանաքարերի վրա արված լուսանկարներ, տապանագրեր հիշեցնող ստատուսները… Այս անտանելի տխրությունը։ Անգամ քաղաքական բախումները, թշնամանքը, լեզվակռիվը, միմյանց արգելափակելը չեն կարողանում չեզոքացնել այդ տխրությունը։ Բոլորն այստեղ կորուստ ունեն, և յուրաքանչյուրի կորուստը ինքն է։

Ինձ գրում է XY-ը, նա չունի ոչ մի լուսանկար, ասում է, թե կորցրել է իր դեմքը։ Ես հավատում եմ, բայց մեռելի համար անընդունելի է անուն ու դեմք չունենալը։ Վերագտիր քո դեմքն ու անունը՝ ասում եմ ես նրան և թեթևացած շունչ եմ քաշում. ես ունեմ լուսանկար, ունեմ անուն, ազգանուն անգամ, ես ունեմ ընկերներ, ընկերների ընկերներ, անդամակցում եմ խմբերի, հավանել եմ էջեր, որոնք հուշում են իմ հետաքրքրությունների ու քաղաքական հայացքների մասին, գրանցված եմ դպրոցներում ու ինստիտուտներում, որտեղ սովորել եմ, այսինքն՝ ունեմ կենսագրություն, և շահեկանորեն տարբերվում եմ այդ ոգիներից։ Ես միանգամայն օրինակարգ մեռել եմ։

Քսանհինգ տարեկանում որոշեցի տղամարդ չունենալ։ Ամուսին չէի ունեցել, ու նրան չէին խլել ինձնից, բայց ես էլ երկար մազերս չէի կտրում, ամեն օր սանրում-հյուսում էի ու սպասում։ Տատիս մեծահոգությունը չունեի, որ մարդու սպասեմ, մարդկանց իրենց անկատարությունը ներել չկարողացա, իմ միակ, իսկական սիրածին էի սպասում՝ մահվանը։ Բայց գիտեի, որ մահն ավելի շուտ տատիս կայցելի և անընդհատ փորձում էի պատկերացնել, թե ինչ է մտածում տատս, թե ինչեր են անցնում մահվանն ամեն օր սպասող մարդու մտքով։ Բայց տատս չէր սպասում մահվանը, նա ապրում էր ու սիրում էր կյանքը։ «Բա մարդ էս լուսավոր աշխարհը կթողնի, կգնա-կպառկի էն թաց, մութ փոսո՞ւմ»,– ասում էր տատս, ու ես ինձ մեղավոր էի զգում, մտածում էի՝ անարդարացի է, որ նա, ով ուզում է ապրել, ստիպված է մեռնել, իսկ նա, ով ուզում է մեռնել, դեռ պիտի ապրի ու ապրի։

Զատիկի օրերին բոլորը մոռանում են թշնամանքն ու քաղաքական ինտրիգները, բոլորը գրում . «Քրիստոս հարյավ ի մեռելոց, մեզի, ձեզի մեծ ավետիս»։ Զատիկը սոցիալական կայքերի գլխավոր տոնն է, և դա պատահական չէ, Քրիստոսի հարությունը բոլորիս հույս է ներշնչում, որ մի օր մեզ էլ կհաջողվի կրկնել նրա սխրանքը։ Շատ բան պետք չէ դրա համար, ընդամենն անհրաժեշտ է ջնջել սեփական հաշիվը և դուրս գալ տնից։ Ես հեռանում եմ համակարգչից ու նայում պատուհանից։ Դրսում գարուն է, ծառերը ծաղկել են, մարդիկ տարօրինակ աշխուժությամբ այսուայնկողմ են վազվզում։ Ոչ մի հետաքրքիր բան։ Ես քաշում եմ վարագույրը և նստում համակարգչի մոտ. ողջերին թող թաղեն ողջերը։

Երբ տատս անկողին ընկավ, ու մահն արդեն որոշակի էր, գնում, նստում էի կողքին ու բռնում ձեռքը։ Տատս ինձ չէր ճանաչում։ Երևի որպես հրեշտակ էր ընդունում։ Իր կյանքն էր պատմում։ «Դու կիմանաս,– ասում էր,– Շողերին՝ տեգրակնկաս»։ Հա, ասում էի, տատ, գիտեմ, ու չէի խաբում, որովհետև գիտեի Շողերին, գիտեի տատիս բոլոր հալածողներին, գիտեի բոլոր պատիժները, որ Աստված սահմանել էր տատիս համար ու տատս պատվով էր կրել։ Գիտեի ժողովրդի թշնամու կին լինելու, ամուսնուն երկար տարիներ սպասելու, երկար մազերը անջուր գյուղում լվանալու, գիտեի կյանքն անտղամարդ ապրելու, ծանր աշխատանքի, հոգնության, մենակության ամբողջ տառապանքը։ Գիտեի այնպես, ասես իսկապես էլ հրեշտակ լինեի։

Մի գիշերվա մեջ՝ հոգեհանգստից մինչև թաղում, տատիս դեմքին դառը ժպիտ էր հայտնվել՝ մի քիչ քամահրալից, մի քիչ հանդիմանական։ Տատիս տրամադրությունը մի գիշերում փոխվել էր։ Այնքան կենդանի էր դեմքի արտահայտությունը, որ թվում էր՝ տատս աչքերը կբացի ու մի վերջին, հանդիմանական հայացք կնետի մեզ՝ ապրողներիս վրա։ Հնարավոր է՝ մի երկու խոսք էլ ասի՝ հեգնական ու կծու։ Երբ դագաղի կափարիչը փակեց նրա դեմքն ու մեզ ազատեց նրա ժպիտից, նրա հանդիմանանքից ու արհամարհանքից, կանայք շրջվեցին ու հեռացան՝ թեթևակի ակնարկելով, որ գնամ իրենց հետ։ Ավանդույթը արգելում է կանանց ներկա գտնվել, երբ դագաղն իջեցնում են փոսը, բայց ես մնացի դագաղի կողքին։ Ու տեսա՝ ոնց մի քանի սևազգեստ տղամարդ, տարօրինակ ժրաջանությամբ, գործն իմացողի պես իջեցրին փոսը տատիս մարմինը, որին քսանհինգ տարեկանից ի վեր տղամարդու ձեռք չէր կպել։ Իջեցնելիս մի պահ դագաղը թեքվեց ու կափարիչը բացեց տատիս դեմքը։ Տղամարդիկ անվերծանելի ձայներ հանեցին, որ առօրյա կյանքում հայհոյանքների տեսքով դուրս կգային նրանց բերանից։ Ու անմիջապես ինձ նկատեցին։ «Գնա ստեղից,– ասաց ինչ-որ մեկը ու իմ առարկումներին ի պատասխան հավելեց,– հարմար չի, որ մնաս, կարգն ա տենց»։ Ես թողեցի տատիս մարմինը սևազգեստ, առնական, բորբոքված տղամարդկանց ձեռքերում ու շրջվեցի, բայց մինչև հիմա աչքիս առաջ է տատիս դեմքը, որ կափարիչը շտապեց փակել և ժպիտը, որ դուրս սողաց ընկնող կափարիչի տակից։ Այդ ժպիտը ասում էր՝ կա միայն մահ, մենք բոլորս մեռած ենք, վաղուց կատարված է մեր մահը, մենք տարբերվում ենք միայն մեռածության աստիճանով։

Սոցիալական կայքերում որոնման տողում գրեցի տատիս անունը՝ Մանիկ Վանյան։ Ոչ ոք չկար։ Լատինատառ և ռուսատառ էլ փորձեցի։ Բայց չեմ հուսահատվում, երևի ինչ-որ տառասխալ եմ արել։ Պատահել է հո, որ չեմ կարողացել գտնել մարդկանց, ովքեր եղել են այստեղ։ Մի օր, գիտեմ, տատս ինձ հյուր կգա, կհայտնվի ընկերներիս ցանկում, հնարավոր է նույնիսկ գրություն թողնի պատիս։ Այստեղ մենք տատ ու թոռ չենք լինի, այլ ընկերներ, որ կարդում են միմյանց մտքերը։ Եվ ես շարունակում եմ ապրել իմ կյանքը կայքում՝ հուսալով, որ այդ օրը մոտ է։

 

«Չի վաճառվում» գրքից

Please follow and like us: