Միխայիլ Զոշչենկո/Մուրացկանը

Մի մուրացկան սովորություն էր դարձրել այցելել ինձ։ Աժդահա տղա էր, ծունկը ծալեր, տաբատի կարերը կտրաքեին, համ էլ լկտի էր՝ էն աստիճանի, որ պատկերացնելու չի։

Բռունցքներով ծեծում էր դուռս ու ոչ թե ընդունված ձևով ասում՝ «մի բանով օգնեք, քաղաքացի», այլ․ 

– Քաղաքացի, գործազուրկը կարո՞ղ է ստանալ:

Ողորմություն տվեցի նրան մեկ, երկու, երեք անգամ։ Ի վերջո ասում եմ.

– Առ, ախպեր, հիսուն կոպեկը վերցրու ու բարի եղիր՝ ինձ հանգիստ թող։ Խանգարում ես  աշխատել: Մեկ շաբաթից շուտ աչքիս չերևաս։

Ուղիղ մեկ շաբաթ անց մուրացկանը նորից հայտնվեց։ Բարևեց ինձ ձեռքով, ոնց որ հին ծանոթի։ Հարցրեց՝ ինչ եմ գրում:

Ես նրան հիսուն կոպեկ տվեցի։ Մուրացկանը գլխով արեց ու հեռացավ։

Եվ շաբաթը մեկ՝ ուրբաթ օրերին, նա գալիս էր ինձ մոտ, ստանում էր իր հիսուն կոպեկը, սեղմում ձեռքս ու հեռանում։

Մի անգամ էլ փողը ստանալուց հետո ոտը դռան մոտ կախ գցեց ու ասաց.

– Ավելացնել է պետք, քաղաքացի։ Ամեն ինչ մի այլ կարգի թանկացել է։

Ես ծիծաղեցի նրա հանդգնության վրա, բայց ավելացրեցի։ Բայց ի վերջո, վերջերս էլ, նա եկավ, ու փող չունեի…

– Չկա, – ասում եմ, – եղբայր, չկա հիմա: Հաջորդ անգամ…

– Ինչպե՞ս թե,- ասում է նա,- ո՞նց՝ հաջորդ անգամ: Պայմանը փողից ավելին արժե… Հիմա վճարի՛ր։

– Բայց ինչպե՞ս կարող ես պահանջել, – ասում եմ:

– Ոչ, հենց հիմա վճարիր։ Ես,- ասում է,- համաձայն չեմ սպասել:

Ես ուշադիր նայեցի նրան․ ոչ, կատակ չէր անում: Խոսում է լուրջ, նեղացած, նույնիսկ սկսեց բղավել վրաս։

– Լսի՛ր,- ասում եմ,- էշի՛ գլուխ, մտածիր մի հատ, ո՞նց կարող ես ինձնից պահանջել:

– Չէ ու չէ,- ասում է,- ինձ չի հետաքրքրում:

Հարևանից հիսուն կոպեկ պարտք վերցրի, տվեցի նրան։ Վերցրեց գումարն ու հեռացավ առանց հրաժեշտ տալու։

Այլևս չեկավ ինձ մոտ, հավանաբար նեղացավ:

Թարգմանեց Արփի Ոսկանյանը

Please follow and like us: