ՄԻխայիլ Զոշչենկո/Դիպված

Օրերս գնացի պահեստ։ Վառելափայտ գնելու:

Կես սաժեն կաղամախի առա ու դառնացած մտածում եմ. «Կացին էլ ունեմ,- մտածում եմ,- բայց փայտը կտրող չունեմ։ Իմ առողջությունն էլ թույլ չի տալիս»:

Ես իրոք թույլ մարդ եմ, մարմինս քաղաքային է, ոսկորներս՝ փխրուն, մանր-քաղքենիական։ Երբեմն կացինը վրա ես բերում ու վախենում՝ չկոտրվի հանկարծ կմախի մի պիտանի հատված։

«Թալան է,- մտածում եմ,- էս փետի գործը: Ստիպված կլինեմ մարդ վարձել, փայտը կոտորել և բարձրացնել իմ հարկ։

Եվ հանկարծ հենց այնտեղ՝ պահեստում, ինձ մոտենում է մի տիպի սեւ քաղաքացի՝ կանացի գլխարկով և տաբատով, որ ահավոր պատառոտված տեսք ունի։ Մոտենում է ու զեկուցում.

– Հետաքրքրվում եմ, – ասում է, – աշխատանքով: Կարող եմ,- ասում է,- փայտը կոտորել, կարող եմ սղոցել և կարող եմ ցանկացած հարկ բարձրացնել:

– Կարելի է, – ասում եմ:  

Գին բարիշեցինք ու գնացինք։ Գալիս ենք տուն, իսկ տանտիրուհին մեզ կացին չի տալիս.

– Ես,- ասում է,- հիսուն տարի է, ինչ ապրում եմ էս աշխարհում: Իմ աչքը,- ասում է,- վարժված է, ես մարդուն միանգամից ջոկում եմ: Այս եկածը, թեև հաճելի անձնավորություն է, բայց այնքան համեստ ու անհետաքրքիր է հագնված, որ կացինը անպայման թռցնելու է։ Ես այրի եմ,- ասում է,- սոցիալական նպաստառու, և չեմ կարող աջ ու ձախ կացին կորցնել: Ես ինքս կացին չեմ արտադրում,- ասում է նա։

Մինչև տիրուհուն կացնի գինը չապահովեցի, չտվեց։

Էս քաղաքացիս վերցրեց կացինը, ձեռքերը շփեց ու սկսեց։ Նայում եմ. այնքան ճարպկորեն է կոտրում, մարդու քեֆը գալիս է: Կկոտրի մի բեռ, կասի՝ ուխայ, կգցի շալակն ու կվազի վեր։

Նա  փայտ է կրում, իսկ տանտիրուհին բնակարանով մեկ վազվում է հաշվելով իրերը, վախենում է, որ կթռցնի: Իսկ նրա որդին՝ Միշկան, կախիչի մոտ վերարկուներն է հաշվում։

– Ահ,- մտածում եմ,- գրողի տարած քաղքենի:

Իսկ ինքս հանեցի վերարկուս, տարա սենյակ և ծածկեցի թերթով։ «Ավելի լավ է,- մտածում եմ,- թերթով ծածկել, քան աչքի առաջ հա հաշվել ու վիրավորել մարդուն։

Տեսնեմ՝ իմ քաղաքացիս ավարտել է։

Գումարն ամբողջովին վճարեցի և սիրալիր ասում եմ.

– Համեցեք,- ասում եմ,- սեղանի մոտ: Թեյ խմենք։

– Ոչ,- ասում է,- շնորհակալություն: Պիտի վազեմ: Դասախոսություն ունեմ։

– Վայ,- ասում եմ,- խնդրում եմ ասեք՝ ինչպես են գիտությունն ու տեխնիկան առաջ գնում: Իսկապե՞ս,- ասում եմ,- գիտնականնեը արդեն դասախոսություններ են կարդում վառելափայտի մասին։

– Ոչ,- պատասխանում է,- ես բուհի ուսանող եմ: Իսկ փայտի գործն անում եմ հանուն սնվելու նպատակի։

Շատ անհարմար զգացի ինձ, վերարկուս կախեցի կախիչից, ակնոցս հագա քթիս ու սիրալիր ասացի.

– Ներեցեք,- ասում եմ,- մտքի սնանկության համար, շփոթվեցի:

Ուզում էի էլի ինչ-որ բառ ավելացնել ֆրանսերեն կամ գերմաներեն, բայց անսպասելիությունից մոռացա օտար լեզուներն ու լռեցի։ Կանգնած լուռ խոնարհվում եմ։

Իսկ նա գլխով արեց և քաղաքավարի հեռացավ։

Սա միակ դեպքն է, երբ ես ուսանող եմ տեսել: Նախկինում առիթ չէր եղել: Նույնիսկ անհարմար էի զգում։ Բոլորը բղավում են՝ ուսանողներ, ուսանողներ։ Եվ ես նույնիսկ չգիտեմ՝ ինչպիսին են այդ ուսանողները: Որովհետև համազգեստ չունեն։ Ո՞նց իմանաս:

Թարգմանեց Արփի Ոսկանյանը

Please follow and like us: