Միխայիլ Զոշչենկո/Հասկանալ է պետք

Այստեղ մեզ մոտ Լենինգրադում բավականին հետաքրքիր դեպք է տեղի ունեցել։ Մի տնվոր ուներ փոքրիկ բնակարան։

Ուրեմն, նա ունի մի ոչ մեծ բնակարան և այդ փոքրիկ բնակարանում ամիսը երեսուն ռուբլու հոսանք է սպառում։ Ուրիշներն այդպիսի մակերեսի վրա վառում են հինգ ռուբլի, իսկ նա՝ երեսուն։

Նա էլեկտրաէներգիայի սիրահար է։ Նրա լամպերը կայծկլտում են  գիշեր ու զօր։ Նա լույս ունի ամեն անկյունում։

Նույնիսկ մեկ լամպ էլ վանդակի մեջ է կախել։ Այդ վանդակում սկյուռիկ էր ապրում։ Ուրեմն, նա սկյուռին էլ  էլեկտրիֆիկացրեց:

– Ինձ համար,- ասում է,- հետաքրքիր է սկյուռին վառ լույսի ներքո դիտելը: 

Միայն մեկ անգամ ժողովի ժամանակ Բնակկոպ Միության  նախագահը նրան դիմեց․

– Դուք,- ասում է,- շատ չեք խնայում էլեկտրաէներգիան: Ասում են՝ գիշեր-ցերեկ ձեր պատուհաններում լույս է վառվում: Պետք չէ էդքան ծանրաբեռնել։ Հարկ է խնայել:
Վարձակալը վրդովված ձայնով պատասխանում է.

– Ես,- ասում է,- շատ զարմացած եմ ձեր կոպիտ դիտողությունից։ «Ինձ մոտ,- ասում է,- հաշվիչ է դրված։ Ես,- ասում է,- ձրի էլեկտրաէներգիա չունեմ։ Ամեն վառված ամպերվոլտի համար,- ասում է,- պետությանը կանխիկ եմ վճարում։ Ու ոնց հասկանում եմ՝ պետությունն ավելի շահագրգռված է, որ ես շատ վառեմ։ Դրանից պետությունը խոշոր գումարներ է աշխատում։

Այստեղ ոտքի է կանգնում մի այլ տնվոր՝ ոմն Ժուկով։ Նախկին պարտիզան։ Ներկայումս՝ բանվոր։ Խոսում է բորբոքված, բայց ցավոք մի քիչ կակազում է.

– Դը-դուք, – ասում է,- ես ներողությոն եմ խնդրում, մը-մը-մը-մաքուր հը-հը-հը-հիմար եք: Պետությունը,- ասում է,- ուզում է լը-լը-լը-լուսավորել ոչ միայն ձեր քոսոտ բնակարանը, այլև գյուղերը, կոլտնտեսությունները և այդպես շարունակ, և դրա պատճառով,- ասում է,- էներգիայի ու վառելիքի սպառումը շատ է աճել։ Բոլորն առայժմ պիտի փոքր ինչ քիչ օգտագործեն… Իսկ դը-դուք,- ասում է,-  մը-մը-մը-մեջ եք ընկնում ձը-ձը-ձեր փողով։ Սա,- ասում է,- բուր-բուր-բուրժուական մոտեցում է գործին։ Տվյալ դեպքում,- ասում է,- ձը-ձը-ձեր երեսւոն ռուբլին պետ-պետ-պետությանը պետք են, ինչպես շանը՝ հինգերորդ ոտքը։ «Դուք, – ասում է, – ավելի լավ է այսուհետ ավելի քիչ վառեք, թե չէ կարող եմ ձը-ձը-ձեզ վրա բարկանալ:

Այստեղ նախագահն ավելացնում է.

– Այո,- ասում է,- Ժուկովը ճիշտ մտքեր է զարգացնում: Եվ բացի այդ,  այդ էլեկտրաէներգիայի կարիքն ունեն նաև գործարաններն ու ֆաբրիկաները, քանի որ մեքենաները  դրանով են գործի դրվում։ Այնպես որ,- ասում է,- վերոհիշյալ կենվորի գործողություններում նույնիսկ կարելի է որոշ վնասարարություն տեսնել հնգամյա պլանի ճակատում։

Ապա հոսանքի սիրահարը սկզբում սկսեց կռիվ տալ, բայց հետո երկչոտ ասաց.

– Ես,- ասում է,- ներողություն եմ խնդրում, իհարկե, բայց այդ մասին չէի մտածել: Ես կարծել էի, որ ինչքան շատ վառեմ, էնքան լավ։ Լավ,- ասում է,- ես կդադարեմ սկյուռին հոսանք տալ:

Եվ այդ օրվանից սկսեց խնայել։ Ամիսը տասնհինգ ռուբլի խնայում էր։ Եվ իրեն՝ հի-հի-հիմարին օգուտ եղավ, և պետությանը․ միգուցե հինգ լամպ ավել քաշի գյուղում։ Եվ թանկարժեք վառելիքը խնայվեց այս գումարի չափով։

Այսքանով գործն ավարտվեց։ Սկսվեց խնայողությունը։

Իսկ մենք այս պատմությունն ահա թե ինչու պատմեցինք։ Մեզ գրում են, որ 181-րդ Ֆաբրիկա-գործարանային յոթնամյա դպրոցի ուսկոմը ոչ միայն հոսանքը չի խնայում, այլեւ այս հարցում շատ անփույթ է։ Դպրոցում  հաճախ լույսն անտեղի վառված է։ Մոռանում են անջատել: Եվ ընդհանրապես այդ հարցը նրանց չի մտահոգում։

Եվ կուզենայինք հիմա, որ ուսխորհուրդը միաձայն կարդար մեր փոքրիկ պատմվածքը։

Քաղքենի կենվորն իր սկյուռի հետ էլի հասկանալի է, բայց պրոլետար տղերքի անտարբերությունը տանել չենք կարող։ Մեր սիրտը միգուցե մռմռում է վշտից: Դրա համար հասկանալ է պետք ախր, ընկերներ:

Թարգմանեց Արփի Ոսկանյանը

Please follow and like us: