Միխայիլ Զոշչենկո/Ճագարները

Երեկ ճաշարանում նապաստակ կերա։ Ոչինիչ, կերվավ։

Սկզբում, սակայն, քանի որ անսովոր էր, մտածեցի, որ վրաս ինչ-որ զիբիլ են սաղացնում։ Բայց հետո ոչինչ, ընտելացա: Ուտել կարելի է:

Այդ միսը նուրբ է և մի քիչ հավի համն է հիշեցնում: Ավելի ճիշտ՝ ծաղկակաղամբի։ Հաճելի համ է, բայց չգիտես ինչու դրանից հետո ուզում ես խմել։ Բայց դա էլ բացատրում եմ ավելի շատ հոգեբանական պատճառներով, քան օրգանիզմի վրա այս մսի ազդեցությամբ:

Իսկ այդ ճագարը ես ուտում էի ուրիշի ճաշարանում։ Մեր հիմնարկում ճագարների հետ կապված տարօրինակ մի դեպք պատահեց։

Մենք քառասուն աշխատող ունենք։ Եվ ահա որոշեցինք նապաստակներ պահել:

Եվ, իհարկե, ժողով, տարբեր վեհ խոսքեր, մեկը, մյուսը, և այդպես շարունակ։

Աշխատակիցներն ասում են.

– Գուցե ավելի լավ է՝ խո՞զ պահենք: Ի վերջո, մենք ունենք ճաշարան, մնացորդներ, մեկը, մյուսը, և այդպես շարունակ։

Բայց դեկավարությունը որոշեց ճագար պահել:

Մարդը տասնվեց ռուբլի գցվեցինք։ Առանք ճագարներ։ Վանդակներ։ Հավաարարուհի։ Մեկը, մյուսը, և այդպես շարունակ։

Ահա, ունենք քսաներեք ճագար, և նրանցից ակնկալում ենք կատաղի սերնդատվություն՝ համաձայն խոստման։

Բայց հանկարծ նկատում ենք, որ էս մեր ճագարները մի տեսակ շատ բծախնդիր միջատներ են: Էս չեն ուտում, էն չեն ուտում: Նրանց դու մի ասա հետաքրքրոմ են թարմ բանջարեղենը, տերևները, չորահացը։ Էլ ո՜վ դիմանա։ Շատ են իրենց երևակայում վերին արտի ցորենի տեղ դրած, պետպաշտոնյաներից առավել։

Ճաշարանում մենք շատ ենք մնացորդներ ունենում, սրանք գլուխները թեքում են։ Հում թերմացքը չեն ուտում: Թարմ հաց են ուզում՝ մեկը, մյուսը, և այդպես շարունակ։ Տորթեր, միգուցե:

Եվ ահա, տեսնում ենք, որ ճագարները սկսել են հյուծվել։

Ղեկավարներն ասում են.

– Թող ամեն աշխատակից հովանավորության տակ առնի մի նապաստակի և ամեն օր մի բան տա իր ենթակայության տակ հայտնվածին։ Սա համ նրանց չի աղքատացնի, համ պլանը կիրագործվի ամեն ձևով։

Դե, աշխատակիցները սկսեցին կրել՝ ոմանք կեղևներ էին բերում, ոմանք՝ «Մարիա» թխվածքաբլիթներ էին բերում։ Բայց նրանց համար այդ ամենը քիչ էր։ Նրանց բանուգործը ավելի ու ավելի շատ ուտել։ Սա սարսափելի կենդանի է սննդի առումով։ Նրանք ոչ մի այլ գաղափարական պահանջներ չունեն։ Թողնես միայն ուտեն:

Ղեկավարներն ասում են.

– Գրողը տանի,  նրանք իսկապես շատ են ուտում: Այս ճագարները մեզ կքամեն:

Աշխատակիցներն ասում են.

– Պետք էր խոզ պահել։ Մենք, ախր, շատ թերմացք ենք ունենում։

Շուտով մեր ճագարները սկսեցին հիվանդանալ։ Վայն էն է՝ մի ճագար հիվանդանա, և բոլորը սկսում են հիվանդանալ։ Շատ նուրբիկ անասուն է։

Իսկ ինչպես բուժել՝ հայտնի չէ։ Նրանց բժիշկն ասում է.

– Նրանց պետք է բուժել սննդով, նրանք ցածրակարգ կենդանիներ են: Սնունդ են պահանջում։

Շուտով մեզ մոտ ինը ճագար մնաց։ Մնացածը ոտերը տնկեցին։

Ուրախացան աշխատակիցները։ Ինը ճագար էլի կարելի է կերակրել։

Շուտով խոնավ եղանակը սկսվեց։ Ու թեև սրանք այսպես ասած մորթի են կրում, այնուամենայնիվ, մրսում են և, որ ամենակարեւորն է, վախենում են միջանցիկ քամուց։ Հա բա։

Այս ինը անպիտանները սկսեցին հազալ ու փռշտալ։

Եվ շուտով մեզ մոտ ընդամենը երկու անձնավորություն մնաց։

Ուզում էինք նրանց օգտագործել ճաշարանի համար: Բայց տնտեսվարը թույլ չտվեց։

– Գուցե, – ասում են,- խելքի գան և սկսեն սերունդ ունենալ: Թեև դա քիչ հավանական է, քանի որ երկուսն էլ արու են: Բայց ամեն դեպքում սպասենք։ Եթե ​​չլինի, նոր՝ ճաշարան:

Մեր հաշվապահը կալկուլյացիա նախաձեռնեց և հաշվարկեց մեկ ճաշի արժեքը այդ ապագա ճագարներից։ Ասում է․

– Մեկ ճաշը կարժենա յոթանասուն ռուբլի:

Այնպես որ, աշխատողներից նրանք, ով ամսական հարյուր ռուբլի է ստանում, իհարկե, չի կարողանա իրեն թույլ տալ այդպիսի ճաշ:

Դե, սա, իհարկե, միայն մեզ մոտ: Ես չգիտեմ, թե ինչպես է այլ հաստատություններում: Միգուցե այնտեղ ճագարը երկու կոպեկով են վաճառում։

Իսկ մեզ մոտ, կներեք, այսպիսի դեպք է եղել։ Այս կարգի քյալլագյոզություն։ Դե, հասկանում եմ, որտեղ ճաշարան չկա, թող ճագար աճեցնեն, իսկ որտեղ թերմացքներ կան, ավելի լավ կլինի, որ խոզ պահեն։

Եվ մեր աշխատողներն էլ հիմա ծուլ են լինում «ճագար» բառից: Իսկ երբ լսում են «խոզ» բառը, ժպտում են։

Թե չէ մնացած ամեն ինչ լավ է։

Թարգմանեց Արփի Ոսկանյանը

Please follow and like us: