Ստեֆան Ժերոմսկի/Մերկ Սալահատակ

Ստեֆան Ժերոմսկին (1864-1925) իր ժամանակի հասարակական, քաղաքական, կրթական ակտիվ գործունեություն ծավալող անձանցից է: Ներգրավված լինելու շնորհիվ գրական, հասարակական կյանքի համարյա բոլոր ոլորտներում` ցածր խավի իրավունքներ, կրթություն, ազգային շահի վերհանում, պատմական ճշմարտության արտացոլում գրական գործերի միջոցով, լեզվաբանական-բանահյուսական խնդիրների քննարկում լեգենդների, հեքիաթների, պատմական ակնարկների միջոցով, հեղափոխական մոտիվներ, նոր պետականության կերտման պրոցեսում մեծ մասնակցություն, վարչական ոլորտում բարձր պաշտոններ, ժողովուրդը նրան անվանել է` «լեհական գրականության խիղճը» կամ` «լեհ ժողովրդի խիղճը»:  Նրա և գործունեությունը և ստեղծագործությունները հագեցած են ռոմանտիկ հեղափոխական շնչով, որը աչքի է ընկնում նաև միայնակ հերոսի ողբերգականությամբ, վայրիվերումներով, սայթաքումներով, պարտություններով ու հաղթանակի տենչանքով: Մեծ դեր է խաղացել Լեհաստանի անկախացման, ազատ սահմանների, արևմտյան տարածքների` գերմանական ազդեցությունից  ազատելու, ռուսական դարավոր տիրապետումից դուրս գալու գործընթացների մեջ: Նրա հերոսը խուլ գյուղերի` աղքատությունից խեղված, ինչ-որ տեղ նաև բարոյական արժեքներից զուրկ մարդն է, որը սակայն իր հավաքականության և պայքարի ոգու մեջ դառնում է ուժ, վեհություն` միասնություն` ժողովուրդ: 

Նրա գործերը որքան էլ ռոմանտիկական, հարուստ են սուր նատուրալիստական պատկերներով ու նկարագրություններով, ինչը վեր է հանում ժամանակի Լեհաստանի մռայլ կողմը` խավար գյուղեր, խավարամիտ հասարակություն, խավարի մեջ խարխափող ինտելիգենցիայի ներկայացուցիչներ, որոնք գերազանցապես «նոյի ագռավներ են»:  Նրա գործերից շատերը էկրանավորվել են` «Սիզիպոսյան աշխատանքներ», «Մոխիրներ», «Վարդը», «Դոկտոր յուդիմ», «Գարնանամուտ»…

«Անձնուրացը» ծնվել է գրողի վաղ ստեղծագործական շրջանում (1981) , բայց նրա մեջ արտահայտվում են Ժերոմսկու գրելաոճը բնորոշող ամենաէական գծերը: «Մերկ սալահատակը» 1906թ. գրված կարճ նովել է, որտեղ գրողի ոգեշնչումն է, մեծ հույսը ազատ Լեհաստանի համար` կապված 1905թ. հեղափոխության հետ: «Մերկ սալահատակը» յուրօրինակ «Խելագարված ամբոխներ» է` ազգային պատկանելությամբ:

 Ըստ վերլուծաբանների` և «Անձնուրացը», և «Մերկ սալահատակը» գրողի ստեղծագործական լայնածավալ հնարավորությունների արտահայտությունն են, երկուսն էլ պատմական այն էտապն են արտացոլում, որի մեջ ապրել է գրողը, վերապրել է ժամանակաշրջանի ողջ ծանրությունը` տրվելով գաղափարներին, որոնք սիրել է:

Մերկ սալահատակ

Տապալվեցին մեծ դարպասները… Վիթխարի, ծխամած պատնեշների հետևից դուրս հորդեց մարդկային հսկայածավալ բազմությունը: Գլորվեց հսկա գնդի պես: Նրա գլխավերևում ծածանվում էր կարմիր դրոշակը` արյան մեջ թաթախված մի կտոր: Սև եղունգներով, ճաքճքած մի ձեռք պինդ բռնել էր դրոշի անտաշ փայտը: Կարծես վայրի թռչունն էր երկար ճանկերով հափշտակել իր ավարը: Ափերից ցած սկսվում էին ջլոտ դաստակները` կեղտոտ թեզանիքների վրա կոպիտ ճարմանդներով: Կարմիր կտորի մի եզրը ձախ ձեռքով վեր բարձրացրած պահում էր բրդյա գլխաշորով մի կին: Աջ ձեռքով գրկել էր մանկահասակ երեխայի, որը դուրս գալով մոր գլխաշորի տակից ցուցադրում էր իր մանկական գլուխը բաց գլուխների այդ ծովում: Հապճեպ երթով դրոշի շուրջն էին խմբվել  սևավուն, շիկահեր, դեղնավուն մարդկային գլուխներ` մրից, ծխից, ժանգից, կեղտից աղճատված դեմքերով: Երթով քայլում էին տղամարդիկ` հոգնության ասեղները քնատ աչքերի մեջ, հիվանդության խոցը աղիքներում, խելագարության աստիճանի ձգված նյարդերով, որոնք հանգստանում էին միայն օղուց: Նրանց բոլորի հագին անպիտան քաղաքային հագուստ էր` գնված հնոտիների խանութից: Նրանց ֆրակները, բաճկոնները, վերարկուները հագուստի թշվառ նմանակումներ էին այնպես, ինչպես նրանց` տաժանակիր աշխատանքով տարված, աղքատությունից խեղված, քրտնաթոր գլուխները մարդկային կերպարանքի ծաղր էին: 

Մարդաշատ փողոցում նրանց հայտնվելը նման էր անգույն ֆոնի վրա արնակարմիր ծաղիկ նկարելուն, երբ «նորմալ» մարդկային բազմությունը սկսեց աջ ու ձախ, հետ ու առաջ մղվել: Ոմանք ակնթարթորեն չքացան դարպասների ու դռների ետևում, ինչպես Համլետի ուրվականը, մյուսները սահեցին պատերի երկայնքով, ինպես կախարդական լամպի ստվերը: Կային, որ սառած աչքերով, չունչը պահած հպվել էին պատերին, կարծես սպասելով, որ պատը ճեղքվի ու կուլ տա իրենց:

Առաջացող ամբոխի շուրջբոլորը օդի դատարկ տարածությունն էր: Նրանք մենակ էին քայլում: Եվ մենակ կազմավորվելով` դարձան ավելի ու ավելի զորեղ: Նրանց  խմբից ևս ժամանակ առ ժամանակ դուրս էին թռչում որոշները: Տիկնիկի պես պոկվում էին գլորվող այդ զանգվածեղ գնդից ու շառավղով սլանում անհետանում ծառուղիներում, դարպասների ետևում, թաքստոց գտնում պատերի տակ: – Երթը շարունակողների մարմինները ավելի էին սեղմվում իրար, ավելի ամուր, ավելի ձիգ: Թև թևի տված` ապավինում էին միմյանց սարսուռին:

Նրանց սրտերը համազարկ էին տալիս: 

Կարմիր դրոշակի երգը թռավ նրանց դողացող շուրթերից ու պայթեց մեկընդմիշտ. մեկ ցավոտ դուրս էր պրծնում նրանց ճնշված սրտերից ինչպես երկսայրի սուրը, մեկ բառերն ասվում էին սեղմած ատամների արանքից, ու հանկարծ քամուց  սփռվող ավազի նման տարածվեց այն` սահուն խոսքերով, անկաշկանդ հնչյուններով: 

Ամբոխից մի քայլ առաջ անկոշիկ կոշկակարն էր` կարճ տաբատով` ծնկները ճմռթված, աճուկները փտած, մետաքսե աստառով սմոքինգով` փորին քորոցով կպցրած, վզին կարմիր շարֆով: Հարբեցողի նրա դեմքը կապտած էր, քիթը` մոխրոտ, աչքերը հրճվանքից կլորացած: Ծիծաղում էր ամբողջ ձայնով, որից լսողի ծնկներն էին դողում, ծիծաղում էր վերջապես, ծիծաղում էր ի սրտե` ի հեճուկս իր վարած շան կյանքի:  Գոռում էր` բորբոսնած գլխարկը թափահարելով դեպի վերևի լուսամուտները, դեպի պատշգամբները. «Դու’րս արի, բուրժուազիա: Իջի’ր ներքև: Զբոսանքի ենք հրավիրում»: 

Մեջտեղում քայլող ու դրոշակի լաթը պինդ բռնած կինը ուներ դեմքի հանգիստ, պարզ, կարելի է ասել` քնքշալի արտահայտություն: Աչքի էին զարնում հեռվից նրա հիմար, ոգեշնչված, սիրալիր աչքերը:  Քայլքի հետ ավելի էր բարձրացնում ձեռքը, իսկ մյուս ձեռքով իներցիայով` երեխային: Իսկ գուցե ոչ իներցիայով: Գուցե դիտավորյալ, ի ցույց ողջ նենգ աշխարհի: Նկուղի այդ երեխան ուներ մռայլ, սև-գունատ, սպառնացող դեմք:  

Հանուն ինչի՞ թաքցներ:

Որ անտեր-անհիշատակ հայրենական գերեզմաններում թաղվե՞ր: Լավագույն դեպքում մեծանար նկուղի սև պատերի մե՞ջ, ուր հավերժական խոնավությունն է կաթում: Որ շնչեր գիշերային կացարանների թթվաշ կաղամբի ու կեղտի հոտով հագեցած օդը՞: Որպեսզի մինչև կյանքի վերջը բնակվեր խավար, մաքուր օդից զուրկ, կիսաքաղց միջավայրում, որտեղ խեղդվում են, սպանվում, նախրի նման կոտորվում համաճարակններից: Որպեսզի նկուղից լույսին հասնելու համար նայեր փոշով, աղբով հագեցած բակին, ուր միակ տեսարանը սև աղյուսե պատերն են: Սպասեր, որ մեծանա որպես փողոցային թափառաշրջիկ` մանկուց ծանոթ քաղաքի բոլոր անբարո ու հանցագործ տարրերի՞ն: Սպասեր այնքան, մինչև  մեծանար ու մուրացկանությու՞ն աներ մայթերին, որտեղ հպարտ քայլում են պարոններն ու տիկինները: Սպասեր այնքան, մինչև կտեսներ` ինչպես են նրան հետապնդում, բռնում, բանտարկում, ծեծու՞մ անհայտ հանցանքի համար: Սպասեր մինչև այն պահը, երբ նրա միակ հաճույքը այս կյանքում կդառնար օղին ու փողոցային կանա՞յք:  Այնքան սպասեր, որ դառնար վերջապես հանցագո՞րծ, կամ բանվո՞ր  ու պանի գրպանի համար քայքայեր իրեն մինչև վերջ, մեռներ բանող ձիու նման անհայտ հիվանդությունից. ավելի թշվառ, քան հանցագործի մահը:

 Նրա հառաչանքը մատնեց` գուցե ավելի լավ է զոհի նրան, որպես մաքուր, անբիծ էակի` իր սրտի տակ իր արյունով սնված իր միակին, քանի դեռ աշխարհը իր ճանկերի մեջ չի առել նրան, հոշոտել ու շպրտել օգտագործված լաթի նման…

Համր լռություն տիրեց փողոցին: Սա’ռը պատեր, փա’կ պատուհաններ, շրխկացո’ղ դռներ ու մե’րկ սալահատակ:

Մերկ սալահատակ…

Ընդարձակ նրբանցքի խորքից կարծես պատը շարժվեց ու եկավ ընդառաջ: Ճաքճքած հողի գույնի շինելների, դեղնավուն բաշլուղների շարքերը ակոս-ակոս մերձեցան ապստամբներին: 

Պայթեց հանկարծ խանդավառ երգը բոլորի շուրթերից: Դարձավ ազատության կոչ`մարդկային հոգու խորքից պոկված: Անդունդից վեր խոյացող նետ, որի սայրը հուրհրում է արյամբ, ընկավ դատարկ փողոցի ու կրակի պատրաստ կարաբինների մահազդու փայլի վրա: Իր առաքելությունը գիտակցող ամբոխը ոգեշնչված միավորվեց, դառնալով զորեղ զանգված: Դարձավ հզոր ուժ` մահն արհամարհող: Քայլեց անսասան, ըմբոստ, կույր ու խուլ` ինչպես կենդանի փամփուշտ` հարթելով ազատության ճանապարհը:

1906

Թարգմանությունը լեհերենից՝ Հռիփսիմե Զարգարյանի

Please follow and like us:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *