Առաքյալը/Ժաննա Հայրապետյան

Մուրացանի «Առաքյալը» վիպակը կարծես վարագույր լինի, որ ետ է գնում հանկարծ ու միաժամանակ ցույց տալիս 19-րդ դարավերջի հայ իրականության հակադիր կողմերը նույն հարթության վրա։ Այս վիպակում հստակ երևում է այն անդունդը, որ գոյություն ունի մարդկանց վերամբարձ խոստումների և իրական գործողությունների մեջ։ Այստեղ շատ պարզորոշ երևում է, թե ինչքան հեշտ է ապրել թղթի վրա կառուցած հայրենասիրությամբ, ու ինչքան դժվար է դառնում այն, երբ վերածվում է հստակ գործողությունների։

Պետրոս Կամսարյանը` վիպակի գլխավոր հերոսը, ստանալով իրավաբանի փայլուն կրթություն, Մոսկվայում ուսանողական հավաքի ժամանակ ելույթ է ունենում և ինքնավստահ հայտարարում, որ մեկնում է հայրենիք` հաստատվելու մի գյուղում։ Եվ նշում է, որ պատրաստվում է իր գիտելիքներով, իր ստացած կրթությամբ, նաև սեփական միջոցներով օգտակար լինել գյուղացիների իրավունքների պաշտպանության, կրթության գործում և նույնիսկ երազում է այնտեղ գրադարան հիմնելու մասին։

Մուրացանը շատ նուրբ դիտողունակությամբ զգացնել է տալիս, որ Պետրոս Կամսարյանին ավելի շատ ոգևորում էր ոչ թե հայկական գյուղերի փրկությունն ու գյուղացիների բարօրությունը, այլ փրկիչ ու առաքյալ լինելու իր գաղափարները։

Առաջին հայացքից թվում է, թե վիպակը մի երիտասարդի անհաջող առաքելության ու ձախողման մասին է, սակայն իրականում այն վերածվում է մտավորականի կերպարի, նրա ինքնախաբեության և իրականության հետ բախման մանրամասն վերլուծության և կարևոր հարցադրումների։

Չիբուխլու գյուղը դառնում է այն անանցանելի պատը, որին բախվելով` Պետրոս Կամսարյանը սթափվում է ու հասկանում իր պատկերացումների անհնարինությունը։ Նա հասկանում է, որ ճիշտ չէր ճանաչել գյուղական միջավայրը և պատրաստ չէ ապրել այդ տգետ ու մինչև ուղնուծուծը թշվառության մեջ խրված միջավայրում։ Նա այնքան է զզվում տանուտերի տանը մատուցվող ուտելիքից, որ միայն ձու է ուտում, քանի որ կարծում է, որ ձվի կեղևից կեղտը չէր կարող ներս թափանցել։

Նա հայ գյուղացուն ու գյուղը սիրել էր տեսականորեն, իր կարդացած գրքերով, նրան հատկապես ոգևորել էր Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպը։ Նրա համար գյուղը ոչ թե կենդանի օրգանիզմ էր իր ցավերով, այլ մի հարթակ, որտեղ ինքը պիտի ստանար առաքյալի փառք ու համբավ։

Երբ Պետրոս Կամսարյանը հասնում է Չիբուխլու, առաջին բանը, որ տեղի է ունենում նրա հետ, հիասթափությունն էր։ Ամեն ինչ՝ գյուղի տները, աթարի կույտերը, մարդիկ, կանայք, հարաբերությունները, հակառակ էին նրա պատկերացումներին։ Նա հիշում էր «Վերք Հայաստանի» պատմավեպում Թագուհուն նկարագրող հատվածը և հակադրում այդ գեղեցիկ նկարագրությունները Չիբուխլուի կանանց կերպարների հետ։ Կանայք այստեղ չէին խոսում օտար տղամարդկանց հետ, որովհետև այդպես էր ընդունված,- Պետրոս Կամսարյանին բացատրում է գյուղի վարժապետը, որը, ցավոք, ինքն էլ տարրական կրթության կարիք ուներ։

«Կամսարյանը այս նորությունը լսում էր զարմանալով և չէր կարողանում հասկանալ, թե ինչպե՞ս կարելի է, որ մարդ արարածը չխոսե յուր նմանի հետ, կամ թե այդ խոսելը համարե ամոթ, պատիվ, կամ անպատվություն։ Այսպիսի ըմբռնումներ չէին կարող ունենալ նույնիսկ Աֆրիկայի վայրենիները, իսկ սրանք հո, համեմատաբար, քաղաքակրթված երկրի բնակիչներ էին, հետևապես և պետք է ազատ լինեին այդպիսի վայրենությունից։ Բայց և այնպես փաստը յուր առաջն էր։ Նա տեսնում էր մի կին, առողջ կազմվածքով, գործելու կարող, ընտանիքին պիտանի և, սակայն, զրկվա՛ծ աստուծո տված մեծագույն բարիքից — խոսելու ազատությունից, և այդպիսի մի անհեթեթության իրավունքը պաշտպանում էր գյուղի գրագետ մարդը»:

Ակս. Բակունցը նույնպես իր պատմվածքներում մանրամասն անդրադառնում է կանանց խնդիրներին, հատկապես «Մթնաձորի չարքը» պատմվածքի գյուղական միջավայրի կանանց, և Բակունցն էլ Մուրացանի նման առաջ էր քաշում առաջին հերթին կանանց կրթված լինելու գաղափարը։

Շատ կարևոր է այն հանգամանքը, որ Մուրացանը գյուղացիներին չի ներկայացնում իդեալականացված կերպով։ Նրանք տգետ են, սահմանափակ, հաճախ՝ իրենց վիճակի հետ համակերպված։ Սակայն հեղինակը նրանց չի դատապարտում։ Նրա քննադատության հիմնական թիրախը ոչ թե ծայրաստիճան թշվառ ժողովուրդն է, այլ այն մտավորականը, որը, չճանաչելով այդ ժողովրդին, փորձում է փրկել նրան։

Նա հասկանում է, որ հեռվից դիտելիս գյուղական խնդիրները թվում էին մանր ու աննշան, իսկ հիմա, որ այդքան մոտ էր իրականությանը, պատկերացնում էր իր ծրագրերի անհնարինությունն ու իր անպատրաստ լինելը։

Այնուամենայնիվ, վիպակում կա մի կարևոր դրվագ, որը բացում է ճիշտ ու թիրախային աշխատելու հնարավորության հեռանկարը։ Պետրոս Կամսարյանը կարողանում է օգնել մի գյուղացու`լուծելով նրա պարտքի խնդիրը, ազատելով նրան անարդար հաշվարկված տոկոսներից։ Այս դրվագով Մուրացանը փորձում է համոզել, որ խնդիրը ոչ թե նրա ներկայության անօգուտ լինելն է, այլ նրա անկայունությունը։ Պետրոս Կամսարյանը, իսկապես, կարող էր օգտակար լինել, եթե մնար ու գործեր գյուղում։ Այս եթե-ն դառնում է վիպակի ամենացավոտ հարցադրումը։

Մուրացանը շատ պատկերավոր է ներկայացնում Պետրոս Կամսարյանի նահանջը և ծրագրած առաքելությունից անչափ հեռու լինելու հանգամանքը։ Նա անընդհատ անհարմարության զգացում է ունենում գյուղում, նույնիսկ գիշերը չի կարողանում հանգիստ քնել, երբ լվերը, մոռանալով, որ աղան իրավաբան է, անխնա հարձակվում են ու սկսում ծծել նրա արյունը, իսկ «անիծուկ» կովի բառաչն ու հեղեղ թափող ամպերի տագնապաշունչ գոռգոռոցները խանգարում են հանգիստը։

Պետրոս Կամսարյանը վերադառնում է իր տունը, իր միջավայրը, իր ապագան, նշանվում է հարուստ օժիտ ունեցող գեղեցկուհի Ադելի հետ, մտնում այն կյանքի մեջ, որն իրեն ավելի հարազատ էր, քան Չիբուխլուն երբևէ կարող էր դառնալ։ Նա նույնիսկ զարմանում է իր նախկին ծրագրերի, հղացումների ու ինչպես մեծահարուստ հայրն էր ասում՝ գլխի մեջ անտեղի հայտնված «հոպոպների» համար։

Իսկ Չիբուխլուն մնում է այդպես տեղում` որպես սուրբ մասունք ու հավիտենական անշարժություն։

Վիպակի վերջում հնչող հարցը՝ «Իսկ Չիբուխլու՞ն», դուրս է գալիս կոնկրետ գյուղի սահմաններից և դառնում ընդհանրական հարցադրում։ Դա հարց է ոչ միայն մի վայրի ճակատագրի, այլ ամբողջ մի հասարակության վիճակի մասին։ Ո՞վ է պատասխանատու այդ անշարժության համար, միայն այն մարդիկ, ովքեր ապրում են այդ պայմաններու՞մ, թե՞ նաև նրանք, ովքեր կարող էին մնալ և սրտացավ աշխատելու դեպքում ինչ-որ բան փոխել, բայց ընտրեցին հեռանալ։

Պետրոս Կամսարյանի փախուստի և ծրագրերով լեցուն նոթատետրը կատաղած գետի ալիքների մեջ նետելու դրվագը շատ նման է աստվածաշնչյան Պետրոս առաքյալի ուրացման դրվագին, երբ դեռ աքաղաղը չկանչած`պիտի ուրանար իր Տիրոջն ու դեմ գնար իր իսկ դավանած սկզբունքներին։

Մուրացանը միայն «Առաքյալը» վիպակում չէ, որ անդրադառնում է 19-րդ դարավերջի հայ գյուղաշխարհի խնդիրներին։ Նա «Խորհրդավոր միանձնուհին» և «Նոյի ագռավը» ստեղծագործություններում նույնպես, հաճախ նույնիսկ նուրբ երգիծանքով, քննում է նույն միտքն ու առաջարկում լուծումներ, թե ում պատասխանատվության վրա պետք է ծանրանա ազգային կրթության և լուսավորության գործը։

Ու թեպետ նրա կերպարները հաճախ ժայռերին հայտնված անպտուղ սերմերի են նմանվում, ինչպես աստվածաշնչյան հայտնի «Սերմնացանի առակում», այնուամենայնիվ, Մուրացանը կարծես մնում է այն կարծիքին, որ իրական առաքյալներ են դառնում միայն այն մարդիկ, ովքեր գիտեն`ինչ է առաքելությունը ու պատրաստ են` դիմագրավելու իրենց ճանապարհին ծառացած ցանկացած խոչընդոտ։

«Գնացեք հեռու, հեռու, դեպի կորած հայ գյուղերը, դեպի այն ժողովուրդը, որին մոռացել են մեր գործողները…
Մտեք ա’յն ժողովրդի մեջ, նվիրեցե’ք ձեզ նրա բարօրությանը և նրա մարդկանց կրթության գործին։
Եվ ահա այդ ժամանակ ձեր ուխտը սուրբ և նվիրումը պաշտելի կլինի»։

Please follow and like us:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *