Բոլորը դրախտ են ուզում, բայց ոչ ոք չի ուզում մեռնել:
Լույսի աղոտ ցոլքերը բյուր ասեղների պես խրվեցին ակնագնդերի մեջ, աչքերը բացելուն պես: Գլխի բութ ցավին ուղեկցում էր մարմնի դողը, և ընդհանուր թուլությունից ցավում էր մարմնի ամեն մկանաթել: Ցավատանջ աչքերը փակեց, գլխում միայն հանգստի մասին մի միտք առկայծեց: Ուշագնացության աստիճան թուլացած մարմինն անզուսպ տրվեց քնին: Քնից, որ պիտի հանգստանար, ավելի շատ տառապեց։ Տհաճ հոտը ստիպեց արթնանալ կրկին, և մեծ ջանք պետք չէր՝ հասկանալու համար, որ փարախում է: Արյունով լցված ակնախոռոչները սարսափի ու զարմանքի արտահայտություն ստացան: Գոմաղբի հոտը սրտխառնոց էր առաջացնում, փորձեց ոտքի կանգնել: Թե ինչպես է այստեղ հայտնվել, նրան չէր հուզում․ ելքը գտնելու մոլուցքով, անհույս աղաղակով շուրջբոլորն էր նայում: Աղերսագին ճիչերը զարնվեցին պատերին, արձագանքով հետ դարձան: Փարախում խոյացող փայտե հաստ սյուները խոշոր սարդերի բույն էին, իսկ գարշահոտ ու լպրծուն հատակը փախչում էր ոտքերի տակից։ Դուռն այնքան հեռու էր:
Հազիվ հասնելով դռանը՝ կախվեց նրանից։ Գերմարդկային ճիգեր էին պետք, կախվել էր աժդահա դռան բռնակից, ձախորդ փորձերից հետո, ծնկելով դրա առաջ, զույգ ափերով ծեծում էր, օգնության աղերսներով: Հուսահատ լռություն: Մարմինը կրկին արձագանքեց սուր ցավերով:
Դուռը ճռնչյունով բացվեց, ու իր առաջ չոքած մարմնին հարվածելով՝ հետ շպրտեց: Ներս ճիրացող ոչխարների հոտն անխնա տրորտում էր հատակը գրկած, ցավերից ցնծացող կիսադիակին:
«Հովվություն արա հոտին իմ»: Աբսուրդ: Ոչխարներից ոտնակոխ գանգի ներսում գույների բախում էր: Առաջին պճղակները հարվածեցին կապտականաչ երանգով: Ցավերով հարուստ հրավառությունն անջատեց մարմինը։ Վանդակում գտնվող մարդուկի պես, մնում էր միայն անհասցե մեռնելը, որովհետև երբեք ոչ ոք պատասխան չտվեց վանդակում նկարված մարդուկի համար։
Երեսին հավաքված ճանճերի մանր ոտների խուտուտից շարժվեցին փակ աչքերը: Դուրս եկավ լեզուն և շոյեց չորացած շուրթերը: Արդեն նստել էր, այդ դիրքից ավելի լավ էին երևում ճանկռոտված ձեռքերը, արյունլվա մարմինն ու պատառոտված հագուստը: Հեռվից լսվող կաթիլները ցնցումներ առաջացնող ալիքի պես շարժում էին ավազանի ջուրը: Ոչ մի ոչխար խմել չէր ուզում: Բայց իր կոկորդը շատ էր ծարավ: Քարշ տալով վերջույթները՝ մարմինը նետեց դեպի ավազան: Աղոտ լուսավորող լամպերը թրթռում էին: Ոտքերը գցեց ավազանի մեջ, ծորակից միայն կաթիլներ էին գալիս: Հպեց շուրթերը պաղ ծորակին, ագահորեն ծծեց վերջին կաթիլները: Ծորակի վերջին պարգևներն էին դրանք: Սոված ու ծարավ մարդու բաժին տխրությունից անմասն չմնաց ինքն էլ:
Ոչխարները բառաչում էին ու մայում: «Հովվություն արա հոտին իմ»: Այդ հոտը հովվի կարիք չուներ: Անասնական ռեֆլեքսը լիիրավ փոխարինել էր նրան: Կքվեց ավազանի ջրի վրա, փարախը լռեց: Ինչ-որ սպասում էր կանգնած օդում: Տեսակի աղետ էր կախվել առաստաղից: Չխմեց, ամոթ է խոստովանել, բայց ամաչեց ոչխարներից: Բավարարվեց միայն լվանալով ոտքերը: Կեղտից սևացած ոչխարներից ոտնակոխ տձև նրա դեմքի արտացոլանքը փուխսի տեսքով հատակը ներկեց: Եսակորստի պահը պատվով հաղթելու ինչ-որ հեռավոր ցանկություն կար: Բայց մարմինը թուլացել էր, ու հոգեավանդի պահին էր մոտենում: Մարմինը կարծես ջրապտույտում էր: Առաստա՞ղն էր իջնում, թե՞ ինքն էր բարձրանում: Զառանցանքի շեմին զանազանելը դժվար էր, ցավերը կենտրոնացել էին ներսում: Իսկ կենսապես անհրաժեշտ էներգիան ջերմության ալիքներով լքում էր մարմինը:
Փարախի պատերի անհարթ շինվածքը հորիզոնի էր նմանվում, որ փակում էր իր մտահորիզոնը: Ակնհայտ տարբերվող շաղախի գծերը ցրտից դողացող լարերի պես ճոճվում էին: Միակ կենդանության նշանը միտքն էր մնացել, որին ցավերը չէին կարող դիպչել:
«Հովվություն արա հոտին իմ». կատարյալ ոչխարներից բաղկացած ոչ մի հոտ կարիք չունի սրտացավ հովվի: Խոտակերությամբ կշտացող հոտին նույնը չէ՞, արդյոք, թե ով է ներսուդուրս անում․ մենակ թե խթանիչ ճիպոտը լինի բարակ։ Ինչո՞ւ է փրկության դուռը միշտ երկաթից, ժանգոտ, ու դրսից փակ: Խնդրե՞լ ազատություն երկաթե դռնից, թե՞ պահանջել, նույնը չէ՞ արդյոք, ուրեմն՝ մնում է որոշել լինել ազատ:
Ցնցվեց մարմինը։ Ուշագնացության վերին շեմին մարմինը թմբիրը շփոթեց մահվան հետ և վերջին ուժերով պայքարեց կյանքի համար, հետո ի՜նչ, որ խղճուկ էր փորձը, հետո ի՜նչ, որ փարախում: Արթնանալով՝ չգտավ ոչխարներին, մարմինը նորից տվեց հուսահատության: Սարսափելի մրսում էր ու հայհոյում աղքատիկ հանդերձանքը, որը դողի հիմնական պատճառն էր: Դարձավ դեպի ավազանը։ Ամոթի դրդող ոչ մի ոչխար չկար։ Ջրի առատությունը շփոթության մատնեց մարմինը, կռկված ստամոքսը կարծես հալած արճիճով լցվեց, ծանրությունը տանջալի էր։ Կենդանացավ երակների խաղը, քունքերի տրոփյունը ավելի լսելի դարձավ, մարմինը պատվեց քրտինքի թացով: Նոր բնակությունը քառասուն օրվա չէր, առավել ևս անապատում, բայց միևնույն է՝ սովը սաստիկ էր: Ծամեց համեմատաբար թարմ խոտը, չոր ծղոտ դիզեց․ այդպես հարմար էր պառկել, հայացքը հառած դռանը:
Մարդկային բանականությունը շեղվել էր բավականին՝ չափից դուրս երկար ժամանակ ոչինչ չասելուց, ատամները դեղնել էին խոտակերությունից, ստամոքսը ցավում էր, ավելի հաճախ ու սովորական էին ուշագնացությունները: Մոռանալով՝ որքան ժամանակ է անցել, քայլում էր արդեն բոբիկ, կոշիկները նետեց մի կողմ, ոտքերի երկար եղունգները ցավեցնում էին:
Հերթական անգամ արթնանալով՝ տեսավ ոչխարների կույտից քիչ հեռու մենավոր ոչխարի: Աչքերը արյունով լցվեցին, շուրթերի մկանները ձգվեցին, բիբերը նեղացան, գլխում մեն մենավոր մի միտք էր: Ոստյունով բռնեց գլուխը, ատամներով պոկեց կոկորդը, շուրթերը մխրճեց, արյունի տաքությունից պաղ մարմինը հաճելիորեն դողաց: Հանդիսատես հոտը լուռ էր, հում միսը ծամելը հեշտ չէր:
Անասնական կատարելությամբ առաջնորդվող կենդանիների մոտ պարզ էր ամեն ինչ, աներևույթ թևավոր էակների համար նույնպես մարդ լինելը բարդ էր: Օժտված հոգևոր ու մարմնային կատարելությամբ, հավասարաչափ հիմարություն էր խոսել ոսկե միջինի մասին, ոչ մի միջակություն ոսկե չարժե համարել, հոգևոր միջակության վերջը փսխումն է, մարմնավոր միջակությանը՝ առօրեական աղքատությունը, ու ինչ նողկալի կլինի երկու միջակության հանրագումարը:
Ընթրիքն ավարտվեց, հովիվ ընտրած հոտը սկսեց հետևել մսակերին: Քառապատ տարածքում ոչխարների հետապնդումը անտանելի էր դառնում, հատկապես, որ անցել էր բանականության ճգնաժամը: Դժվար էին ծալվում ձեռքերը, չորացած արյունից լվանալ էր հարկավոր, ավազանի մոտ հասնելը դժվարանում էր կրնկակոխ հետևորդների պատճառով, ուզեց բարձրաձայն հայհոյել, բայց քերված կոկորդը մի քիչ արյուն թքեց անհասկանալի ծղրտոցի հետ: Արդեն իր ուժերում ավելի կարող էր, լավ լվացվելուց հետո ողողեց կոկորդը, չորացած գոմաղբի կտորով հարվածեց իրեն ավելի ակտիվորեն հետևող ոչխարներից մեկին, և ամբողջ հոտը նորից ցրվեց դեպի իր նշանակետը: Ոչխարից մնացած լեշակտորը տեղափոխեց փարախի ամենապաղ անկյունը, ձեռքով շոշափեց կոկորդը, որն ուռել էր զգալի և սկսում էր ցավել: Քնեց։ Արթնացավ թարմ։ Երկաթի ինչ-որ ճռնչոց նրան ստիպեց ոտքի կանգնել: Տեսավ հովվին առաջին անգամ, քանի որ առաջին անգամ էր, որ օրվա այդ ժամին արթուն էր:
Հովիվը թունդ սև ակնոցներով էր և ձեռնափայտով: Կռահեց, որ կույր է, սկսեց կանչել, ոգևորությունից սայթաքեց և ընկավ կողի վրա։ Շատ անհարմար ցավից սկսեց սաստիկ ծղրտալ: Հանկարծ չճանաչեց իր լեզուն, արտաբերածը նմանվում էր անհոդաբաշխ աղմուկի, ոչխարները, բաց դուռը տեսնելով, իրար հրմշտելով, դուրս մղվեցին՝ չխնայելով ճամփին փռված մսակերին: Իր հետևորդների ոտնակոխությունը կրկնապատկում էր ցավը, որը փորձում էր սաստիկ հայհոյանքներով թեթևացնել, ցավեր, որոնք միայն հստակ էին մտքում, իսկ հնչողությամբ անիմաստ ձայնարկություներ էին հիշեցնում՝ անհասկանալի մի կենդանու հատուկ:
Հովիվը, ոչխարներին դուրս հանելուց հետո, ձեռնափայտով թփթփացնելով գետնին՝ փնտրում էր ձայնի օջախը, գտավ ու փայտով հարվածներ սկսեց հասցնել տանջված մարմնին, որը բնազդաբար գլորվեց հեռու և կուչ եկավ փարախի մեջտեղում, ուր անցնում էր գոմաղբահեռացման երկար ու նեղ ուղին: Ամբողջ մարմինը տեղավորվեց այդ գարշահոտ առվակում, հովիվը բավարարվեց ձայնի կտրվելու փաստով և լքեց փարախը՝ փակելով դուռը:
Պատին ընկած լույսը դռան բազմակի չափով սկսեց նեղանալ և վերջին լույսի գիծն անցավ աչքերի միջով: Արցունքները լվացին դեմքից գոմաղբի որոշակի մաս, գնաց դեպի ավազանը և սկսեց տրորել իրեն՝ հանելով հագուստն ամբողջությամբ, մտածելով միաժամանակ, որ արձակած ձայների պատճառով իրեն շփոթել էին առնետի կամ աքիսի, կամ էլ՝ նմանօրինակ մի կենդանու հետ: Արդեն հստակ իր քայլերում, մարմնի ցավը մի կողմ դնելով, քայլեց ոչխարի լեշի մոտ, հանեց տիկն ու գցելով մեջքին՝ հարմարեցրեց իր ջանին: Կերավ մնացած միսը, որը դեռ ուտել հնարվոր էր ու լիքը ստամոքսին տրված՝ նորից տարվեց քնով։
Արթնացավ, տեսավ ոչխարներին ներսում, չտագնապեց, այլ հանգիստ տեղավորվեց մի այնպիսի վայրում, որ հնարավորինս մոտ լիներ ոչխարներին ու դռանը: Հոտի կողմից որոշակի փորձեր եղան նրան մոտենալու, բայց կոշտ պատասխանը նրանց ուղությամբ նետված ոսկորների տեսք ուներ, ստիպեց նահանջել: Սպասումն իրեն արդարեցրեց, դուռը կրկին բացվեց, ներս մտավ հովիվն ու սկսեց խթանել ոչխարներին դեպի դուրս իր ձեռնափայտով։ Խառնվեց հոտին ու մկկալով շարժվեց նրանց հետ դեպի դուրս, մի քանի հարված բաժին ընկավ նաև իրեն, բայց մեջքի բուրդը ցավը մեղմեց: Դուրս գալով՝ փորձեց արձակել ազատության ճիչը, բայց բերանից, բառաչից բացի, ոչինչ դուրս չեկավ:
