Առաքել Սեմիրջյան / Թող մեռելները իրենք իրենց թաղեն  

-Գերեզմանները տարածվելու սովորություն ունեն՝ նամանավանդ պատերազմի ժամանակ:

-Այստեղ նախկինում ծիրանի այգիներ են եղել։

-էն պահակին հիշու՞մ ես, որ ցոգոլ գողանալիս շանը մեր վրա էր բաց թողնում:

-Մի շուն էլ լինե՞ր, ավելի շատ նրա ղժղժան ձայնն էր երևում, քան տեսքը:

-Հետաքրքիր է` ի՞նչ եղավ նրա հետ: Երևի արդեն երկնքում կլինի՝ հաչելիս, շատ ժամանակ է անցել:

-Իսկ այն ծա՞ռը, որից դու ընկար: Երևի դա էլ երկնքում կլինի նա շատ ծեր էր:

-Փաստորեն, շունն ու ծառը իրար հետ միասին են երկնքում, ու որտեղ նրանք, այգեպանն էլ հետները։

-էդ դեպում մենք ի՞նչ ենք անում այստեղ` այս բորբ արևի տակ կանաչավուն համազգեստով անշարժ պառկած։

-Չգիտեմ, չեմ մտածել այդ ուղղությամբ։

-Իսկ ծառերը երկնքում ծաղկու՞մ են։

-Երևի հա, որովհետև դրախտում ինչ-ինչ, սակայն խնձոր հաստատ եղել է, հո պատրաստի խնձորը չէին կախել ծառերից։

-Բա եթե ծառերը դրախտում ծաղկում են, նշանակում է` ցոգոլ էլ կլինի, ու եթե ցոգոլ լինի, նշանակում է` ցոգոլ գողացող էլ պետք է որ լինի։

-Դրախտում եթե գողություն լինի, անմիջապես գողին կվտարեն դժոխք։

-Ցոգոլ գողանալու համար ի՞նչ դժոխք, համ էլ էդ ծառն ու էդ շունը, վրադիր` այգեպանը, ըստ իս` ի վերուստ ստեղծված են ցոգոլ գողացողների համար, այլապես ո՞ւմ համար են նախատեսված նրանց բոլորի ջանքերը։

-Թող այգեպանն ինքն-իր համար բերքը աճեցնի ու հետո վաճառի, շունն էլ թող իր շնական գործերով զբաղվի։

-Ծա՞ռը, այդ դեպքում ի՞նչ անի ծառը, պարզապես հղիանա ու իր պտուղները տա՞ այգեպանին։ Բա որդե՞րը, բա թրթուռնե՞րը, բա միջատներն ու ցոգոլ գողացողները ինչո՞վ զբաղվեն այդ պարագայում։ Չէ՞ որ նրանք  ծառի ու նրա պտուղների փառքը տարածողներն են, չէ՞ որ նրանք են ծառի իրական արժեքն իմացողը։

-Իսկ արդյոք դրախտի պտուղների մեջ որդեր չե՞ն պատահում։

-Չգիտեմ, դեռևս չեմ եղել այնտեղ։

-Դու հաստատ չես էլ լինի, որովհետև աչքովս եմ տեսել  ցոգոլ գողանալդ։

-Իսկ եթե մենք դրախտում չհայտնվենք այդ դեպքում ո՞վ կարող է այնտեղ հայտնվել։

– Անմեղները։

-Ես իսկապես ինձ մեղավոր եմ զգում բոլոր անմեղների առջև, որովհետև նրանք երբևէ չեն վայելել գողացված պտուղի համն ու հոտը, այգեպանի աղի հրացանի սպառնալիքն ու հայհոյանքը, էլ չասած` հիստերիկ շնիկից փախչելու վախը։

-Հիմա այդ շնիկը դրախտում այգու շուրջբոլորը վազում ու մեզ է փնտրում, իսկ մենք չկանք։

-Ո՞վ ասաց` չկանք. հիմա մի փոքր էլ անշարժ պառկենք, մի երկու-երեք սեզոն, ու հնարավոր է մի ծառի ծիլ էլ մեր կողքից բուսնի։  

-Երանի մեր կողքից աճած ծառի ցոգոլները գողացողիներին, քանզի նրանցն է իրական երկրային արքայությունը․․․

Please follow and like us: