Առաքել Սեմիրջյան / Մերկ ազգ, մերկ հայրենիք  

Տկլոր, ես կասեի` չփլախ, ավելի լավ է հնչում՝ համարյա չափալախի պես։

Նրա մերկությունը դադարել էր գրգռել թաղի տղաներին, որքան էլ հարևանի հարսը ենթադրաբար ավելի սիրուն պետք է լիներ, ու ամենակարևորը` ավելի ցանկալի։ Ոչ էլ լվացքի պարանին փռված գիշերանոցներն ու կրծկալներն էին հակառակ սեռի մոտ ինչ-որ բնական զգացմունքներ առաջացնում։ Երբեմնի Արարատ լեռը հիշեցնող կանգուն կրծքերն այժմ ավելի շատ ուղտի սապատների էին նմանվել՝ մեկը անհամաչափորեն մի կողմ փռված, մյուսը՝ մյուս։

Ո՞ւր կորավ այն կինը, ով ոչ թե տղամարդկանց կողմից նվաստացվելու ցանկություն էր առաջացնում, այլ տիրելու, ավելի շուտ` նրա տերը լինելու։

Խոպանում գտնվող ամուսինը դադարել էր նրան հեռակա խանդել, նա էլ վաղուց ամուսնուն էր մոռացել հիշել։ Իր ունեցած քրքրված շորերից զզվելով՝ տանը համարյա շոր չէր հագնում՝ վստահ լինելով՝ որևէ մեկը պատուհանից ներս չի նայի, նույնիսկ կիսաբաց լուսամուտից։ Հարևանուհիներն էլ թարգել էին նրան մեղադրել տանը մերկ շրջելու համար, քանզի համոզված էին, որ ամուսինները նույնիսկ աչքի պոչով հայացքները չեն շրջի էդ ուղղությամբ, թեկուզ սպորտային հետաքրքրությունից ելնելով։

Նրա մերկությունը միայն իրենն էր, ինչպես ծնված օրը, երբ բուժքույրերն ու տատմերները, նրան մորեն մերկ կողքի սենյակում թողած, վազել էին հանկարծահաս ծնունդ ընդունելու, ու տենց էլ որոշ ժամանակ նա անձայն սպասել էր մինչև իր մասին կհիշեն։ Այդ ժամանակը մի ողջ կյանքի տևողություն էր թվացել։

Ի հեճուկս կյանքի սկզբի այդ աննշան դրվագի` տարիների ընթացքում նրա մերկությունը դարձավ ուրիշների երազանքների աղբյուր, իսկ հետո այն միակի սիրո արգասիքը, ով եկեղեցում տեր լինելու երդում տվեց։

-Մերկության տերը լինելը Աստծո առջև մեծ պատասխանատվություն է ենթադրում, ու մինչև երդվելը պետք էր հավատալ դրան,- բաժանման առաջին շրջանում` հեռախոսի զանգը անջատելուց հետո, հեկեկալով արտասանում էր նա, սակայն երկրորդ վայրկյանին ինքն իրենց սփոփում, որ եթե որդու ու ծնողի գերեզմանն են մերկ թողնում, էլ իր մերկության անտերությունը ո՞ւմ է հետաքրքիր։

Եթե ճիշտը ասեմ, նա ոչ այնքան գգվանքի, որքան ծածկվելու կարիք ուներ, ու ձմեռները տնով մեկ մերկ շրջելով` փշաքաղված մաշկը հենց դա էր հուշում։

Արբունքից առաջ էլ նա Հակոբ Հակոբյանի նկարներում էր նկատել հայրենիքի դարչնագույն մերկությունը ծածկելու կարիքը ու մեկ էլ Խեչոյանի Մհերին՝ դռան դիմաց կանգնած, ով, ազգին մերկացրած, երկմտում էր` քարանձավ մտնե՞լ, թե՞ չմտնել։

Նա մտովի անդադար նայում էր մերկ հայրենիքի դաշտերին ու լեռներին, որտեղ հրաժարվել էին նույնիսկ փշեր ու տատասկներ աճել, և ինքն իրեն Մայր Հայաստանի իրական արձան զգում՝ կնճռոտված, հաշմված ու լքված։

Please follow and like us: