Ռուբեն Ներսիսյան/Հաջորդ օրը

ն   ա   խ   ԵՎ   ա   ռ   ա   ջ

Դժվար է ապրել մարդկային էգոյի եւ սիրո արանքում։ Եվ դրանցից ոչ մեկը պակաս կարեւոր չեն, քան դրսում գետնին պառկելն ու երազելը ինչ–որ բանի մասին, եւ կարեւոր չէ՝ ինչի։ Դա անհրաժեշտություն  է, հոգեթերապիա ինքդ քեզ հետ, ինքդ քո համար, քո մասին պատմվելիք, չգրված ԲԱՆ։ Եվ հարց է առաջանում՝ լինե՞լ էգոիստ ու թքած ունենալ բոլորի ու ամեն ինչի վրա, թե՞ լինել մարդասեր, բոլորին ժպտացող լոխ։ Չգիտեմ, չգիտեմ… կարո՞ղ է դու իմանաս։ Հա, հա, դու կիմանաս հաստատ։ Եվ եթե դեռ կարդում ես սա, ուրեմն ես քեզ ասելու բան ունեմ, որ երեւի կգրեմ շուտով կամ էլ չեմ գրի։ Կորոշեմ դեռ։

Բայց գիտե՞ս, մի բան աշխարհում պարզ ու շիտակ է, չնայած շատ ժամանակ դիտարկվում է շրջված։ 

Մարդասիրությունը շատ մեծ, ծանր ջանքների արդյուքնում է տրվում, իսկ էգոն միշտ կա, դեռ չծնված՝ ինը ամիսների ընթացքում արդեն կա էգոն։ Շատերը դրան վատ են վերաբերվում, թե բա՝ ինքնահավան, հաբռգած, եսասեր։ Սակայան դա ոչ այլ ինչ է, քան սուտ, ձեւավորված մարդկանց կողմից, ովքեր չեն գիտակցում, որ էգոիստ են, որ իրենց կյանքում իրենցից կարեւոր եւ ավելի նշանակալի կերպար որպես այսպիսին՝ չկա՛։ Մարդկային էգոն ինքնաճանաչման եւ ինքնաբացահայտման մասին է։ Այն առավել արտացոլվում է ի լույս աշխարհին՝ դեռահասության տարիքում։ Ինձ մոտ սկսել է ցուցադրվել տասնհինգ տարեկանից, երբ առաջին անգամ երկար մերժումներից հետո՝ համառության բոլոր դրսեւորումներով «Գրողուցավում» հրապարակվեց իմ առաջին բանաստեղծությունների շարքը՝ «Իմ սրտում գոռում է Rammstein-ը» վերնագրով,  քյարթկան եւ ռաբիս մշակույթին հակառակ արտահայտվելու համար, չնայած նրան, որ ապրում էի դրա մեջ․ ամեն օր եւ ամեն ժամ՝ նրանք անպակաս էին ինձնից։ Շարքի բանաստեղծությունները կամ որ ավելի ճիշտ կլինի ասել` կոչը հեղափոխական էր ինձ համար, առաջին քայլը էգոիզմի մեջ խորասուզվելու եւ բացահայտ մերժման։ Այն արծարծում էր իր մեջ իմ ողջ ցավը` ապրումակցման սահմաններից դուրս։ Իսկ «Դպրոցի հետեւ» բանաստեղծությունս դարձավ հետագա դեգերումներիս հենքային մասը։ 

Եվ այսպես, եթե պատրաստ չես տեսնել կյանքիցս որոշակի կադրեր, եւ եթե չունես ամենաՏես աչք, խորհուրդ եմ տալիս չշարունակել։ 

Դ   ՈՒ   Բ   Լ    /1/ – ԴԱՐՊԱՍՆԵՐ

Հավաքվել էին դարպասների մոտ։ Տասն էին, թե տասնմեկը, չհասցրի ֆիքսել։ Քայլում էի բավականին արագ, գլուխս կախ գցած դեպի հեռախոսը, ինձ դրել էի լուրջ աշխատանքով զբաղվող մեկի տեղը,  որ շատ կարեւոր առաջադրանք էր կատարում այդ պահին, համենայն դեպս տպավորությունը պետք է որ այդպիսին լիներ։ Բայց ինչքան էլ փորձեցի սլանալ դարպասների մոտով՝ միևնույնն է, հասցրին խիստ, ձեռ առնելու չափ բարձր ձայնով ասել․

– Բարե՛ւ, Ռուբենննննն։

Ես, իհարկե, ուշադրություն չէի դարձնում ու հայացքս անգամ չէի գցում նրանց վրա, չէ՞ որ ես բարձր էի նրանցից։ Երազանքներիս շարասյունը կախ գցած ոտքերիցս՝ ես քայլում էի հպարտ, վեհ, ոնց, օրինակ- այսօր քայլում են ծպտվյած քաղաքական գործիչները՝ հոգեւորականների քողի տակ, բայց լավ, չշեղվենք։ Երբ մտնում էի դարպասներից ներս, նրանք շարունակում էին գոռալ իմ անունը, սակայն այլ կերպ, ասենք՝ Ռուբո կամ Ռուբի ու սկսում հռհռալ՝ բերանները մինչեւ մազերի ծայերերը բաց։ Ի դեպ նրանց մազերը բավականին երկար են, եւ սնկաձեւ։ Դա ինձ վաղուց էր հետաքրքրել, եւ ես սկսել էի ուսումնասիրել տարբեր սնկեր, հետո փորձել համեմատական տանել նրանց գլուխների հետ ու հասկանալ այդ մոգական կապը սնկերի եւ գլուխների միջեւ։ Բնականաբար կապ չկար, դա ընդամենը զվարճալի էր, ահավոր ծաղրական եւ ահավոր ծիծաղելի։ Բայց լավ, էլի շեղվեցինք բուն նյութից։ 

Ես գրեթե վազքով հասնում էի գլխավոր մուտք ու ներխուժում դպրոց։ Այդ պահից սկսած ես էլի արիստոկրատ էի եւ ինձ ոչ ոք չէր կարող ինչ-որ բան ասել, եւ ոչ թե այն պատճառով, որ մեծահասակներ կային, այլ այն, որ կային տեսախցիկներ, եւ իրենց հարգող ոչ մի ՆՐԱՆՔ իրենք իրենց փուռը չէին տա։ Չնայած այդ ամենին, միեւնույնն է՝ դպրոցի ներսում, միջոցառումների եւ պերֆորմանսների ընթացքում, երբ հնչում էր իմ անունը՝ նրանք սկսում էին քթների տակ ինչ–որ բաներ խոսել։ Շատերը մոտենում էին ու սկսում ծավալել ամենացածր խոսակցությունները, հետո պարտադիր հարցնում, թե արդյո՞ք ես եմ գրել լավ տղերքի մասին՝ որոշակի վատ տոնայնությամբ, ու, թեեւ ես չէի հասկանում, թե գրվածի տոնայնությունը որն է՝ շարունակում էի նրանց նայելով պատասխանել.

– Հա, ես եմ գրել, հետո՞, խնդի՞ր կա։

Իսկ իրենք ֆնչցնելով ու տատանելով սնկաձեւ գլուխները պատասխանում էին. 

– Չէ, ախպերս, ասեցինք իմանանք, էլի։

Իհարկե, նրանք նաեւ վախենում էին ինձնից, քանի որ տարիքիս համեմատ լավ գիտեի օրենսդրության որոշակի կետեր՝ սեփական իրավուքնները պաշտպանելու համար, բայց չէին դադարում հայացքներով հետապնդել ինձ։ Իմ ամբողջ ուշադրությունը կենտրոնացած էր նրանց վրա, եւ ես չէի էլ կարողանում հանգիստ խղճով պատրաստվել դասերին, նույնիսկ շատ հաճախ մտնում էի դպրոց մյուս դարպասից, որտեղից հիմնականում մտնում էին աղջիկները, եւ թաղային կուտակումներ, շրիշակի մակարդակից էլ ցածր, անհանդուրժողական խոսակցություններ չէին ծավալվում։ Չնայած որ անհրաժեշտ էր շրջանցել դպրոցի ողջ շենքը այդ մուտքին հասնելու համար, ես անում էի դա։ Ինչի՞։ Կիմանա՞ս։

Դ   ՈՒ   Բ   Լ    /2/ – ՍՈՑՊԱՏԵՐԱԶՄ

Հաշվի առնելով այն փաստը, որ չէի տրվում սադրանքներին (ոնց քաղաքական ասպարեզում են ասում)՝ շարունակում էի հետապնդվել արդեն գազազած արարածների կողմից, որոնք ամեն կերպ փորձում էին ինձ ցույց տալ իմ իսկական տեղը։ Արդեն հրապարակվել էր «Խժռող քաղաք» վավերագրական, փորձարարական պատմվածք–էսսես։ Այն ընթերցել էի դպրոցում, բախվել ուսուցիչների քառակուսի մտահորիզոնին։ Հիշում եմ՝ ողջ դպրոցը հռհռում էր վրաս, բայց ես շարունակում էի կարդալ։ Ինձ միշտ եմ տվել այդ հարցը ինքս, թե արդյոք արժե՞ր գրականությունը այդքան, որպեսզի ծիծաղեին վրաս ու փսլնքոտ լակոտի տեղ դնեին։ Արդյո՞ք արժեր կարդալ փոքր ժամանակ ցոգոլ ուտելու պահը, արդյո՞ք արժեր հայտարարել, որ ծխում եմ եւ շարունակելու եմ ծխել։ Եվ արդյո՞ք արժեր գրել դա։ Չգիտեմ, չգիտեմ, հնարավոր է դու էլ չիմանաս։ Բայց համենայնդեպս եղածը եղած է, ոչինչ շրջել հնարավոր չէ այլեւս, նամանավանդ նրանց այդ քայլը, հենց այդ քայլը, որ ինձ կիսամեռ զոմբի դարձրեց։ 

Ուրբաթ էր, գնում էի ֆիզիկայի պարապմունքի, սպասում էի տրանսպորտին, երբ ծնգաց բջջայինս։ Ինստան էր։ Մի նկար ունեի հրապարակած՝ պառկած էի դպրոցի ներսի հատվածում դեպի վեր բարձրացող աստիճաններին։ Նկարի տակ քոմենթ էր սրտիկ սմայլներով.

-Spasi galis em motd, kyanqssss:

Էջը կեղծ էր, բայց իհարկե ինձ հասանելի որոշակի միջոցներով ճշտեցի, որ նրանցից մեկն է եւ համոզված էի, որ շատերի համաձայնությամբ։ Զգում էի արյանս յուրաքանչյուր կաթիլի շարժը դեպի սիրտ։ Սպիտակ–սպիտակ էի, շրթունքներս կապտել էին, մարմինս թուլացել։ Թվում էր, որ էլ ոչ մի գետնին պառկել ու երազել ինչ-որ բանի մասին՝ չի փրկի ինձ։ Թվում էր, թե մենակ եմ անվերջ պտտվող ցիկլի մեջ եւ բոլոր պարագաներում՝ արիստոկրատ տուժած։ Եվ ամենավատը այն է, որ ես ոչ միայն սկսեցի խուսափել նանցից, ոնց անում էի առաջ, այլ նաեւ սկսեցի ատել, ասել է թե՝ բացառել նրանց ներկայությունը կյանքից առհասարակ, համարել, որ չկան։ Ես բացահայտ ցույց էի տալիս, որ գիտեմ ամեն ինչ, եւ կդիմեմ իրավապահ մարմիններին, ոնց նորմալ մարդիկ են անում։ Հաջորդ օրը ջնջված էր քոմենթը։ Սակայն ես չէի կարողնաում մոռանալ, թե դպրոցի միջանցքում ինչպես էին նստած թերթում էջս ու ծիծաղում բամբասկոտ կանանց պես։ Ես մինչեւ հիմա բացում եմ ինստան ու տեսնում, որ նկարներիս ռեփոստների թիվը գերազանցել է 100–ը ու հասկանում, որ 100 հոգի անտրտունջ խոսել է ինձնից, քննարկել նկարներում առկա դիրքավորումներս, գուցե նույնիսկ սեռական հայհոյանքներ շպրտել վրաս։ 

Դ   ՈՒ   Բ   Լ    /3/ – ԺԽՏՈՒՄ

Օրը ինձ համար ահագին շուտ սկսվեց։ Վերջին զանգն էր։ Չէի քնել ամբողջ գիշեր։ Սրտնեղած չէի ամենեւին։ Ես երազել էի այդ օրվա մասին արդեն վեց ամիս, չնայած չէ, տասներկու տարի։ Ու վերջապես հասել էր այդ պահը՝ ազատագրման, հրաշքի պես եկել, թառել էր ոտքերիս առաջ, իսկ ես սառել էի։ Արձանի պես։ Չգիտեմ՝ ինչի էի սպասում։ Հասկանում էի, որ այն ամենը, ինչ ինձ հետ պատահեց այս տարիների ընթացքում, այդքան էլ վատ չէր, որ ինչ էր իմ այս տարիների կյանքը առանց քյարթու հասարակարգի։ Ես հասկանում էի, որ իրենք ինձ ուղղորդեցին դառնալ այն՝ ինչ կամ․ սկզբունքային, խիստ, երազկոտ, նույնիսկ ապուշ, եւ բավականին հաջող ապուշ։

Գառնիում էինք, բեմի դիմաց կանգնած։ Նրանց հայացքներում ոչինչ չէր փոխվել կամ գուցե փոխվել էր, չգիտեմ, չգիտեմ, հնարավոր է դու իմանաս, կիմանաս հաստատ։ Բայց մի բան հաստատ էր, պարզ եւ շիտակ․ ես նրանց մի ուրշ աչքով էի նայում, չասեմ համակրանքով, չէ, հին բարեկամների, որոնց էլ երբեք չեմ տեսնելու ու չեմ լսելու իրենց մասին, կամ լսելու եմ ու մոռանամ։

Ուսուցիչները իրենց ժպտացող հայացքներով եւ ծափահարություններով ուղեկցում էին մեզ բեմ։ 

Երգը հնչեց, պարում էին քոչարի, բոլոր ուսուցիչները միացան մեզ, առանց վարանելու։ Կար անկեղծություն ու ազնվություն պարի մեջ։ Գուցե նաեւ հայրենասիրություն, գուցե հայրենասե՞ր են ՆՐԱՆՔ։ Գուցե իրենց դերը կյանքում հենց դա է՝ ձեւավերվել պետության համար որպես համապատասխան քաղաքացի։  Ձեւավերվել․ երբեմն վրիպակները կարող են ավելի ճշգրիտ լինել։

Եվ իրենք իմ պարագայում կարծում եմ հասան դրան, եւ ես սովորական ապուշ լինելուց ու խզբզելուց բացի հասա որոշակի կայունության՝ սիրո եւ էգոյի արանքում խցկված։ Նրանք ինձ սովորեցրին դիմակայել իրենց պեսներին։ Նրանց շնորհիվ ես դարձա ավելի երազկոտ, սկսեցի շուտ-շուտ պառկել գետնին, ցանկացած վայրում եւ ցանկացած մարդկանց ներկայությամբ ու երազել։ Երազել ինքնամոռաց, բոլոր վերջույթներով ու վրաս նստած փոշու հատիկներով։ Երազել հաջորդ օրվա մասին։ Արեւոտ, պայծառ, թեթեւ անձրեւային, նույնիսկ միստիկ, մի քիչ էլ խելառ։ Դադարեցի շատ կարդալ եւ որոշեցի շատ գրել չտեսնվածի եւ հրաշքի մասին։ Եվ խեղդելով ներսիս թարախային կուտակումը՝ ապրել հանուն ինձ եւ բոլոր նրանց, ովքեր ճանաչում են ստվերները իրերի։

Իհարկե, կարեւոր չէ այդ ամենը, եւ կարեւոր չէ, թե ինչ պատահեց, եւ կարեւոր չեն իմ զգացողությունները, կարեւոր չեն իմ դիտարկումները կյանքի, մարդկանց եւ դեպքերի մասին, կարեւորը եւ անժխտելին այն է, որ դու՝ սիրելի ընթերցող, կարդում ես այս տեքստը եւ ավարտում այն հույսով, որ կգտնես ինչ-որ մի նորություն, սակայն բախվում ես կյանքի արտացոլանքի, դեմ առ դեմ՝ հայելու փշուրների առաջ, եւ ինչքան էլ փորձես շարունակություն փնտրել՝ տեքստը (կամ չգիտեմ ինչ կանվանես սա) ավարտվում է։ Առանց նորության։

Պատմվածքը գրվեց Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի «Հայելի՝ արտացոլելով կյանքը» աշխատարանի ընթացքում, դասընթացավար Համբարձում Համբարձումյանի ղեկավարությամբ։

Please follow and like us: