Տարիներ առաջ, երբ քաղաքում կայանատեղին լուրջ խնդիր էր, օդագնացների մուտքը իսկական փրկություն եղավ, վթարների թիվը զգալի կրճատվեց: Ըստ վիճակագրության` վերջին տասնամյակներում`ոչ մի պատահար:
Այս մտքերով տարված` աստղաֆիզիկոս Վիկ Ալյանը այգում երաժշտություն էր լսում: Սարքը, որն անվանել էր Բզեզ, պտտվում էր` ամեն ծառի մոտ այլ մեղեդի հնչեցնելով… Վիկը ծառի սաղարթը փարթամ աճեցնելու մեթոդ էր մշակել. ամեն ծառատեսակ, ըստ գիտնականի, փթթում էր իրեն հաճո դասական մեղեդու ազդեցությամբ: Նանոտեխնալոգիաներին զոհ գնացած իրականությանը դեռևս դիմադրում էին ծառերը։ Ըստ նրա՝ բնության մեջ ծառը միակ բանն է, որ մարդը դեռ չի այլանդակել, առանց դրանց Երկիրը անտանելի վայր կդառնա… Էհ, ինչքան բան փոխվեց… 100 տարի առաջ, երբ մարդը նոր էր հարմարվել 5G ցանցին, այս իրականությունը գիտաֆանտաստիկ ֆիլմ կհամարեր։
Գիշերը չքնեց, բայց իր ուզած աստղադիտակը հավաքեց, մնում է փորձարկել:
– Առնոն է զանգում,- հայտնեց Ռոբոտը։
– Ալո, աստղագետ իմ, բարև, հասի Թումոյի այգի, տես՝ ընկերոջդ գլխին ինչ է ընկել:
– Նկար, գլուխս մի տար, գիշերը չեմ քնել, աստղադիտակը…
– Իջի աստղերից, Վիկ, լուրջ բան եմ ուղարկում, տեսքս էն չի, բայց արդեն լավ եմ, ընկերդ սենսացիայի ականատես է։
– Հաջող, նկար,- ընկերոջ խոսքը լուրջ չընդունելով` անջատեց: Ցնցուղի տակ էր, երբ բզեզ-ռադիոն ընտրեց David Bowie Space Oddity1 երգը։
– Էս ե՞րգը,- զարմացավ,- լավ, էս էլ վատ չի։
Քիչ անց նամականին բացեց. նկարիչ ընկերը`սփրթնած, աչքերի տարօրինակ արտահայտությամբ բան էր պատմում՝ ցույց տալով ասես կարկտի տակ մնացած ավտոմեքենան։ Էս ինչ է, վերջին 30 տարում որ հաստատ մարդիկ մոռացել են՝ ինչ է կարկուտը, երկինքը վաղուց առաջվանը չէ, ամենը կառավարելի է, անձրեւը` կոճակի հպումով։
-Ալո, էդ ի՞նչ ա եղել։
-Օ տիեզերք, զարթնա՞ր, արի`կպատմեմ։
Վիկը նստեց օդագնացն ու սլացավ Թումոյի այգի։
-Առնո, էդ ինչ հաշիվ ա՞։
-Տո ես հեչ, դու էն կողմ նայի,-ձեռքը պարզեց դեպի կամուրջը:
-Էն ի՞նչ ա:
-Էդ դու պիտի իմանաս, աստղագետ, տիեզերքից ներքև չիջնողը դու, ի՞նձ ես հարցնում…Ասին`էն անմահ Իլոնի մեքենան է, որ եսիմ որ թվին հանել բրախել էր տիեզերքի չոլերը, ասա` ինչիդ էր պետք: Իմ բախտից, որ մի պայծառ օր էս տղու գլխին ընկնի:
Վիկը շշմել էր: Բացեց որոնման համակարգը՝ գտնել Tesla Roadster–ը2 ։ Էկրանին հայտնվեցին տվյալները` Արմենիա, Երևան…
– Հա էլի, գեոլոկացիան` Հայաստան:
-Ուրեմն ես քո համար հեչ, գեոլոկացիան՝ մե՞ջ։
– Բայց էս ո՞նց եղավ։
-Եսիմ, հավես չկար, բայց ոնց որ մեկն ասեր`գնա։ Եկա, թղթին կամուրջն էի խզբզում, մեկ էլ, որ ասում են` երկնքից, իրոք ընկավ, փռվեցի գետնին, փոշու ամպից բան չէր երևում: Դե, մնացածն էլ պատկերացրու, օդային պարեկները կախվեցին վերևը, ու եւ այլն: Մարդ քո նման ընկեր չունենա, լեղաճաք զանգեցի, ասիր` հաջող… Էս գլուխս էլ պայթում է,- աջ ականջը սեղմելով` տրտնջաց Առնոն:
Վիկը լուռ լսում էր: Առնոյի աչքերը խամրած էին, բիբերի շուրջ մանուշակագույն երանգ էր, ձեռքերի երակները ուռել էին:
-Լավ, բա սրա վերջն ի՞նչ է:
-Ի՞նչ լինի, կուղրկեն տիրոջը, կասեն` բա գլուխ էիր գովում, թե միլիարդ տարի կխլվլա տիեզերքում, տեսա՞ր`ինչ եղավ, Իլոն ջան:
Վիկը ծիծաղեց ու առաջարկեց ընկերոջը տուն տանել:
-Ես կգնամ, մերսի, ուզում եմ քայլել։
Առնոն այնպիսի քայլվածքով գնաց, ինչպես նոր ոտքի ելած երեխան:
Օրը լարված էր, բոլորը եղածն էին քննարկում:
Վիկի ընկերուհին, որը նոր տիպի լուսային ալիքով կարողանում էր ուզած վայրից պատկեր ստանալ, մի քանինկար էր ուղարկել:
Երբ աշխատասենյակի էկրանին հայտնվեցին պատկերները, արտառոց բան չնկատեց, բայց հանկարծ աչքն ընկավ մեքենայի թափքին:
Պատկերը մեծացրեց. իրար մեջ գծագրված օղակների շարք էր`ինչ-որ նշանով։
-Սա ի՞նչ է,- հարցրեց,- ծանո՞թ նշան է, Ռոբ:
Բայց Ռոբոտը զբաղված էր կուբիկ-ռուբիկ հավաքելով:
Նկարը տպեց, տարբեր կողմերից նայեց և հանկարծ հիշեց: Հրահանգեց համակարգչին` Խե՛լք, Յուպիտերի մասին…
Յուպիտեր մոլորակի մասին ներկայացնելուց հետո էկրանին հայտնվեց դրա նշանը՝ նման ալիքավոր Կ տառին կամ 4 թվին։
-Ի՞նչ կարող է նշանակել:
– Վերջապես, 6-րդ արբանյակ, 6-րդ արբանյակ, Վատիկանի ժողով…,-աշխուժացավ Ռոբոտը:
-Սուս մնա, ծրագիրդ խառնվե՞լ է, ինչ ես խոսում:
-Աստղագետ, ուղեղդ գործի դիր, 6-րդ արբանյակ, 6-րդ…
-Սուս կմնա՞ս, անպետք արարած, թող մտածեմ:
-Վատիկանի ժողով, ստախոսների…
-Դե, սուս, էլի, բռնեմ անջատե՞մ, որ խելքդ գլուխդ գա:
-Բարբարոս,- ճչաց ռոբոտը,- անխիղճ մարդ արարած:
-Քեզ թոշակի ուղարկելու ժամանակն է, Առնոն ճիշտ է, իզուր տուն թողի, պիտի դուրսը մնայիր, տանեին ձուլեին` պրծնեինք։
Վիկը զանգեց ընկերուհուն: Կես ժամից օդային տաքսին Մարիին իջեցրեց տան մոտ:
-Էս ո՞ւր է Ռոբը:
-Կոպտեցի, թաքնվեց: Լավ է՝ մերոնք սա չեն տեսնում, գյուղում գլուխները հանգիստ ապրում են, մաման ատում է էս ռոբոտային իրականությունը, դեռ թղթային գրքեր է կարդում ու գրում…
-Պարզ է, դե շուտ ասա, ի՞նչ կա…
-Նայի, տեսլայի վրա Յուպիտերի նշանն է, չգիտեմ`ինչ մտածել։
Աղջիկը խոժոռ շուռումուռ տվեց նկարը:
-Տիեզերքից խառը հեռագիր է եկել, բռնվեք, մարդիկ, Յուպիտերը ձեզ օգնական…
-Լրջացի, լավ, հլը մտածի …
-Առնոն ի՞նչ է ասում. կասկածելի բան չի՞ տեսել…
-Ճիշտն ասած` երեկ նրան նայելուց մի անորոշ զգացում ունեցա, մտածեցի` վախեցած է, մի տեսակ էր քայլում, հա, ու սպասեց`գնամ, ինքը հետ գնաց տեսլայի մոտ։ Էսօր չեմ խոսել հետը:
-Տես`ուր է, այցելենք։
Տեղորոշման համակարգում հավաքեց Առնոյի համարը. տանն է:
Առնոյի տունը հեռու չէր. սեփական տների թաղամասը քաղաքի ծայրամասում էր, ովքեր ունեին օդագնաց, նախընտրում էին այդտեղ հաստատվել, որ վերելքի ու վայրէջքի տարածություն լիներ:
Տան դուռը բաց էր։ Ռոբոտ Բենը ինչ-որ բան էր նկարում:
Մտան արվեստանոց, երևում էր՝ գիշերը աշխատանքային էր եղել. ամենուր նոր արված գծանկարներ էին, տիեզերական տեսարաններ, նկարակալին` 6 տձեւ կլորակ, 1 8 9 4 թվերը… Առնոն նստած էր՝ գլուխը ձախ ուսին թեքված, աչքերը կիսափակ:
-Քնած է,- շշնջաց Մարին:
-Նկար, զարթնի, խոսելու բան կա,- ձեռքը ուսին դնելով` փորձեց արթնացնել,- այ տղա, արջաքուն ես մտե՞լ, լուրջ բան կա խոսելու:
-Վիկ, արի շտապօգնություն կանչենք:
Վիկը երկու ձեռքով բռնեց Առնոյի գլուխը, հանկարծ նա աչքերը բացեց, ու մանուշակագույն լուսափունջը կուրացրեց ներկաներին։
-Վա՜յ, էս ինչ էր,- ճչաց աղջիկը:
-Առնո, ուշքի արի, էս ինչ էր,- աչքերը տրորելով`գոռաց Վիկը:
-Առնո չէ, Վի-ա,- խոսեց Առնոն`բերանի տարօրինակ շարժումով։
-Առնո, կատակի հավես չունեմ,-Վիկը թեթևակի հարվածեց թևին, և այնպիսի հակազդող ուժով հետ շպրտվեց, որ Մարին էլ կորցրեց հավասարակշռություն ու ընկավ գետնին:
Վիկը մոտեցավ ընկերոջը.
– Առնո, վերջին անգամ եմ հարցնում`էս ինչ է:
– Առնո չէ, Վիա. Վիա եկել վերևից,-խոսեց ձայնը,- մեզ օգնություն, ձեզ փրկություն պետք…
-Ա…այսինքն,- կմկմաց Մարին:
-Վիա ընկել, մտնել Առնոյի գլխի մեջ, որ ասել ճիշտ…դու չհավատալ ռոբոտ, հիմար ծրագիր խղճալ քեզ, չասել ճիշտը…
-Ոնց թե, դու ինչ գիտես Ռոբի մասին, ոնց, տեսլայից ես ելե՞լ, էս ինչ կինո է:
-Մեքենա հասել մեր մոլորակ, Վիա շատ սպասել այդ օրվա։ Վիա Մեծ դնել նշան, հետո Վիա մտնել սարք, խառնել ծրագիր, որ գալ։
-Այ քեզ պատմություն։
-Ինձ օգնել գտնել գաղտնիք, փրկել մեզ, մենք փրկել ձեզ…
-Էս կարող է «Աստղային պատերազմներից» ես ոգեշնչվել, մեր մոլորակ, ձեր մոլորակ, եսիմ ինչ,- հեգնեց Մարին,- մի դար փոշի է դրել էդ թեմայի վրա։
-Հավատալ, բոլորին խաբել, թաքցնել, խեղճ գիտնական սուտ հանել…
-Ինչ գիտնական, այ ախպեր, ինչ ես խոսում…
Առնոն ձեռքը վերցրեց մատիտն ու սկսեց նկարել, թղթին գծագրվեց ինչ-որ կղզի ջրային տարածության վրա և շենք։
– էս ի՞նչ տեղ է…
-Վիկ, նման է Սուրբ Ղազար կղզուն, տես, սա էլ Մխիթարյանների շենքն է, եղել եմ այնտեղ, լավ եմ հիշում։
-Հա էլի,- ապշած արձագանքեց Վիկը,-լավ, ասենք` հավատացինք, ինչ ես ուզում մեզնից։
-Գիտնական գտնել մեզ, ասել, բայց նրան սուտ հանել… հասկանա՞լ… նրանք վախենալ: Մեծ Վիա ասել` եթե մարդիկ իմանալ, գտնել բանալի, չէ ժամանակ, չէ սահման, գրավել մեր մոլորակ, լինել աղետ, համակարգ վերանալ…
-Այսինքն` ուզում ես ասել` ինչ-որ մեկն իմացել է ձեր տեղը, բայց դա հերքել են, որ գաղտնի՞ մնա։
-Շատ ճիշտ, ճիշտ, Վիա Մեծ ասել, որ որոշ մարդ արարած խելացի լինել, ես չհավատալ…
-Պահ, սրան տես, սրամտում է,- շշնջաց Մարին,- բա հիմա դու մեր դառը կյանքից ի՞նչ ես ուզում, այ… Վիկ, էս ընկե՞ր է, թե՞ ընկերուհի…
-Վիա չունենալ սեռ, մեր մոլորակ չէ տարբերակում, բոլոր հավասար առաջանալ գազերից, լինել թափանցիկ, մտնել ուր ուզել, անցնել ինչի միջով պետք, տեսնել տիեզերքի բոլոր կողմեր…Վիաներ ամենատես…մարդիկ մահանալ, վիաներ անվերջ լինել։
-Չեմ հավատում, Վիկ, էս իրական չի:
-Չգիտեմ`ինչ ասեմ,- կմկմաց Վիկը:
-Պետք չէ ասել, շտապել պետք, սեւ մոլորակի մալուսներ չար մտքեր ունենալ, Վիա գիտենալ, Մալուս Մեծ շատ խորամանկ, իջնել կապույտ մոլորակ վաղուց և փնտրել գաղտնի թղթեր… Ամեն անգամ չգտնել, կատաղել, մեծ պատերազմ, մեծ աղետ կազմակերպել ձեր մոլորակի վրա… Վիա եկել, որ փրկել …
-Պահո՜, ոնց, ձեր կողմերից էլի մարդ կա էստե՞ղ,- բացականչեց Մարին,- աստված ջան:
-Վիա չունենալ ժամանակ եւ չխոսել աստված մասին։
-Դու գիտե՞ս, տեսե՞լ ես նրան:
-Վիա շատ գիտել, բայց չասել, հիմա խնդրել հասնել սա,- և մատը դրեց նկարին,- էնտեղ հարցը լուծել, գնալ…
-Լավ, նախ հասկանանք` ինչ ենք անում, դու չես կարող տիրանալ մեր ընկերոջն ու հանգիստ ման գալ,- ասաց Վիկը,-գնում ենք իմ տուն, հետո կմտածենք:
Առնոյին թևանցուկ արին ու հասցրին մեքենային:
-Մարի, խնդրում եմ, Ռոբի հետ տվյալները համակարգեք, հասկանանք`էս ինչ օյին է եկել գլխներիս, գնամ տիեզերքից ընկած տեսլային բարևեմ։
Մինչ Վիկը այգում անցել էր կարմիր ժապավենն ու շոշափում էր մեքենայի թափքին արված նշանը, Յուպիտերի ու արբանյակների ուսումնասիրության մասին ամբողջ նյութը մեկտեղվում էր համակարգչում: Երեկոյան Վիկին ներկայացրին հաշվետվություն, որում մանուշակագույնով ընդգծված էր հետևյալը. Հայ աստղաֆիզիկոս Խորեն Սինանյանը 1894 թ. ապրիլի 15-ին հայտնագործել է Լուսնթագ (Յուպիտեր) մոլորակի 6-րդ արբանյակը, սակայն Վատիկանի դիտարանի հնաձնաժողովը գյուտը չի հաստատել` բացառելով 6-րդ արբանյակի գոյությունը ընդհանրապես:
-Այ քեզ պատմություն: Հիմա էս ընկերն եկել ու ասում է`այն կա, ավելին` որ ինքը էդտեղից էլ եկել է…
Մեկ շաբաթ անց 3 զբոսաշրջիկ քայլում էին Ս.Ղազար կղզու ծառուղիներով: Նրանք եկել էին հատուկ առաքելությամբ, բայց պետք էր շատ զգույշ լինել: Միաբանության գրադարանն այնքան մեծ էր, որ սկզբում կարծեցին` անիմաստ գործ է, բայց Վիան հստակ գիտեր` որտեղ փնտրել: Աստղագիտության դարակում մի հին թղթապանակ գտան, խունացած թղթեր` ձեռագիր տեքստով, գծագրերով։
-Սա է,- շշնջաց Վիկը,-հանձնաժողովի որոշումը, սա էլ աստղագետի հաշվետվությունը:
Զգուշորեն թերթեցին, վերջին էջը կիսատ էր. «…Ուստի վստահաբար ասում ենք՝ Յուպիտերն ունի 6-րդ արբանյակ, այնտեղ նկատելի են գազային ծագման շարժվող էակներ, դրանք հաղորդակցվում են, ենթադրաբար`բանական են, ունեն փոփոխական չափ ու ձև, առկայծում են մանուշակի երանգի լուսափնջեր, այսպիսով՝ ապացուցվում է, որ Արեգակնային համակարգում մարդուց զատ կան այլ էակներ, որոնք ազդանշաններ են ուղարկում Երկրին և կամենում են տեսանելի լինել։ Փաստը գրանցեցինք թվին 1894, 4-րդ ամսի 15-րդ օրը կեսգիշերից քառորդ ժամ անց, տվյալները…
-Պատռել են, ժամանակին հոգացել են, որ շարունակությունը չկարդանք,- ափսոսաց Մարին:
-Վիա գիտի, նրանք պահել էջ, քանի Մալուս չի գտել, մենք գտնել…
Փնտրտուքն ավարտվեց անարդյունք, և նույն գիշերը Վիայի պահանջով նրանք վերադարձան Հայաստան։
Առավոտյան Վիկն արթնացավ Առնոյի ձայնից։ Մարին սուրճ էր խմում։ Երբ մտան սենյակ, նա գլուխը բռնած նստել էր հատակին.
-Ախ, մի բան արեք, գլուխս տրաքեց, ախ ականջս…
-Առնո, դու՞ ես, Վիա՞,- կմկմաց Վիկը։
-Արա, հո դու գիժ չես, ասում եմ, էլի, մարդ քո նման ընկեր չունենա, ես մեռնում եմ, սա հանգիստ նայում ա…
-Առնո, հանգիստ, Մարի, ցավազրկողը բեր:
Փոքրիկ սարքը, որ Մարին պահեց Առնոյի քունքին, լույսի աղոտ փունջ ուղղեց դեպի ցավող հատվածը, քիչ անց Առնոն, ցավերը մոռացած, սուրճ էր խմում խոհանոցում: Ցավազրկող սարքը Վիկի բժիշկ ընկերն էր նախագծել, շատ արդյունավետ էր աշխատում և մեծ պահանջարկ ուներ:
Որոշեցին Առնոյին ոչինչ չպատմել, մարդը ոչինչ չէր հիշում… Նրա ժամանակը շարունակվում էր տեսլայի՝ երկնքից ընկնելու պահից:
Վիան անհետացել էր… Ռոբոտը տեսել էր, բայց խոստացել էր ոչինչ չասել, ինչպես չէր ասել իր հայտնվելու մասին։ Նա շարունակեց լինել Վիկին օգնող ռոբոտ։ Իր առաքելությունը սկզբում Վիային տեղեկություններ փոխանցելն էր, իսկ հիմա մոտենում էր ավարտը:
Ս.Ղազարից գալու օրից անցել էր մեկ ամիս, Մարին ու Վիկը նստած էին պատշգամբում՝ հայացքներում սպասման անհանգստություն։ Գերզգայուն աստղադիտակի փորձարկումն էին անելու կեսգիշերին։ Սա գրեթե 2 դար առաջ հայտնագործված ՌՕԴ-54/2.6 օպտիկական ռադիոդիտակի3 կատարելացված փոքր օրինակն էր, որի գերզգայունության շնորհիվ կարելի է որսալ տիեզերական ռադիոճառագայթումը ամենահեռու անկյուններից: Արագածի գիտական կենտրոնում տեղակայված 54 մ տրամագծով սֆերիկ մեծ երկհայելի անտենային ժամանակին համադրված էր 2.6 մ տրամագծով օպտիկական դիտակ, այժմ Վիկը հավաքել է դիտակի` 10 անգամ փոքր տրամագծով տարբերակը: Հատուկ սենսորային տվիչի շնորհիվ դիտակն այժմ կարող է աշխատել ցանկացած վայրից` սֆերիկ երկհայելի անտենայից մեծ հեռավորության վրա: Հաջող փորձարկման դեպքում սա լինելու է նոր տիեզերական բացահայտումների աննախադեպ միջոց: Սա այն է, ինչի մասին տասնամյակներով խոսվել է, բայց այդպես էլ մնացել է թղթին, ոչ ոք չի հավատացել այս նախագծին, միջազգային գիտական շրջանակներում առանձնապես չեն հետաքրքրվել և լուրջ չեն վերաբերվել մի փոքր երկրի այսպիսի հզոր ու եզակի գործիքի հաջողությանը: Իհարկե ընդունել են փաստը, որ այն կա, բայց որ եզակի է և աննախադեպ հնարավորություններ ունի, ավելին, քանի այլ նմանատիպ գործիքները, իհարկե բացառել են: Վերջին շրջանում եղան մարդիկ, որոնք փորձեցին հաստատել այս գործիքի արժեքը, բայց այդ փորձերը լռեցվեցին այնպես, ինչպես 1894-ին հայ գիտնականի բացահայտումը… Հիմա հերթն իրենն է, Վիկ Ալյանը կանի դա, բայց ինչու է անհանգիստ, ուրախ չէ, սկսել է կասկածել` արժե՞ արդյոք: Լավ, պետք է ցրել վատ մտքերը, դեռ պետք է հաջողությամբ անցկացնել դիտարկումներն ու գրանցել արդյունքը:
Ռոբոտը կանգնեց Վիկի մոտ.
– Ճանապարհը երբեմն այն չէ, ինչ տեսնում ես… այն կարող է շեղել` հանուն փրկության…
-Վա, էս արարածը քո ձեռքը փիլիսոփա էլ դարձավ, պարոն գիտնական,- ծիծաղեց Մարին:
Վիկը վազեց աշխատասենյակ:
-Ուլտրալազերային կայծակ հո չի խփել,-հարցրեց Մարին:
– Ոնց չէի հասկանում,- գլուխը բռնեց Վիկը,- միամիտ արարած ենք, մի գազային գոյ ինձ, քեզ, բոլորին էշի տեղ դրեց, մենք էլ հիմարի պես հավատացինք։ Ռոբ, ինձնից չնեղանաս, քո մատն էլ է խառը էս գործին։ Փաստորեն Վիա- ճանապարհ…հա՞։
Վիկը աչքերը փակ վերականգնում էր այս պատմության դրվագները, որոնք փազլի նման համադրվում էին։ Ռոբոտը սպասեց, մինչեւ Վիկը տեսավ ամբողջական պատկերը, ասաց՝ ժամն է, ու սեղմեց քունքի կոճակը։ Մանուշակագույն թափանցիկ էկրանը եռաչափ տարածվեց սենյակում։ Պատկերները վավերագրական ֆիլմ էին հիշեցնում. 1894 թվական, Ս. Ղազարի գրադարանից մանուշակագույն լուսափունջը բարձրանում էր վեր, թղթի փոքր գլանակը նշմարվում էր նրա մեջ: Ահա տեսլայի անկումը, ահա Վիան Առնոյի աջ ականջով թափանցում է գլխի մեջ։ Երրորդ դրվագը Վիկը քիչ առաջ մտովի արդեն տեսել էր. Վիան, խունացած թղթի կտորը դանդաղ տարրալուծում է դեղին լույսի մեջ… Դրան զուգընթաց ինչ-որ գորշ զանգված դանդաղ փոշիանում է Երկրի մթնոլորտի ամենավերին շերտում։
«Ուրեմն այսպես խաբեցիր Մալուսին, միասին խաբեցինք, Վիա ամենատես»,- Վիկը սեղմեց շուրթերը, որ չխոսի։
Տեսարանն անհետանալուն պես Ռոբոտը փլվեց հատակին և անջատվեց անվերադարձ:
Կեսգիշերն անց, երբ Վիկն աստղադիտակը ուղղեց իրեն հայտնի ուղղությամբ, ձեռքերը դողում էին, և ահա տիեզերական անվերջ ընդարձակվող մութ անսահմանության հեռավոր մի անկյունում մանուշակագույն լույսը չորս անգամ պայծառ առկայծումով ողջունեց իրեն՝ գծագրելով Յուպիտերի նշանը…
-Ախ Վիա, Վիա…ամենատես խորամանկ…
-Ի՞նչ ասացիր,- հարցրեց Մարին՝ դիտելու իր հերթին անհամբեր,- ինչ-որ բա՞ն ես տեսնում։
Մինչ աշխատասենյակի թաքստոցում սարքերը գրանցում էին տվյալները, Վիկ Ալյանի հոգում հույզերի այնպիսի պայթյուն էր, ինչպես 1985 թ. հայկական ռադիոդիտակի գրանցած Կարմիր հսկայի` Երկվոյակների համաստեղության Էտտա աստղի պայթյունն էր մեզանից 250 լուսատարի հեռավորության վրա, բայց ոչ, սա երևի ավելի ուժգին զգացողություն էր, որովհետև այլևս ջնջվում էր ամեն հեռավորություն ու արգելք…
-Չէ, ոչ մի նոր բան,- դողացող ձայնով արձագանքեց Վիկը` դիտակը թեքելով այլ անկյան տակ,- ոչ մի արտառոց բան…
հեղինակ՝ Մարինա Գևորգյան
Ծանոթագրություններ
- David Bowie Space Oddity երգը հնչում է Իլոն Մասկի Տեսլա էլեկտրամոբիլի մեջ, որն ուղարկվել է Տիեզերք։
Tesla Roadster , Իլոն Մասկի սպորտային էլեկտրամոբիլը, որը Տիեզերք է բաց թողնվել 2018 թվականին։ Մասկն ասել է, որ այն Տիեզերքում կարող է շրջագայել միլիարդ տարիներ։
3. ՌՕԴ-54/2.6– Օրգովի ռադիոօպտիկական աստղադիտակի տեխնիկական անվանումը, հայտնի է նաև որպես Հերունու ռադիոօպտիկական դիտակ, առաջինն ու եզակին աշխարհում, նախագծվել և կառուցվել է 1975-1985 թթ.` Ռադիոֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի կողմից` Պարիս Հերունու ղեկավարությամբ, Արագածի հարավային լանջին: 2002թ. գրանցվել է որպես պատմամշակութային արժեք:
Հիանալի գիտաֆանտաստիկ պատմվածք է, թերևս շատ շահեկան է հայ պատանիների, դպրոցականների ընթերցանության համար։ Չնայած հայրենասիրության մասին ոչ մի բառ չկար գրվածքում, թույլ եմ տալիս նշել, որ պատմվածք նաև «հայրենաշինական» է, քանզի պատանի ընթերցողների հայացքը կուղղորդի դեպի առեղծվածային տիեզերքն ու աստղերը, գիտությունն և լուրջ, կառուցողական արժեքներ։ Երկխոսությունները շատ հյութեղ են, ընթերցեցի մեծ հաճույքով։ Ի սրտե շնորհավորում եմ հեղինակին։