Առաքել Սեմիրջյան/Վենա

Հայելու առջև կանգնած նա ինքն-իրեն ուսումնասիրում էր։ Սկզբից դիմացից, հետո հետևից, հետո տակից։

Վերևից փորձեց, բայց չստացվեց։

Նա ընդամեը 40 տարեկան էր՝ մոտ 17 տարի ամուսացած։ Ուներ մեկ որդի, ում փորձել էր ուսումնասիրել ծնվելուց հետո հինգ ամսվա ընթացքում, սակայն հանգել էր նրան, որ կնոջ ու տղամարդու հոգեբանությունները տարբեր են ու դադարել էր ուսումնասիրությունները։

Նա իր շրթուքների վրա արել էր  մանր կոսմետիկ վիրահատություն, կույրաղիքը ապահովության համար հեռացրել էր, մեկ էլ վերին ծնոտի երրորդ ատամին նորորորական պլոմբ էր դրել, իսկ ոտքի թաթի ձախ բթամատին էլ փոքրիկ տատու արել, որը երևում էր միայն երբ սանդալներ էր հագնում ու ցուցադրաբար բութ մատը շարժում։

Տատուի վրա պատկերված էր գետաձիու ձագուկ ու երբ բթամատը շարժում էր այդ ձագը մեխանիկորեն սկսում էր շարժվել։

Հայելու առաջ Վերոնիկան մտածում էր իր մահից հետո այդ գետաձին ի՞նչ է անելու ու եթե դիահերձարանի բժիշկները փորձեն բթամատը շարժել գետաձին կրկի՞ն կշարժվի, թե կմնա անշարժ։

Որդին կողքի սենյակից ձայն էր տալիս, թե ինչ կա տանը ուտելու, սակայն Վերոնիկան, երբ սենյակում առանձնացած էր, դրսից եկած ոչ մի ձայն չէր լսում։ Որդու քաղցածության ճիչերը մոր կողմից անպատասխան թողնելը վերջին 14 տարում սովորական էին դարձել։ Սակայն որդին չէր դադարում կողքի սենյակից գոռալը՝ անտեսելով այն հանգամանքը, որ կարող էր պարզապես գնալ խոհանոց ու ստուգել գազոջախի վրայի դրված գոլ թավաներն ու բավականաչափ լիքը սառնարանը։

Վերոնիկան հայելու մեջ ինքն իրեն ուսումնասիրելով որոշեց մեկ անգամ ևս ձեռքերը տանել կրծքերի տակ ու ստուգել արդյոք դրանք հնարավո՞ր է վիրահատությամբ վերև բարձրացնել թե ոչ։ Հետո թևերը թուլացան ու  արդեն սովորության համաձայն փլվեց անկողնու վրա։ Ատրճանակից գլխի շրջանում կրակված ինքնասպաններն են նույն կերպ ընկնում անկողնու վրա, որ մի ձեռքը դոշակից ներքև է իջնում, իսկ մյուսը՝ անտրամաբանական դիրքով ինչ–որ տեղ խճճվում՝ կարծես էդ ձեռքը ընդհանրապես տվյալ անձի հետ կապ չունի։

Առանց որևէ  կոնկրետ բանի մասին մտածելու, էդ դիրքով մի 2 ժամ պառկելուց հետո՝ նա սկսեց ինքն իր հետ խոսել։

–Չ՛է, անպայման ձգելու եմ վերև։ Եթե ինքն էլ չնկատի, մեկ ուրիշը հաստատ կնկատի։

Ախր հարցն էլ այն էր, որ էդ մեկ ուրիշը չկար, ոչ էլ «ինքը»՝ դեռ ավելին, նա համոզված էր, որ տարիների ընթացքում չի էլ լինելու, սակայն կրկին չէր դադարում հուսալ։

Զգաց, որ միջից ուրիշ ձայն է խոսում։ Հետո վախեցավ որ հնարավոր է  հայելու մեջ տեսած կինը ու իր միջի խոսացողը տարբեր մարդիկ են ու  սարսափը ավելի ահագնացավ։

Ո՞նց կարող է պատահել, որ  իր մեջ իրենից այդքան տարբեր մարդ ապրի։ Նրան մինչև այդ թվացել էր, որ իր միջի մարդու գործողությունները իր գործողությունների հետ սինխրոնիզացված են։ Իհարկե, եղել էին պահեր, երբ ականջների մեջ տարբեր ձայներ էին լսվել, սակայն այդ ձայները իրար փոխլրացրել էին՝ երբեմն էլ երկխոսել, սակայն որ տարբեր լեզուներով խոսեին, այդպես երբևէ չէր եղել։ Նույնիսկ հղիության ժամանակ որդին ներսից հետը  չէր փորձել այլ լեզվով  խոսել, իսկ հիմա՝ երբ դաշտանադադարին քիչ ժամանակ էր մնացել, նրա միջի ձայնը սկսեց պղտորել ներսի աշխարհը։

–Իսկ միգուցե վենաս փրթե՞մ ու թողեմ ներսիս մարդը այնտեղից դուրս գա։

–Իսկ միգուցե վենաս լցնեմ հերոինո՞վ, որ ներսիս մարդը իրեն բավարարված զգա։

–Իսկ միգուցե գնամ վենաներս վիրահատե՞մ և վարիկոզի հետքերը վերացնելով ներսիս մարդուն խաբեմ, որ դեռ այնքան ծեր չեմ, որ թույլ տամ հետս այդ տոնով խոսել։

   –Իսկ միգուցե գնամ Վիեննա՞,– ինչ–որ մեկը ներսից խորհուրդ տվեց ենթադրաբար ասոցացիա փորձելով առաջացնել վենան- Վիեննայի հետ։

էնպես չէր, որ ամուսինը ուշադիր չէր նրա հանդեպ։ Նույնիսկ սկզբնական շրջանում սիրո թրթիռներ էլ էին եղել, սակայն տարիների ընթացքում ուշադրության պահանջը ավելացել էր, կամ էլ պարզապես ուշադրության թիրախներն էին փոխվել։

-Իսկ միգուցե ներսի մա՞րդն էր  ուշադրությունը մարդուց շեղել։ Կա՞մ էլ գետաձին։

Ամուսինը վերջին տարիներին միայն գետաձիի վրա էր ուշադրություն դարձնում։ Նույնիսկ մի քանի անգամ փորձել էր նրան կուլ տալ, սակայն վերջին պահին Վերոնիկան ոտքը քաշել էր ու այն դուրս էր թռել ամուսնու երախից։

 Գետաձիի նկատմամբ տածած խանդը նույնիսկ մի անգամ բերել էր նրան, որ նա փորձել էր լանցետով մաքրել այդ դաջվածքը, սակայն երբ տեսել էր այն ատամների հետքերը, որոնք մնացել էին գետաձիի մեջքին՝ մտածել էր, որ հակամարդկային է  վիրավոր կենդանուն սպանելը։

Ու էդպես էլ գետաձին մնացել էր իրենից անբաժան՝ ոտքի բթամատը վիրավոր գրկած։

Դրսի մարդկանց համար նա լրիվ այլ Վերոնիկա էր, ով ոչ կրծքերի բարձրացման մասին էր մտածում, ոչ էլ որևէ մեկը կպատկերացնեին, որ փակված սենյակում նա մերկացած  պարբերաբար ինքն իր մարմինն է ուսումնասիրում։

Վերոնիկան խճճվել էր։  Նա չէր կարողանում կողմնորոշվել, իրականում ինքը այն Վերոնիկան է, ով իր ընտանիքի համար է ապրու՞մ, այն Վերոնիկան է, ով իր մարմնի համար է ապրու՞մ, թե նա՝ ով ստեղծված է աշխատանքի ու մնացած աշխարհի համար։

Ամեն մեկը փորձում էր Վերոնիկային իր կողմը քաշել, նա էլ փորձում էր բոլորի հետ մի ձև լեզու գտնել, սակայն ամեն անգամ ավելի էր խճճվում։

Հաստատակամորեն որոշել էր կրծքին մի հատ էլ ընձուղտ դաջել, որ երբ տարին–տարու վրա ընձուղտի պարանոցը երկարի՝ վերջում գետաձիի հետ մեջտեղի անտառում հանդիպեն, սակայն հետո փոշմանել էր, որ կարող է մի օր որոշի կրծքերը վիրահատել ու էդ պատճառով նրանք երկուսով իրար երբեք չհանդիպեն։

Համ էլ էն անտեր մամոգրաֆիիայի պատասխանը էդքան էլ լավը չէր եկել, դրա համար էլ  ընձուղտից ավտոմատ հրաժարվել էր։

Մի առավոտ Վերոնիկան արթնացավ ու հերթական անգամ մարմինը ուսումնասիրելիս նկատեց, որ գետաձին անհետացել է։ Նա սկսեց կասկածել, որ  երբևէ նա  չի էլ եղել, իսկ եթե եղել էլ է,  ապա   հիմա հաստատ Վիեննայում  իր թմբլիկ մարմնով թափառում է ու արածում օպերայի կողքի խոտածածկ արահետում։

 Սակայն  անբեգեմոտ բթով  արթնացածը արդեն Վերոնիկան չէր, այլ մի կին, ով բոլորինն էր բացի իրենիցը, որովհետև  անհնար է առանց ընձուղդ ու առավել ևս բեգեմոտ ապրելը ու լինել ինքդ՝ դու։

Please follow and like us: