Հայրիկս մանկության ընկեր ուներ, պապն իսկական կոմունիստ էր։ Կոլխոզի այգիների բերքն էնպես էր հսկում, որ սեփական թոռները նույնիսկ չէին կարող մի տանձ կամ մի խնձոր քաղել ծառերից։ Ամեն անգամ կոլխոզ գնալիս պապն ասում էր՝ գետնի թափածը կերեք, ծառից չպոկեք հանկարծ, ու փայտով քշում էր թոռանն ու հորս:
Մի օր հայրս համոզում է Ռոմիկին, գիշերով գնում են, մի պարկ տանձ ու խնձոր են քաղում գաղտագողի, ծառերն էլ թափ տալիս, բերքը ծառերի տակովն անում։ Հաջորդ օրը պապը հո չի հայհոյում հարևան Շիշկերտ գյուղի բնակիչներին, հո չի հայհոյում, թե՝ տեսեք, եկել են մրգերը գողացել՝ քիչ չի, բերքն էլ ծառերի տակովն են արել անաստվածները։
Կապանի Ծավ գյուղում երեք ընկեր էին, մի փողոցում էին բնակվում՝ Զվեզդան, Պաբեդան և Վիլիսը…Զվեզդան հայրս է, որ չափահաս դառնալուն պես անձնագրով դարձել է Զոհրաբ, մյուս երկու տղաները նույնպես փոխել են իրենց անունները:
Հորս պապն էլ իր էշի անունն էր Պաբեդա դրել, երկրորդ համաշխարհայինի հաղթանակի պատվին։ Հետաքրքիր ավանակ էր Պաբեդան, ամեն ճանճի թռնելու հետ հո չէր զռռում, հո չէր զռռում, ամբողջ գյուղը ձայնը լսում էր։
Մի օր պապը այծին կապում է ծառից, Պաբեդային էլ կապում կողքի ծառից, ինքը գնում, հանգիստ քնում։ Առավոտյան արթնանում է, տեսնում ի՞նչ, գիշերով գելն եկել է, էշի կողքովն անցել, այծին կերել, մի ոտքն է թողել պարանին օդում կապված, էշն էլ վախից տազ է արել, ձենը փորում պահել, որ իրեն էլ չուտեն։
Պապը մի քոթուկ առել, էշին շան ծեծ էր տվել, թե բա՝ գելն եկել, էծիս կերել է, բա դու մի հատ չե՞ս զռռացել ա՛յ ազիզամեռ։
Հայրիկիս ու իր ընկերների մանկությունն անցել էր ետ պատերազմյան հաղթանակի ու սովի տարիներ միջով, երբ մարդիկ անգրագետ էին, գեղջկական պարզ, միամիտ, տեղ տեղ էլ շաշ:
Մի հարևան ունեին, ասում էր․
– Կնիկ, մինչև հանդիցը գամ, ոտ ու գլուխս լվացած եղնիս:
Հանդիցը գալիս, թէ՝
-Բա քեզ չասացի՞ ոտ ու գլուխս լվացած եղնի՛ս:
-Դե բա գլուխդ տարել էիր, ո՞նց լվայի:
-Ճիշտ ես է ասում, մոռացել էի տանը թողեի…
Կապան քաղաքում մի կին էր բնակվում, հայտնի Վարդիթերը: Նավթի գործ էր անում: Նստում էր իր «կաշկեն», կապված ավանակից, գնում էր Բաքու, նավթ էր բերում, հետո պտտվում էր քաղաքից գյուղեր ու թաղամասեր՝ նավթ վաճառելով:
Էս կնկա պատճառով ընտանիք է քանդվում: Երեք երեխատեր մի ընտանիք: Կինն ամուսնուն դավաճանությունը չի ներում, մի խոսքով գործը հասնում է դատարան: Հիմա էս դատավորը ոնց հաշտեցնում է մարդ ու կնկան, չի ստացվում, ֆռում, էս վարդիթերին ասում է․
– Ախր ընտանիք ես քանդում, երեք երեխա կա անչափահաս, մեղք են:
– Ընկեր դատավոր, ինձ մի՛ մարդ է պետք, Անասը (Անաստաս) չլի, Մանասը ըլի: Կգա՞ս, արի քո հետդ պսակվեմ…