Քեյթ Շոփեն/Համբույրը

Դրսում դեռ բավականին լույս էր, մինչդեռ պատուհանը ծածկող հաստ վարագույրներն ու բուխարու մարող կրակը, որ մռայլ ու աղոտ ճրագ էր արձակում, ճնշող կիսախավարով էին լցրել սենյակը։

Բրենթեյնը նստած էր կիսամութ սենյակի մի անկյունում։ Մութը լիովին կլանել էր նրան, բայց նա դեմ չէր․ դա նրան քաջություն էր ներշնչում, որպեսզի կրքոտ հայացքով նայեր բուխարու մոտ նստած աղջկան։

Աղջիկը շատ գեղեցիկ տեսք ուներ, վառ մազերի գույն, որը բնորոշ էր միայն իսկական թխահերներին: Նա չափազանց հանգիստ էր․ ծուլորեն շոյելով իր գրկում կուչ եկած կատվի մետաքսանման մորթին՝ երբեմն-երբեմն անշտապ հայացք էր գցում դեպի այն մութ կողմը, ուր նստած էր իր ընկերը։ Նրանք շշուկով զրուցում էին անկարևոր բաների շուրջ, բայց ակնհայտորեն ոչ այն ամենի, ինչի մասին մտածում էին։ Աղջիկը գիտեր, որ տղան սիրում է իրեն։ Բրենթեյնը անկեղծ ու բուռն անձնավորություն էր, չուներ բավականաչափ խորամանկություն ու նաև ցանկություն իր զգացմունքները թաքցնելու համար։ Նախորդ երկու շաբաթների ընթացքում նա անհամբերությամբ և համառորեն ամենուր փնտրում էր աղջկա ընկերակցությունը: Աղջիկն էլ սպասում էր նրա սիրո խոստովանությանը և պատրաստակամ էր ընդունել այն։ Բավականին տգեղ ու անհրապույր Բրենթեյնը շատ հարուստ էր, իսկ աղջիկը սիրում էր և ուներ այն ամենի կարիքը, ինչը կարող էր տալ հարստությունը:

Մինչ նրանք զրուցում էին վերջերս կայացած թեյախմության և գալիք երեկույթի մասին, դուռը բացվեց և ներս մտավ մի երիտասարդ, որին Բրենթեյնը շատ լավ ճանաչում էր։ Աղջիկը շրջվեց դեպի դուռը։ Երիտասարդը խոշոր քայլերով հայտնվեց նրա կողքին, հենվեց աթոռին, և մինչ աղջիկը կհասկանար նրա մտադրությունն ու այն, որ ներս մտնողը չէր նկատել իր հյուրին, երիտասարդը կրքոտ ու տևական համբուրեց նրան։

Բրենթեյնը դանդաղ ոտքի ելավ, դրան հաջորդեց աղջկա արագ ոտքի կանգնելը, և նորեկը հայտնվեց նրանց միջև։ Նա մե՛կ զվարճալի, մե՛կ ագրեսիվ դեմք էր ընդունում՝ փորձելով թաքցնել շփոթմունքը։

– Կարծում եմ,- կմկմաց Բրենթեյնը,- կարծես թե․․․ մի փոքր երկար մնացի։ Ես․․․ ես չգիտեի, որ․․․ինչևէ, երևի հրաժեշտ տալու ժամանակն է։

Աղջկա միտքն ամբողջովին չէր մթագնել, թեև դեռ երկմտում էր խոսել․ նա ձեռքը մեկնեց Բրենթեյնին, մինչդեռ Բրենթեյնը երկու ձեռքով ամուր բռնել էր գլխարկն ու ասես չէր նկատում մեկնած ձեռքը։

– Կախե՛ք ինձ, եթե տեսել էի, որ նա նստած էր այդտեղ, Նաթի՜։ Հասկանում եմ, որ անհարմար բան ստացվեց, բայց հուսով եմ, որ կներեք ինձ իմ այս առաջին ու միակ պոռթկումը։ Ի՞նչ վատ բան կար դրանում։

– Չդիպչե՛ք ինձ, հեռո՛ւ գնացեք,- պատասխանեց նա զայրացած,- Ինչպե՞ս եք համարձակվում իմ տուն մտնել առանց զանգը տալու:

– Ես ձեր եղբոր հետ եմ մտել, ինչպես հաճախ եմ անում,- սառնասրտորեն արդարացավ նա,- մենք տան կողքի մուտքով ներս մտանք: Եղբայրդ բարձրացավ վերև, իսկ ես մտա այստեղ ձեզ գտնելու հույսով։ Կարծում եմ՝ բացատրությունը բավական պարզ է և պետք է հասկանաք, որ անախորժությունն անխուսափելի էր: Ուղղակի խնդրում եմ՝ ասե՛ք, որ ներում եք ինձ, Նաթալի՛, – մեղմորեն աղաչեց նա։

– Ներե՞լ ձեզ։ Դուք չեք հասկանում, թե ինչ եք խոսում։ Թո՛ւյլ տվեք անցնել: Դեռ հարց է՝ արդյոք հնարավոր է ձեզ երբևէ ներել։

Հերթական երեկույթի ընթացքում, որի մասին այն երեկո խոսում էին, Նաթալին նկատեց Բրենթեյնին և մոտեցավ նրան խորամանկ անկեղծությամբ։

– Թույլ կտա՞ք խոսել ձեզ հետ, պարո՛ն Բրենթեյն,- հարցրեց նա հմայիչ, բայց հուզված ժպիտով։

Բրենթեյնը չափազանց տխուր տեսք ուներ, բայց երբ Նաթալին թևանցուկ արեց նրան և քայլեց նրա հետ՝ մի ավելի հանգիստ անկյուն փնտրելու, այդժամ հույսի մի շող խառնվեց նրա գրեթե զավեշտալի ու թշվառ դեմքի արտահայտությանը։ Նաթալին, ըստ երևույթին, շատ անկեղծ թվաց նրան։

– Գուցե ավելի ճիշտ կլիներ չսկսել այս խոսակցությունը, պարո՛ն Բրենթեյն, բայց․․․ բայց, օ՜, այնքան դժբախտ և անհարմար էի ինձ զգում նախորդ օրվա հանդիպումից հետո։ Երբ մտածում էի, թե ինչպես կարող եք սխալ մեկնաբանել այդ ամենը և հավատալ դրան։

Բրենթեյնի կլորավուն և պարզամիտ դեմքի վրա դժբախտությունն, ակնհայտորեն, իր տեղն աստիճանաբար զիջում էր հույսին։

– Իհարկե, հասկանում եմ, որ միջադեպը ձեզ համար նշանակություն չունի,- շարունակեց Նաթալին,- բայց խղճիս հանգստության համար ուզում եմ հասկանաք, որ պարոն Հարվին վաղեմի մտերիմ ընկեր է։ Մենք կարծես զարմիկներ լինենք, կարելի է նույնիսկ ասել՝ քույր ու եղբայր։ Նա եղբորս ամենամտերիմ ընկերն է և նրան հաճախ թվում է՝ ունի նույն արտոնությունները, ինչ մեր ընտանիքի անդամը։ Իհարկե, հասկանում եմ՝ այս ամենը ձեզ պատմելը թվում է անհեթեթ, նույնիսկ ամոթալի,- համարյա հեկեկալով ասաց նա,- բայց ինձ համար շատ կարևոր է, թե դուք ինչ եք մտածում իմ․․․ իմ մասին։

Նրա ձայնը գնալով նվաղում ու ալեկոծվում էր, մինչդեռ Բրենթեյնի դեմքից տառապանքն անհետացել էր։

– Իսկապե՞ս, ձեզ համար այդքան կարևոր է, թե ինչ եմ մտածում ձեր մասին, օրիո՛րդ Նաթալի։ Թույլ կտաք չէ՞, Ձեզ այդպես դիմել։

Այդ պահին նրանք թեքվեցին դեպի մի երկար ու աղոտ լուսավորված միջանցք, որի երկու կողմում շարված էին սլացիկ ու նրբագեղ բույսեր։ Նրանք դանդաղ քայլեցին մինչև միջանցքի վերջը և երբ շրջվեցին հետ գնալու՝ Բրենթեյնը փայլում էր, իսկ Նաթալիի դեմքը հաղթական էր։

Հարվին հարսանիքի հյուրերի թվում էր և, օգտվելով այն հազվադեպ պահերից, երբ Նաթալին մենակ էր, մոտեցավ նրան․

– Ձեր ամուսինը,- ասաց նա ժպտալով,- ինձ ուղարկել է, որ ձեզ համբուրեմ:

Նաթալիի դեմքն ու պարանոցն անմիջապես կարմրեցին։

– Ենթադրում եմ՝ նման դեպքերում բնական է տղամարդու համար սիրել ու մեծահոգաբար նման կերպ արձագանքելը։ Նա ինձ ասաց՝ չի ցանկանում, որ այս ամուսնությունն ընդհատի այն հաճելի մտերմությունը, որը կա իմ և ձեր միջև։ Չգիտեմ՝ ինչ եք ասել նրան,- անամոթաբար ժպտաց Հարվին,- բայց նա է ինձ ուղարկել այստեղ, որ համբուրեմ ձեզ։

Նաթալին իրեն զգաց իբրև մի շախմատիստ, որի խելացի քայլերի շնորհիվ խաղն ընթանում է իր ցանկալի հունով։ Նրա աչքերը սահեցին Հարվիի քնքուշ ու պայծառ ժպիտի վրայով, իսկ շուրթերը կարոտով սպասում էին վաստակած համբույրին։

– Ուղղակի գիտեք,- հանգիստ ձայնով շարունակեց Հարվին,- անշնորհակալ չերևալու համար նրան չասացի, բայց ձեզ կարող եմ ասել։ Ես դադարել եմ համբուրել կանանց․ դա վտանգավոր է։

Այսպիսով՝ Նաթալին ձեռք բերեց Բրենթեյնին ու նրա միլիոնները, բայց մարդ չի կարող ամեն ինչ ունենալ այս կյանքում, և նրա կողմից նման բան ակնկալելը փոքր-ինչ անհեթեթ էր:

Անգլերենից թարգմանեց Արմինե Մուրադյանը

Please follow and like us: