Արփի Ոսկանյան/Նարդի

– Շշմելու երկիր ա Հայաստանը, աշխարհում նման երկրներ քիչ կան, եթե կան առհասարակ, մարդը միայն էստեղ ա ազատ, Ամերիկան ի՞նչ, Ամերիկայում մարդը ռոբոտ ա, ստրուկ,– ասում էր Լյովը բացօթյա սրճարանում նստած, որտեղ սիրում էր անցկացնել իր հայաստանյան երեկոները, և իր ասածն ապացույցի կարիք չուներ, որովհետև ինքն էր իր ասածի կենդանի ապացույցը, որ Ամերիկան թողած, բազում գեղատեսիլ հանգստավայրերը թողած, իր ամառային արձակուրդը Հայաստանում էր անցկացնում։ «Երկիրը տարեցտարի փոխվում է»,– ասում էր Լյովը:

Մենք չենք զգում, բայց ինքը «դրսի աչքով» տեսնում է այդ փոփոխությունները։ Իսկ եթե օրենք ենք ուզում, պետք է հարգենք օրենքը, այդ հարգանքն էլ առաջին հերթին արտահայտվում է հարգանքով առ օրենքի ներկայացուցիչը՝ ոստիկանը։ Այսպիսի ամերիկյան մտքեր էր արտահայտում Լյովը, մենք էլ ջղայնանում էինք, որովհետև քաղբանտարկյալների դատից էինք եկած լինում սրճարան կամ Հյուսիսային պողոտայից, որտեղ ընդդիմադիր ժողովուրդը քաղաքական զբոսանքի էր ելնում ու հաճախ բախումներ ունենում ոստիկանների հետ, և ասում էինք Լյովին, որ «դրսի աչքը» միշտ չի օբյեկտիվ ու տեսանող, և որ շատ բաներ ներսից ավելի ստույգ են երևում, ու երկիրն էլ, եթե փոխվում է, դեպի վատն է փոխվում։

Բայց Լյովը, մասամբ ամերիկացի դարձած, մեզ հորդորում էր կյանքին լավատեսորեն նայել, որ նշանակում է լավը տեսնել ու ֆիքսել, իսկ վատի վրա «չֆիքսվել», որովհետև վատն ամենուր էլ կա, ու նրա ասածից ստացվում էր, որ զարգացած երկրների քաղաքացիների ու երրորդ աշխարհի երկրների բնակիչների տարբերությունը լավատեսության չափի մեջ է։ Լյովը լավատես չլինելու հիմք չուներ, որովհետև իր կամքից անկախ՝ Հայաստանին տուրիստի աչքով էր նայում, ու նրա միակ հոգսը այստեղ Կոմիտասի փողոցի վրա գտնվող իր առանձնատունն էր, որն աչքադրել էին էլիտար շենքեր կառուցող ֆիրմաները, որոնք Լյովին աստղաբաշխական թվեր էին առաջարկում, ու Լյովն ամեն անգամ նրանց ուզածից թանկ էր գնահատում իր տունը, մինչև այդ տունը դարձավ լրիվ անգին, ու Լյովն ընդհանրապես հրաժարվեց վաճառել այն։

Նա ավելի թանկ գնահատեց ամառվա մի քանի ամիսը հայրենիքում և իր սեփական տանը հանգստանալու հնարավորությունը, առավոտյան ծառերի ստվերում սրճելը, ցերեկվա ժամին բացօթյա լողավազանում թրջվելը, երեկոները սրճարանում գարեջուր խմելը և այլն։

Լյովը սկզբում երկու ամսով էր գալիս, հետո երկուսը դարձավ երեք, երեքը՝ չորս, չորսը՝ հինգ։ Հրանուշ Հակոբյանի կանչը չլսած՝ իր կամքով ու նախաձեռնությամբ Լյովը համարյա «տուն գալու» վրա էր, ու քանի որ արդեն տարվա համարյա կեսը անցկացնում էր Հայաստանում, որոշեց մեքենան էլ տեղափոխել հայրենիք։ Այստեղ էլ, իսկ ավելի ստույգ՝ մաքսատանը, տեղի ունեցավ նրա առաջին մեծ հիասթափությունը հայրենիքից։

Սրճարանում Լյովը զարմացած ու մանրամասն պատմում էր, թե ինչպես էին մեքենան մաքսազերծելու համար հայրենի մաքսավորները փորձել փող պոկել իրենից, ու չնայած նրա զարմանքին, այս պատմությունը մեզ՝ տեղաբնակներիս համար նորույթ չի պարունակում, բացի թերևս վերջաբանից, քանի որ Լյովն անուրանալի սխրանք է գործել ու հաջողացրել գործն օրենքով կարգավորել, առանց կաշառքի։ Մինչդեռ մյուս պատմությունը, որ տեղի ունեցավ Լյովի հետ այս ամառ և սերիալի պես տևեց երեք ամիս, տարօրինակ է անգամ մեզ՝ տեղաբնակներիս համար։

Ուրեմն, Լյովը Ամերիկայից գալուց մի քանի օր անց ցանկություն է ունենում իր հարևանի հետ նարդի գցելու և, փնտրելով ու չգտնելով նարդին, զանգահարում է իր բացակայության ընթացքում իր տանն ապրած մարդուն՝ տնպահին։ Տնպահն էլ ասում է, որ նարդին հարևան ոստիկանների մոտ է, տարել են ու չեն բերել։ Լյովը դուրս է գալիս իր սեփական տնից, տեսնում, որ իրոք՝ տան կողքին ոստիկանական հենակետ են դրել։ Մոտենում է ոստիկաններին, հարցուփորձ անում նարդուց, իմանում, որ նարդին ոստիկանապետի մոտ է, սեյֆում փակած։ Ոստիկանապետը տեղում չի լինում, և ոստիկանները Լյովին ասում են, որ վաղը գա, վերցնի։ Լյովը հաջորդ օրը գնում է, բայց նարդին հետ ստանալ չի հաջողվում, փոխարենը նոր մանրամասներ է բացահայտում նարդու գործով։

Դու մի ասա՝ ոստիկանապետը նարդին բռնագրավել է ոստիկաններից, քանի որ սրանք նարդի խաղալիս են եղել աշխատանքային ժամին։ Բռնագրավել է ու կալանավորել սեյֆում։ Լյովը պահանջում է, որ իրեն տան ոստիկանապետի՝ Գրիգորյանի հեռախոսահամարը, բայց ոստիկանները հրաժարվում են, ասում են՝ դու քոնը թող, մենք կփոխանցենք, ինքը կզանգի։ Լյովը թողնում է իր համարը հենակետում ու մի քանի օր համբերատարությամբ սպասում զանգի։ Քանի որ ոստիկանապետը չի զանգում, Լյովը սկսում է կասկածել, որ ոստիկանները չեն փոխանցել իր համարը, և նորից է այցելում հենակետ։

Պետը էլի տեղում չի լինում, իսկ ոստիկանները հավաստիացնում են, որ փոխանցել են համարը։ Լյովը խնդրում է փոխանցել պետին, որ էլի նարդու տերն է եկել ու իր նարդին է ուզում։ Ոստիկանները խոստանում են, և Լյովը մի քանի օր էլ է սպասում զանգի։ Քիչ-քիչ Լյովի համբերությունն ու հարգանքը օրենքի ներկայացուցիչների հանդեպ սկսում են սպառվել, և մի առավոտ Լյովն այցելում է իր հարևաններին արդեն շատ զայրացած։ Պետը էլի տեղում չի լինում, և այս անգամ Լյովը պահանջում է ոստիկաններից նրա հեռախոսահամարը՝ սպառնալով դատի տալ։

«Ուրեմն էս ոստիկաններին թվում ա, որ հեռախոսի համար տալը բոզություն ա»,– պատմում է Լյովը։ Բայց քանի որ նա հարցը կտրուկ է դնում, ոստիկանները տեղի են տալիս ու «երգում» են պետի համարը։ Այդ պահից սկսած՝ նարդու գործը թևակոխում է նոր փուլ։ Պետը նույն օրը արձակուրդ գնացած է լինում և, Լյովի գլխի տակ փափուկ բարձ դնելով, խոստանում է, որ արձակուրդից վերադառնալուն պես ոստիկաններին կպատվիրի նարդին բերել իր տուն։ Լյովը մի շաբաթ սպասում է, հետո մի քանի օր էլ է սպասում՝ աչքը հենակետի վրա պահած, և, տեսնելով, որ պետը ժամանեց գործի, գնում է նարդու հետևից։ Բայց մի շաբաթվա ընթացքում ոստիկանապետ Գրիգորյանը մտքափոխված է լինում և որոշում է գործը գողականով փակել։

– Բարև ձեզ,– ասում է Լյովը,– ես նարդու տերն եմ։

– Ի՞նչ նարդի,– ասում է պետը։

– Էն որ ձեր ոստիկանները վերցրել ու չեն վերադարձրել, ու որ հիմա ձեր սեյֆում ա։ Ձեր հարևանն եմ։ Զանգել էի, ասեցիք, որ ոստիկանները կբերեն։

– Բա խի՞ ես եկել։

– Նարդու հետևից։

– Դու ինձ նարդի ե՞ս տվել, որ ուզում ես, ում որ տվել ես, գնա, նրանից էլ ուզի,– ասում է ոստիկանապետը ապշանքից քար կտրած Լյովին։

Բայց Գրիգորյանը հաշվի չի առնում, որ իր դիմաց կանգնածը իրավունքից բոբիկ, խեղճ հայ մարդ չի, այլ իր իրավունքներն իմացող ու անձնուրացաբար պաշտպանող ԱՄՆ քաղաքացի, որին հաջողվել էր չկողոպտվել անգամ մաքսատանը։ Մենք չգիտենք ու երբեք չենք կարող իմանալ, թե շարքային հայ մարդուն ու շարքային հայ ոստիկանին անհայտ ինչ հոդվածներով է սպառնում Լյովը, որ ոստիկանը կակղում է ու նույն օրը երեկոյան զանգում Լյովին, ասում՝ երկուշաբթի համեցեք տար… Լյովը սպասում է երկուշաբթի օրվան, իսկ սրճարանի ժողովուրդը՝ նարդու պատմության հանգուցալուծմանը։

Բայց ահա, երկուշաբթի Լյովը գալիս է սրճարան կաս-կարմիր ու կատաղած։ Այդ օրը նարդին ստանալու հույսով ամեն անգամվա պես գնացել էր հենակետ, ու ինչպես միշտ՝ պետը տեղում չէր եղել։ Իսկ նարդին, հայտնի է, դրված է պետի սեյֆում։ Նախնական պայմանավորվածությունը նկատի ունենալով՝ Լյովը մտածում է՝ պետը ապսպրած կլինի ոստիկաններին, որ նարդին իրեն փոխանցեն, բայց ոստիկանները գործից անտեղյակ են լինում, և Լյովը նորից զանգում է պետին.

– Բարև ձեզ, էս նարդու տերն ա, կասե՞ք նարդիս որտեղ ա։

– Ես Վանաձորում եմ,– պատասխանում է պետը։

– Ես չեմ հարցնում դուք որտեղ եք, ես հարցնում եմ՝ նարդիս որտե՞ղ ա,– ասում է Լյովը՝ ձայնը բարձրացնելով։

– Արա, դու վատ ե՞ս հասկանում, ես քեզ ասում եմ՝ ես Վանաձորում եմ, նարդիդ էլ իմ բագաժնիկում ա։

Լյովը էդ օրը ինքնամոռաց հարբեց, երևի որ վերագտնի իրականության զգացումը։ Օրեր անց իմացանք, որ նարդին վերջապես վերադարձել է իր օրինական տիրոջ մոտ։

– Երևի էն թանկ նարդիներից ա, հա՞,– հարցրի Լյովին։

– Տո չէ, սովորական նարդի ա։

Լյովը որոշել էր մնալ մինչև ձմեռ, բայց հիմա արդեն պատրաստվում է մեկնել Ամերիկա։ Չենք պնդում, թե վաղաժամ մեկնելու պատճառը նարդու պատմությունն է։ Լյովն էլի է ասում. «Շշմելու երկիր ա Հայաստանը, աշխարհում էսպիսի երկրներ քիչ կան…»։ Ասում է ու բազմանշանակ լռում։

2010

«Չի վաճառվում» գրքից

Please follow and like us: