Արփի Ոսկանյան/Թեա Թոփուրիայի լավագույնը

Սեպտեմբերի 5-ին Գրքի երեւանյան միջազգային փառատոնին ուշագրավ բան տեղի ունեցավ․ վրաց գրող Թեա Թոփուրիան հայ ընթերցողին ներկայացավ իր միանգամից երկու հայերեն ժողովածուներով, որոնք են «Օդաչուի խոսքը» բանաստեղծությունների ժողովածուն («Ակտուալ արվեստ», 2026,) և «Յակոբի ջրհորի մոտ» վեպը («Անտարես», 2026)։ Նման բան հաճախ չի լինում։ «Հակոբի ջրհորի մոտ» վեպի թարգմանիչը Անի Ասատուրյանն է։

«Օդաչուի խոսքը» ժողովածուի մեջ ամփոփված գործերի մի զգալի մասը նախկինում հրատարակվել է «Գրողուցավ» կայքում՝ Ասյա Դարբինյանի եւ Արփի Ոսկանյանի համատեղված թարգմանչական ու բանաստեղծական ջանքերի շնորհիվ։ Ժողովածուն լույս է տեսել միջազգային «Վերսոպոլիս» հարթակի եւ «Գրքի երեւանյան միջազգային փառատոնի» համատեղ ծրագրով, որով նախորդ տարիներին լույս են տեսել Էկա Քեվանիշվիլու եւ Դիանա Ամփիմիադիի բանաստեղծական ժողովածուները՝ մեկը Ասյա Դարբինյանի եւ Արփի Ոսկանյանի, մյուսը՝ Ասյա Դարբինյանի եւ Տաթեւ Չախյանի համագոծակցությամբ։ Բոլորը հրատարակել է «Ակտուալ արվեստ» հրատարակչությունը «Դրացի վրացի» մատենաշարով։

Թեա Թոփուրիայի պոեզիայի մասին Արփի Ոսկանյանը տեքստ է գրել, որը զետեղվել է գրքում իբրեւ առաջաբան եւ որը ներկայացնում ենք ստորեւ։

Գրողուցավ

Թեա Թոփուրիան իր գրքերի շնորհանդեսին

Վրացի գրողներն ընդհանուր առմամբ սիրված են Հայաստանում, բայց որոշ վրացի գրողներ սիրված են ավելի․․․ Թեա Թոփուրիան առավել սիրված բանաստեղծներից է։ Ես, իհարկե, չէի իմանա այդ սիրո չափը, եթե ինձ բախտ չվիճակվեր Ասյա Դարբինյանի հետ աշխատել նրա բանաստեղծությունների թարգմանության վրա, եւ եթե դրանք չհրապարակվեին «Գրողուցավ» կայքում, որի խմբագիրն եմ եւ հասանելիություն ունեմ գործիքների, որ թույլ են տալիս ստույգ չափել ընթերցողների սերը, որքան էլ դա զվարճալի է հնչում։ Այդպիսի հետաքրքրվածություն չի լինում պարզ հետաքրքրասիրությունից՝ տեսնենք ինչ է գրել մեր դրացի վրացին։ Այդպիսի հետաքրքրվածություն լինում է, երբ բանաստեղծությունը իր մատը մտցնում է սրտի հյուսվածքի մեջ, եւ հեղինակի ազգությունը դառնում է անկարեւոր մի բան։

Սակայն դրա համար անհրաժեշտ է, որ բանաստեղծությունն ու սիրտը խոսեն նույն լեզվով։ Եվ խոսքն, իհարկե, բուն լեզվի` հայերենի ու վրացերենի, հաջող ու անհաջող թարգմանության մասին չէ, այլ թե կուզեք՝ պատմական, մշակութային, հասարակական իրողությունների միանման ընկալման՝ միանման կրթության ու դաստիարակության պայմաններում մտքի ու խղճի նմանատիպ աշխատանքի, համաշխարհային գրականությունից ընթերցանության համար ընտրված նույն տեքստերի միջոցով իրականությունը ընկալելու ու մեկնաբանելու։ Սա է հնարավորություն տալիս խոսել նույն լեզվով՝ անգամ խոսելով երկու տարբեր լեզվաընտանիքների պատկանող այնպիսի լեզուներով, ինչպիսին վրացերենն ու հայերենն են։ Այդ դեպքում է, որ հնարավոր է լինում ուրիշի ներանձնական հույզերը վերապրել որպես սեփականը։ Այնուհետեւ սկսվում է նաեւ ապրումակցումը անանձնական հույզերի նկատմամբ․ ես, օրինակ, չեմ եղել Աբխազիայում, բայց տեսել եմ Սուխումը Թեայի բանաստեղծությամբ։ Ես տեսել եմ, թե ինչպես է արեւը մայր մտնում այնտեղ։ Ոչ մի ճամփորդություն՝ ոչ իսկ բանաստեղծության մեջ Սուխում գնալու համար խորհուրդ տրվող ճամփորդության ձեւերը ու դրանց նկարագրությունը չեն կարող տալ մեզ այն տեսողությունը, որ տալիս է բանաստեղծությունը։ Բանաստեղծությունը, որ պատմում է ճամփորդության ձեւերի մասին, ինքնին ճամփորդության ձեւ է։ 

Այս մասին հատկապես կարեւոր է խոսել, որովհետեւ Թեա Թոփուրիան նաեւ լրագրող է` մեկը, որ «մահվան պես» այցելում է քաղաքական գործիչներին ու «հասարակ մարդկանց»` նրանց խնդիրները բարձրաձայնելու մտադրությամբ եւ հավատով, որ դրանց լուծում կգտնվի։ Մյուս կողմից` բանաստեղծությունը միշտ չէ, որ կիսում է լրագրության հույսը, հավատը եւ ընդհանրապես դավանանքը։ Բանաստեղծության նպատակը հենց ինքն է։ Լրագրությունն ու բանաստեղծությունը ոչ թե պարզապես տարբեր, այլ ինչ-որ առումով հակադիր համակարգեր են։ Եվ Թեայի բանաստեղծության մեջ մշտապես առկա է այդ երկու համակարգերի բախումը, ինչը բանաստեղծությունը դարձնում է բազմաշերտ ու հետաքրքիր։ 

Իր հայրենիքում՝ Վրաստանում, Թեայի լրագրողական հոդվածները հավանաբար ավելի շատ դիտումներ, հավանումներ ու կիսումներ ունեն, քան բանաստեղծությունները (ես դա ուրիշի փորձից չի, որ գիտեմ։) Բայց մենք ճանաչում ու սիրում ենք Թեային որպես բանաստեղծի՝ որպես մարդու, որ մեդիայի ստեղծած աշխարհից պատսպարվում է բանաստեղծության մեջ, որ աշխարհը փոխելու հավանկնությամբ արտասանված գրից անցնում է այնքան անձնական մտորումների, որ չեն արտասանվում նույնիսկ մենակության մեջ, նույնիսկ շշուկով, եւ որոնց լռելայն ընթերցողն Աստված է՝ միակը, որ գիտի վերծանել «կողերի տողերում» պարփակված գրերը։ Մենք կարդում ենք Թեա Թոփուրիայի լավագույնը՝ այն, ինչ նա կաթիլ-կաթիլ թորել է իր սիրելու, աշխատելու, ապրելու փորձառություններից։

Please follow and like us: