Սամվել Սաղաթելյան/Ճակատագրական 7 րոպեն՝ Քրիստոսի տանջանքներից առաջ

7 րոպեն ստեղծագործող անձի համար մի ամբողջ հավերժություն կարող է թվալ` այնպես, որ այն բովանդակությամբ լցնելու խնդիր առաջանա։

Ինձ բնորոշ հատկանիշ էր դա, որը կարելի է բնութագրել, որպես ժամանակի զգացողության բացակայություն։

Կտավը, որի վրա գործում էի, մեծ էր և բարդ։ Մենակ էի Լոս Անջելեսի մեր տանը, որ կնոջս երկար ժամանակով Երևան մեկնելու կապակցությամբ վերածվել էր ամբողջությամբ արվեստանոցի։ Իմ ընկերակիցներն էին մեր պապիյոն տեսակի շունիկը`Լուի անունով, և փիսոն, որը սեքսի պահանջի շրջանում էր և շատ հուզված իր վիճակից, ձայնային հատուկ հեռաձակումներով քսմսվում էր իմ ոտքերին` հաճախ խանգարելով իմ ստեղծագործական ընթացքին։ Ժամանակ առ ժամապակ նաև սովածությունն էր խախտում այդ ընթացքը, այդ իսկ պատճառով մի քանի տուփ պիցցա էր ինձ սպասում սառնարանում։

Առաջին պիցցայի հայտնվելը երկար սպասել չտվեց։ Ժամն էր առաջին ընդմիջման, և պիցցան արագ հայտնվեց վառարանում։ 7 րոպեից այն պատրաստ կլիներ։

Իմ այդ օրվա լարված ստեղծագործական պրոցեսում 7 րոպեն թե ակնթարթ էր, թե հավերժություն։

Ինձ այն հավերժություն թվաց, որը պետք էր լցնել մի օգտակար գործողությամբ։

Նախ գնացի զուգարան, որտեղ հաճախ փայլուն մտքեր են առաջանում, հայտնի է։

Սկսեցի միզել, որի ընթացքում հայացքս դիմացիս պատի` Hitchcock – ի իմ ամենասիրած Vertigo ֆիլմի պաստառին էր ուղված։ Մտքերս տեղափոխվեցին մեծածավալ կտավիս չստացվող հատվածներին, երբ հայացքս իջավ դեպի առնանդամս, ու ուշադրությունս գրավեցին նրան շրջապատած ջունգլիները։ Ակնհայտորեն խիտ էին և հակաէսթետիկ։ Մտածեցի, որ ճիշտ ժամանակն է թեթևացնելու, քանի որ բավականին ժամանակ ունեմ` 7 րոպե։

Մկրատը հայտնվեց ձեռքումս, և ես, չբարձրացնելով ոտքերիս իջած շալվարս և վարտիքս, սկսեցի վարսահարդարի մանրակրկիտ գործը։ Այդ ընթացքում մեր փիսոն արդեն մոտեցել էր և մռմռալով փարվում էր ոտքերիս` հագուրդ տալով իր սեռական գրգռվածությանը։

Ոչինչ չէր սպառնում իմ մանրակրկիտ աշխատանքին, երբ հանկարծ վժժոցով միացավ բնակարանի հակահրդեհային alarm- ը ։ Ես վեր թռա` հասցնելով վնասել առնանդամիս մաշկը, որից անմիջապես արյուն հայտնվեց` կաթելով շալվարիս։ Նույն պահին փիսոն էլ վեր թռավ, իսկ Լուին վախից սկսեց հիստերիկ վազքը տան մեջ։

Ես հասկացա, որ մոռացել էի դնել 7 րոպեի վրա ժամացույցը, և հիմա պիցցան այրվել է , ու ծուխը լցվում է բնակարան, և եթե այն սկսի դուրս գալ միջանցք, կմիանա շենքի alarm-ի համակարգը և արդեն կգան հրշեջները, փոլիսը, ու դա կնշանակի….. Ոչ մի լավ բան։

Ես, մի կերպ պահելով ձեռքումս արնոտ առնանդամս, արագացնելով քայլերս, ինչքան հնարավոր էր անել դա իջեցրած շալվարով և վարտիքով, հասա վառարանին, որ հասցնեմ պիցցան հանեմ ու շպրտեմ պատշգամբ։ Հեշտ չէր այդ մի քանի տանջալի մետրերը, քանի որ ողջ էքստրեմալ վիճակին ավելացել էր նաև փիսոյի գրգռված վիճակը, որը պոկ չէր գալիս ոտքիցս։

Մի կերպ ազատ ձեռքս հասավ վառարանին, և ծխացող պիցցան նույն անհնարին վազքով հասցրեցի շպրտել պատշգամբ։

Այդ նույն ժամանակ իմ կողակիցներից կատուն ողջ ընթացքում մեկ պոկվում էր, մեկ նորից գալարվում ոտքիս վրա, իսկ Լուին թե ձայնից, թե ծխից սարսափած շարունակում էր անկանոն վազքը բնակարանով մեկ։

Պիցցայից ազատվելուց հետո պետք էր պայքարել ծուխը վերացնելու համար, որ alarm – ը սսկվի։ Ձախ ձեռքս դեռ պահում էր արնահոսող առնանդամը, իսկ աջով գտա վերնաշապիկս ու սկսեցի քշել ծուխը դեպի դուրս։

Օօօօօօօ….Մայ Գադ…. Մի քանի կտրուկ շարժումներից հետո Alarm-ը վերջապես սսկվեց: Մի պահ խորը շունչ քաշեցի, բայց արտաշնչելուց վերադարձա արյունոտ առնանդամով իրականություն։

Նուրբ մաշկից արյունը չէր դադարում։ Ի՞նչ անել։ Ո՞նց կանգնեցնել արյունը։ 

Ոտքով մի քիչ կոպիտ քշեցի մռռացող կատվին և նույն պահին էլ հանկարծ հիշեցի լուսահոգի տատուս, որի համար արյունը կանգնեցնելու ամենավստահելի միջոցը մոխիրն էր, որը կարող էր ստացվել ինչ֊ որ լաթի կամ սիգարետի այրելուց։ Նույն ձևի անհնարին վազքով «սլացա» խոհանոց` հիշելով որ մի դարակում սիգարետ պետք է լինի։ Գտա փրկարար սիգարետի տուփը։ Կրկին աջ ձեռքով մի կերպ դրեցի բերանս, կպցրեցի գազօջախից (չգիտեմ ոնց) ու սկսեցի արագ-արագ ծխել, որ մոխիր հավաքվի։ Կատուն այդ ընթացքում շարունակում էր իր սեքսուալ խաղերը ոտքերիս հետ, բայց արդեն դարդս դա չէր, ողջ միտքս կենտրոնացած էր արյունոտ, տառապած առնանդամիս վրա։

Երբ բավականաչափ մոխիր հավաքվեց ուղղահայաց դիրքում սիգարետի ծայրին, աչքերս իջացրի, որ հասկանամ `ինչ է կատարվում այնտեղ` առնանդամիս հատվածում։

Օ Բոժէ…. Ֆաք…. Տեսարանը դաժան էր առաջին հայացքից. աչքերիս առաջ հառնեց փոքրացած, խեղճացած և արյունոտ առնանդամս։ Հավաքեցի ուժերս, արդեն բավարար չափով ստացված մոխիրը թափեցի ձեռքիս տակ հայտնված մի փոքր ափսեի մեջ, տառապած առնանդամս խոնավ անձեռցիկով զգուշությամբ մաքրեցի, ինչքան հնարավոր էր, որ վերքի հատվածը երևա, և գդալով մոխիրը զգույշ լցրի վրան։

 Քիչ անց մոխիրի տակից արյուն սկսեց նշմարվել, ինչը սպասելի էր։ Վերքի վրա ավելացրի մոխիր և դարակում գտած վիրակապով փորձեցի կապել առնանդամս։ Բայց քանի որ այն կանգուն չէր հայտնի պատճառներով, և չափը անհարմար էր, որոշակի դժվարությունների հանդիպեցի վիրակապը դնելիս, բայց դե դա էր իրավիճակը, և այն կանգնեցնելու ժամանակ և մոտիվացիա չկար։

Հավատացնում եմ` հեշտ գործ չէ վիրակապել հանգստի կամ անտարբերության մեջ գտնվող առնանդամը։ Այնուամենայնիվ հաջողվեց վիրակապել։ Մի պահ նույնիսկ մտածեցի 911 զանգեմ, բայց այնուամենայնիվ շատ կոմիկական վիճակ էր, ու պատկերացրի, թե զանգելու դեհքում ինչ պիտի ասեի, օրինակ` իմ առնանդամը վիրավոր է… նա ենթարկվել է հարձակման…. Հասե՜ք… այ սենց օրինակ: he was attacked by stranger… heeeeelp me!!!!!… Shit…. Չէ, չեղավ ըտենց…. 

Նույն պահին մտքիս եկավ մեր ընկերության «շտապօգնությունը»՝ մեր ակնաբույժ, բայց ունիվերսալ ընկերը` Մաքսը։ Թույն։ Զանգեցի միանգամից։ Լավ էր, շուտ պատասխանեց, Գլենդելում էր։ Մի կերպ արագ պատմեցի կոնկրետ` ինչ ա եղել ու, որ գա հնարավորինս շուտ։ Չէր հավատում ասածներիս, մտածում էր մեր ընկերության շրջանում հերթական կայֆավատներից էր, բայց պնդեցի, որ գա, համոզվի։

15 րոպե չէր անցել, զանգեց մուտքից, բացեցի հեռախոսով։ Անհամբեր սպասում էի նրան։ Քիչ անց դուռը դանդաղ բացվեց, և Մաքսի գլուխը երևաց դռան բացվածքում։ Ես լրիվ պատրաստ էի արդեն նրան դիմավորել։ Շալվարս ու վարտիքս իջեցրած, ոտքերիս վրա արյան հետքերով, առնանդամս վիրակապով և անկախ ինձնից

ձեռքերս լայն տարածած դրամատիկ պոզայում` ցուցադրելով նրան, ինչպես Շեքսպիրի Համլետում Հորացիոսն էր ասում` դաժան սոսկանքի տեսարանը ։

Մաքսը մի պահ քարացավ շեմին` զարմանքի, կասկածանքի և անհանգստության իրար ետևից փոփոխվող էմոցիաները դեմքին։ Մի ակնթարթ չկարողացավ զսպել նաև ծիծաղը, որն էլ շատ արագ վերափոխվեց ծայրահեղ զարմանքի, երբ համոզվեց, որ այդ ամենը կայֆավատ չէր։ Ես մնում էի նույն դրամատիկ դիրքում` ձեռքերս տարածած կանգնած, երբ Մաքսը գլուխը թափ տվեց` կարծես ուշքի բերելով իրեն և պատրաստակամ օգնելու ` առաջ եկավ `արտաբերելով.

– Էս ի՞նչ ես արել… Էս ո՞նց էղավ, այ ցավդ տանեմ… Հավատս չի գալիս….. Լսի, բայց էս վիճակում, լրիվ ոնց որ Քրիստոսը լինես տանջանքներից հետո ….

Please follow and like us:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *