ՀԱՅԱՍՏԱՆԸ
Քարերն այստեղ մարմիններ են,
որոնք երբեմն արթնանում
և որպես խաչքար բաբախում են
սևահողի տաք երակներում,
ուր ոչ մի ծառ չի բարձրանում
առանց հիշողության…
Ռ․ Գրիգորյան, «Աստվածների ժամանակը»
Ռազմիկ Գրիգորյանի «Աստվածների ժամանակը» ժողովածուում ամփոփված պոեզիան ընթերցողին անմիջապես տեղափոխում է մի տարածություն, որտեղ անձնականը, մետաֆիզիկականը, ազգայինն ու զգացմունքայինը գոյակցում են անքակտելի միասնությամբ։ Լիրիկական «ես»-ն այստեղ սոսկ ինքնակենսագրական սուբյեկտ չէ. նա միաժամանակ կենսագրություն ունեցող մարդ է, ժամանակի ու աշխարհի վկա և յուրօրինակ միջնորդ՝ Աստծո, մահվան, հայրենիքի ու սիրային զուգահեռներում։ «Ես՝ իմ կենտրոնում» ձևակերպումը, որն ուղղակիորեն կամ ենթատեքստային շերտերում պարբերաբար կրկնվում է, դառնում է ներքուստ բեկված սուբյեկտի ինքնաճանաչման առանցքը։ Լիրիկական հերոսը փորձում է գտնել ներքին հավասարակշռություն մի իրականության մեջ, որտեղ ժամանակը փշրված է, Աստված՝ մարդու մեջ լալիս կամ մեռնում է, հայրենիքն արյունահոսում է, իսկ սերը միաժամանակ թե՛ փրկություն է, թե՛ անմարմին ցավ։
Ժողովածուում ժամանակի զգացողությունը մշտապես զուգորդվում է մահվան գիտակցման հետ։ Ժամանակը պատկերվում է որպես վերքերով ակոսված մարմին։ Այն մատուցվում է որպես մոխրացող լույս կամ կիսաքանդ տարածք, որտեղ լույսը չի հաղթում մթությանը, այլ հրդեհված տանիքների պես մոխրանում է։ Մահը Ռ․ Գրիգորյանի տեքստերում երբեք վերջնակետ չէ, այլ շարունակական ընթացք, որի մեջ մարդն «ամեն օր մեռնում է բոլորովին ուրիշ երկնքում» կամ «դեռ նոր է սկսում մեռնել»։ Երբեմն մահն ընկալվում է որպես լավագույն ապաստարան՝ այն պահը, երբ «կարողանում ես հրաժեշտից առաջ սեղմել նրա ձեռքը»։ Այս շարունակական մահվան ու վերածննդի շրջապտույտն է, որ պոետական լեզվով հաղորդում է էկզիստենցիալ լարվածություն. մարդը միաժամանակ ապրում է և օտարվում սեփական կյանքից։
Հոգևորն ու մոդեռնիստական հոգեբանական գծերն այստեղ միահյուսված են։ Պետրոսը, Պրոմեթևսը, Զևսը, խաչքարը, գառը և քավարանը ստեղծում են խիստ նշանային միջավայր։ Աստված այստեղ դոգմատիկ կամ հաղթական չէ. նա հաճախ վիրավորված է, մոռացված կամ լալիս է։ Մարդը՝ մեղքի ու պատերազմի, սիրո ու անզորության միջև ճաքած էակ է, ով չի կարողանում հասնել աստվածայինին, ինչպես այն երեխան, որին մայրն այլևս չի կարող առաջնորդել դեպի լույսը։ Ռ․ Գրիգորյանի խոսքը հաճախ ստանում է աղոթքի տոնայնություն, սակայն այն հիշեցնում է ճգնաժամի աղոթք, որտեղ սիրտն ու լեզուն հավասարապես լարված են։
Տարածությունը բանաստեղծի համար աշխարհաճանաչողության առանցքն է։ Հայրենիքը, գյուղական առավոտն ու քարերը վերածված են կենդանի մարմինների․ «Քարերն այստեղ մարմիններ են, որոնք երբեմն արթնանում և որպես խաչքար բաբախում են սևահողի տաք երակներում»։ Շուշիի մորթված խաչքարերը կամ հացի սպիտակ կոկորդը կտրող մայրամուտը ոչ միայն պատերազմի մետաֆորներ են, այլև տիեզերական արարչագործության խաթարման նշաններ։ «Հայաստան» բանաստեղծության մեջ հայրենիքը հիվանդ մարմին է, որի մասին բոլորը մտածում են, բայց ոչ ոք չի լվանում նրա մրոտ դեմքը։ Հեղինակի համար երկիրը պահանջում է ոչ թե վերացական մտորումներ, այլ մեծ պատասխանատվություն։
Սերը Ռազմիկ Գրիգորյանի պոեզիայում գոյաբանական նշանակություն ունի։ Այն օգնում է դիմակայել փշրվող քաղաքների ու սահմանային իրավիճակների ճնշմանը, բայց միաժամանակ մնում է ցավի աղբյուր։ Սիրած աղջկա կերպարը տատանվում է նյութականի և մետաֆիզիկական բացակայության միջև։ Սիրո հիմքում միշտ առկա է կորստի կանխազգացումը. այն անխուսափելիորեն կապված է բաժանման, լռության և վերադարձի բացակայության հետ։
Ես եղել եմ ինձանից առաջ,
գուցե չլինեի ինձանից հետո,
եթե մեռնող օրերիցս ծնված սերերը
ինձ չստիպեին ապրել
ջրհեղեղների մեջտեղում ծարաված
այս կես բաժակ կյանքը…
***
Մարմինս,
որը հագել եմ չմրսելու համար,
կհանեմ մի օր՝ հողին հանձնելու,
որ երկնքում վերքերիցս ոչ մեկը
չկորչի հանկարծ…
Հոգիս,
որն ինձ հագել է իբրեւ լապտեր
վաղամեռիկ, կույր աշխարհում,
կմնա այնտեղ՝
որտեղից չի էլ եկել իրականում…
Հեղինակի պոեզիան մի տարօրինակ զգացողություն է առաջացնում։ Այն ոչ միայն պատմում է, այլև կասկածի տակ է դնում պատմելու իրավունքը։ Սա ծանր, խտացված, բայց բովանդակային առումով ջերմացնող գրականություն է. այն չի տալիս պատասխաններ, չի մխիթարում, բայց թույլ է տալիս ընթերցողին իր ցավի ու հիշողության մեջ մենակ չմնալ։ Սա պոեզիա է, որտեղ մարդը, չնայած «մեռնող աստվածներին», շարունակում է կանգնել իր կենտրոնում և ինչ-որ բան փնտրել բառի ներսում։
