Օֆելի Դալաքյան/Զրույցներ

Արևն առանց շտապելու, դանդաղ ծորում է սարերի հետևը, գյուղի տանիքները կարմրում են արևի պատմած հեքիաթից, իսկ քամին նազելով խաղում է կանաչի հոգու հետ։

– Վա՜խ,- բացականչում եմ ես՝ առանց այլ նախադասությունների, որովհետև չեմ ուզում խախտել այս ֆիլմի ընթացքը։

Այո՛, ֆիլմ է կամ պատմվածք․ չափազանց գեղեցիկ է այս ամենն իրական լինելու համար։ Ես նման մայրամուտ տեսել եմ նկարներում, կամ՝ գրքերում, իսկ նման լռություն երբեք չեմ լսել։ Այս անդորրը երբեմն-երբեմն խախտում են աքաղաղները միայն, բայց չգիտես՝ ինչու հենց երեկոյան են ձայնում։

– Երևի Ամերիկայի ժամային գրաֆիկով են աշխատում այստեղի աքաղաղները,- կատակով ասում եմ ես։

Դու բարձր-բարձր ծիծաղում ես․ չգիտեմ իսկապես ծիծաղելի՞ էր, թե՞ ծիծաղում ես, որ ինձ չնեղացնես։

Այգու փոքրիկ սեղանին մի գեղեցիկ խատուտիկի փունջ է դրված, մեղուն պտտվում է նրա շուրջբոլորը, խաղում խատուտիկի աչքերի հետ։ Ես գիտեմ, որ մեղուն չի վնասի նրան, մեղուն պարզապես կարոտել էր այդ չարաճճիին, որը դաշտերից փախել էր տուն։

Հրեն, հովիվը դաշտից հետ է բերում նախիրը, բայց այնքան ծուլորեն է դա անում՝ կարծես թե նախիրն է մեղավոր, որ արդեն օգոստոսի կեսն է, և երեխաները դպրոց պիտի գնան։ «Պիտի էրեխեքին նոր շոր ու կոշիկ առնենք, էն պստիկն էլ առաջին դասարան ա գնում, լրիվ ծախս ա»,- առավոտյան, ամուսնուն ճանապարհելիս, ասել էր կինը։ «Թե ասա, ա՛յ լակոտներ, կոշիկ պահել չգիտե՞ք, նորմալ հագեք, էլի, հո ամեն տարի կոշիկ չե՞մ առնելու»,- երեխաների հետ կռիվ էր տալիս Արշոն՝ գյուղի նախրապանը։ «Ի՞նչ անեմ, էս ցուլիկը հիմա ծախե՞մ, թե՞ պահեմ Նոր տարվա համար։ Ա՜, եսիմ, է»,- չէր հանգստանում Արշոն։

– Գայա՜ն, ա՛յ Գայան, հեսա կոֆեն պիրել եմ, բաժակները վե՞րդի են,- մի ձեռքին սրճեփը, մյուսին՝ իրենց այգուց չորս խնձոր՝ կես փողոց ներքևից գոռում էր Սաթիկը։

– Վա՜յ, տնաշեն, հլա չես հասել դռանը, արդեն գոռում ես, ըհը, բաժակնին ղրաղ դրած են,- հետ չմնաց Գայանը։

– Մացա՞ր, էս Ծովիկանց տուն քաղաքից ղոնաղ կա,- սկսեց Սաթիկը սուրճի թեման։

– Քաղաքից չեն, արտասահմանից են,- քմծիծաղ տվեց Գայանը՝ իբրև թե իր տեղեկությունն ավելի թարմ էր։

– Յա՜, ի՞նչ ես գիդըմ, բա պատմի,- հետաքրքրությունից վառվում էր Ծովիկը։ Չնկատեց էլ՝ ինչպես սրճեփի նստվածքը պատահաբար թափվեց ոտքին։ Քանի որ թեման թեժ էր, չզգաց էլ, որ ոտքը վառվեց։

– Ըռավետ Կարինեն ասավ, որ եկել են Ծովիկի աղջկան ուզիլ,- դանդաղ, Սաթիկի նյարդերի հետ խաղալով պատմում էր Գայանը։

– Հա՜, դա գյուղ մնացողը չէր, չնայած լավ րեխա է, հա, թող քինա, բախտավորվի։ 

Գայանն ու Սաթիկն իրենց հեղինակավոր կարծիքը հայտնեցին, Ծովիկի աղջիկը հանգիստ խղճով կարող էր ամուսնանալ։

– Սաթի՛կ, Խաղողօրհնեքը ե՞րբ էր էս տարի, պիտի եկեղեցի քինամ,- կտրուկ թեման փոխեց Գայանը։

– Դու էլ ամեն տարի կհարցնես, այ կնիկ, օգոստոսի երկրորդ կիրակին ա, հիշի,- ասաց Սաթիկը,- հլը էս խնձորիցը կեր, մերն ա, մի քիչ թթու ա, բայց համով ա։

․․․․

Գյուղում ամառը ձմերուկի քաղցրության նման ծորում էր, բամբասանքն ու օրհնանքը, ձեռք ձեռքի տված, մտնում էին ամեն լուսամուտից։ Գյուղն իր կյանքն էր ապրում, լավ է գյուղում․․․ ափսոս՝ երեխաները, երիտասարդները քիչ էին այնտեղ։ Դպրոցը մի քանի աշակերտ ու մի քանի ուսուցիչ ուներ միայն: Այդ մի քանի երեխաներն էին պահում գյուղի զարկերակը։

– Էկե՛ք «Անունգոռոցի» խաղանք,- ձայն տվեց տղաներից մեկը վերի թաղից։

– Չէ՜,-ծոր տվեց միակ աղջիկը,- էկե՛ք «Մաֆիա» խաղանք։

– Աղջի՛,-գոռաց մայրը,- դու էդ անունը ի՞նչ գիտես, էդ ի՞նչ խաղ ա։

Տղաները փորձում էին միշտ Մարիի սրտով անել, թե չէ նեղանում գնում էր տուն։

Այս անգամ «Անունգոռոցի» խաղացին, որովհետև Մարիի մայրը բարկացել էր։

– Գագի՛կ,-գոռաց Արմենը՝ գնդակն օդ գցելով։

– Մարի՛,- հետո գոռաց Արմենը։

– Գագի՛կ,- նորից գոռաց Մարին։

Այս երեք անուններն էին անընդհատ պտտվում օդում, մինչև Մարիի նորածին եղբայրը կմիանար այս խմբին։ 

․․․․

Տեսնես հովիվը կվաճառի՞ ցուլիկը, թե՞ կպահի Ամանորին։ Տեսնես Ծովիկի աղջկան իսկապես եկել էին ուզելո՞ւ, թե՞ պարզապես հյուրեր էին՝ թանկանոց մեքենաներով, որոնք ուղղակի եկել էին գեղեցիկ լուսաբացի, տնական պանրի ու պարզ խոսքի հետևից։ Իսկ երեխաները վաղը «Մաֆիա» կխաղա՞ն, թե՞ «Գործագործ»:

Գյուղում և՛ հեշտ է, և՛ դժվար, բայց ավելի  շատ խաղաղ։

Տե՛ս, արևածաղիկը գլխիկը շրջել է տան կողմն ու սպասում է իմ գրի ավարտին, որովհետև գիտի, որ անպայման իր մասին էլ եմ գրելու։

…Բայց ես պարզապես ուզում էի գրել խաղաղության մասին, սիրո մասին, որ հովիվը տածում է երեխաների հանդեպ ու ամեն ինչ կանի, որ երեխաները նոր կոշիկ ունենան, ուզում էի գրել մարդկանց ջերմության, անկաշկանդ արտահայտվելու ու հյուրընկալության մասին. ոչինչ, որ մի քիչ էլ կծու խոսքեր լինեն, նրանց սրտին չարություն չկա, ուզում էի գրել Ծովիկի աղջկա մասին, որ, եթե իսկապես եկել էին նրա հետևից, ապա թող գնա, բայց սիրելով գնա, որովհետև այդ սերն է՝ վերերկրային, որ բոլոր խոչընդոտները հարթեցնում է, որ քեզ ափերիցդ հանում է, տակնուվրա անում, հետո նորից այտդ շոյում, սրբում է արցունքդ ու մի պաչ տալիս ճակատիդ։ Ուզում էի գրել քո մասին, այն սիրո մասին, որ ո՛չ գյուղում է, ո՛չ քաղաքում, ո՛չ արտերկրում․ քո կողքին է։

Please follow and like us:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *