Վովա Արզումանյան/ Խորհրդածելով արվեստի և սիրո մասին

Կրակովի ժամանակակից արվեստի թանգարանում (MOCAK) հնարավորություն ունեցանք դիտելու «Էվա Պարտում. Խորհրդածելով արվեստի մասին: Խորհրդածելով սիրո մասին» ցուցահանդեսը: Այն կոնցեպտուալ արվեստի կուռքային դեմքերից մեկի ստեղծագործությունների ամենածավալուն ներկայացումն է, և միևնույն ժամանակ՝ արվեստագետի 60-ամյա կարիերայի առաջին ցուցահանդեսը, որը նրա գործունեությունը դնում է միջազգային համատեքստում:

Էվա Պարտումը 20-րդ դարի երկրորդ կեսի ամենակարևոր ու ամենահամարձակ կոնցեպտուալ և ֆեմինիստ արվեստագետներից է: 1960-ականների վերջից սկսած՝ Պարտումը զարգացրել է սեփական գեղարվեստական լեզուն, որն ի սկզբանե եղել է խորապես քաղաքական, ազատագրական և քննադատական՝ իշխանության, համակարգի, ինչպես նաև արվեստի ու հասարակության նահապետական կառուցվածքների հանդեպ: Նրա աշխատանքները, գործողությունները հանրային տարածքում և պերֆորմանսները ոչ միայն կասկածի տակ էին դնում արվեստի կանոնները, այլև մարտահրավեր էին նետում կանացիությանը, մարմնին և ազատությանը վերաբերող սոցիալական նորմերին:

Էվա Պարտումն իր արվեստի կրթությունն սկսել է Լոձում (1963-1965 թթ․), ապա շարունակել Վարշավայում (1965-1970 թթ․), որտեղ դեռևս իր դիպլոմային աշխատանքում համադրել է գեղանկարչությունը կոնցեպտուալ պոեզիայի հետ: Լեզվի և հաղորդակցության հանդեպ նրա վաղ հետաքրքրությունը հանգեցրեց այնպիսի գործողությունների, որոնք կազմաքանդում էին լեզուն՝ որպես իշխանության ու վերահսկողության գործիք: 1969 թվականից նա ուսումնասիրել է նշանների և տեքստերի կառուցվածքը, իսկ նրա աշխատանքները հետազոտել են տեքստի, պատկերի և մարմնի միջև կապը: Արվեստագետը ի հակակշիռ կոնցեպտուալիզմի գերիշխող տղամարդակենտրոն դիսկուրսների՝ զարգացրել է «մարմնավորված կոնցեպտուալիզմը»՝ ակտիվացնելով շոշափելիքի զգայարանն ու մարմնի դրոշմը: Նա ընդգծում էր, որ իր խնդիրը կնոջ խնդիր է՝ խոսելով առաջին դեմքով և շեշտադրելով իր սեռը: Սոցիալիստական Լեհաստանի և պահպանողական, կաթոլիկ հասարակության իրականության մեջ նա գիտակցաբար շեշտում էր, որ իր արվեստը կնոջ ձայնն է: Նա առճակատվում էր տղամարդակենտրոն նեոավանգարդի հետ՝ զարգացնելով վիզուալ պոեզիան որպես արվեստի աշխարհում կանանց դերերի և դիրքի քննադատության գործիք: Նրա գործողությունները դուրս էին գալիս հաստատությունների սահմաններից՝ ընդգրկելով հանրային տարածքը: Արվեստագետն իր այցեքարտն է դարձրել շրթներկով շուրթերի դրոշմը, իսկ մերկ մարմինը նրա համար ծառայում էր որպես իշխանության հետ առճակատման միջոց:

Ցուցահանդեսի խորագիրը՝ «Էվա Պարտում. Խորհրդածելով արվեստի մասին: Խորհրդածելով սիրո մասին», որը վերցված է արվեստագետի աշխատանքներից, ընդգծում է արվեստի անքակտելի կապը մարմնականության, զգայականության և սիրո հետ: Էվա Պարտումի ստեղծագործությունը ցուցադրվում է աշխարհի տարբեր արվեստագետների գործունեության հետ համատեքստում՝ ինչպես իր ժամանակակիցների (այդ թվում՝ Յոզեֆ Բոյս, Կատալին Լադիկ), այնպես էլ նրանց, ովքեր այսօր զարգացնում են նրա կողմից սկզբնավորված ֆեմինիստական ընդվզման ռազմավարությունները (այդ թվում՝ Իվոնա Դեմկո, Մոնիկա Դրոժինսկա, Յոաննա Պավլիկ): Այսօր՝ պահպանողական շրջադարձի ժամանակաշրջանում, երբ պոպուլիստական քարոզչությանը տրվող բազմաթիվ հասարակություններում կանանց վիճակը դառնում է ավելի ու ավելի ճնշող, Էվա Պարտումի ուղերձը՝ դիտարկված արվեստի համաշխարհային տիրույթում, շարունակում է էլ ավելի արդիական դառնալ:

Ցուցահանդեսը բաժանված է բաժինների, որոնք առնչվում են արվեստագետի ստեղծագործության ամենաառանցքային թեմաներին, ինչպիսիք են՝ ֆեմինիստական ապստամբությունը պատրիարխատի դեմ թե՛ արվեստում, թե՛ առօրյայում, արվեստի քաղաքական չափումները, մարմնավորված կոնցեպտուալիզմը, շոշափելիքի զգայարանը, «մեյլ-արտի» (փոստային արվեստ) ու «Ֆլուկսուս» շարժման համատեքստերը կամ գաղափարներն ու իրերը պատկերելու հնարավորության հարցերը: Արվեստագետի ստեղծագործության ներկայացման շրջանակներում առաջին անգամ շեշտադրվում է նաև նրա կարեկցանքը բույսերի և կենդանիների հանդեպ:

Պարտումի վաղ շրջանի ամենակարևոր գործողություններից էր 1971 թվականին Լոձի Ազատության հրապարակում իրականացված «Տարածության օրինականություն» ինստալյացիան: Արվեստագետն այնտեղ տեղադրել էր արգելող և թույլատրող նշանների խիտ ցանց՝ ինչպես իրական ճանապարհային նշաններ, այնպես էլ իր կողմից ստեղծվածներ՝ աբսուրդային արձանագրություններով, օրինակ՝ «Արգելվում է արգելել»: Այս աշխատանքը բացահայտում էր իշխանության այն մեխանիզմները, որոնք նյութականանում են նշանների ու կանոնների համակարգի միջոցով՝ ցույց տալով, թե ինչպես է վերահսկվում հանրային տարածքը, և ինչպես է ազատությունը մեկնաբանվում պարտադրված շրջանակների միջոցով: Պարտումն այդ ժամանակ ասում էր, որ ինքը ցանկանում էր «դուրս գալ փողոց և ասել, որ չկա ազատություն, որ կա իշխանություն, որը փոխանցվում է նշանների օգնությամբ»:

Այս գործողությունը Լեհաստանում հանրային արվեստի ամենավաղ օրինակներից է: Արվեստագետը, միջամտելով, ոչ միայն ներխուժում էր քաղաքային լանդշաֆտ, այլև տարածությունը դիտարկում էր որպես քաղաքական քննարկումների և բախումների դաշտ: Նրա ինստալյացիան հաստատությունների և առօրյա գործողությունների քննադատության մի ձև էր, որոնք հաճախ համարվում են ինքնստինքյան հասկանալի և չեզոք:

Էվա Պարտումի գործունեությունը Լեհաստանում տեղի էր ունենում սոցիալական լարվածության աճի, 1968 թվականի մարտյան իրադարձությունների շուրջ քննարկումների և հաջորդող բռնաճնշումների, այդ թվում՝ ռազմական դրության համատեքստում: Նրա աշխատանքները, ինչպիսին է «Ի պատիվ hամերաշխության» (1982) պերֆորմանսը, համադրում էին ֆեմինիզմը համակարգի նկատմամբ «Համերաշխություն» շարժման քաղաքական քննադատության հետ: Հանդես գալով մերկ՝ նա ստեղծում էր մեդիա նշաններ և համերաշխության խորհրդանիշներ, և միևնույն ժամանակ մեկնաբանում էր գեղարվեստական ու քաղաքացիական ազատությունների սահմանափակումները:

Վիզա ստանալուց հետո Պարտումը տեղափոխվեց Արևմտյան Բեռլին, որտեղ շարունակեց իր գործունեությունը քաղաքականապես և մշակութային առումով ավելի բարդ համատեքստում: 1984 թվականին նա պատրաստեց «Արևելք-Արևմուտք ստվերներ» նախագիծը՝ Բեռլինի պատին նվիրված մրցույթի շրջանակներում: Մերկ, բարձրակրունկ կոշիկներով կանգնելով պատի դիմաց, ձախ ձեռքում պահելով «O» (Ost – Արևելք), իսկ աջում՝ «W» (West – Արևմուտք) տառերը, Պարտումն իր ստվերն օգտագործեց որպես արվեստի քննադատության գործիք. այն սահում էր կառույցի վրայով՝ արևային ժամացույցի սլաքի պես՝ շարժվելով արևելքից արևմուտք: Սա հզոր, պոետիկ ժեստ էր, որը միավորում էր մարմինը, ժամանակը, քաղաքական սահմանը և աշխարհի բաժանումը, և միևնույն ժամանակ կասկածի տակ էր դնում այդ սահմանը լեզվի, մարմնի և մարմնի՝ որպես լեզվի միջոցով:

Այսօր Էվա Պարտումը ճանաչված է որպես ֆեմինիստական արվեստի, բոդի-արտի և կոնցեպտուալ արվեստի պիոներ Լեհաստանում և Եվրոպայում: Նրա աշխատանքները ցուցադրվել են բազմաթիվ միջազգային ցուցահանդեսներում,  իսկ նրա ինստալյացիաներն ու պերֆորմանսների փաստագրումները գտնվում են այնպիսի հաստատությունների հավաքածուներում, ինչպիսիք են Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանը և Թեյթ Մոդեռնը:

 Պարտումը ոչ միայն կոտրում էր մարմնականության, սեքսուալության և կանացիության հետ կապված տաբուները, այլև զարգացնում էր արվեստի լեզուն որպես ազատագրման, սոցիալական ու քաղաքական քննադատության գործիք, ինչպես նաև իշխանության, ինքնության ու ազատության շուրջ երկխոսության տարածք: Նրա արիությունը դարձավ այն բանի դրսևորումը, թե ինչպես արվեստը կարող է լինել քաղաքական գործողության ձև, որը ոչ միայն մեկնաբանում է աշխարհը, այլև գործուն կերպով վերափոխում է այն:

Please follow and like us:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *