«Ձեր կոպեկն այստեղ մանեթի արժեք ունի»,– ասաց մարդը դժոխքից
ու նորից անհետացավ հրի մեջ։
***
Այսօր թեթև օր է,
Այսօր խելոք են իմ մեռելները։
Սսկված պառկած են գերեզմաններում։
Թողեցին հաց ուտեմ, գործ անեմ։
Քիչ էր մնում նույնիսկ սիրահարվեի։
Մտածեցի էլ երեկոյան դեմ՝
Մի՞թե իսկապես նրանք մեռել են։
Ե՞րբ հողին հանձնվեցին դրանք,
Այդ ե՞րբ պիտի սպառվեն վերջապես։
Այսօր թեթև օր է,
Այսօր խելոք են իմ մեռելները…
***
Այս մարդիկ,
այսքան հորինված մարդիկ,
որ ամենուր են՝
թեյնիկի մեջ, սրճեփում․․․
Հացի վրա ցանված շաքարի պես
կյանքս նրանք են քաղցրացնում…
Ի՜նչ ափսոս․ երբ մեռնեմ,
այն աշխարհում ինձ չեն դիմավորի
ու հետո տեսության էլ չեն գա։
Երանի՜ հոգի տայիր, Աստված իմ,
իմ հորինած մարդկանց,
որ դրախտում մենակ չմնամ։
***
Մի թեթեւ բշտեմ ինձ․
թե հիմա մեռնեմ,
ա՛յ, հենց հիմա վեր կենամ ու մեռնեմ,
ինչքա՜ն օգուտ կբերեմ աշխարհին.
անօթևանը տուն կճարի,
գործազուրկը՝ աշխատանք,
չամուսնացածն իմ ապագա ամուսնու հետ կպսակվի,
իմ փոխարեն կծնի, ի՛ր երեխաներին․․․
Ուրիշին տեղ կտան ավտոբուսում,
ուրիշը կհաղթի մրցույթներում, վիճակախաղում,
հարևանն էլ, որին թույլ չեմ տալիս գլխիս լվացք փռել,
ազատ կկախի իր ներքնաշորերը,
գուլպաներն ու սպիտակեղենը…
Պատկերացնելն անգամ ծանր է,
Սկի ծիծաղդ էլ չի գալիս։
Ինչո՞ւ շները դրախտ չեն ընկնում
Ծերացել է իմ որկրամոլ շունը,
ու ես ավելի ու ավելի հաճախ եմ մտածում՝
ինչո՞ւ շները դրախտ չեն ընկնում,
կամ որտե՞ղ են հայտնվում, երբ հեռանում են։
Որտե՞ղ պիտի հայտնվի շունը, եթե հոգի չունի,
բայց ունի կյանք, որի տարին իմ յոթին է հավասար։
Գուցե նրանց համա՞ր էլ մի բան կա դրախտի պարտեզում՝
որևէ ծառի տակ, որևէ բացատում…
Միգուցե հրեշտակներից, սրբերից ու հարազատներից բացի
այնտեղ կան նաև երեք շուն, երկու կատու ու մի թութակ,
եւ նրանք նույնպես սպասում են մեզ։
Զվարճալի է, բայց ի՞նչ, թող դրախտում էլ ծիծաղի մարդը
ու մոռանա սենյակը, որի հատակին այսուայնտեղ
կերակրի մնացորդներ էին շաղ եկած,
երբ շունն արդեն չկար, իսկ ինքը սովորության համաձայն
ուտելիք էր շպրտում նրան։
Ու թող մոռանա նաեւ, թե ինչպես էին
այս չծամված պատառները նմանվում իր ցավին՝
չծամված,
չմարսված։
***
Ի՞նչ պիտի անես, երբ աղոթքդ Աստծուն չի հասնում
ու երկինք նետված քարի պես հետ է դառնում քեզ։
Ասես հանձնարարել են անդուռ մի աշտարակ գրավել,
եւ հիմա շուրջն ես պտտվում ու կանչում՝ փլվի՛ր, փլվի՛ր…
Ձայնդ՝ կորած կյանքի մանրուքների մեջ,
երեխայի պես, որ պահարանն իր վրա շուռ տվեց,
ու բոլոր իրերը թափվեցին վրան։
Ա՛յ, այսպիսի աղոթք էլ կա՝ ջրվեժի ափին.
Գոռում ես, բայց մեկ է՝ չի լսվում։
***
Թե մարդն ի վիճակի լիներ, երկու օրինակով կծնվեր,
Մեկը՝ կյանքի համար, մեկն էլ՝ հենց իր։
Եռման ջրում ներկված թելի պես չէր կտրվի,
Փայտե գդալի պես չէր մաշվի,
Հին տաբատի պես նստել-կանգնելիս չէր պոռթվի
անհարմար տեղից։
Երկուսից գոնե մեկը կծածկեր մեր մերկությունը,
Երկուսից գոնե մեկը կգար հետս վշտի մեջ՝ սև հացով,
Ուրախության մեջ՝ դաշտում պարելու։
Մեկին մյուսի հետ կդավաճանեի, ու ոչ մեկը չէր նեղանա։
Ավելի բերրի կլիներ երազում տեսած հողն էլ,
Ոչ թե այսպես չոր ու ցամաք, ինչից երևում է,
Որ քնելուց առաջ ոչ մեկի մասին չէի երազում։
***
Այս օրն այստեղ չէ, երկու աշխարհից այն կողմ է բացվել։
Իմ իսկ կմախքում ոսկորներիս տեղն եմ փոխում,
Որ ուրիշ մարդ ստանամ։
Մեկ է՝ ես եմ։
Ինձ սրանով եմ ճանաչում՝
Սիրահարված է։
Ողջերին նմանակելիս միշտ էլ այսպես է պատահում։
Թարգմանությունը վրացերենից՝ Ասյա Դարբինյանի
