Գաբրիելա Զապոլսկային (1857-1921) իր ժամանակի քննադատները անվանում էին չափազանց էմոցիոնալ խառնվածքով արվեստագետ, ինչը մի կողմից առավելություն էր, քանի որ անկեղծություն և անմիջականություն էր հաղորդում նրա ստեղծագործություններին, մյուս դեպքում մեծ թերություն էր, քանի որ ուներ բուռն արտահայտվելու մղում ու «ոչ պատշաճ տերմինաբանություն»: Մատնացույց էր անում քաղքենի հասարակության կեղծ արժեքները, բարոյական խեղումները: «Մարդկային կենդանաբանությունը» պատմվածքների ժողովածու է, որտեղ կենդանիները մարմնավորում են մարդկանց, նրանց հատկանիշները, թերությունները: Նյարդայնացնող ավանակներ, սիրելի գորտեր, չարամիտ կապիկներ՝ կենցաղային տարբեր թեմաների մեջ հանդես է գալիս հաճախ մի ողջ կենդանական աշխարհ: Աղավնիների, կատուների, քավության նոխազների պատմությունները զավեշտական են, խղճահարույց, հաճախ` սարսափելի:
Բաց խարտյաշ մազեր ուներ, ինչպես արևի լույսը…
Մանրիկ շուրթեր` վարդագույնը ճերմակի վրա. ծիծաղում էր մանկան պարզ ծիծաղով` փափլիկ այտերին երկու հրապուրիչ փոսիկներ գծելով: Իր ողջ կերպարով նա բուրավետ վարդագույն հիացինտների փունջ էր հիշեցնում, երբ տնային բարակ հագուստով , ծիծաղը շուրթերին սենյակից սենյակ էր անցնում առավոտյան` հետևից արծաթափայլ շողք թողնելով, ինչպես բացվող արշալույսը:
Նա միշտ էր ծիծաղում` այդ գեղեցկադեմ, խարտիշահեր կինը։ Ծիծաղում էր դեռ օրորոցի մեջ, նույնիսկ իր մեղքերի համար աղոթք անելիս, վերջապես` խորանի առջև, երբ քաշում էր իր ետևից սպիտակ, մետաքսե զգեստի երկար, խշխշան քողը: Ծիծաղը ողջունեց նույնիսկ իր դստեր աշխարհ գալը, քանի որ նույնիսկ երկունքի ցավերի մեջ կարող էր տեսնել զվարճալի մի բան: Աստվածավախ էր շատ ու համարյա ամեն օր վազում էր եկեղեցի: Փղոսկրե կազմով գեղեցիկ աղոթագիրք ուներ, որի թերթերը սևացել էին ամուսնու և ընտանիքի համար աղոթքներ թերթելուց: Դա նրա տոնական գիրքն էր, ամենօրյան Դունինի հսկայական հատորյակն էր, որկարդում էր աչքերով աջ ու ձախ կրակելով կամ թիկնելով իր շքեղ մահճակալին փռված մետաքսե ծածկոցին: Սիրում էր քաղցր ուտել ու բարձի տակ արմավներ էր պահում` գիշերվա կեսին արթանանալով եւ ուտելով՝ քթի տակ կամացուկ կչկչալով: Գժվում էր վանիլի համար ու գրպանները լիքն էր պահում վանիլի կտորներով, սիրում էր լոտո խաղալ ու պարտադիր խաբում էր հմտորեն: Նա իր փոքրիկ, փամփլիկ դստերը Նաբուգոդոնոսոր էր կոչում, ամուսնուն` Խեցգետին: Իրեն էլ, թեև մկրտության անունը Զոֆիա էր, կոչում էր Դոդոշիկ: Նստում էր գորգին և խաղում դստեր հետ, ինչը համարյա միշտ ավարտվում էր խաղալիքի կռվով, եւ մայր ու աղջիկ քաշում էին այն իրար ձեռքից: Ամուսինը` բարի, փափկասիրտ քաղքենի, ապահովագրական ընկերության գործերի վարիչ, ոլորում էր բեղերն ու գոհ ժպտում:
– Մաքուր երեխա․․․ Ա՜խ, ինչքան մանկական է իմ Դոդոշիկը:
Նա ուրախ գոչյունով պոկվում էր տեղից, նստում ամուսնու ծնկներին ու երգում. «Պանն էր գնում/Ու գյուղացին:/Նրանց հետքից` ջհուդիկները /Կորցրել էին տրեխիկները…»։
Երգելով հանում էր ամուսնու գրպանից փողերն ու խրոխտ տեսքով հետ տալիս նրան տասը գրոշ.
– Ա՛ռ, Խեցգետնիկս, քեզ՝ սուրճի փող:
Ու ճանկած փողը թաքցնում զարդատուփում: Խեցգետինը տրվում էր այդ բռնակալությանը, չնայած որ նույնիսկ հասարակ գործավարի համար քիչ էր օրական տասը գրոշը: Ինչպես ախր հակառակվեր այդ հիասքանչ էակին, երբ միանգամայն անմեղ հայացքով նայում էր իր աչքերին ու սպիտակ, բուրավետ պարանոցը դեմ էր տալիս` համբույր ստանալու համար: Վերցնում էր Խեցգետինն այդ թշվառ տասը գրոշանոցը, համբուրում նրան ու լիանում այդքանով:
Նա ամբողջ տան կուռքն էր:
Պաշտում էր նրան ամուսինը, չնայած ակամա բռնության զոհ դառնալուն: Պաշտում էր նրան դուստրը, չնայած խլում էր իր խաղալիքներն ու քաշքշում մազերը Միկադո ոճով սանրելիս:
Պաշտում էին նրան աղախինները, թեև քմահաճություններ էր անում ու ամբողջ առավոտները հսկում նրանց խոհանոցում:
Բոլորից ավելի պաշտում էին նրան ծնողները: Այդ երկու տարեցները Դոդոշիկին համարում էին ամենայն առաքինությունների ու կատարելությունների մարմնացումը:
Դոդոշիկը` միակը, երես տված նրանց զավակը, համարվում էր իդեալական կնոջ վառ օրինակ:
Ամեն երեկո լամպի լույսի տակ ստվարաթղթե տիկնիկներ կտրատելիս կամ լամպի ծածկոցներ գործելիս նա բոլորի ուշադրության կենտրոնում էր: Նրան էին նայում, նրան ժպտում, նրան ուղղում քնքշագույն բառեր:
Սպիտակի ֆոնին վարդագույն այդ մռութը`միշտ ժպտերես, տրվում էր քնքշանքներին, լողում սիրո ծովի մեջ ու շուրջբոլորը սփռում երջանկության ու ընտանեկան հոգատարության շողեր: Յուրաքանչյուրին փոխադարձում էր բարի խոսքով, ժպիտով` շարժելով Նաբուգոդոնաոսորի նախանձը, շոյելով նրա գլուխը, աղախնի կողքով անցնելիս ժպտալով նրան ու անվանելով «բարի հիմարիկ»…
Ոչ մեկը, վստահաբար, չէր կարող զայրանալ Դոդոշիկի վրա, ընդհակառակը` բոլորը պարտավոր էին պաշտել նրան` որպես բարության, հմայքի ու անկեղծության մարմնացում:
Կանացիության մարմնացումն էր նա: Այնքան քնքշանք էր կուտակում իր հայացքի, ձայնի, կատվային հպումների մեջ, որ վայելք էր նայելը, թե ինչպես է ոտնաթաթերի վրա մոտենում քնած ամուսնուն` կսմթելու կամ պղպեղ լցնում դստեր բաց բերանը: Ծիծաղում էր այդ ժամանակ թովչանքով` նրբագեղորեն հետ թեքելով իրանն ու բարակ ձայնով համոզելով սարսափած ամուսնուն կամ վշտացած երեխային`չնեղսրտել իր արածից: Եվ ամուսինը ժպտում էր այդ սպիտակավարդագույն արարածին` մտքում հուսադրելով իրեն, որ կնոջ` այդ մանկական բնավորության շնորհիվ է, որ ինքը վստահ է, որ կինը պարզ է ու հավատարիմ իրեն: Եվ իսկապես` երգը շուրթերին տան մեջ շրջելիս, խոհանոցում սերուցք հարելիս, ամուսնու կոճակները կպցնելիս կամ փողկապները շրջելիս նա այդ սիրող-սիրալիր կինն էր:
Լինում էին այնուամենայնիվ պահեր, որ նա զբաղված էր լուրջ խորհրդածություններով: Օրինակ` Մադամ Բովարիից հետո ծածկել էր գիրքն ու նստել ամուսնու ոտքերի մոտ: Ձեռքին նյուշատելի1 մի կտոր` մտորումների մեջ էր ընկել:
Ամուսինը շարունակում էր «Կուրիերի» ընթերցանությունը:
– Գիտե՞ս, Խեցգետնիկ,- խոսեց նա վերջապես,- այս կինը դավաճանում է իր ամուսնուն… հանցանք է, չէ՞:
– Հմմ,- արձագանքեց ամուսինը,- եթե ամուսինն ապաշնորհ է…
Չհասցրեց ավարտել խոսքը: Դոդոշիկը անսպասելի պոռթկաց.
– Դա չի արդարացնում, դու էլ ապաշնորհ ես, բայց ես քեզ չեմ դավաճանում, չէ՞:
– Օ՜,- ընդդիմացավ ամուսինը:
– «Օ» չկա: Վառել է պետք նման կնոջը… ոչինչ նրան չի արդարացնում… հրեշավոր արարք է: Ու նաև երեխա ուներ տիկին Բովարին, Նաբուգոդոնոսորի պես…
Էդտեղ Դոդոշիկը նետեց ձեռքի պանիրը, ուժով գիրկն առավ Նաբուգոդոնոսորին, որը ճիչերով ընդդիմանում էր այդ բռնությանը:
Ծնողներն այդ պահին հայացքներ փոխանակեցին: Ահա այդպես էին նրանք դաստիարակել Դոդոշիկին` առաքինության ու ժուժկալության սկզբունքներով: Նա գիտե, թե որն է ատելին այս կյանքում, որն է համարվում ստորություն, կեղծիք կամ նենգություն:
Նա պարզապես հրեշտակ է:
Ընտանեկան օջախի հրեշտակ, որն իր ծիծաղով տագնապի ամպերն է ցրում ամուսնու ճակատից, հպարտություն և հենարան է ծնողների համար, հոգատար և սիրալիր մայր` դստեր համար:
Հրեշտակ է այս աղջիկը, որը մետաքսե խալաթը հագին պտտվում էր սենյակում:
Հանկարծ Դոդոշիկը դադարեցրեց պարը: Աչք գցեց ժամացույցին և շորորալով դանդաղ մոտեցավ ամուսնուն:
– Դոդոշիկի գլուխը ցավում է,- ասաց նա` նստեցնելով երեխային ամուսնու ծնկներին: -Դոդոշիկը գնա զբոսնելու:
– Կընկերակցեմ քեզ,- ասաց ամուսինը:
– Չեմ ուզում,- ընդդիմացավ նա` սեթևեթանքով շուրթերն ուռցնելով,- մենակ եմ գնում: Խեցգետինն այստեղ կմնա, որ Նաբուգոդոնոսորին խաղալիքներով զբաղեցնի:
– Բայց ախր…
– Դե լավ, էլի: Ինչի՞ ես հակառակվում:
– Չէ… Ուղղակի սուրճս…
– Կվերադառնամ` կգնաս: Տասանոց կտամ: Թե չէ ինչպե՞ս կգնաս սրճելու:
Ամուսինը դեռ փորձում էր ընդդիմանալ:
– Ես էդպես եմ ուզում,- համոզում էր կինը հրապուրիչ ժպիտով: -Գլուխս այնպես է ցավում:
Ծնողները հարկ համարեցին միջամտել:
– Գնա, ախր, ա’յ երեխա: Քայլի’ր մի քիչ,- ասաց հայրը:
– Գունատվել ես, երևում է, որ լավ չես,- վրա գցեց մայրը:
Ու հաջորդ պահին սենյակով, որտեղ հավաքված էր ընտանիքը, սահեց Դոդոշիկը` շինշիլայի մորթով զարդարված նոր շրջազգեստով:
Կիպ ժակետով դեռահաս աղջնակի տեսք ուներ, իսկ նոր կոշիկները ճռճռում էին ամեն քայլի հետ:
Համբուրեց ծնողների ձեռքերը, շուրթերը դեմ տվեց ամուսնուն, դստեր գլուխը շոյեց ու օրհնանքներով ողողված մի պահ էլ կանգ առավ դռան շեմին` դանիական ձեռնոցներով մատների ծայրով օդային համբույրներ ուղարկելու:
– Ցը… Ցը… – կանչեց: – Ցը՜, Խեցգետնի՜կ, ցը՜, Նաբուգոդոնոսոր: Ցտեսություն, մայրի՜կ, ցտեսություն, հայրի՜կ: Ռուզիա, կես ժամից չորահացի ետևից գնա: Ցը՜…
Կամաց անհետացավ դռների մեջ` ետևից թողնելով արծաթահունչ ծիծաղի ձայնն ու կատարյալ կանացիության շլացուցիչ տպավորությունը:
*
Երկար համբույրը խախտեց լռությունը:
Լամպի ցածրացրած, թույլ լույսի ներքո բազմոցից վեր բարձրացավ կանացի նրբիկ կերպարանքը:
Շառագունած ուսերին թափվել էր ոսկե մազերի ջրվեժը. ֆոսֆորափայլ կրակով վառվող աչքերը կայծկլտում էին մթության մեջ. ճմռթված շուրթերը` ցանկությամբ բացված, դեռ իրենց վրա կրում էին կրքոտ համբույրի խոնավությունը: Կերպարանքն ամբողջությամբ կրքով էր շնչում` բաքոսուհու խելագար ինքնամոռացությամբ, որն իր կուրծքը հանձնել էր Սատիրի գրկախառնություններին: Կանգնել էր` թևերը վեր ձգած, իրանը ճկած հետ` կարծես ցանկանալով իր մեջ պահել սիրո դողը:
Նրա դիմաց կանգնած տղամարդը վառեց ծխախոտը:
– Մի քիչ էլ մնա:
– Օ, ոչ, ոչ,- հակառակվեց կինը,- պիտի վերադառնամ, որ կասկածներ չհարուցեմ:
Սկսեց արագ ժակետն ու մնացած հագուստը հագնել: Տղամարդը օգնում էր նրան ամբողջ արհեստանոցով փնտրել քիչ առաջ կրքից դողացող ձեռքերով նրա վրայից պոկած, այս ու այն կողմ նետած հագուստի ու հարդարանքի մասերը: Գլխարկն ընկել էր մեծ նկարակալների ետևը ինչ-որ տեղ. պետք էր վարագույրները հետ քաշել` այն փնտրելու համար:
Նրանց հայացքները հանդիպեցին, ձեռքերն իրար դիպչելով խճճվեցին: Կրքի անդիմադրելի ալիքը ծառս եղավ նրանց միջև… Կրակ էին ժայթքում կարծես այդ երկու` մեկուսի փողոցի մութ արհեստանոցի մեջ թաքնված հոգիները:
– Ե՞րբ քեզ կտեսնեմ,- հարցրեց տղամարդը` ողջ մարմնով դողալով կնոջ տաք ձեռքի հպումից:
Կինը թոթվեց ուսերը:
– Չգիտեմ` երբ կկարողանամ պոկվել, հեշտ չի…
Նա դեռ պահում էր նրան քնքշանքով իր թևերի մեջ.
– Բայց ոչ ուշ:
Կինը նայեց նրա աչքերի մեջ: Շեկ թարթիչների տակից կանաչավուն կայծեր թռան:
– Խելագար,- խեղդվող ձայնով շշնջաց նա,- ես մի քանի օր քեզ չտեսնեմ, կարո՞ղ եմ ապրել:
Շեմքից հետ գալով` տաք շնչով շշնջաց.
– Սիրի’ր քո Դոդոշիկին…
Ծալքավարագույրն ընկավ, կինն անհետացավ` օդում թողնելով բոցավառ կրքի հետքը:
Տղամարդը մի պահ կանգնեց` թեթևակի հեգնական ժպիտով: Ապա վառեց հանգած ծխախոտը, պառկեց բազմոցին` ուրախ վալս սուլելով:
Նաբուգոդոնոսորը կարոտել էր մայրիկին: Կարոտել էր նաև Խեցգետինը, կարոտել էին թեյի սեղանի շուրջը սպասողական նստած ծնողները: Ճերմակ սփռոցին շարված էին թեյի բաժակները, ծեր հայրը հիշեցրեց սպասուհուն.
– Ուշադիր եղիր, որ սամովարը տաք լինի, շուտով պանին մրսած կգա:
Իսկ մայրը դասավորում էր չորահացերը` ջանալով ավելի լավ ջնարակվածները տեղավորել ափսեի հատակին, որ դրանք Դոդոշիկին մնային:
– Ցուրտ է, այսքան երկար որտե՞ղ կարող է մնալ,- ձայնեց վերջապես ամուսինը:
– Եկեղեցի է մտել երևի, սիրում է ախր երեկոները ադվենտին2 մասնակցել,-հակադարձեց մայրը:
– Ախր կհիվանդանա:
– Աստված կպաշտպանի նրան չարից:
Լռություն տիրեց: Միայն Նաբուգոդոնոսորն էր քիթը քաշում ուժեղ հարբուխից:
Հանկարծ աղմուկով դռները բացվեցին: Դոդոշիկն էր դռների արանքում:
Դեռ վարդագույն էր, աչքերում դեռ կայծկլտում էին մարող կրքի կրակները:
Բոլորը միաձայն կանչեցին.
– Դոդոշիկը:
Սկսեց հերթական համբույրի տարափը` բռերով կոնֆետի նման շաղ տալով: Հետն էլ պատմելով ցրտի ու եկեղեցում աղոթող մարդկանց մասին: Երգեհոնները նվագում էին, բազում-բազմաթիվ մոմեր էին վառվում, իսկ Դոդոշիկը նստել էր մի անկյունում… հետո իր համար գնաց մի փոքր զբոսնելու:
Հանեց ժակետն ու ձեռքը սահեցրեց ցաքուցրիվ մազերի վրայով:
– Թեյը: Շու’տ,- կանչեց հայրը:
– Ես կլցնեմ,- ավելացրեց մայրը,- խեղճ երեխաս մրսել է, հանկարծ չհիվանդանա:
Իսկ Դոդոշիկը նստել էր ամուսնու ծնկներին ու երգում էր՝ Պանն էր գնում ու գյուղացին…
Նաբուգոդոնոսորը երջանկացած գլուխը հպել էր մոր զգեստին` նայելով նրա աչքերին, որոնց մեջ կամաց հանգչում էին կրքի կրակները:
– Ա՛ռ տասը գրոշ,- մեկնեց ամուսնուն մետաղադրամնեը,- հիմա դո՛ւ գնա զբոսնելու… խեղճ… Խեցգետնիկ:
Լեհերենից թարգմանեց Հռիփսիմե Զարգարյանը
- Նյուշատել-շվեյցարական պանրի տեսակ ↩︎
- Ադվենտ-լատին.` գալուստ: Սուրբ ծննդյան տոներին նախորդող չորս շաբաթյա եկեղեցական արարողությունների շրջան` սպասում և խանդավառություն խորհրդանշող: ↩︎
