Առաքել Սեմիրջյան/Երազումս մայրս քայլում էր

        

Միգուցե վազում, հավանաբար  յարխուշտա ու չիչիոտկա պարում, ոտքերով ուժեղ հարվածում էր գետնին ու էնպես անում, որ ձայնն արձագանքի մարդկանց ականջներում։

Չէի ուզում արթնանալ, որ ոտնաձայները չանհետանան սողալով քարշ տվող վերջույթների ցավից։

Երբևէ չէի պատկերացնի, որ ոտնաձայներից ավելի հաճելի ձայն կարող է լինել։

Ոտնաթաթերի տակի ձյան ճմռտոցի ձայնն այլ պատմություն է, սակայն պարզ ոտնաձայնը՝ լրիվ ուրիշ։

Ձիերի դոփյունը տպվել էր ֆիլմի լուսագրերի մեջ ու տգդին-տգդին-տգդին․․․ չէր վերջանում։

Ռեժիսորները հիմնականում սրտի բաբախելու ձայն են ավելացնում՝ սպասման պատկեր ստանալու համար, երբեմն էլ՝ ագռավի կանչ կամ օվկիանոսի ալիքների հպում ափամերձ ժայռին՝ խաղաղության պատրանք ձևացնելու համար։ Ոնտաձայնով նույն էֆեկտը չի ստացվում, եթե այն անծանոթի է, իսկ այդքա՜ն սպասված մոր ոտնաձայնը․․․

Մինչև մահանալը նա երկու տարի պառկեց, ու բոլորը սպասում էին գեթ մեկ քայլի։

Ինչքան դժվար է տրվում այդ մեկ քայլը՝  առավել ևս  երկրորդ,  բայց չէ՞ որ դա առաջինը պետք է լիներ։

Դրանից առաջ հազարավոր քայլեր էին եղել, բայց որևէ մեկը դրանք չէր հաշվել․․․

Վերջինն ավելի սարսափելի է, որ գիտես՝ ոտքերդ էլ երբեք գետնին չեն դիպչելու, որպեսզի հողից էներգիա ստանաս։

Երկնքից էլ կարելի էր էներգիա ստանալ, սակայն դա  նույնը չէ․․․

Հողը տենչում էր ոտնաթաթերի հպմանը։ Նույնիսկ թռչուններն ու միջատներն են այդ հպումին կարոտ, էլ չասած հրեշտակները։ Էլ ի՞նչ հրեշտակ առանց քայլելու։

Երազումս մայրս երազ էր տեսնում, որ բոլոր հրեշտակները իջել են երկիր ու քայլքի մարաթոնի են մասնակցում, ու ով հանկարծ շփոթվեց ու թռավ՝ անմիջապես դուրս է թռնում մրցապայքարից, ու ստացվում է՝ երկու անգամ է թռնում․ մեկը՝ բառիս բուն, իսկ մյուսն էլ՝ մրցապայքարի իմաստով։

 Մայրս ասաց․ «էդ խաղի օրենքներն այդքան էլ արդար չեն, որովհետև թռնել միշտ էլ կհասցնենք, կարևորը ոտքը գետնին ամուր դնելն է․․․»  

Please follow and like us:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *