Մնաց ութ րոպե
Ժամի սլաքները կանգնեցին, երբ մահացավ Արան։ Իսկ երբ մահացավ Հայկը թռչունները սկսեցին երգել․․․
Օղո՜րմի քեզ Արա․․․․Օղո՜րմի քեզ Հայկ։
Անդրանիկը փախավ։ Զորավարն էլ իր ձիով վազեց Անդրանիկի հետևից ու գլուխը երկու մասի բաժանեց, այնպես, ինչպես մայրս էր խնձորը կիսում։ Փոշոտ հոգեվարքի ամեն վայրկյանը ստիպում էր գոյատևել։
Չէ՜, ես շատ շունն եմ, ես մեռնողը չեմ։ Հետ եկա անդրաշխարհից ու շարունակեցի քայլել՝ որպես միայնակ ճամփորդ, ետևում թողնելով Արայի ծիծաղն ու Հայկի ոսկյա գանգուրները։
Մնաց յոթ րոպե
Յոթերորդ րոպեին ես հասկացա, որ գրքի քսաներորդ էջը պատմում էր ոչ թե հեղինակը, այլ հերոսը։ Հերոսը հանձն էր առել կատարելու հեղինակի աշխատանքը։ Ու կատարել այն ճիշտ, գրագետ, առանց սխալի, պահպանելով գեղարվեստական առանձնահատկությունը։
Երբ դագաղագործը հայտարարեց, որ դագաղները պատրաստ են օգտագործման համար ու անգամ լկտիաբար շեշտեց․
«Ոչ մի մեռել դեռևս դժգոհ չի մնացել իմ պատրաստած դագաղից», հենց այդ ժամանակ ես լռեցի ու ներեցի նրան։ Ներեցի ու համբուրեցի Արայի լայն ճակատը, ներեցի ու շոյեցի Հայկի գանգուրները։ Ներեցի հայրիկին ու զգացի նրա փոշոտ ներկայությունը․․․Այնքա՜ն փոշոտ ու այնքա՜ն խռոված։
Մնաց վեց րոպե
– Խաչատուր, տե՛ս չգնաս ու Աբովյանի նման այլևս հետ չվերադառանաս։
Մայրիկը կատակում էր, իսկ Հասմիկը հավաքում փոքրիկ աստղածաղիկները։
Խաչատուրն իր ամուր բազուկներով տեղափոխեց գրադարակը մեկ այլ անկյուն։ Հայրը նայում էր նրան, բարկանում, բղավում, որ տեղափոխություններ չանի։ Խաչատուրը չէր լսում։ Առավել եռանդուն էր աշխատում։
«Դու այն ես, ինչ կարդում ես։ Բայց հայրիկը ոչինչ չէր կարդում։ Ուրեմն գոյություն էլ չի ունեցել։ Բայց մտածել գիտեր։ Ուրեմն մարդ էր, այն էլ ինչպիսի մարդ․․․Բանական։ Երևի արդեն անցել է քավարանով ու սպասում է դրախտի իր հերթին։ Դրախտում լիքը տեղ կար։ Որովհետև մարդիկ երբեք չեն սիրել ենթարկվել օրենքներին»։
Երբ մութ էր ու անձրև էր գալիս, Խաչատուրն արդեն դիմացի այգում պառկած էր ու հանձնվել էր բնության աղմուկին։ Նա գիտեր, որ աղմուկից է ստեղծվում ցանկացած բան։ Որ աղմուկից է ստեղծվել տիեզերքն ու շնչավոր էակը։ Որ աղմուկի մեջ են ձևավորվում երեխան ու աճում Հասմիկի քաղած աստղածաղիկը։ Որ աղմուկի մեջ է ձևավորվում լռությունը, ու լռությունը մահանում է հենց իր ստեղծած աղմուկի ձեռքով։ Նրա չորս պատերում աղմուկ էր, ու անգամ նրա մեռած մտքերն էին աղմուկի մեջ։
Մնաց հինգ րոպե
Խաչատուրը լա՜վ գիտեր, թե ինչպես պիտի պատմեր սեփական պատմությունները։ Երբ ընկավ փորված փոսի մեջ, նա մի պահ ժպտաց ու մտքում կրկնեց՝ «ես մեռնող պտուղը չեմ»։ Իհարկե։ Գիտեմ, որ չես մահացել։ Այնքան կենդանի են աչքերդ ու գորովանքով են նայում աշխարհին գերեզմանաքարիդ կողքին աճած փոքրիկ աստղածաղիկները։
Ասո՜ւմ ես, որ չես սիրում իմ անունը։ Ասում ես՝ «չեմ սիրում խնձոր ու բանվորական աշխատանքս»։ Ասում են, որ կոտրում էիր թաղի բոլոր խնձորենիները, որ երեխաները հանկարծ չճաշակեին քաղցր պտուղը։ Ասում ես, որ սպիտակը չպիտի խառնվեր սևի հետ ու ստանար աշխարհի բոլոր գույները։ Ասում էիր, որ աշխարհն անգույն է, որ մենք էինք գունավոր ակնոցներով ման գալիս։
Արան ու Հայկը այդ գիշեր պայքարեցին քեզ հետ ու երևի մահվան ու կյանքի ճամփաբաժանում հանդիպեցին Դանթեին։ Դանթեն ևս հիացավ Արայի կապույտ աչքերով ու շոյեց Հայկի գանգուրները։ Նա երևի հայտնեց, որ նրանք պիտի անցնեն բազում շրջաններով ու հասցնեն ապրել․․․ Մեռնելով ապրել այդ շրջաններում։
Մնաց չորս րոպե
Երբ թաղեցի Հասմիկին, չէի մտածում, որ նա, հողը լցնելու ժամանակ, կգրկեր ինձ ու կշշնջար ապրելու ցանկության մասին։
Երբ նրա աչքերը նայում էին անգույն առաստաղին, թվում էր՝ չվում է, պատեպատ տալիս իր փոքրիկ գլուխն ու արյունոտում պեպենները։ Մայրիկը ցամաքել էր, իսկ մազերն այլևս չէին ենթարկվում կյանքի օրենքներին ու պատժվելով սպիտակեցին։
Երբ շոյեցի Հասմիկի սառը ձեռքը, խնկաբույրը գրկեց մեզ ու կտրեց անցյալի թելը։
Մնաց երեք րոպե
Խաչատուրի թաղմանը ներկա էին բոլոր բարեկամներն ու հարևանները և անգամ անծանոթները։ Միգուցե անծանոթները Խաչատուրին առավել հարազատ էին (դատելով արցունքների չավարտվող հոսքից), քան բարեկամները, բայց այն, ինչը կոչվում էր ընկերություն, երբեմն անհասկանալի ու շատ հաճախ նաև բարդ է։
Խաչատուրն այդ ժամանակ մտածում էր ամեն ինչի մասին։ Մտածում էր, թե ինչ ճակատագրի կարժանանար նրա հոգին, մտածում էր, թե հետոն ինչ է լինելու։ Նա գիտեր, որ հետո չուներ, սակայն հոգին հիշողություն ունի և շատ էլ լավ հիշում է այդ հետոն։ Պապիս հողը ծանր նստեց իր վրա։ Չէ որ ես էի փորել այդ հողը։ Ինձ մարդասպան էի զգում, ու թվում էր, թե պապին ո՛չ թե կյանքն է սպանել, այլ ես՝ մրոտ ու քրտնաթոր ձեռքերով։
– Մի մտածիր։ Ես կկարողանամ պաշտպանել քեզ՝ անգամ վերևից։
– Պապի, բայց դու ասում էիր, որ մեռնողը չես։ Բա ո՜նց մեռար։
– Դե կյանք է, ամեն ինչ էլ պատահում է։ Ա՛յ օրինակ ծաղիկն էլ, երբ աճում է, մտածում է հավիտենական կյանք ունենալու մասին, մինչդեռ նրան ինչ-որ մեկն այդ պահին արդեն ճզմեց, ու կտրվեց նրա կենսատու թելը։
– Իսկ էդտեղ․․․Վերևում․․․Ո՞նց է։
– Ինչպե՞ս բացատրեմ, որ հասկանաս։ Ամեն բան շատ լավ է ու շատ վատ․․․։
– Ծայրահեղ է պապի։
– Անտրամաբանական է։ Անորոշ է։ Երբեմն՝ մռայլ, երբեմն՝ լուսավոր։ Այսօր օրինակ թռել եմ երկնքում, այնքա՜ն լավ էր։ Երբ մեծանաս ու մեռնես, կհասկանաս ինչ եմ ասում։
– Կներես, որ փորեցի քո փոսը։ Կներես, որ ստիպեցիր ինձ թաղել քեզ։
– Բալե՜ս, էն Սահակին ասա, որ քիչ լաց լինի։ Ամոթ է։ Տղամարդ է, հո՜ կնիկ չէ։
– Դե Սահակը մի քիչ զգացմունքային մարդ է, պապի։
– Անունդ Ադամ պիտի լիներ, բալես։
– Ինչո՞ւ։
– Որովհետև․․․ Որովհետև ․․․․
Կապն ընդհատվեց։ Ես հասկացա, որ այլևս երբեք չեմ կարողանա խոսել Խաչատուրի հետ։
Խաչատուրը ազնիվ ու լավ մարդ էր։ Իսկապես։ Հանկարծ չմտածեք, որ չափազանցնում եմ։
Գիտեք՝ ի՜նչ պայքար է մղել Արցախի հողերի համար։ Գիտեք, որ զոհված ընկերոջ դին շալակած հասցրել է մոր տուն, որ ողբային վրան։ Չգիտեք, բայց ես հո՜ լավ գիտեի։
Գիտեի, որ Զորավարի հետ մշտապես երկխոսության մեջ էր։ Որ Զորավարը հպարտանում ու հիանում էր Խաչատուրի արիությամբ, նրա ծուռ լինելով, նրա տոկուն կամքով ու անվախ բնավորությամբ։
Այն օրը, երբ Խաչատուրը միայնակ վերադարձավ սահմանից, նա հստակ գիտեր, որ հայրենիքում պակասեց թշնամին ու ավելացավ կորստի ցավը։ Այդպիսի բան է հայրենիքը։ Զոհաբերիր, որ չզոհաբերվի երկիրդ, պաշտիր քո հողը, որ ստիպված չլինես պաշտել մեկ ուրիշինը, ձգտիր չդառնալ անհայրենիք թափառական, ձգտիր սիրել ու պատվել հերոսներիդ, որ հետո այլ երկրում հպարտանալու բան ունենաս։ Այդպիսին է հայրենիքը։ Դաժան է ու անգութ։ Սիրում է արյուն ծծել ու քամել կյանքիդ վերջին ժամերը․․․Որ հետո լավ լինի։
Մնաց երկու րոպե
Երկու րոպեում ես հասցրի պատմել հայրենիքի, Դեդո-Բաբոյի, Զորավարի, Խաչատուրի մեռած, հետո վերակենդանացած, ու կրկին մեռած հոր մասին։
Խաչատուրը երևի հիմա էլ պահում է իր գրքերը հոր աչքից ․․․Հետոյի համար է պահում։ Այդպես մենք ենք սերունդների հետոյի համար պահում հայրենիքը ու միգուցե խստորեն (ինչպես Խաչատուրի հայրը) հետևում, որ հանկարծ փոփոխություններ չկատարվեն։ Որ հետոն արյունալի ու դիակապատ չլինի։ Այդ հետոն, որ երբեք չի տեղավորվում այսօրվա մեջ։
Մեկ րոպե ու յոթ վայրկյան
Աստղիկը, որ մահացել էր, շատ էր սիրում իր երկար, ծաղկավոր հագուստով թավալվել խոտերի մեջ։ Նրա աչքերն այդ օրը շատ ուրախ էին։ Սև աչքերը հետևում էին թիթեռնիկի ու սպիտակ ամպերի խաղաղ թռիչքին։
Իսկ հետո երկնքում, ամպերից անդին նկատեց մեծ սպիտակ աչքի, որը լողում էր իր կողմն ու հետևում կյանքի հոսքին։
Հետո կանաչ անծայրածիր դաշտում հայտնվեց Խաչատուրն ու սկսեց հետևել մեծ աչքի խորհրդավոր թռիչքին։
– Պապի, բա ինչո՞ւ պիտի անունս Ադամ դնեին։
– Որովհետև այն «հողն» ու «երկիրն» է․․․Որովեհտև այն հզոր անվանակոչողն է․․․։
