Գաբրիելա Զապոլսկան(1857–1921) իր ժամանակի լեհ ամենահայտնի հեղինակներից է, որը անձնական կյանքում հայտնի էր որպես «սկանդալիստ», ստեղծագործական կյանքում` որպես անզիջում ռեալիստ ու կեղծ բուրժուազիային քարկոծող անկոտրում երգիծաբան: Նա այն եզակի կին մշակութային գործիչն էր, որ խզեց հարաբերությունները պահպանողական ազնվական միջավայրի հետ, լքեց ռուսական բանակի սպա ամուսնուն և սկսեց անկախ արվեստագետի կյանքը` հանդես գալով թատերական ներկայացումներում Կրակովում, Լվովում, Փարիզում, Վարշավայում…
Նրա ստեղծագործությունների կարմիր գիծն է` սոցիալական անհավասարության, արատավոր բարքերի վեր հանումը, կեղծ բարոյականության դիմակազերծումը: Նրա լավագույն գործերը ներկայացնում են «սարսափելի քաղքենիական» միջավայրը: Դատապարտում էին նրան անբարոյականության, մարմնի ֆիզիկական կարիքների մասին բարձրաձայնելու, կյանքի թշվառությունը ցուցադրաբար ներկայացնելու, տաբու թեմաներ շոշափելու համար:
Երկուսը
Երբ Հանկան ճաշասենյակից ափսեները դուրս էր տանում, պանին հետևում էր նրան զննող հայացքով իր թավ հոնքերի տակից:
– Մաման ի՞նչ է այդպես ուշադիր Հանկային հետևում,- հարցրեց Ֆուրկովսկին` թանաքոտ եղունգներով ձեռքերը սպիտակ սփռոցին դնելով:
«Մամայի» դեմքը թթված ծռմռվեց:
-Ոչինչ, ոչինչ,- չոր, անարձագանք նետեց նա:
Շրթունքները սեղմեց, թոթվեց ուսերն ու մի պահ լռությունից հետո բարձր գոռաց դեպի խոհանոցը.
-Հանկա՛, աղանդերը…
-Հիմա՜,- դռան արանքից հնչեց պատասխանը:
– Ջհուդի լակոտ,-մրթմրթաց ծեր պանին:
Նորից լռություն տիրեց, որն ընդհատվում էր միայն սկուտեղի վրա բութ գործիքի հարվածներից, որով հավանաբար Հանկան աղանդերն էր կարգի բերում:
Մոր ու ամուսնու արանքում բաց գույնի տնային խալաթով, վզին հանքաքարե կախազարդ` նստած էր Միխաշիան սենյակի կիսամութի մեջ` ցուցադրելով իր գունատ, դեղնած, հազիվ բացվող կոպերով, քնատ աչքերի տակ կապույտ փոսիկներով դեմքը:
Նստած էր կռացած, ծալծլված, ձեռքերը աթոռի երկու կողմերից կախ գցած` մի կերպ տանելով ապագա մայրության բեռի տակ ծանրացած մարմինը` ինչպես անարև, անօդ ջերմոցում գոյատևող ծաղիկ:
Այդ նույն ժամանակ Ֆուրկովսկին` հպարտ, ինքնավստահ, կնոջն էր նայում մի այնպիսի հոգատարությամբ, որի ակունքները եսասիրության ջրերում պետք էր փնտրել: Այդ երկար սպասված զավակը նրան աննկարագրելի մեծ փառք էր բերել: Ֆաբրիկայում, որտեղ նա հաշվապահ էր, բոլորը` սկսած տնօրենից մինչև վերջին բանվորը, գիտեին այդ մասին: Լուրը տարածվելու պահից Ֆուրկովսկին մի տեսակ բարձրացել էր բոլորի աչքում: Քայլում էր դանդաղ, ոտքը դնում էր զգույշ, կարծես կնոջ վիճակն իրեն էր փոխանցվել: Գրասեղանի մոտ աշխատելիս մերթընդմերթ զգուշորեն հետ էր հրում աթոռը: Կարծես` ոչ թե Միխաշիան, այլ ինքն էր ծննդաբերելու: Տանը կնոջը վերաբերվում էր ամենայն ուշադրությամբ, ամեն ինչում հարմարվում նրան` առաջնորդվելով իր ամենաբաղձալի` կատարյալ ընտանիք ունենալու երազանքով:
Ծեր պանիի` Միխաշիայի մոր ու նրա միջև եղած ամենօրյա պատերազմը լուռ համաձայնությամբ տեղի էր տվել զինադադարին: Ծեր պանին բաց չէր թողնում փեսային դիտողություն անելու առիթը: Նրա ողջ մտահոգությունն էր`խնամել ու հոգ տանել Միխաշիայի համար, հարյուրավոր մետրերով բարուրի լաթեր կարել, հին սպիտակեղենից պիտանի մասեր հայթայթել ու փնտրել հիգիենիկ ու «խելամիտ» օրորոց:
Այդ երկուսի արանքում Միխաշիան իրեն աստված էր զգում, փոքրիկ աստվածիկ` թույլ տալով երկրպագել իրեն ու իր կամակորությունները տանել, չափազանցնելով իր վիճակն ու ծույլ կատվի նման քարշ գալով անկյունից անկյուն` բարակ մազափունջը ճակատին, ամուսնու հողաթափերը հագին, նարինջ ու կիտրոն ծծելով, մանանեխի ու թթվի բանկաներ ոչնչացնելով:
Մեկ-մեկ էլ մելամաղձորեն տարուբերում էր գլուխը` խոսում մահվան մասին, թույլ փռվում շեզլոնգին, մահամերձի նման ձեռքերը տարածում ու լռում…
- Այ էսպիսի տեսք եմ ունենալու դագաղի մեջ…- դիմում էր ամուսնուն, ով թևաթափված, սառած աչքերով կանգնում էր մոտիկ` չիմանալով ինչ բառ գտնել` տարօրինակ պարբերականությամբ կրկնվող այդ մահվան սցենարը ընդհատելու համար:
Նույնիսկ կտակ էր գրել` ծրարի վրա մի մեծ խաչ լղոզելով ու գրելով` «Իմ վերջին կամքը»:
Չգործած մեղքի համար դեպի խարույկը տարվող զոհի կերպարանք էր առնում, որին ողջ անտարբեր աշխարհը չէր ուզում փրկել, թեթևացնել նրա տառապանքը: Դադարել էր մազերը հարդարել, իսկ զուգագուլպաները Հանկան էր հագցնում: Ալարում էր ձեռքը մեկնել ջրի բաժակին ու օրերով պառկում էր անկողնու մեջ` մեկ-մեկ բռնի ուժով մոր կամ ամուսնու կողմից կարճ զբոսանքի տարվելով: Արագ վերադառնում էր, բազրիքից կառչելով ուժասպառ նստում աստիճաններին: Անկեղծ ասած` նա այդքան էլ թույլ չէր, ոչ էլ ծանր էր տանում իր վիճակը, պարզապես նրան դուր էր եկել իր դերը, որ խաղում էր:
Տան գլխավոր հերոսն էր, որի շուրջը կենտրոնացել էին բոլորի մտքերը, նպատակները, երազանքները, գործողությունները: Կամաց սկսել էր իշխել բոլորի վրա, ինչպես երեսառած երեխա, որն զգում է, որ ինքն է դրության տերը:
Նստած այդպես կիսամութ ճաշասենյակում` լուռ ու խոնարհված, դիմացը` սեղանին, մանանեխի ու թթու վարունգի բանկաներ, ոտքերի տակ` բարձ, թիկնաթոռին` թևերի տակ բարձեր, ծնկներին` շալ, մեծ բավականություն էր զգում ճակատագրից շահածի նման, որի յուրաքանչյուր ցանկություն պատրաստ էին կատարել նրանք, ովքեր նախկինում իրենց իրավունք էին վերապահում պահանջելու լինել հնազանդ ու հլու:
Դա յուրովի պատասխան էր մորն ու ամուսնուն, որոնք մինչ այդ օգտվում էին իր թույլ բնավորությունից, անտեսելով իրեն` խորացել էին փոխադարձ վիրավորանքների ու կենցաղային վեճերի մեջ:
Վուշե վարագույրներից այն կողմ վանդակի մեջ կախված սոխակը հանկարծ սկսեց ուրախ դայլայլել: Միխաշիան սուլեց ու ձեռքերը նյարդային զարկեց իրար:
- Ստանիսլա’վ: Խոհանո’ց շպրտիր էդ թռչնին,-ձայնեց ծեր պանին,- տեսնում ես, որ Միխաշիային նյարդայնացնում է, ասել եմ` այդ վանդակն էստեղ մի’ կախիր:
Ֆուրկովսկին վեր կացավ, մոտեցավ պատուհանին: Նրա բրդյա հնամաշ բաճկոնը մի ակնթարթ բաց կանաչ լույսով օծվեց: Հանեց վանդակն ու տարավ խոհանոց` ձեռքով ճաղերին խփելով.
-Ծիպ… Ծիպ…
Սոխակը վախեցած թպրտաց ու կուչ եկավ:
Դռների արանքում Ֆուրկովսկին հանդիպեց Հանկային, որը սկուտեղի վրա բերում էր ամբողջովին փլված ու չամիչների անձրևից մգացած խմորեղենը: Ծեր պանին կատաղությունից շառագունեց:
- Անճարա’կ,- վրդովվեց նա` ունքերը խոժոռելով: Ձևամանի միջից նույնիսկ չի կարող հանել:
Հանկան սկուտեղը դրեց, սեղանից վերցրեց գարեջրի դատարկ շիշն ու արագ հեռացավ` ակամայից շորորալով երկար, մուգ կապույտ կիսաշրջազգեստի ծալքերի մեջ: Միջահասակ աղջիկ էր` փոքրիկ, հարթ դեմքով ու զանգվածեղ մարմնով: Բերանի եզրերը` կախված, աչքերի տակ` մուգ շրջանակներ: Այտերը ծածկված էին դեղին հետքերով, որոնք տարածվում էին մինչև քունքերը, որտեղից էլ հավաքված, պոմադայով հարթած, հսկայական, խամրած վարսակալներով, գլխի ետևում ամրացված էին մազերը:
Ծեր պանին նորից նրան չափեց ստուգողական, թափանցող հայացքով, մինչև վերջինս դուրս եկավ` դուռը ետևից ծածկելով, ու թափ տվեց գլուխը հաղթական:
-Համոզված էի դրանում: Ասում էի ձեզ ախր, անպետքի մեկն է այս աղջիկը: Չէիք ուզում հավատալ… Խնդրե’մ հիմա:
Ֆուրկովսկին վերադարձավ սեղանի շուրջը:
-Ի՞նչ է պատահել,- հարցրեց:
Ծեր պանին ցած դրեց գդալը, որով պատրաստվում էր աղանդեր վերցնել, ու շանթահարող հայացքով նայեց փեսային:
- Այն է պատահել, որ օրիորդ Հաննան վարկաբեկում է մեր տունը, հասկանու՞մ ես: Նայի’ր նրան ուշադիր ու կստանաս պատասխանը: Ես այս բանը իմ կտուրի տակ չեմ հանդուրժի: Ճաշից հետո անմիջապես գնում եմ կանտոր: Հենց վերադառնամ, կարգադրում եմ նրան փալասները հավաքի ու ուր ուզում է գնա: Ի՜նչ ժամանակներ ենք ապրում…
Եվ առաքինի կնոջ արդար վրդովմունքով, որն ամբողջ կյանքն ապրել է մաքուր` չգայթակղվելով երբեք կրքի հրապուրանքներից, ատելությամբ լի հայացք նետեց դեպի դուռը, որտեղից այժմ ջարդվող փայտի ճայթոց էր լսվում:
- Փչացա’ծ,- նետեց սեղմված ատամների ետևից: – Համարձակվել է էս վիճակով ծառայության անցնել: Ես ցույց կտամ դրան… Ինչ կոտրել է, կպահեմ աշխատավարձից…Կանխավճարն էլ հետ կվերցնեմ… Գո’ղ…
Ու անմիջապես շրջվեց դեպի դուստրը, որը, ասես քնից նոր արթնացած, աշխուժացել էր, ուղղվել նստած տեղում:
– Կե’ր խմորեղենը,- ասաց` տալով նրան աղանդերով լեցուն ափսեն: – Առավոտը սրա ախորժակն ունեիր…
Սակայն դուստրը հետ հրեց ափսեն ձանձրացող թագուհու ժեստով:
- Չեմ ուզում… չեմ կարող…
Հիմա էլ ամուսինը խառնվեց.
- Կեր, Միխաշիա:
- Չեմ կարոոող…
- Խնդրում եմ քեզ:
- Չեմ կարող… կուլ չի գնա…
Փայտի չոր թխկթխկոցներն ընդհատում էին նրանց խնդրանքներն ու Միխաշիայի մերժումները:
Խոհանուցում սոխակն սկսեց ուրախ դայլայլել:
Հանկան դադարեց փայտ կտրտելը:
- Ապրե’ս դու,- նետեց դեպի վանդակը, և թույլ, վախվորած ժպիտը լուսավորեց հղիության դեղին դիմակով սքողված կնոջ դեմքը:
*
Երեկոյան Միխաշիան վեր կացավ բազկաթոռից, շալով փաթաթվեց, մտածկոտ կանգնեց ննջասենյակի մեջտեղում: Ինչ-որ մի բան նրան քաշում էր խոհանոց` Հանկայի հետ զրուցելու: Մայրը կանտոր էր գնացել` նոր ծառայող գտնելու, ամուսինը` կրկին ֆաբրիկա: Մի տեսակ միայնակ զգաց իրեն, մյուս կողմից վիճակների նմանությունը քաշում էր նրան այն մյուսի մոտ, ով մի քանի քայլ իրենից հեռու ուներ նույն զգացողությունները, ցավերը, տագնապները: Ինչպե՞ս էր պատահել: Ինչպե՞ս ինքը չէր կռահել: Հիմա տեսնում էր ու համոզված էր, որ մայրը չի սխալվում: Այդ աղջկա գաղտնիքը մի տեսակ իր մոտ էր քաշում նրան: Հանկան լռակյաց էր, խոնարհ, սուսուփուս: Անգրագետ էր, բայց շատ աշխատասեր, չնայած, որ մայրը անընդհատ հսկում էր ու անբան կոչում նրան: Երբեք չէր ծուլանում, գնում էր քնելու շատ ուշ` վաղ լուսաբացին արթնանալով: Առավոտից խոհանոցում վազվզում էր լռիկ-մնջիկ, ու մեկ-մեկ միայն նրա լավ օսլայած ու արդուկած կիսաշրջազգեստի խշխշոցն էր լսվում: Հնազանդ եզան պես ենթարկվում էր ծանր լծին` ակնկալելով միայն մի կտոր հաց ու տանիք` գլխի վերևում, փոխարենը տալով իր մկանների ու նյարդերի ամբողջ ուժը:
Երբ Միխաշիան անցավ նախամուտքն ու բացեց խոհանոցի դուռը, Հանկան ծնկի էր իջել մահճակալի դիմաց ու գետնին սահող սավանի տակից ուժեղ ձեռքերով քաշում էր հսկայական չուգունե կաթսան: Վաղը մեծ լվացքի օր էր, արդեն հաշվել, իրար մոտ աղյուսների նման շարել էր օճառի կտորները:
Բացվող դռան ձայնի հետ Հանկան շրջեց գլուխը: Միխաշիան քաշվեց խոհանոց ու կանգնեց պատին կպած: Չգիտեր` ոնց սկսել խոսակցությունը, ինչ ասել: Բնածին նրբանկատությունը խոսքերը մտքերից բառերին ու հակառակն էր տարուբերում:
Հանկան, դուրս քաշելով չուգունե կաթսան, ուշադիր մեջն էր ուսումնասիրում:
-Անտերը լրիվ կեղտոտ է,- շշնջաց ինքն իրեն` գլուխն ուսերի մեջ քաշելով:
Միխաշիան երկարեց ձեռքը:
-Լսի’ր, Հանիա,- սկսեց նա ու լռեց, քանի որ աղջիկը նայում էր իրեն դեղնած, աչքերի տակ կապույտ պարկերով դեմքով, որտեղ Միխաշիան իրեն տեսավ:
– Իսկ ի՞նչ է կամենում երիտասարդ պանին,- հարցրեց աղջիկը:
Միխաշիան ոչինչ չպատասխանեց, ապագա մայրության տագնապով էր համակվել և ներկա վիճակի ծանրությամբ, որն աշխարհի աչքերում մեղսալի բան էր թվում, մինչդեռ բնականորեն կնոջ առաքելության մի մասն էր` ճակատագրորեն նրա արգանդի վրա դրոշմված:
Միխաշիայի մեջ գլուխ բարձրացրեց նույն «ըմբոստը», որը չոր բարոյականության սահմաններից դուրս տուրք է տալիս բնության օրենքներին և մեղքի չափը որոշում է ոչ թե ըստ մարդկային մտքի կաղապարների, այլ ըստ «մեղսակրի» ֆիզիկական հնարավորությունների:
Մայրը Հանկային անվանում է «անբարոյական», իսկ ինքն իր մեջ, ինչպես Հանկան, կրելով կենդանի էակ, չի կարողանում դատապարտել նրան, որը կանգնել է հիմա իր դիմաց` գունատ, անվերջ աշխատանքից տանջված, զուրկ հարմարավետության ու հոգատարության զգացողությունից:
Հանկան վեր կացավ գետնից, կաթսան դրեց բաց պատուհանի գոգին, որտեղից գարնանային մեղմ քամի էր փչում: Մայիսը փայլում էր իր ողջ շուքով, բակի վրա կախված երեկոյան երկնակամարը բաց կապույտ շուշանի երանգներն ուներ: Վանդակի մեջտեղում կուչ եկած սոխակը դեղնին էր տալիս` ինչպես փոքրիկ, գունատ աստղ:
Հանկարծ Միխաշիան համարձակություն հավաքեց:
-Ինչու՞, Հանկա, մարդու չես գնում,- հարցրեց նա` ուրիշ բան չգտնելով զգայուն թեմային հասնելու համար:
-Իսկ ո՞վ կամուսնանա ինձ հետ,- պատասխանեց` մատներով կաթսայի եզրերին թմբկահարելով: Կամ էլ` ես էդ ի՞նչ ունեմ… ոչ օժիտ, ոչ կարգին հագուստ:
Քիթը քաշեց, ուսերը թոթվեց ու կաթսան վեր բարձրացրեց:
– Հետն էլ ծակվել է անտերը,- ավելացրեց ծանր մտահոգությամբ` կանխատեսելով ծեր պանիի դատափետումը:
Միխաշիան տեսավ միայն աղջկա տխուր աչքերը, երբ վերջինս ասաց` «իսկ ո՞վ կամուսնանա ինձ հետ»:
Այսինքն` նրա երեխայի հայրը նրան բավական հարուստ համարեց մայր դարձնելու համար և չափազանց աղքատ` իր կինը կոչելու համա՞ր:
Այսպիսով` ինքը ունի օրինական ամուսնական ազգանուն, վայելում է մայրության պատիվը, քանի որ ուներ վեց հազար ռուբլի կանխիկ գումար, տասներկու անձի արծաթյա սպասք և հարուստ օժիտ:
Երիտասարդ կնոջ մտքերը քաոտիկ պայքարի մեջ էին. ցանկանում էր ինչ-որ բան ասել, զրուցել իր վիճակում գտնվող այս երկրորդի հետ, որի հետ հավասարության մեջ էր իրեն զգում նույն վեհ պարտականության շնորհիվ, բայց խղճահարության զգացումը խանգարում էր բառեր գտնել այս լքված ու աշխատանքի ծանրության տակ կքած աղջկա համար, որի արգանդում, ինչպես իր, երեխա էր պայքարում կյանքի համար:
Հանկան փակեց պատուհանն ու, մոտենալով վառարանին, բացեց դռնակը:
-Հիմա խնդրեմ` պանին դուրս գնա, սկսում եմ սպիտակեցնող հեղուկը եռացնել: Վատ չզգա հանկարծ պանին…
Միխաշիան լուռ դուրս սահեց, հետ գնաց ննջարան ու երկար նստեց բազկաթոռին` դեմքը ափերով ծածկած: Մթնեց. գարնան բույրերով, սաղարթախիտ ծառերի խշշոցով աստղալից գիշերը իջավ նիրհող քաղաքի վրա: Մթության ստվերը մեղմիկ իջավ լուռ նստած կնոջ ուսերին ու դարսդարսված վարագույրի նման սահեց ոտքերին:
*
Միխաշիայի և ամուսնու համար արդեն մատուցվել էր թեյը, երբ ճաշասենյակում հայտնվեց ծեր պանին: Ճառագում էր ուրախությունից, քանի որ կարողացել էր վստահելի տեղից այլ ոչ թե կանտորից ծառայող գտնել:
-Վաղը կգա,-ավարտեց նա` գլխարկի քուղերն արձակելով: – Հասկանում եք, չէ՞, որ Հանկան մի րոպե էլ չի կարող մեզ մոտ մնալ, անկարելի է հանդուրժել նմանատիպ երևույթները, ուր մնաց` ձգել ժամանակը:
Ֆուրկովսկին գլխով հավանության նշան արեց` կարագով թխվածքաբլիթը թեյի մեջ սուզելով ու հետևելով թեյի մակերեսին հալվող կարագի հոսքին: Կարծում էր, որ Հանկայի ներկա վիճակից տան գործերը կարող էին տուժել: Ճիշտ է` հնարավորինս շուտ նրան ազատել աշխատանքից:
Միխաշիան էր փորձում իրեն զսպել` շրթունքները կրծելով` բարձր կախված լամպի լույսի տակ ավելի դեղնած: Երկնագույն խալաթը փոխարինել էր սպիտակ, օսլայած շապիկով, որի խողովակաձև, մինչև արմունկները հետ քաշված թեզանիքերից դուրս էին եկել ճերմակ թևերը: Մորն ու ամուսնուն էր նայում խոր անհանգստությամբ:
-Ինչու՞ եք նրան դուրս հանում,-բողոքեց խլացած ձայնով,- թող մնա… խեղճը… կարող ենք հետո նրան որպես ծծմայր պահել:
Ֆուրկովսկին զարմանքով բարձրացրեց գլուխը: Տարեց պանին լայն բացված աչքերով նայեց ուղիղ Միխաշիայի դեմքին:
– Ծծմա՞յր,- կրկնեց,- դուրս ընկածը` ծծմա՞յր: Որ երեխան վատ հատկություններո՞վ վարակվի: Միխաշիա՜, քեզ ի՞նչ եղավ: Խելքդ գլուխդ հավաքիր: Էսպիսի կապը կտրածներին փայտով պետք է ծեծել, ոչ թե ներել ու հետն էլ փայփայել: Երևում է` հիվանդ ես, ջերմություն ունես, որ նման հրեշավոր մտքեր ես հայտնում: Կարծում եմ` կարողացել եմ սերմանել քո մեջ ազնիվ սկզբունքներ, որոնք ցուցանում են, թե որն է պարկեշտ կնոջ ուղին: Որպեսզի փակենք մեկընդմիշտ այս թեման, կգնամ հենց հիմա խոհանոց, հաղք ու հաշիվ կանենք Հանկայի հետ ու կկարգադրեմ վաղը ևեթ դուրս գալ էս տնից: Դեռ գիշերն էլ հավաքել- մաքրելու գործ ունի: Թեյ լցրեք ինձ համար ու կարագ քսեք թխվածքաբլիթին: Հիմա կգամ:
Մտավ խոհանոց. լսվում էր նրա բարձր ձայնը, բայց հստակ չէր թե ինչ է ասում: Սկզբում Հանկան կարծես փորձում էր ընդդիմանալ, մերթընդմերթ լսվում էր.
- Աստվա’ծ է վկա…
Հետո աղախնի ձայնը մարեց, ու ծեր կինն սկսեց քարոզչի տոնով որոտալ ու բարկություն թափել` հաշվելով կաթսաները, մի կողմ հրելով խմորի տաշտը, զրնգացնելով լվացքի թասերը…
Ճաշասենյակում երկար ժամանակ նստել էր Միխաշիան`հիպնոսացածի պես սևեռված լամպի լույսին` փորձելով չմտածել իր շուրջը կատարվողի մասին: Բայց խոհանոցից իրեն հասնող մոր ձայնը ստիպում էր վերադառնալ իրականություն:
Ու հանկարծ նրան պատեց մի ահռելի, անսահման մեծ խղճահարության զգացում: Թվում էր նրան, որ հենց իրեն են այդպես բռնադատում այդ մյուս կնոջ կերպարանքի տակ, որ իրենից երկուսն է, այն մեկը` իր ճակատագրի բեռը կրելու համար մեղադրվող, ձաղկվող վիրավորանքների մտրակով, որը պատառոտում էր մայրության բեռի տակ կքած իր ցավող արգանդը: Ու հանկարծ, երբ խոհանոցից լսվեց Հանկայի լացախառն ճիչը, Միխաշիայի աչքերից լամպի լույսից փայլատակող առվակներ հոսեցին` ինչպես աստղերից ցայտող զույգ կաթնաղբյուրներ:
Ֆուրկովսկին պոկվեց սեղանից ու ցատկեց դեպի խոհանոցի դուռը:
– Մամա: Միխաշիան լալիս է:
Ծեր պանին անմիջապես սենյակ ընկավ: Նրա հետ միասին բաց դռնից սենյակ ներխուժեց աղախնի ցավագին ողբը` ինչպես աշնան հառաչող քամի: Հանկան, փռվելով սնդուկի վրա, գլուխը հարվածում էր պատին:
Ծեր պանին հետ ցատկեց խոհանոց.
– Ձա’յնդ,-գոռաց հրամայական: -Ի՜նչ ես գոռում: Քո պատճառով երիտասարդ պանին կվատանա: Ուզում ես ձենդ գլուխդ գցել, գնա ցախատուն:
Հանկան բռունցքներով փակեց բերանն ու շարունակեց լացել անձայն, առանց հառաչանք, անշարժ` գլուխը պատին հպած…
Թարգմանությունը լեհերենից՝ Հռիփսիմե Զարգարյանի
