Քիքե Ֆերնանդես (Մալագա, 1992թ.)՝ իսպանացի գրող, լրագրող։ Հրատարակել է պատմվածքների «Վարձով կյանքեր» ժողովածուն (La Discreta, 2025թ.), տարբեր գրական մրցույթների մրցանակակիր է, ինչպես՝ MálagaCrea մրցույթ (Մալագայի քաղաքապետարան, 2024թ.), Energheia մրցանակ (Quimera ամսագիր, 2019թ.)
99-ի հետ զրուցելը հաճելի զբաղմունք չէ։ Նրա բերանից միայն փոշոտ բառեր են ծնվում։ Նա ծեր է, թերևս ամենամաշված մարդը, որին Մ-ն ճանաչում է, իսկ նրա հիշողությունը վաղուց սարդոստայնի է վերածվել։ Այդ պատճառով Մ-ն, որը իրենից շատ ավելի երիտասարդ չէ, բայց ավելի արթուն է, ամեն կերպ խուսափում է խճճվել այդ սարդոստայնի մեջ, խորանալ խոսակցությունների մեջ, որ ոչ մի տեղ չեն տանում։
Դա անքաղաքավարություն չէ, ճիշտ էլ չի լինի ասել, թե 99-ը նրան անտանելի է թվում, վերջիվերջո նա ընդամենը սևազգեստ մի կին է, որ օր ու գիշեր կիսապառկած է իր բազկաթոռին, երբեմն-երբեմն ճոճվում է՝ կլակ, կլակ, կլակ, և անհասկանալի բառեր ծամծմում։ Այն, որ Մ-ն խուսափում է նրանից, պարզապես առաջնահերթությունների հարց է։
Տարիներ առաջ Մ-ն ինքն իրեն խոստացել էր, որ իր ժամանակից ոչ մի վայրկյան զուր չի վատնելու։ Նրա հիշողության մեջ դաջվել է այն պահը, երբ այդ որոշումն ընդունեց։ Աշխատանքի վերջին օրն էր։ Ընկերությունը հրաժեշտի երեկո էր կազմակերպել։ Նա ստիպված էր զարմացած ձևանալ, թեև ամիսներ շարունակ կասկածում էր գործընկերների մտադրությունների մասին։ Ստիպված եղավ նաև շնորհակալություն հայտնել, թեև ամենևին չէր ուզում թոշակի անցնել։ Միայն այդ բառը լսելիս նրա դեմքը մթնում էր, և հայացքը անթափանց դառնում, մինչդեռ գրասենյակը լցվում էր փուչիկներով ու ամեն գույնի ու համի տորթերով։
Այդ պահին յոթանասունհինգ տարեկան էր։ Թվերը դատավճիռ էին դարձել, չկարողացավ նույնիսկ ժպտալ, մինչ գործընկերները գրկում էին նրան ու թփթփացնում ուսին։ Նա զգում էր, որ ջերմության ամեն մի դրսևորում իրականում իրեն հրում է դեպի մի ամայի տարածոթյուն: Անընդհատ ականջին էին հասնում պատմություններ այն մարդկանց մասին, որոնք թոշակի անցնելուց հետո սկսում էին տառապել սարսափելի հիվանդություններից, ասես նրանց երակներում հոսող արյունն էլ իր պիտանելիության ժամկետն ուներ։
Ու հանկարծ Մ-ն հայտնվեց այնտեղ. անջատված համակարգչի առաջ, մի կերպ հանդուրժելով շնորհավորանքներն ու բարեմաղթանքները, մինչ տորթի կտորը նրա լեզվի վրա հալչող սարդի էր նմանվում։
– Ոնց եմ քեզ նախանձում։ Այլևս ստիպված չես լինի վաղ արթնանալ կամ օրական տասներկու ժամ այստեղ փակված մնալ։ Թող մեքենաները վերջապես փոխարինեն մեզ։
Մեքենաները, այդ անիծյալ մեքենաները… Իր կյանքի մեծ մասը նա աշխատել էր դրանց հետ, դրանց համար, փորձել էր հասկանալ ու կատարելագործել դրանք, ստեղծել նոր լեզուներ, ծրագրեր, ալգորիթմներ։ Եվ ահա այսպես հատուցեցին նրան՝ ստիպելով կանգ առնել այն ժամանակ, երբ դեռ նույնիսկ կյանքի ութերորդ տասնամյակին չէր հասել՝ այն տարիքին, երբ իր ճանաչած մարդկանց մեծ մասն արդեն թոշակի էր անցնում։
Դրա համար էլ ուշադրություն չի դարձնում 99-ին, թեև ամեն անգամ ձևացնում է, թե լսում է նրան, երբ նա բերանն է բացում։ Որովհետև նախընտրում է և կարիք ունի իր օրերն ավելի օգտակար բանով լցնելու։ Բացի այդ, պառավը երջանկանում է, երբ կարծում է, թե իրեն լսում են, և անատամ ժպիտ է հայտնվում նրա դեմքին, երբ Մ-ն նրա մրմունջներին արձագանքում է խուլ տնքոցով, մինչ սպորտային հագուստն արդեն լվացված ու պատրաստ է՝ նրա մարմնին հարմարվելու։
Կոշիկները հագնելը մի փոքր ջանք է պահանջում։ Սկզբում ցավ է զգում, կարծես եղունգների տակ ասեղ խրեն։ Մի քանի վայրկյանից ընտելանում է այդ զգացողությանը, և էներգետիկ ըմպելիք խմելուց ու զուգարանում՝ կուտակված լարվածությունից ազատվելուց հետո դուրս է գալիս փողոց։
Հրաշալի օր է, արև, որ տարածվում, լցվում է ռունգերդ անգամ։ Վազել սկսելուց առաջ ձեռքերով հովանի է անում աչքերին ու շուրջը նայում։ Բարեբախտաբար, անցորդներն այնքան էլ շատ չեն, և հորիզոնում դեռ չի նշմարվում որևէ ավտոբուսի ուրվագիծ՝ այդ չորսանիվ հրեշների, որոնք շարժվում են առանց վարորդի՝ համակարգչային ծրագրերի օգնությամբ, ծրագրերի, որոնք մի անգամ չէ, որ դժբախտ պատահարների պատճառ են դարձել։ Պետք է զգուշանալ նաև «թռչող» ինքնագլորներից և սնունդ առաքողներից, որոնք հին հեծանիվների վրա սլանում են քաղաքով մեկ։
Բոլոր վտանգները հաշվի առնելով՝ Մ-ն հավաքում է ծնկները, հոնքերը կիտում և սկսում վազքը։ Շատ շուտ հասկանում է, որ ոտքերը քարերով լցված պարկերի պես ծանրացել են, իսկ թթվածինը հազիվ է հասնում թոքերին։ Գլուխն ուժեղ պտտվում է, և հազիվ հասնում է մոտակա շենքի անկյուն ու պատի տակ կքանստում: Երբ շունչը տեղն է բերում, դեմքի գույնն էլ ետ է գալիս իր բնական վիճակին, Մ-ն բարձրացնում է հայացքն ու գոհունակ գլխով անում։ Նա հպարտ է, որ գիտի՝ ինչպես ճիշտ օգտագործել իր ժամանակը։
Եթե հետհայաց նայի կյանքին, իրեն հաղթող է համարում։ Իրականում գրասենյակն այլևս պետք չէ նրան, իսկ նրա աննկուն կեցվածքը հեգնանք է՝ նախկին գործընկերների շնորհավորանքներին ու նախանձին։ Որովհետև ինքը մյուսների նման չէ։ Նա, իհարկե, չի սպասելու, մինչև իր արյունը ժամկետանց դառնա։ Եվ երբեք չի նմանվի 99-ին՝ մշտապես կմկմացող ու բազկաթոռին կծկված, կլակ, կլակ, կլակ, սպասելով, որ ինչ-որ մեկը ուշադրություն դարձնի հնամաշ գործվածքից ու մեռած մաշկից հյուսված իր պատմություններին։
——-
– Հենց նոր եկա։ Կքնեմ միջանցքի վերջում գտնվող սենյակում։ Բայց երկար չեմ մնա։ Ընտանիքս երկու շաբաթից, գուցե մեկ ամսից կգա ինձ տանելու։ Հիմա հնարավոր չէ, բայց շուտով նորից նրանց հետ կլինեմ։
Նոր բնակիչը՝ 76 անունով, խոսում է հնամյա ծառերի պես։ Դողդոջուն ձայն, կորացած կեցվածք. ծերունին այն հարևանը չէր, որի մասին երազում էր Մ-ն։ Ավելին, նախընտրում է էլ ոչ մեկի հետ չկիսել այս տունը, որ անօթևան թափառականի կամ աղբանոց նետված կահույքի հոտ ու հիշողություններ կբերի իր հետ։ Բավական է արդեն 99-ի բեռը, որն ասես փոքրիկ աղջնակ լինի կամ մահացու հիվանդ կենդանի։
– Չեմ ուզում անհանգստություն պատճառել, հավատացեք՝ չեմ ուզում անհանգստացնել։ Ես պարզապես կպառկեմ իմ անկողնում և ոչ մեկին չեմ խանգարի։ Երեխաներս ասում են՝ ես հիանալի մարդ եմ։
Հաջորդ շաբաթների ընթացքում Մ-ն փորձում է չնկատելու տալ այն, որ տանն ազատ տարածք չի մնացել։ Ե՛վ 99-ը, և՛ 76-ը մի ամբողջ հավերժություն են ծախսում իրենց բնական կարիքները հոգալու վրա, այնպես որ Մ-ն հաճախ ստիպված է հերթ կանգնել խոհանոցում՝ զուգարանի դռան առաջ, մինչդեռ իր մարմինը նույնպես զուգարանակոնքին հարմարվելու հրատապ պահանջ ունի։
76-ի ներկայությունը առնվազն մեկ լավ կողմ ունի․ նա շեղում է 99-ի ուշադրությունը։ Այժմ Մ-ն այլևս պարտավոր չի ձևացնել, թե լսում է նրա մրմունջները կամ հասկանում պատմություններն ու հիշողությունները, որոնք անընդհատ պտտվում են պառավի գլխում։ Այժմ այդ հնահոտ բառերի շարանը ստիպված է հանդուրժել նոր բնակիչը, իսկ Մ-ին լիուլի ժամանակ է մնում՝ շարունակելու իր արդյունավետ կյանքը։
Քանի որ սպորտը երբեք իսկապես հետաքրքիր զբաղմունք չէր եղել, իսկ ֆիզիկական վարժությունները հոգնածությունից ու հիասթափությունից զատ ոչինչ չէին բերում, նա որոշեց իրեն նվիրել ավելի կարևոր գործերի՝ ընթերցանությանն ու ինքնակրթությանը։
Նրա թոշակը բարձր չէ (իրականում ոչ մի թոշակ բարձր չէ, և թոշակի տարիքի մարդկանց մեծ մասն ընդհանրապես թոշակ չի ստանում), ուստի նա ամեն առավոտ ստիպված է գնալ գրադարան։
Մ-ն սրտի ցավով արձանագրեց այն փաստը, որ թե՛ գրադարանը, թե՛ ընթերցելու սովորույթն ինքնին վերջին տարիներին փոխվել են։ Դարակներում գրքեր գրեթե չեն մնացել։ Դրանց փոխարեն՝ հարյուրավոր ու հազարավոր մանր քարտեր են, որոնք էկրան հիշեցնող էլեկտրոնային սարքի մեջ դնելուց հետո սկսում են պատկերների ու ձայների օգնությամբ վերարտադրել գրքի տեքստը։ Փորձառություն, որն ավելի շատ ֆիլմ կամ հեռուստասերիալ դիտել է հիշեցնում։
Ապստամբ ոգով լցված, կամ գուցե պարզապես ընդունվածի դեմ պայքարելու ցանկությունից, Մ-ն վերցրեց թղթի վրա տպագրված եզակի գրքերից մեկը։ «Ջրարջերի բնազդը» վեպն է՝ տասնամյակներ առաջ հրատարակված մի ստեղծագործություն, որը տարիների ընթացքում վերածվել է պաշտամունքային գրքի՝ շատ ավելի գերազանցելով իր իսկ շարունակությանը, որի վերնագիրն արդեն ոչ ոք չի էլ հիշում։
Գիրքը գրավեց նրան, և արձակը կախարդված պահեց մոտ տասը-տասնհինգ րոպե, բայց հոգնածությունը իր գործն արեց, և նրա տեսադաշտը լցվեց սև, մազոտ ճանճերով։ Հետաքրքրությունն էլ կորավ շուտով, և երկրորդ գլխից հետո այլևս անկարող էր իրար կապել իրադարձությունները, նույնիսկ չէր հիշում կերպարների ամենակարևոր գործողությունները։ Քթից քրտինք էր կաթում, ճակատը ակոսված էր կնճիռներով. պարտված ու գլուխը կախ՝ Մ-ն դուրս եկավ գրադարանից։
Բնակարան մտնելուն պես տարօրինակ շոգ զգաց, ասես տասնյակ մարմիններ իրար վրա կուտակված լինեին։ Չհասկացավ, թե ինչ է կատարվում, մինչև հասավ հյուրասենյակ և այնտեղ գտավ նոր բնակչուհուն՝ 76-ի և 99-ի հետ զրուցելիս։
Կինը, առանց վայրկյան կորցնելու, ոտքի կանգնեց ու զույգ համբույր դրոշմեց նրա այտին։ Բերանն էլ բացեց՝ ողջունելու համար, բայց Մ-ի ականջներն արդեն զնգում էին «նույն երգը», նույն հիմարությունը անվերջ լսելուց, միայն թե տարբեր շեշտադրումներով արտասանվածՙՙՙ, գրեթե բնազդաբար, գուցե ինքնապաշտպանության ինչ-որ մեխանիզմի ազդեցությամբ, նա շրջվեց ու փակվեց իր սենյակում։
—-
Հաջորդ շաբաթների ընթացքում ևս չորս բնակիչ եկան։ Մ-ն նրանց անունները չէր հիշում, բայց անիծում էր այն հետևանքները, որոնք բխում էին այդքան մաշված մարդկանց հետ նույն տարածքում ապրելուց։ Ծերությունը փոխանցվում է, այն վարակիչ է, նույնիսկ զգում էր, թե ինչպես է ներթափանցում իր շարժումների ու մտադրությունների մեջ։ Նա հրաժարվել էր ընթերցանությունից այնպես, ինչպես ժամանակին հրաժարվել էր սպորտից, և այժմ տարիների մաշեցումից պաշտպանվելու միակ միջոցը մյուս բնակիչներից հեռու մնալն էր։
Վաղ առավոտից մինչև ուշ հետկեսօր նա ապաստան է գտնում մի սրճարանում։ Չի կարող վճարել ավելին, քան մի զովացուցիչ ըմպելիք և շատ փոքրիկ սենդվիչ, նաև բացառում է առանց վճարելու հեռանալը. տարիներ առաջ տեղադրվել էր թաքնված տեսախցիկների մի ցանց, որ ուժգին լուսարձակում էին ամեն անգամ կասկածելի վարքագիծ արձանագրելիս. հաճախորդները, որոնք սխալվում էին ու բավականաչափ մետաղադրամ չէին թողնում, դեռ դռանը չհասած՝ շանթահարվում էին այդ ուժեղ լույսից, որ նրանց կուրացնում էր մի քանի վայրկյանով՝ ճիշտ այնքան ժամանակ, որ մատուցողները հասցնեին բռնել նրանց։
Ինքը՝ Մ-ն, աշխատել էր անվտանգության այդ համակարգի մշակման վրա, իսկ խղճի խայթի հավանական փոռթկումը վաղուց լռել էր, երբ տեսել էր, թե ինչպես է աճում իր բանկային հաշիվը։ Դժբախտաբար, այդ հուշերն արդեն այնքան հեռու էին, որ նույնիսկ փողը չէր դիմացել ժամանակի ընթացքին, և զովացուցիչ ըմպելիքի կումերի արանքում նրա գլխում սկսեցին պտտվել թոշակի անցնելուն անմիջապես հաջորդած իրադարձությունները՝ այն օրը, երբ իր գոյության տողերը սկսեցին կրճատվել։
Նա նստած էր բազմոցին, քաղաքի կենտրոնում, պատշգամբով երկսենյականոց հարմարավետ բնակարանում։ Սիրում էր օրերն անցկացնել համակարգչի էկրանի առաջ՝ վերանայելով այն հանձնարարականները, որոնք ընդամենը մի քանի ամիս առաջ զբաղեցնում էին իր աշխատանքային օրվա տասը կամ տասներկու ժամը։ Այդ հաճելի զգացումը չընդհատվեց մինչև այն պահը, երբ որդին դռան զանգը տվեց։ Մ-ն հոնքերը բարձրացրեց։ Այսքան վաղ չէր սպասում նրան։ Իրականում ընդհանրապես չէր սպասում, որ այդ շաբաթ որդին կհայտնվի։
Ողջույններ փոխանակելուց հետո նրանք դուրս եկան պատշգամբ։ Հայացքները հորիզոնին, ճաղաշարին հենված՝ սկսեցին խոսել։
– Մամայի չլինելուց հետո ինչ-որ մեկը պիտի հոգ տանի քո մասին։ Մեզ անհանգստացնում է, որ այդքան ժամանակ մենակ ես անցկացնում։ Ինքդ էլ գիտես՝ մենք ամբողջ օրը աշխատում ենք և չենք կարող մշտապես կողքիդ լինել։
Մ-ի դեմքը ջղաձգվեց։ Երկար ժամանակ փորձում էր փաստարկներ ու բացատրություններ գտնել, կարողացավ ընդամենը մի քանի անկապ բառ արտաբերել։
-Դա ծերանոց չէ։ Առաջին հերթին դա էինք դիտարկում, բայց այնտեղ գրեթե տեղ չկա, բացի այդ, դրանք հին են ու վատ վիճակում են։ Սա ուրիշ բան է, շատ ավելի հարմարավետ։ Նոր գաղափար է, կտեսնես՝ շուտով շատ տարածված կդառնա։
Մ-ի ձեռքերը դողում էին։ Նրա աչքի առաջ քաղաքը վերածվեց հսկայական մեղվափեթակի՝ անառիկ մի ամրոցի, որ անհնար է նվաճել, առավել ևս՝ այնպիսի մեկի համար, ինչպիսին ինքն էր, որովհետև իր երակներում միայն ժամկետանց արյուն էր հոսում։
– Այնտեղ քո մասին կհոգան։ Ճաշ ու ընթրիք կբերեն, նույնիսկ բժիշկներ կայցելեն ամեն շաբաթ։ Հինգաստղանի հյուրանոցի նման։ Եվ, մի անհանգստացիր, սա ժամանակավոր է։ Եթե ավելի լավ բան գտնենք, կգանք քո հետևից։
Մ-ն լուռ հեռացավ պատշգամբից՝ որդուն թողնելով մենակ՝ խոսքը բերանին։
Տեղափոխությանը նախորդող օրերն անցկացրեց բազմոցին նստած։ Թեև ամեն կերպ դիմադրում էր, չկարողացավ համոզել իր առաջնեկին։ Որդու նկարագրածով այդ բնակարանը կատարյալ դրախտ էր տարեցների համար, բայց Մ-ի երևակայության մեջ այն ավելի շատ դամբարան էր հիշեցնում. սենյակները՝ հսկայական գերեզմանախորշեր լռության մեջ։
Ո՛չ, Մ-ն պատրաստ չէր լքել իր տունը, որտեղ ողջ կյանքն էր ապրել։ Նա դիմադրեց։ Կտրականապես հրաժարվեց։ Կորցրեց ինքնատիրապետումը, ուժերը, նույնիսկ մի քանի կաթիլ արցունք։ Հաշված օրերի ընթացքում կանգնած էր դռան շեմին ՝ ձեռքին ընդամենը երեք-չորս տոպրակ, որոնց մեջ հեշտությամբ տեղավորվել էին իր բոլոր վերնաշապիկներն ու տաբատները՝ իր սակավաթիվ ունեցվածքը։ Վերջին անգամն էր, երբ նա տեսավ որդուն։ Որդին տուն էր մտնում ճամպրուկներով բեռնված՝ երեխաների ու կնոջ ուղեկցությամբ։
– Դեմ չես, չէ՞, եթե մի որոշ ժամանակ այստեղ մնանք։ Ինքդ էլ գիտես՝ վարձերի գներն ինչքան են, ափսոս է տունը դատարկ թողնելը։ Երանի մի օր այնպիսի ռոբոտ հորինեն, որ կյանքն ավելի էժան դարձնի։
Մ-ն ուսերը թոթվեց։ Նրա զգայարաններն արդեն ամբողջությամբ կլանված էին ժամանակի ընթացքից փախչելու փորձով, այն վախով, որ մի օր իր ոսկորները կժանգոտեն: Համոզվելով, որ ոչ մի կարևոր բան չի մոռացել, նա դուրս եկավ տնից և նստեց ավտոբուս, որը կանգնեց նշված հասցեից մի քանի մետր հեռավորության վրա ընդամենը։
Վերելակով բարձրանալուց և բանալին կողպեքի մեջ դժվարությամբ մտցնելուց հետո նա հանդիպեց 99-ին՝ բնակարանի առաջին և մինչ այդ պահը միակ բնակչուհուն։ 99-ը դիմավորեց Մ-ին՝ իր բազկաթոռին կիսապառկած, կլակ, կլակ, կլակ, ասես բազկաթոռի գործվածքին ճզմված մի միջատ լիներ։ Նրա դողդոջուն ու մեռելային ողջույնին ի պատասխան (կարծես մի հրեշտակ լիներ, որ առաջնորդում է դեպի անդրաշխարհի դարպասները), Մ-ն կարողացավ միայն հազիվ լսելի ձայնով արտաբերել.
– Մի քանի շաբաթից ավելի չեմ մնա այստեղ։ Որդիս արդեն ավելի լավ տեղ է փնտրում ինձ համար։
Տան բնակիչներն օրեցօր ավելանում են, և որքան տարածքը սեղմվում է, չի հերիքում, այնքան Մ-ի զբոսանքները երկարում են։ Նա մաքուր օդի կարիք ունի, հեռու է պետք մնալ հիվանդությունից։ Այժմ իր սենյակում նա քնում է ևս հինգ տարեցների հետ, և հանգստանալն ուղղակի անհնար է դարձել. ամբողջ գիշեր լսվում են խռմփոցներ ու խորխոտ հազ։ Ոմանք կեսգիշերին արթնանում են, վեր են կենում ու սկսում թափառել միջանցքով՝ վեր ու վար, մոլորված ու շփոթված, ասես բակտերիաներ լինեն մի օրգանիզմի ներսում, որն ամբողջ ուժով փորձում է ազատվել նրանցից։
Մ-ն այլևս չի տարբերում նրանց, բոլորն արդեն միևնույն զանգվածի մասն են դարձել։ Մի քանի օր էր՝ 76-ին չի հանդիպել (գուցե իսկապես նրա ընտանիքը վերադարձել էր նրա հետևից), 99-ի հետքն էլ կկորցներ, եթե չլիներ նրա անուղղելի սովորությունը՝ միշտ բազկաթոռին, միշտ սևազգեստ, միշտ զոհ որոնելիս, ում կխճճեր իր սարդոստայնում։
Հենց այդ պատճառով էլ, իր երկար զբոսանքներից մեկից վերադառնալով, զարմանում է՝ տեսնելով դատարկ բազկաթոռը։ Գործվածքի վրա միայն քրտինքի ուրվագիծն էր մնացել։ Այդ տեսարանից նրա աչքերը լայն բացվում են՝ ասես կոպերի տակ դանակով երկու հարված են հասցրել։ Որքան երկար է նայում բազկաթոռին, այնքան ավելի է մեծանում տագնապը. կողքի ցավը սաստկանում է,լեուն կապ է ընկնում:Նա չի ընկալում այն հանգստությունը, որ տիրում էր տանը. ոչ ոք կարծես չի նկատել բացակայությունը։ Ամենքը շարունակում են իրենց գործը՝ կարծես ոչինչ չի պատահել։ Հեռուստացույցի առաջ՝ բոլորը միաժամանակ գոռում են՝ ալիքը փոխելու համար, ծրագրից ծրագիր անցնում՝ այդպես էլ չկարողանալով ընդհանուր հայտարարի գալ։ Իսկ այդ ընթացքում բազկաթոռը դատարկ է։
Մ-ն ուշ արձագանքեց և կոշտ արձագանքեց։ Շրջապատված է ծերերով ՝ հրում է նրանց, որպեսզի հեռանան իր ճանապարհից։ Գոռոցները տաածվում են միջանցքում ու խոհանոցում, որտեղ մարմինների մի երկար հերթ է գոյացել զուգարանի դռան առաջ, դեմքերը լարված, միզապարկերը՝ ապակու պես ճաք տալու եզրին։
– Ո՞ւր է նա։ Ի՞նչ եք արել նրան։ Ո՞ւր եք տարել նրան։
Մ-ի արցունքները հոսում են, մինչ նա խուզարկում է բնակարանի ամեն անկյունն ու հարցուփորձ անում յուրաքանչյուր բնակչի, ում հանդիպում է։ Չի գտնում նրան, և ոչ ոք օգնության ձեռք չի մեկնում։ Ավելին, ոմանք նույնիսկ թշնամաբար են արձագանքում նրա համառությանը։
– Հանգիստ թո՛ղ ինձ, հանգիստ թո՛ղ։ Չգիտեմ՝ ում մասին ես խոսում։ Չգիտեմ՝ դու ով ես։ Հեռացի՛ր։
Մի բութ թմբիր տարածվեց նրա ոտքերով, ձեռքերով, և ընդամենը մի քանի վայրկյանում տիրեց նրա ամբողջ մարմնին։ Ստիպված եղավ բացել հյուրասենյակի պատուհանները, գլուխը դուրս հանել ու օդ ներս քաշել։ Բայց նույնիսկ, ՙՙՙերբ քամին հարվածում է դեմքին, Մ-ն անկարող է հայացքը կտրել բազկաթոռից։
Հայացքը թափառում է աջ-ձախ, նա որոնում է այն կլակ, կլակ, կլակ-ը՝ երաժշտություն, որ լցնի նրա ականջներն ու աչքերը, օգնի փախչել գոյության անխուսափելի ընթացքից։
Չգտնելով նրան՝ Մ-ն վերադառնում է ննջարան։ Նստում է մահճակալի եզրին, քանի որ ներքնակը զբաղեցրել են երկու տարեց կին, որոնք քնած են կիսաբաց բերաններով (թքի բարակ թելերը թրջել են նրանց շուրթերի անկյունները)։ Ժամերն անցնում են, և Մ-ն այլևս ուժ չունի սենյակից դուրս գալու։ Գիտի, որ դրսում հանդիպելու է տասնյակ ու տասնյակ անծանոթների։ Գիտի նաև, որ 99-ին այլևս չի հանդիպելու։ Այլևս ոչ մեկին չի ճանաչում,ՙՙՙՙՙՙՙՙՙ և ոչ ոք չի ճանաչում իրեն։ Բնակարանը վերածվել է մի էկոհամակարգի, որտեղ տեղ կա միայն նոր տեսակների համար, իսկ Մ-ն հին կենդանի է՝ կանգնած անհետացման եզրին։
—–
Չի հիշում, թե երբ սկսեց իրավիճակը փոխվել։ Միայն մի օր զգաց, որ իր սենյակում օդը նորից ազատ է հոսում, և խաղաղությունն աստիճանաբար վերադառնում է։ Այժմ նույնիսկ կարող էր ոտքերը մեկնել մահճակալի վրա։
Միջանցքում այլևս վեճեր չեն լսվում, իսկ զուգարան մտնելու հերթը զբաղեցնում է միայն խոհանոցի մի մասը։ Չգիտեր, թե որքան ժամանակ է փակված մնացել, բայց այն օդը, որ հիմա շնչում էր, այլ էր։
Ժամեր անց նրա ենթադրությունները հաստատվում են։ Բնակիչները պակասել են։ Դրա շնորհիվ նա համարձակվեց նստել հյուրասենյակում. հանգիստ է, գրեթե մենակ։
Երբեմն ինչ-որ մեկը բարևում է նրան, նստում կողքին, և նրանք հեռուստացույց են դիտում՝ առանց մի բառ փոխանակելու։ Մ-ն այլևս կարիք չունի դուրս գալ փողոց, ինքն իրեն խաբել՝ կարդալով կամ մարզվելով։ Նա իրեն հարմարավետ է զգում տանը, որտեղ ոսկորները ցավից չեն մզզում, և ցուրտը չի կաշկանդում նրա մտքերը։
Բնակարանի բնակիչները հեռանում են նույնքան անսպասելի արագությամբ, ինչպես հայտնվել էին այստեղ։ Նրանց մեծ մասն անգամ հրաժեշտ չի տալիս. պարզապես դադարում են պառկել իրենց մահճակալներին և ուտելիք հանել սառնարանից, դադարում են նաև լուսաբացին շշուկով խոսել և բողոքել, թե մեկը՝ իր անընդհատ հազալով ու փռշտալով մյուսին հիվանդություն է վարակելու։ Քիչ-քիչ նրանք վերածվում են համր, անդեմ էակների։
Մ-ը նույնիսկ տեսավ, թե ինչպես իր սենյակակիցներից մեկը գոլորշիացավ հենց զուգարան մտնելիս, և այդ օրվանից սկսեց կասկածանքով նայել զուգարանակոնքին։ Նա համոզված էր, որ այն իրեն անհայտ մի կախարդանք ունի և ընդունակ է փոշեհատիկի վերածելու յուրաքանչյուրին, ով նստի դրա վրա։ Ավելի տարօրինակ և ավելի մտահոգիչ բաներ էլ տեսավ. մի տարեց կին դուրս եկավ փողոց և այլևս չվերադարձավ, թեև նրա իրերը դեռ ցիրուցան ընկած են պահարանում, իսկ մի տղամարդ, որ, ըստ երևույթին, ողջախոհ էր և լավ առողջություն ուներ, բնակարանում հերթական զննությունից հետո բժշկի հետ հեռացավ։ Մ-ն նրան այլևս երբեք չտեսավ։
Այժմ նա մենակ է։ Շաբաթը մեկ միայն բժիշկն է գալիս։ Հինգ կամ տասը րոպեում չափում է նրա ջերմությունը՝ ջերմաչափը դնելով լեզվի ծայրին։ Մնացած ամբողջ օրը բերանում սնդիկի համ է մնում։Նա չի հասկանում, թե ինչ է կատարվում, իսկ բժիշկն ավելի ու ավելի շատ դեղահաբեր է նշանակում։ Մի ծես, որի մեջ( որքան հիշում է իրեն), ոչ մի փոփոխություն կամ առաջընթաց չի եղել. ջերմաչափն ու դեղահաբը կարողացել են խույս տալ ժամանակակից տեխնոլոգիայի ճանկերից։
Նա կուզենար մտորել, որևէ եզրակացության գալ, բայց մտքերն արդեն ծնվում են իրար հրմշտելով, դրան գումարած՝ ծնկներում անտանելի ծանրություն է զգում, որն իրեն թույլ չի տալիս վեր կենալ բազկաթոռից.կլակ, կլակ, կլակ։ Միշտ նույն բազկաթոռին, օրորվելով, գրեթե մթության մեջ, լուսավորված միայն շերտավարագույրի միջով ներս սողացող լույսի նեղ շերտով։ Կուզենար հագուստը փոխել։ Չի ուզում սևազգեստ ծերուկի նմանվել։ Բայց մենությունն ամուր կապել է նրա մտադրությունները և սեղմել բազկաթոռի հենակներին։
Նրա բերանից այլևս բառեր չեն դուրս գալիս, այլ մոխիր։ Այնուամենայնիվ, մի երկչոտ քրթմնջոց կարողացավ դուրս պրծնել, երբ մի տարեց կին, իրենից փոքր-ինչ երիտասարդ, բայց, անկասկած, նույնքան մաշված, ճամպրուկը թևի տակ մտավ հյուրասենյակ։
-Օ՜հ, մի՛ վեր կացեք, պետք չէ, իսկապես պետք չէ։ Ես այստեղ ժամանակավոր եմ։ Շուտով երեխաներս կգան իմ հետևից։
Չկարողանալով պատասխանել՝ Մ-ն միայն ուշադիր զննում է իր նոր ընկերակցուհուն։ Կծկված նստած է բազկաթոռին և շարժվում է միայն այն ժամանակ, երբ պետք է սրբել քրտինքը, որ խոնավացրել էր թիկնակը։ Օրերն անցնում են, և կնոջ դեմքի արտահայտությունն ավելի ու ավելի մռայլ ու խոժոռ է դառնում։ Մ-ին նույնիսկ զվարճացնում է նրան հատակին նստած տեսնելը, երբ նա ջանում է սպորտային կոշիկները հարմարեցնել ոտքերին։ Փողոցից նա երբեք քառորդ ժամից ուշ չի վերադառնում՝ դեմքը մանուշակագույն, շնչառությունը՝ ընդհատվող։
Ավելին, ամեն անգամ, երբ խաղում է այդ որոգայք-խաղը, Մ-ն հաճույքի մի ալիք է զգում որովայնում։ Դա այնքան հեշտ է. բավական է ցածրաձայն, գրեթե շշուկով, արտաբերել տրամաբանությունից ու իմաստից զուրկ բառեր ու նախադասություններ, ստիպել կնոջը հավատալ, թե ինքը չի հասկանում, թե ինչ է ասում, որ հիշողությունը լցվել է սարդոստայնով, որ նա ապրում է խելակորույս մեկի հետ, որին չարժե ո՛չ լսել, ո՛չ ժամանակ նվիրել, իսկ լավագույն դեպքում՝ միայն ձևացնել, թե լսում ես նրան։ Դա միակ մխիթարանքն է, որ մնացել է նրան. հետևել մի անծանոթ կնոջ շարժումներին ու դիմախաղին, մի կնոջ, որ հոգու խորքում, շատ խորքում, ուզում է նրան զգացնել տալ, թե իրեն լսում են, թեկուզ վարժեցված ժպիտով, թեկուզ ամենախոր արհամարհանքի միջից։
Մ-ն այդ մանրամասներին կարևորություն չի տալիս, որովհետև այդ ժպիտը, մի կարճ ու անվերջ թվացող ակնթարթի ընթացքում, նրա երակները լցնում է այն արյան ջերմությամբ, որ դեռ դիմադրում է իր պիտանելիության ժամկետը սպառելուն։
«Վարձով կյանքեր», (La Discreta, 2025թ.) գրքից
Թարգմանությունն իսպաներենից՝ Աղավնի Գրիգորյանի
