Նվիրում եմ
Շոթային և Գրետային,
Վերային և Սարգսին։
– Ես դեռ կամ, – ասում էր հայրական պապս ու առանց թարթելու նայում դեմքիս թափված ոսկեգույն գանգուրներին։ Շիրմաքարը սառն էր, իսկ նրա աչքերում դեռ խաղում էր կյանքի կրակը․․․Թեկուզ հանգած, տառապած ու քաղցած մանկության, չսիրող հոր ու հույս տվող մոր, գրքասեր ու սովորել սիրող, բայց ամբողջ կյանքում բանվորական գործ անողի կյանքի կրակը։
– Մա՛, իսկ պապին ինչո՞ւ բանվոր դարձավ, եթե շատ էր սիրում գիրք կարդալ,- հարցիս պատասխանը մնաց օդում կախված։
– «Երևի հայրիկս էր մեղավոր», – պատասխանեց պապին ու թվաց՝ անգամ ժպտաց։
– Ինչո՞ւ։
– «Որովհետև այրում, պատռում էր գրքերս, ինձ էլ ապտակում էր՝ ասում՝ մարդ դարձիր, ոչ թե գիրք կարդա։
– Պապի, նշանակում է , որ ես էլ մարդ չե՞մ դառնա։
– Դե ինչպես ես դարձա, այնպես էլ դու կդառնաս, բալե՜ս, չմտածես։
Պապին այլևս չխոսեց հետս։ Երևի անդրշիրմյան աշխարհում շատ գործեր ուներ։ Կապը խափանվեց։ Մայրիկը բռնեց ձեռքս։ Ոտք գցեցի ինչ-որ անծանոթ հանգուցյալի հողի վրա, հետո պարզվեց որ անծանոթը պապիի մոտ ընկեր Ստեփանն էր, որը զոհվել էր Արցախյան առաջին պատերազմի ժամանակ։
– Էս խեղճ մարդուն, ախր, էստեղ չպիտի թաղեին, – հառաչեց հայրս, իսկ մայրս՝ սովորության համաձայն, մոտեցավ Ստեփանի շիրիմին ու ձեռքի թաց կտորով մաքրեց շիրմաքարը։
-Անկարգ թոռների բան ու գործն ի՜նչ է, որ էս մարդու շիրիմը չեն խնամում, – մայրիկը բարկանում էր միայն այն ժամանակ, երբ հասկանում էր, որ պետք է բարկանա։
Օտար շիրմաքարերը նայում էին ինձ, ես էլ՝ իրենց։ Լուրջ եմ ասում՝ մեր միջև փոխադարձ հարգանք էր, այնքան, որ սկսեցի անգամ հերթով մոտենալ ու կարդալ անուն -ազգանունները։
․․․․Աստղիկ․․․Աստղի՜կ․․․Ընդամենը ութ տարի էր ապրել․ տեսնես՝ ինչի՞ց է մահացել։ Նստեցի Աստղիկի կողքին, Աստղիկն իր գեղեցիկ աչքերով ժպտաց ինձ ու երևի ինքն էլ նստեց կողքիս։
– Վե՛ր կաց, Դավի՛թ, գնում ենք, – այս անգամ պապան բարկացավ։ Բոլորը բարկանում էին, իսկ ես հանգիստ էի, երևի դեռ չէի հասկանում ՝ ինչ է բարկությունը։
Աստղիկ ես անպայման կգամ։ Լսո՞ւմ ես։ Կգամ ու կպատմես , թե ինչի ես հայտնվել այստեղ։ Իսկ հիմա ներիր, պիտի գնամ։
– Վաղն էլ գնանք մամայի մոտ, – մեքենան շարժվեց , իսկ ես լսում էի հերթական հուշը ՝ մայրական տատիս մասին։
Ասում են՝ տատիս երբեք չի հասկացել , թե ինչպես է սիրել։ Երևի իրեն ևս չհասկանալով են սիրել։ Կարմիր լուսափորը վառվեց։ Տան դիմացի ծառը կտրեցին։ Մերկացավ տարածքը։ Ծառը մահացավ։ Տարան հերձման։ Ոչ մի հետաքրքիր բան չկար այնտեղ։ Գեղեցիկ շարված էին օրգանները։ Միայն սիրտը չէր աշխատում, կտրվեց աորտալ երակը այնպես, ինչպես այն ծառի արմատները, որոնք թաղապետարանը արյունոտ ձեքռերով վերացրեց։
– Վա՜յ, անամո՜թ, բա երկրիդ ծառը կտրես ու հետո գնաս, հանգիստ գլուխդ դնես բարձին, քնե՞ս։ Գոնե հասկանում ես, որ դա թթվածին է, որ իմ ծեր թոքերը թթվածին են ուզում։
Մեկ էլ մայրական տատին ուզում էր ասել, որ բակում վիրավոր ծառի կողքին կանգնած ու որբ աչքերով ծառահատմանը հետևող երեխաների թոքերը կկարոտեն այդ կենսատու ծառին։ Հա, հաստատ սա էլ կասեր։
Տատիս պատուհանից գոռացող ձայնը մշտական էր ու անսպառ։ Բա՜յց դե ծառն էլ կտրեցին, արմատներն էլ ոչնչացրին, տատիս էլ տարան դիահերձարան։
Ասում են, երբ մարդ ամեն ինչից հոգնում է, սկսում է սիրել իր ժամանակը, վամպիրի պես ծծում է վայրկյանների թարմ արյունն ու սարսափում «մահվան քրտինքից»։ Բայց դա մայրական տատիս մասին չէր։ Նա առհասարակ չէր սիրում, երբ ինքն էր սիրում, այլ սիրում էր, երբ իրեն էին սիրում։
Հեռուստացույցի սև էկրանին հայտնվեցին Արցախյան առաջին պատերազմի մասին պատմող փաստավավերագրական լիամետրաժ ֆիլմի կադրեր։ Ստեփանն էլ կար այնտեղ։
«Արցախյան առաջին պատերազմն իսկապես արթնություն էր։ Այն հայի ուժի, տոկուն կամքի ու հաղթական պայքարի խորհրդանիշն էր, – ասաց լրագրողն ու հետո տխուր ձայնով շարունակեց, – բայց Արցախյան երկրորդ պատերազմն ավաղ, իր պատմության էջերում գրանցեց միայն հաղթածին զինվորների հերոսական մահն ու փակեց Արցախի պատմության վերջին էջը»։ Հաջորդեցին Մոնթեի կադրերը։ Ահա՝ զինվորները ուս-ուսի տված պարում են հաղթական քոչարին, գրկում ու շնորհավորում են միմյանց՝ չմտածելով հետագա դավաճանության ու սերունդների կործանման մասին։
Արցախի պատմության թեման դեռևս դպրոցում չեմ անցնում։ Բայց լրագրողի խոսքերը որոշեցի իմ ձևով արտագրել թղթի վրա ու ուղղակի պահել գրպանումս։ Թող տարիներ անցնեն, կբացեմ թուղթը, կկարդամ ու կպատռեմ այն ժամանակ, երբ կկանգնեմ Դեդո-Բաբո արձանի մոտ։ Ու վերջ կտամ պարտությանը։ Հենց այդպես էլ կանեմ։
I
Երբ դեռ չէր ծնվել Ադամը․․․
Պապին վիճում էր, որ իմ անունը պիտի Ադամ դնեին, ոչ թե՝ Դավիթ։
– Դավի՜թ, – հեգնում էր պապին, – էդ ի՜նչ անուն է, որ էս երեխուն դրեցիք։
– Պա, մեր հերոսապատումից է․․․Նայի՜ր, անգամ գանգուրներն են Դավթի նման, – սկսեց գանգուրներս քաշել։ Ատում էի, որ գանգուրներիս ձեռք էին տալիս։
– Բա ի՜նչ դնեինք անունը, – հայրս հուսահատ աչքերով հետևում էր պապիի թեյ խմելուն։
– Վիճելու հավես չունեմ։ Թեյս էլ սառեց։
Հայրիկը վեր թռավ բազմոցից։ Մի պահ մտածեցի ,որ մեղուն խայթեց, բայց պարզվեց, որ ավելի վատ բան է եղել՝ խաշլամայի ջուրն է թափվում, իսկ տան տիկինը տանը չէր։
– Ձեր տանը միշտ էսպես է, – հառաչեց պապին, – միշտ հայրդ սպասում է մորդ, իսկ մայրդ տանը չէ։ Կինս ողջ լիներ, էսպես չէր լինի։
Պապին նայեց ինձ։ Թեթև ժպտաց։ Գդալով մեղրը դրեց թեյիս մեջ։ Մեղրը դանդաղ հալչում էր տաք թեյի կարմրադեղին ալիքներում։
– Ես գնդակ էի խաղում, երբ ռադիոյով լսեցի, որ ֆաշիստները պատերազմ են հայտարարել, – պապին նայեց չորս կողմն ու ինձ ձեռքով նշան արեց, որ մոտենամ իրեն, ապա շշուկով ավելացրեց, – անկեղծ ասած, ես այդ օրը մի քիչ ուրախացա։
Հայրիկը գոհունակ ու հաղթական ժպիտով նստեց բազմոցին։ Խաշլամայի ջրի հետ պայքարում հաղթել էր։
– Հեսա բոլորով խաշլաման կվայելենք, – հայրիկը շատ երջանիկ էր։
– Իմ ժամանակներում կնիկն էր խաշլամայի դեմ մենամարտի դուրս գալիս, իսկ տղամարդը աշխատում էր։
– Էդ քո ժամանակներում էր այդպես։
– Իմ ու քո չկա։ Կա ՄԵՐ, – պապի ձայնը հաստատ էր ու բարկացած։
– Բոլոր ժամանակները մե՜րն են, – քմծիծաղեց պապան ու մի լա՜վ ձգվեց բազմոցին։
– Իհարկե։ Ժամանակը ուրվականի նման շրջում է բոլորիս հետ։ Ու հետո ՝ ժամանակը մի հատ է, հազար հատ չի ։
Պապան ծիծաղեց, ես անհանգստացա, պապին հավեսով մի կում արեց թեյից։ Հեռուստացույցը երգում էր։ Իսկ ես ուզում էի իմանալ, թե պապին ինչու ուրախացավ, երբ ֆաշիստները պատերազմ հայտարարեցին։
Առաջին էջ․Փոշոտ գնդակի ակտիվ շարժումները կանգ առան այն ժամանակ, երբ դեռ պատանի Խաչատուրը տան բաց պատուհանից հնչող ռադիոյի ձայնը լսեց։ Ռադիոն աղաղակում էր՝ «Ընկերներ, պատերազմ է»։ Հետո պատանի Խաչատուրը, թևի տակ դնելով փոշոտ գնդակը, վազում է տուն ու նկատում, որ իր մայրը արցունքները սրբելով ճաշ է պատրաստում։ Հետո եկավ հայրը։ Բարկացած, հոգնած ու քաղցած։ Խաչատուրը դռան արանքից հետևում էր մոր ձեռքերի ու շրթունքների անհանգիստ ու չդադարող շարժումներին։ Հետո հայրը կանգնեց, գլուխը կախեց ու դուրս եկավ խոհանոցից։ Խաչատուրն արդեն այդ ժամանակ հասցրել էր փախնել տնից ու նստել դռան դիմացի քարին։ Նա նկատեց, որ հայրը արագ քայլերով գնաց հարևանի տուն։
Մայրը դուրս եկավ տնից ու գրկեց Խաչատուրին։ Տղան հասկացավ, որ հորը տանում են ռազմաճակատ։
– Երբ նրան տարան, ես մի քիչ հավաքած փող ունեի։ Գնացի մեր գյուղի միակ գրավաճառ Աբոյի մոտ ու առա «Երկիր Նաիրին»։ Ո՜նց էի կարդում։ Ծարավել էի, գիրքը հագեցնում էր ծարավս։ Հետո, երբ իմացա, որ հայրիկը (պապին երբեք չէր ասում՝ պապա) զոհվել էր, իմ ձեռքերով գրադարակ պատրաստեցի ու բոլոր գրքերս՝ ըստ այբբենական կարգի սիրուն շարեցի։ Վերածնվել էի։
– Իսկ գրքեր գողացե՞լ ես։
– Դպրոցական տարիներին գրադարանում ինչ գիրք հավանում էի՝ խոթում էի շալվարս։ Մի անգամ էլ բռնվեցի։ Բայց գրադարանավարուհին բարի կին էր, ասաց՝ գրքի գողը գող չի։
Երկրորդ էջ․ Այդ օրը երկնագույն վերևում սպիտակ ու միմյանց վրա կուչ եկած բամբակները շատ դանդաղ էին շարժվում։ Երբ մայրիկին հասավ հայրիկի մահվան բոթը, նա բռնեց ձեռքս ու գնացինք դաշտ։ Հավաքում էր ուրցն ու լաց լինում, լաց էր լինում ու հավաքում ուրցը։ Ուրցն ագամ խոնավացավ, բայց մայրիկի բաց կանաչ աչքերը շարունակում էին համառորեն խեղդվել իրականության ու հիշողության սահմաններում։
Իսկ ի՞նչ կլիներ այն ժամանակ, եթե հայրիկը չզոհվեր, վերադառնար տուն ու կրկին շարունակեր ճնշել տան անդամներին ու ինձ։
«Հա, թո՛ղ ճնշեր, բայց վերադառնար», – մտածում էր մայրիկը, իսկ ես մահացել էի սեփական անորոշ մտքերի հորձանուտում։
Մա՜, գիտես ես երբեք ի սրտե չեմ ցանկացել հայրիկի մահը, բայց ախր կարդալն ավելի շատ եմ սիրում․․․Ա՜խր, բամբակե ամպերը, անուշահոտ ուրցը, հեռվից նշմարվող գառնուկի փոքրիկ ստվերը, իմ սրտխփոցն ու քո երակներում հոսող տաք արյունը, ռադիոյի ճիչն ու քո արցունքների դավաճան հոսքը․․․ Էդ մենակ ա՜խր կարդացողն է զգում։ Ես անգամ զգում եմ ամպերի հոտը, մա՜, անգամ տեսնում եմ տան պատերի հիշողությունը։
Երրորդ էջ․Հայրիկը փայտյա դագաղն իր ամուր բռնուցքներով ջարդեց, հետո հաղթահարեց թաց հողակտորի հետ մենամարտը, գլխով կոտրեց շիրմաքարն ու դուրս եկավ լույս աշխարհ։ Գերեզմանների կողքին գտավ ցայտաղբյուր։ Կուշտ ջուր խմեց։ Քայլեց տուն ՝ իր ետևից թողնելով մահվան փոշու հետքերը։ Նա քայլում էր դանդաղ, մտածելով։ Զարմանում էր անգամ, որ թաղված է՝ չէ՞ որ մեռած էլ չէր։ Նրան թաղել էին մտքերով, օղորմաթաս խմել ու մի պատառ հիշողություն կերել, խնկել նրա կենդանի հիշատակը։
Խաչատուրը զգում էր հայրիկի փոշոտ վերադարձը։ Նա անգամ վազեց կանաչազարդ դաշտով ու գրկեց մայրիկին։ Մարմինը դողում էր, ճակատի սառը քրտինքը քսեց մայրիկի փեշին ու նայեց դաշտին։ Խոհանոցի պատուհանից դաշտն այնքա՜ն պարզ ու մաքուր էր, ու հանկարծ Խաչատուրն իր ականջներում լսեց Բեթհովենի «Ճակատագրի սիմֆոնիան»։ Նա չգիտեր՝ ով է Բեթհովենը, չէր լսել «Ճակատագրի սիմոֆիան», բայց հստակ գիտեր , որ այն հնչում է։ Տակնուվրա եղած սիրտ։ Զարկերակի արագ չափն ու երաժշտության տակտը համահունչ էին։ Դաշտի ամենահեռվից նկատվեց փոշոտ, կեղտոտ ու ջղային ստվերը։ Մայրը կարկամած էր։ Խաչատուրը երկյուղած։ Սև ստվերը դանդաղ մոտենում էր, Խաչատուրը մտածում էր, որ իր գրքերն ուր որ է կհայտնվեն գոմի կողքին դրված աղբանոցում։
«Հայրիկը դանդաղ էր քայլում, մտամոլոր։ Չէր նայում շուրջբոլորը, նրան հետաքրքրում էին իր տունն ու տան դրվածքը։ Ես պոկվեցի մայրիկի թևերից ու վազեցի տուն։ Բղավեցի մայրիկին, որ տուն գար, դուռը կողպեինք, որ մահացած հայրս ներս չգար։ Մայրս խլացել էր»։
– Մա՜մ, շուտ ներս արի։ Հայրիկը մեռել է։
Ո՜չ, մայրիկը չէր հավատում, որ հայրիկը մահացել է, բայց հավատում էր, որ նրան թաղել էին։ Ու հավատում էր, որ իր սեփական ձեռքերով հող է լցրել դագաղին։ Հավատում էր, որ գլխի տակ դրել էր հորս սիրած իրերն ու նրա սիրած հագուստը։ Չգիտեմ։ Երևի նրա համար, որ անդրաշխարհում իր սիրած հագուստներով ման գար։ Երևի իր հարազատաներին էլ ցույց կտար անձնական իրերն ու երևի կբաժաներ, չգիտեր։
Հայրիկն արդեն մոտ էր։ Իսկ ես, վերցնելով Դյումայի ու Չարենցի գրքերը, թաքնվեցի մահճակալի տակ։ Գո՜նե էդ երկու գրքերը կփրկեի։
Լսվեց դռան ճռռոցը։ Ծանր քայլերը շրջում էին տնով։ Հետո ծանրությունը մոտեցավ սենյակիս, կանգնեց ուղիղ դիմացս ու փորձում էր լսել անհանգիստ շնչառությունս։ Ոտքերը չէին շնչում։ Ծանրություն տարածողն էլ չէր լսում իմ շնչառությունը։ Ես փակեցի աչքերս ու որոշեցի տրվել այս մղձավանջին, որը ցավոք սրտի, իրականություն էր։
Չորրորդ էջ․Երեկոյի կարմրադեղին երկինքը ծածկել էր տունն ու փողոցը։ Տան ռադիոն շարունակում էր խոսել ինքն իր հետ, իսկ ես հետևում էի, թե ինչպես է հայրիկը արագորեն կուլ տալիս խաշլամայի մեծ կտորները։ Մայրիկը չէր ուտում։ Նրա աչքերը հառված էին հայրիկի սևացած, չորացած ու հողոտ ձեռքերին։
– Օղի չկա՞,- լիքը բերանով հարցրեց հայրիկը։
– Դե՜ քեզնից հետո ․․․․, – մայրիկին ընդհատեց կոկորդում լցված մի ամբողջ կորստի ցավը։
– Տեսնում ես, որ հետ եմ եկել, տանն արդեն պիտի օղի լինի, – հայրիկը բարկացած ինձ նայեց, հայացքս փախցրի յուղոտ մսերի ու փոշոտ մսաջրի անդունդում։
– Մա՜, – համարձակվեցի ձայն հանել, – ա՜յ մա, երազ է, չէ՞։ Հիմա կարթնանամ, չէ՞։
Մայրիկը գլուխն օրորեց։ Ես վեր թռա ու վազեցի դաշտի փոքրիկ առվակի մոտ։ Գլուխս մի քանի անգամ թաղեցի առվակի սառը ջրերում։ Անօգուտ էր։ Ես քնած չեմ։ Ու հայրիկն էլ մեռած չէր։
Շարունակությունը՝ այստեղ
